HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կարագանդայում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում

Հունվարի 1-ին Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում խուլիգանական գործողությունների և սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ալմաս Սադուբաևը:

Վերջինիս խոսքով՝ Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցների և Ռուսաստանի իրավապահ մարմինների համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է ՌԴ Օմսկի մարզում: Այս պահին քննարկվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում, որին մասնակցել են տասնյակ մարդիկ, այդ թվում այցելուներ, ռեստորանի աշխատակիցներ և ռեստորանի սեփականատերերը: Գիշերը ժամը 3-ին հայտարարվել է, որ ռեստորանի դռները փակվում են և այցելուներին խնդրել են լքել ռեստորանը: Ըստ Ղազախաստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովի՝ հենց սա էլ դարձել է ծեծկռտուքի հիմնական պատճառը, քանի որ այցելուներից ոմանք չեն ցանկացել դուրս գալ և աշխատակիցները, ըստ փոխնախարարի՝ դուրս են հրել նրանց ռեստորանից: Այնուհետև այդ այցելուները զանգահարել են իրենց ընկերներին և տասնյակ մարդիկ եկել և ներժուժել են ռեստորան, իսկ հետո ծեծկռտուք է սկսվել ռեստորանի բակում: Միջադեպի հետևանքով 4 մարդ դանակահարվել է, որոնցից մեկը ստացած վիրավորումից մահացել է:

Հունվարի 8-ին ծեծկռտուքին մասնակից 8 անձ դատարանի որոշմամբ՝ տեղափոխվել է ժամանակավոր պահման մեկուսարաններ, իսկ Նարեկ Գուրուրյանը հատել էր ռուս-ղազախական սահմանը: Ձերբակալվածների թվում են նաև Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը:

Միջադեպից հետո բողոքի ակցիաներ էին սկսվել Կարագանդայում, որի ընթացքում հնչել են հակահայկական կոչեր, սակայն Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը բացառել էր, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Ղազախստանի ոստիկանությունն էլ քրեական գործ էր հարուցել մի ղազախստանցու նկատմամբ՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու հատկանիշներով:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ դատապարտելի էր համարել Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին ազգամիջյան երանգ տալու փորձերը:

Հավելենք նաև, որ հունվարի 7-ին Նարեկ Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ նշելով, որ ինքը մասնակցել է ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել: Նա ընդգծել էր, որ ինքը պատրաստ է իր արարքների համար պատասխանատվություն կրել, սակայն չի պատրաստվում ուրիշների մեղքն իր վրա վերցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter