HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վազաշենի ջրամբարի կառուցման համար նախնական հաշվարկվել է մոտ 80 մլն դրամ

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղը Հայաստանի այն համայնքներից է, որն ընդհանրապես ոռոգման ջուր չունի: Գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասում է, որ նախկինում գյուղը ոռոգվում էր Աղստեւ գետի ջրերով, որոնք այստեղ մղվում էին Կայան բնակավայրի մոտ գտնվող պոմպակայանի միջոցով: 1990-ականների հայ-ադրբեջանական զինված հակամարտությունից հետո, ըստ Բադիրյանի, պոմպակայանը մնացել է հայկական վերահսկողությունից դուրս, ինչի հետեւանքով Վազաշենը զրկվել է ոռոգման ջրից:

Նախկինում հատկապես խաղողի մշակությամբ հայտնի Վազաշենն այսօր մնացել է գլխավորապես տնամերձ հողամասերի հույսին, որոնք էլ ոռոգվում են խմելու ջրով (գյուղն օրական 6-7 ժամ խմելաջուր է ունենում): Վազաշենցիների հողերի մեծ մասը գտնվում է կա՛մ հակառակորդի կողմից դիտարկվող տարածքում, կա՛մ հենց նրանց դիրքերի թիկունքում: Բանն այն է, որ պատերազմից հետո գյուղի հողատարածքների մի զգալի հատված անցել է ադրբեջանցիներին, որոնք այսօր մշակում են այդ հողերը:

Անցյալ տարվա ամռանը Լ. Բադիրյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հիմնականում հացահատիկի համար օգտագործվող վարելահողերի մշակումից էլ վազաշենցիները հիասթափվել են, քանի որ հակառակորդի կողմից շարունակական խոչընդոտներ են ստեղծվում: Ըստ համայնքի ղեկավարի՝ ադրբեջանցիները Վազաշենին պատկանող, բայց իրենց վերահսկողության տակ գտնվող հողերում երբ հացահատիկ են ցանում ու հնձում, հայ գյուղացիները ձգտում են իրենց նույն աշխատանքը նրանց զուգահեռ անել, որպեսզի կրակող չլինի, մյուս կողմից՝ երբ ադրբեջանցիները հավաքում են բերքը, հաճախ դրանից հետո այրում են դաշտերը, ու կրակը հասնում է սահմանից այս կողմ:

Անցյալ տարի Վազաշենի գյուղապետը հույս էր հայտնել, որ ոռոգման ջրի խնդիրը շուտով լուծվելու է՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը գյուղում ջրամբար կառուցելու մասին: Բադիրյանն ասում է, որ Տավուշի մարզպետարանում հանդիպման ժամանակ ինքը Փաշինյանին ներկայացրել էր հարցը, նշել, որ ջրամբարի կառուցումը մոտ 60 մլն դրամի ծրագիր է, վարչապետն էլ հայտնել էր, թե եթե այդքան է, նախագիծը կիրականացվի:

Հետո, Լորիկ Բադիրյանի ասելով, մարզպետարանի մասնագետների հետ նախնական հաշվարկել էր ծրագրի արժեքը, որը կազմել է մոտ 80 մլն դրամ: Գյուղապետն ասում է, որ հաշվարկներն արդեն ուղարկել են կառավարություն եւ սպասում են պատասխանի: Չնայած Վազաշենում ջրամբար կառուցելու միտք ունեցել են նաեւ նախորդ իշխանության ժամանակ, Լ. Բադիրյանն ասում է, որ Փաշինյանի հետ հանդիպմանն է միայն այն ներկայացվել իշխանություններին:

Ջրամբարը, ըստ նախատեսվածի, պետք է կառուցվի Վազաշենից 2 կմ հեռավորության վրա: Լ. Բադիրյանը հույս ունի, որ ծրագիրն իրականություն է դառնալու:   

Լուսանկարը՝  Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter