HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը սկսվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ սկսեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը: Դատական նիստին ներկայացած Գևորգյանը լրագրողների հետ կարճ զրույցում չցանկացավ կանխատեսումներ անել իր խափանման միջոցի վերաբերյալ: «Եկեք տեսնենք՝ ինչ է լինելու, չշտապենք»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 11-ին Գևորգյանին երեք նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, մերժել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դատախազությունն այս որոշումը բողոքարկել է: Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գևորգյանին մեղսագրվող երկու հոդվածների՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքում առկա չէ հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքները, սակայն նրան մեղսագրվող 190-րդ հոդվածի՝ փողերի լվացման, դեպքում արձանագրել է՝ հիմնավոր կասկածն այն մասին, որ Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող արարքն, առկա է, բայց չկան նրան կալանավորելու հիմքեր:
Այս վերջին հանգամանքն է, որը Գևորգյանի պաշտպանական կողմը վիճարկում է:

Վերաքննիչ բողոքով Գևորգյանի պաշտպանները դատարանից խնդրում են փոփոխել առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը՝ կապված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածին և կայացվող նոր դատական ակտով՝ հաստատված համարելով հանգամանքը, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Գևորգյանը կատարել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով իրեն մեղսագրվող արարքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter