HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով կառավարությունը հողամաս նվիրաբերեց

«Ինժեներական քաղաք» ստեղծելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստին 3 հա մակերեսով հողամաս նվիրաբերեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Այն իր գործունեությունը պետք է սկսի մինչ 2021 թվականի սկիզբը:

Քաղաքը կառուցվելու է  Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցում, հանդիսանում է Երևանի համայնքային սեփականություն, ունի 135 միլիոն դրամ կադաստրային արժեք: Նախարարության փոխանցմամբ՝ տեղանքի ընտրությունը պատահական չէ, դրանից ոչ հեռու գտնվող տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:

Ինժեներական քաղաքի ստեղծման համար այնտեղ գործունեություն ծավալող կազմակերպություններին նվիրաբերվելու է այս հողամասից տարածքներ:

Հիշեցնենք, որ կառավարությունը «Ինժեներական քաղաք» ստեղծելու որոշում կայացրել էր դեռևս 2018 թվականի մարտի 1-ին,  նախորդ կառավարության ժամանակ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկով:

Սակայն դրանից ամիսներ անց՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կրկին «Ինժեներական քաղաք» ստեղծելու հայեցակարգ ներկայացրեց՝ պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ հայտնելով, որ այդ որոշման ուժի մեջ մտնելու պահից չառաջնորդվեն 2018 թվականի մարտի 1-ի «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգով:

Այդ որոշման նախագծին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առարկեց՝ նշելով, որ «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգն իրենց նախարարության կողմից արդեն իսկ մշակված և կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգի պատճենն է` բացառությամբ գործող հայեցակարգի մի քանի դրույթների, որոնք չեն ներառվել նախագծում. «Այս տեսանկյունից որևէ կերպ հիմնավորված չէ մի պետական գերատեսչության կողմից նախաձեռնված ծրագրի շրջանակում մշակված փաստաթուղթը մեկ այլ պետական գերատեսչության կողմից պատճենելու և որպես նոր նախագիծ ներկայացնելու տրամաբանությունը»,- հայտնել էին նախարարությունից:

«Ինժեներական քաղաք»-ը պետք է նպաստի Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Ինժեներական քաղաքում տեղակայվելու և կենտրոնացվելու են ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները: Ինչպես գրված է գործադիր բերված որոշման նախագծում, ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն դոլարի ներդրում՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter