HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունն ու քննիչը Ոոբերտ Քոչարյանին գրավով ազատելու գործը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Դատախազությունն ու «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին դատարանում գտնվող լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: 
Բանն այն է, որ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը Քոչարյանին գրավով ազատելու վերաբերյալ միջնորդության քննության առաջին օրը՝ դեկտեմբերի 28-ին, հայտնել էր, որ հնարավոր է՝ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի: Որպես հնարավոր ինքնաբացարկի հիմնավորում՝ Հրաչ Մուշեղյանը նշել էր, որ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանն ավելի վաղ ինքնաբացարկ է հայտնել «Մարտի 1-ի գործով» անցնող մեկ այլ անձի՝ Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննության շրջանակներում՝ պատճառաբանելով, որ մտերիմ հարաբերություններ ունի նրա հետ, ուստի Հրաչ Մուշեղյանը չէր բացառել, որ դատավորի ինքնաբացարկի որոշմանը ծանոթանալուց հետո նրան Քոչարյանի գործով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն ևս առաջանա:
Հայկ Ալումյանը նշեց, որ այսօր վերը նշված հիմքով դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, և դրան միացել է նաև քննիչը:
Փաստաբանն ասաց, որ իրենք՝ Քոչարյանի պաշտպաններն, առարկել են ինքնաբացարկի միջնորդության դեմ:
Նշենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել էին 2018-ի դեկտեմբերի 26-ին՝ նշելով, որ թեև Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր առհասարակ չկան՝ ստեղծված իրավիճակում գրավի կիրառումն այդ պահին միակ միջոցն է, որով դատարանը կարող է նվազագույնի հասցնել Քոչարյանի իրավունքների խախտումները:
Միջնորդության մեջ պաշտպանները գրավի չափ չեն նշել:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց:
Պաշտպանները Վերաքննիչ դատարանի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:
Այսօր Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ կապված Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու որոշման հետ:
Ալումյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց սահմանադրական դատարան դիմելու հիմքերը: Պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը:
«Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու երկու հիմք է նախատեսված, որոնցից ոչ մեկն այս դեպքում կիրառելի չէ: Առաջին հիմքն այն է, որ Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե օրենքի միատեսակ կիրառության խնդիր կա, այսինքն՝ Վճռաբեկը պետք է մի որոշում կայացնի, որով օրենքի բազմատեսակ մեկնաբանություններին վերջ կտրվի և կսահմանվի, որ այս օրենքն այսուհետ պետք է այսպես կիրառվի»,- ասաց Ալումյանն ու նշեց, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդրին:
Նշենք, որ գործի քննության սկզբնական փուլում առաջին ատյանի դատարանը Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել, իսկ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ նա անձեռնմխելի է ու ազատ արձակել:
«Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը Սահմանադրության մեկնաբանության խնդիր է, և Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել դատախազության բողոքը այն պատաճառաբանությամբ, որ անհրաժեշտ է մեկնաբանել Սահմանադրությունը»,- ասաց Հայկ Ալումյանը:
Պաշտպանի խոսքով՝ երկրորդ հիմքը, որով կարող էր Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունել Դատախազության բողոքն, այն է, որ առկա է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:
«Այս դեպքում մի կողմում մարդու իրավունքն է, մյուս կողմում՝ պետության շահը: Վերաքննիչ դատարանը, Քոչարյանին ազատելով, գտել էր, որ նրա ազատության իրավունքը տվյալ դեպքում գերակա է պետության շահին: Նման պայմաններում, երբ Դատախազությունը Վճռաբեկ բողոք է բերել Քոչարյանին ազատելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ստացվում է աբսուրդ, որովհետև պետության անունից բողոք բերելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ առկա է մարդու իրավունքի խախտում այն պարագայում, երբ Վճռաբեկ բողոքի ամբողջ էությունն այն է, որ պետության իրավունքն է խախտվել»,- բացատրեց Հայկ Ալումյանը:
Հարցին, եթե Սահմանադրական դատարանը բավարարի իրենց դիմումը, ապա ինչպե՞ս դա կանդրադառնա Քոչարյանի գործի վրա, Ալումյանը պատասխանեց, որ կանդրադառնա անուղղակի ձևով.
«Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք ճիշտ ենք, ապա պետք է վերանայվի գլխավոր դատախազի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, արդեն դրանից կբխի հաջորդ դատական ակտերը վերանայելու խնդիրը»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը՝ Հայկ Ալումյանը նշեց, որ ըստ Վճռաբեկի կայացրած որոշման՝ նախագահն անձեռմխելի է միայն այն դեպքում, եթե գործել է իր լիազորությունների շրջանակներում, եթե լիազորություններից դուրս չի եկել և դրանք չի օգտագործել իր անձնական նպատակների համար:
Ալումյանը նկատեց, որ եթե պետական պաշտոնյան վերը նշված գործողությունները չի կատարել, ապա նա անձեռնմխելի է՝ անկախ նրանից՝ կլինի հանրապետության նախագահ, թե մեկ այլ պաշտոնյա: Պաշտպանը հարց բարձրացրեց, թե այդ դեպքում ինչո՞վ է տարբերվում նախագահի անձեռնմխելիությունը մնացած բոլոր պաշտոնյաների անձեռնմխելիությունից:
«Հիմա որևէ դատարան կալանքի հարց քննելիս չի կարող որոշել, որ Քոչարյանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից: Այդպիսի ձևակերպումը անմեղության կանխավարկածի խախտում է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարցին, իսկ եթե դատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվի՝ Ալումյանը պատասխանեց, որ հիմնավոր կասկածի առկայությունը անձին անձեռնմխելիությունից չի զրկում: 
Նշենք, որ Քոչարյանն այսօր նիստին ներկա չէր, Ալումյանի խոսքով՝ նպատակահարմար չի գտել ներկա լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter