HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունները կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը:

Դատական նիստի օրը դեռևս պարզ չէ:

Հիշեցնենք, որ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը նրա պաշտպանները ներկայացրել են դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 26-ին: Դեկտեմբերի 28-ին գործի քննության ընթացքում Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը միջնորդել է հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ, հնարավոր է, դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի: Դատավորը նիստը հետաձգել էր մինչև 2019-ի հունվարի 9-ը: Այդ օրը Դատախազության և քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել այն հիմքով, որ վերջինս ավելի վաղ ինքաբացարկ է հայտնել Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործի շրջանակներում:

Նշենք, որ Բաղդասարյանի ընտանիքը մտերիմ հարաբերություններ ունի Վահագն Հարությունյանի հետ, ով ժամանակին եղել է Մարտի 1-ի գործով  քննչական խմբի ղեկավարն ու այժմ մեղադրվում է այս գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությոնները չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միւջոցներ կիրառելով:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազն ու քննիչը գտել են, որ եթե Նելլի Բաղդասարյանը Վահագն Հարությունյանի կալանքի վերաբերյալ գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի խափանման միջոցի քննությունը ևս չպետք է իրականացնի, և դատավորը բավարարել է նրանց միջնորդությունը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությանն, այն ներկայացվել է երեկ:

Ինչպես հայտնի է, դատարանի` 2018-ի հուլիսի 27-ի որոշմամբ Քոչարյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից օրեր անց` օգոստոսի 13-ին, նա ազատ է արձակվել, ապա նորից կալանավորվել դեկտեմբերի 7-ին: Երկու ամիս ժամկետը հաշվում է հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 13-ն, ապա դեկտեմբերի 7-ից սկսած` նրա անազատության մեջ գտնվելու օրերը միմյանց գումարելու միջոցով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter