HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական սահմանին գտնվող գյուղում երազանք են պահել՝ խմելու ջուր ունենալու համար

Միգուցե վաղը, միգուցե վաղը չէ մյուս օրը. Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի խմելու ջրի հարցը «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հայտնի այս արտահայտությունն է հիշեցնում:

Եզդիաբնակ այս գյուղում 25 տարի է՝ խմելու ջուր չկա: Գյուղացիները ջուրը գնում են Թալինից 7 կամ 10 օրը մեկ եկող ջրի մեքենայից: 40 լիտրը 350 դրամ է: Իսկ կենցաղի և անասունների համար ջուրը ստանում են Ախուրյան գետից պոմպի միջոցով: Այդ ջրի համար ևս վճարում են:

Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին գյուղապետ Սլավիկ Սալոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասել էր, որ կառավարությունից 7 միլիոն դրամ սուբիսիդավորում են ստացել և ուսումնասիրություններ են սկսելու խորքային հորի գործարկման համար՝ հասկանալու, թե քանի մետր խորության վրա է ջուրը: Սալոյանը նաև համոզմունք էր հայտնել, որ մինչև ձմեռ գյուղն ունենալու է խմելաջուր:

Այսօր մեզ հետ հեռախոսազրույցում Ս. Սալոյանը նշեց, որ նախագծողները դեկտեմբերին եկել, ուսումնասիրել են տեղանքը: Նա հույս է հայտնում, որ նախագծման և հաշվարկման փուլը մեկ ամսից կավարտվի: Դրանից հետո մրցույթ կհայտարարեն՝ ընտրելով այն կազմակերպությունը, որը կիրականացնի խորքային հորի գործարկման աշխատանքներ: Գյուղապետը նաև հուսով է, որ գարնանը Թլիկը խմելու ջուր կունենա: Նախագծման համար վճարելու է գյուղապետարանը՝ 600-700 հազար դրամ, իսկ մնացած ծախսը կառավարությունից ստացած սուբսիդավորումից է վճարվելու:

Սլավիկ Սալոյանի փոխանցմամբ՝ 1980-ականներին Թլիկի սահմանապահ ուղեկալի տարածքում խորքային հոր կար, որը հետագայում իրենց անհայտ պատճառներով այլևս չի գործել: Հիմա նպատակ ունեն այդ հորը վերականգնել: «Երևի մինչև գարուն ջուր ունենանք, դժվար գործ չէ: Հորը կա, մենակ պիտի փորվի, խողովակները փռվի»,- ասում է գյուղապետը:

Թլիկի բնակիչ Ալիկ Մստոյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում ասում է, որ գյուղացիներն արդեն չեն հավատում, որ մի օր խմելու ջուր կունենան: Ասում է՝ Նոր տարում երազանք են պահել, որ Թլիկն այս տարի խմելաջուր ունենա:

Մստոյանն ասում է, որ նախորդ տարի մոտ 6 ամիս ստիպված էին գնել նաև անասունների ջուրը: Պատճառը Ախուրյանից ջուր մղող պոմպի անսարքությունն էր: Գյուղացիները ենթադրում էին, որ պոմպը փչացել էր կայծակի պատճառով: Սեպտեմբերին նրանք փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով կենցաղային ջրով ապահովել գյուղը: Բողոքի ակցիային արձագանքել էին Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը: Նրանք խոստացել էին լուծել թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի հարցը: Ընդ որում՝ բողոքի ակցիային մասնակցել էր նաև գյուղապետ Սլավիկ Սալոյանը: Վերջինս հայտնել էր, որ նոր պոմպ են գնել ու տեղադրել, ծախսը կազմել է 1,3 մլն դրամ, սակայն բավարար հոսանք չունեն այն աշխատեցնելու համար: Դրա համար տրանսֆորմատոր էր անհրաժեշտ:

Գյուղապետը մեզ հետ զրույցում ասում է, թե տրանսֆորմատոր գնելու և տեղադրելու ծախսերն իրենց ուժերից վեր են: Դեռ նախորդ տարի սարքը տեղադրելու համար նա դիմել էր Թալինի էլեկտրացանց, որտեղից պատասխանել էին, թե 180 օր պետք է սպասեն: Դրանից հետո, ըստ Սալոյանի, հարցը հասել էր Երևան: Այստեղից էլ, ինչպես գյուղապետն է փոխանցում, իրենց հայտնել էին, թե 160 օր պետք է սպասեն:

Մինչ օրս տրանսֆորմատորի հարցը չի լուծվել: Դա է պատճառը, որ գյուղապետարանը նախորդ տարվա նոյեմբերին 690 հազար դրամով համեմատաբար փոքր նոր պոմպ է գնել, որն աշխատեցնում են առանց տրանսֆորմատորի: Ներկայում հենց այս պոմպն է կենցաղային ջրով ապահովում թլիկցիներին:

Լուսանկարում՝ Ախուրյանից մղվող կենցաղային ջուրը կուտակող ցիստեռնը, հեռվում՝ սահմանապահ ուղեկալը (լուս.՝ Հակոբ Պողոսյանի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter