
Դատավորները պահանջում են դադարեցնել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի և խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը երեկ երկու նոր հայցադիմումներ են ներկայացրել վարչական դատարան՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին և նույն խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրանց Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջով: Պատասխանողները ԲԴԽ անդամներն են, իսկ Գագիկ Հարությունյանն ու Հայկ Հովհաննիսյանը հանդես են գալիս որպես երրորդ անձիք:
Ըստ հայցվոր դատավորների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել դատական իշխանությանը վարկաբեկող արտահայտություններով, որի կապակցությամբ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը, հանդիսանալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ, 2018թ. նոյեմբերի 19-ին դիմել են ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանին, Սերգեյ Մեղրյանին, Լիպարիտ Մելիքջանյանին, Անի Մխիթարյանին, Սերգեյ Չիչոյանին, Արմեն Խաչատրյանին ու համապատասխան հիմքերի վկայակոչմամբ առաջարկել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմել ԲԴԽ-ին:
Դատավորներ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի դիմումին սահմանված կարգով ընթացք չի տրվել: Միայն դատական դեպարտամենտի ղեկավարը 2018թ.-ի դեկտեմբերի 3-ի գրությամբ նրանց հայտնել է, թե միջնորդություն ներկայացնելու հիմքերը բացակայում են: Պետրոսյանն ու Սուքոյանը 2018թ.-ի դեկտեմբերի 10-ին կրկին դիմել են ԲԴԽ-ին ու պարզաբանել, որ հաղորդման հիման վրա վարույթ չհարուցելու դեպքում ոչ թե Դատական դեպարտամենտի ղեկավարի, այլ ԲԴԽ-ի կողմից պետք է տրվի պատասխան՝ վարույթ չհարուցելու հիմքերի վերաբերյալ, սակայն դրանից հետո էլ խորհրդի անդամների կողմից որևէ արձագանք չի եղել:
Հայցվոր դատավորները փաստում են, որ խնդիրը իրավական լույսի ներքո դիտարկելիս հստակ հետևում է, որ ԲԴԽ անդամը, այդ թվում` նախագահը, պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Չնայած դրան, 2018թ. հոկտեմբերի 29-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել նման հայտարարություններով. «նախկինում ևս, լինելով Սահմանադրական դատարանի նախագահ, հայտնել եմ, որ ունենք դատարաններ, չունենք արդարադատություն, (....) իսկ մոտիկից ծանոթացումը բացահայտեց՝ վիճակն ավելի մտահոգիչ է, և մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ, որոնք միայն խորքային բարեփոխումների միջոցով կարող ենք լուծել»:
Հայցվորները կարծում են, որ վերը նշված հայտարարությունից հետևում է, որ, ըստ ԲԴԽ նախագահի, դատական իշխանության կողմից նախկինում, մինչև ԲԴԽ-ի կազմավորումը, արդարադատություն չի իրականացվել, ինչից ակնհայտ է, որ նման հայտարարությամբ ըստ էության վարկաբեկվում է դատական իշխանությունը: Այդ կերպ ոչ թե նվազեցվում, այլ իսպառ վերանում է հասարակության վստահությունը այդ իշխանության և նրա ներկայացուցիչների իրականացրած արդարադատության նկատմամբ: Ընդ որում՝ առկա են հազարավոր դատական ակտեր, որոնցով լուծում են տրվել իրավունքների խախտումներին ու անձանց համար սահմանվել են իրավունքներ ու պարտականություններ: Այդ անձինք, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով վստահել են այդ ակտերին, իրականացրել անհրաժեշտ միջոցառումներ դատական ակտերի կատարումն ապահովելու համար, ու նման պայմաններում խոսվում է արդարադատության բացակայության մասին, որը միանշանակ կարող է մեկնաբանվել որպես նշված բոլոր դատական ակտերի ապօրինի լինելու փաստարկ:
«Տվյալ դեպքում, ԲԴԽ նախագահը, կատարելով դատական իշխանությունը վարկաբեկող հայտարարություն, իր գործողություններով նսեմացրել է բոլոր դատավորների տարիների աշխատանքը, կասկածի տակ դրել նրանց կողմից կայացված և կայացվելիք դատական ակտերը՝ հանրության վստահությունը դրանց նկատմամբ հավասարեցնելով նվազագույնի: Ընդ որում, կարևոր նշանակություն ունի նաև հայտարարությունը կատարած անձը: Վերջինս նախագահում է դատարանների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհուրդը, և եթե նման դիրքորոշում է արտահայտում դատական իշխանության կողմից իրականացված արդարադատության նկատմամբ, ապա դրանով վտանգի տակ է դնում այդ իշխանության հետագա գոյությունը»,- կարծում են Սուքոյանն ու Պետրոսյանը:
Հաշվի առնելով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի վերը նշված հայտարարությունը, ինչը հայցվոր դատավորները դիտարկում են, որպես Էթիկայի կանոնների կոպիտ խախտում, որը հիմք է տալիս ԲԴԽ անդամներին Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և Բարձագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար:
Հայկ Հովհաննիսյանի մասով
Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի մասով ԲԴԽ-ի դեմ ներկայացված հայցադիմումին, ապա Պետրոսյանի և Սուքոյանի համոզմամբ, նրան ևս պետք է ենթարկեն կարգապահական պատասխանատվության և դադարեցնեն լիազորությունները:
Որպես հիմք նշում են՝ 2018թ. օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը կայացրած՝ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» որոշումը, որտեղ չեն ներառվել Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը:
Հայցվոր դատավորների դիրքորոշումն այն է, որ որոշումը կայացվել է նաև հիմք ընդունելով «Հովհաննիսյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի նախկին ղեկավար, ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի իրենց վերաբերյալ արտահայտած դիրքորոշումների հիման վրա:
Արդեն տեղեկացրել էինք, որ 2018թ. օգոստոսի 20-ին Պետրոսյանն ու Սուքոյանը հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի, նախագահ Արմեն Սարգսյանի՝ սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
2018թ. նոյեմբերի 19-ին Հայցվորները դիմել են ԲԴԽ-ին և համապատասխան հիմքերի վկայակոչմամբ, առաջարկել են ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմել ԲԴԽ-ին, որին սահմանված կարգով ընթացք չի տրվել: Դարձյալ պատասխանել է դեպարտամենտի ղեկավարը՝ տալով նույն պատասխանն ինչ Գագիկ Հարությունյանի դեպքում:
Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշման կայացման կապակցությամբ վկայակոչված «փաստաթղթաշրջանառության» համաձայն` ԲԴԽ-ի կողմից հայցվորների՝ «Սնանկության դատարան տեղափոխվելու թեկնածությունը քննարկելիս, Հայցվորների դիտարկմամբ, հիմք է ընդունվել ՀՀ Բանկերի միությունից ստացված 2018թ. օգոստոսի 1-ի տեղեկանքը, որում ներառվել են որոշ քաղաքացիական գործերն ընդդատությամբ հանձնելու դատարանի որոշումների իրավաչափության հարցը: Հայցվորները պնդում են, որ նշված գործերով նախագահող դատավոր Կարինե Պետրոսյանի կայացրած որոշումների օրինաչափության հարցը բարձրացվել է նաև 2018թ. օգոստոսի 6-ին հրավիրված ԲԴԽ նիստին, և այդ կապակցությամբ հարցեր ուղղող անձը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն էր: Վերջինս հանդիսացել է «Հովհաննիսյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր ղեկավարը մինչև 2018թ., որից հետո այն տրվել է կառավարման այլ անձի:
Պետրոսյանն ու Սուքոյանը փաստում են, որ «Հովհաննիսյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչությունն է իրականացրել թվով 13 քաղաքացիական գործերով, որոնք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի ընդունած որոշումներով հանձնվել են նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Ալեքսեյ Սուքոյանի ընդդատությանը: Նշված որոշումների դեմ Հայկ Հովհաննիսյանի իրավաբանական գրասենյակի կողմից բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք սակայն, մերժվել են:
«Հովհաննիսյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակը եղել է նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի սնանկության գործով և մշտապես տարբեր եղանակներով իր դժգոհությունն է արտահայտել գործով կատարվող դատավարական գործողությունների և կայացված դատական ակտերի նկատմամբ: Ընդ որում՝ բացի վերաքննության կարգով բողոքներ ներկայացնելուց Հայկ Հովհաննիսյանի խորացված դժգոհությունն արտահայտվել է նաև նրա գրասենյակի կողմից դատավոր Ալեքսեյ Սուքոյանի դեմ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովին բողոք ներկայացնելով: Դատավորի գործողություններն իրավաչափ են գնահատվել թե´ հանձնաժողովի, թե´ վերադաս դատական ատյանի կողմից, ինչը Սուքոյանի նկատմամբ ապագա ԲԴԽ անդամի մոտ ձևավորել է կանխակալ բացասական վերաբերմունք:
Բացի այդ, հայցվորները նշում են, որ «Սնանկության մասին» օրենքի նոր նախագծի հեղինակներից մեկը հանդիսացել է «Հովհաննիսյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակը և ուներ տնտեսական շահ, իսկ դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը եղել են օրենքի նախագծի հիմնական ընդդիմադիրները:
Ըստ հայցվորների՝ ԲԴԽ նիստի ընթացքում Հայկ Հովհաննիսյանը հանդես է եկել հետևյալ բովանդակությամբ հայտարարություններով. «նույն դատարանի մեկ այլ դատավորի նշված քաղաքացիական գործերն ընդդատությամբ հանձնելու իրավական հիմքերը բացակայել են», «միևնույն է, նշված ընդդատությամբ հանձնված քաղաքացիական գործերը լսելու է տիկին Պետրոսյանը», «տիկին Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանն այն դատավորներն են, որ e-draft.am ինտերնետային կայքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ ամենից շատ կարծիք են հայտնել»:
«ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ոչ միայն չի հայտնել իր կանխակալ վերաբերմունքի և տնտեսական շահի առկայության մասին, այլ շահարկելով իր գրասենյակի մասնակցությամբ գործերի շահեկան տարբերակները՝ ԲԴԽ անդամների մոտ ներքին բացասական համոզմունք է ձևավորել դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Կարինե Պետրոսյանի նկատմամբ»,- նշված է հայցադիմումում: Հետևաբար պնդում են, որ Հայկ Հովհաննիսյանը՝ որպես ԲԴԽ անդամ, չէր կարող մասնակցել 2018թ. օգոստոսի 6-ին հրավիրված ԲԴԽ նիստին, ինչը կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հիմք է:
Մեկնաբանել