HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշենի վարչական ղեկավարը, հնարավոր է, արձակուրդ գնա, մինչև բնակիչները որոշեն նրա աշխատելու կամ չաշխատելու հարցը

Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում այսօր տեղի է ունեցել գյուղի բնակիչների, վարչական ղեկավար Արկադի Մակյանի և Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանի հանդիպումը: Մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ, որը բնակիչներից մեկը հեռարձակում էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերով, քննարկվում էին գյուղի առաջ ծառացած խնդիրները, դրանցում Մակյանի առնչության հարցը, խնդիրների հնարավոր լուծումներն ու մինչև այս պահը չլուծվելու պատճառները:

Հիշեցնենք, որ երեկ Այրում համայնքում Բագրատաշենից ընտրված ավագանու ներկայացուցիչ Մհեր Բաղդասարյանը բողոքի այցիա էր նախաձեռնել` պահանջելով, որ Արկադի Մակյանը հրաժարական տա: Իբրև բողոքի նշան՝ ակցիայի մասնակիցները նստարանով փակել էին Բագրատաշենի համայնքապետարանի վարչական շենքի մուտքն ու նշում էին, որ մուտքը փակ է միայն Արկադի Մակյանի համար, և իրենք պահանջում են, որ նա աշխատանքից ազատման դիմում գրի: Տևական քննարկումներից հետո որոշվել էր, որ այսօր գյուղի բնակիչները պետք է հավաքվեն գյուղի հրապարակում` հարցին լուծում տալու:

Իր ելույթում ակցիան նախաձեռնած Մհեր Բաղդասարյանը նշեց, որ հանգամանքը, թե Արկադի Մակյանը Հանրապետական կուսակցության անդամ է, իրենց համար առաջնային չէ: Խնդիրն այն է, որ գյուղի խնդիրները լուծումներ չեն ստանում: Ըստ Մհեր Բաղդասարյանի` Արկադի Մակյանը լավ մարդ, բայց վատ ղեկավար է, ուստի եկել է ժամանակը, որ տեղը զիջի մեկ այլ անձի, որը խնդիրների լուծման հարցում առավել ճկուն կգտնվի:

Նշենք, որ Բագրատաշեն գյուղը համայնքների խոշորացման ծրագրով 2016 թվականին ընդգրկվել է Այրում համայնքում: Մինչ այդ, Արկադի Մակյանը երկու անգամ ընտրվել է որպես Բագրատաշենի գյուղապետ: 2016-ին թեկնածություն է դրել նաև որպես Այրումի համայնքապետ ու ստացել մեծ թվով ձայներ` ներկայիս ղեկավար Արայիկ Պարանյանին զիջելով մոտ 200 ձայնով:

Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք այսօր պնդում էին, որ Արկադի Մակյանը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, որից հետո անհրաժեշտ կլինի ստորագրահավաք սկսել բնակիչների շրջանում` հասկանալու համար, թե ում են ցանկանում տեսնել վարչական ղեկավարի պաշտոնում:

Հանդիպմանը ներկա Արայիկ Պարանյանը, սակայն, այս տարբերակին կողմ չէր արտահայտվում. համայնքապետի խոսքով` Արկադի Մակյանը Այրումի համայնքապետի ընտրությունների ժամանակ մոտ 800 ընտրողի վստահության քվե է ստացել, և ինքը չի կարող անտեսել այդ քվեներն ու միանգամից որոշել, որ նրանց ընտրած ղեկավարը պետք է չաշխատի:

Ի պատասխան Պարանյանի այս պնդման՝ բնակիչներից ոմանք արձագանքում էին, որ Մակյանին ընտրողներն իրենք են, այն նույն մարդիկ, որոնք նրա դեմ բողոքի ակցիայի են դուրս եկել:

Ելույթ ունեցավ նաև Արկադի Մակյանը: Վերջինս ինչպես երեկ, այնպես էլ այսօր, չի պնդում, թե ինքն իդեալական է աշխատել, և գյուղում խնդիրներ չկան: Ըստ Մակյանի` մինչև համայնքների խոշորացման ծրագրով Բագրատաշենն Այրում համայնքի կազմում միավորելը, բնակիչներն իրենից դժգոհություններ չունեին, դժգոհությունները վերջին երկու տարվա ընթացքում են առաջացել, և, ամենայն հավանականությամբ, դրանք կապված են նաև Բագրատաշենը Այրում համայնքի կազմում ընդգրկելու հետ:

Լարված քննարկումներից հետո, ի վերջո առաջարկ եղավ, որ Արկադի Մակյանը աշխատանքից ազատման դիմում գրի, ապա ստորագրահավաք անցկացվի նրա` պաշտոնավարումը շարունակել կամ չշարունակելու, ինչպես նաև այլ ղեկավար ընտրելու հարցի առնչությամբ:

Քիչ առաջ, սակայն, մեզ հետ զրույցում Արայիկ Պարանյանն ասաց, որ աշխատանքից ազատման հարց չի դրվում, հնարավոր է, որ Արկադի Մակյանը որոշակի ժամանակով արձակուրդ գնա:

Արձակուրդի ընթացքում, ըստ Պարանյանի, պետք է հասկանալ, թե բնակիչներն ում են ցանկանում տեսնել ղեկավարի պաշտոնում, այսինքն` Մակյանը կշարունակի պաշտոնավարել, թե մեկ այլ անձ, կորոշվի՝ հաշվի առնելով ժողովրդի ցանկությունը:

Մեզ հետ զրույցում Արկադի Մակյանը նշեց, որ վերջնականապես չի կարող պնդել, որ կգնա արձակուրդ, քանի որ պետք է դեռևս հասկանալ` արդյոք այս տարբերակը իրավական առումով խնդիրներ չի առաջացնի համայնքապետարանի համար:

«Մարզպետարանից, կառավարությունից, համայնքների միությունից ճշտումներ են արվում, որպեսզի իրավաբանական առումով ամեն ինչ ճիշտ լինի: Մտածում ենք, բայց վերջնական որոշում չկա»,- ասաց Արկադի Մակյանը:

Վերջինս բացատրում է, որ գյուղում առկա ջրամատակարարման, ճանապարհների բարեկարգման, լուսավորության և այլ խնդիրների լուծումների շարունակ ձգձգման պատճառն ինքը չէ, դրանք իր կամքից անկախ հանգամանքներում են ձգձգվել, որ թեև գյուղի բնակիչների մի մասը դժգոհ է իրենից՝ բարձրացված խնդիրների լուծումը, կարծես թե, մոտ է:

 Լուսանկարում Արկադի Մակյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter