HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության քննությունը սկսվեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդության քննությունը վերսկսվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Հիշեցնենք որ դեկտեմբերի 28-ին այս միջնորդության քննությունը սկսվել, ապա հետաձգվել էր մինչև այսօր՝ հունվարի 9-ը:

Բանն այն է որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը հայտնել էր, թե գործեր ունի, և միջնորդել աշխատանքային օրվա ավարտից՝ ժամը 18:00-ից հետո հետաձգել դատական նիստը: Մուշեղյանը հայտնել է նաև, թե հնարավոր է՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի:

Որպես հնարավոր ինքնաբացարկի հիմնավորում՝ Հրաչ Մուշեղյանը հայտնել էր, որ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է ներկայացրել Մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ անձի հետ առնչվող միջնորդության քննության վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ, ուստի Հրաչ Մուշեղյանը չէր բացառել, որ ինքնաբացարկի վերաբերյալ որոշմանը ծանոթանալուց հետո դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն առաջանա:

Նշենք, որ Բաղդասարյանը մտերիմ հարաբերություններ ունի Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վահագն Հարությունյանի հետ, և ինքնաբացարկ է ներկայացրել նրա կալանքի վերաբերյալ միջնորդության քննության շրջանակներում:

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել էին 2018-ի դեկտեմբերի 26-ին՝ նշելով, որ թեև Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր առհասարակ չկան՝ ստեղծված իրավիճակում գրավի կիրառումն այդ պահին միակ միջոցն է, որով դատարանը կարող է նվազագույնի հասցնել Քոչարյանի իրավունքների խախտումները:

Միջնորդության մեջ պաշտպանները գրավի չափ չեն նշել:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչ դատարանի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter