HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Իշխանությունը «կտրվեց» շատ կարեւոր քննությունից․ ըստ Հեքեքյանի՝ մշակույթ կործանողներն ավելի զորեղ են

Դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կանխատեսումները, որ կառավարության արձագանքը դանդաղ է, եւ Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշարձան-շենքը կկորցնենք, իրականություն դարձավ։

«Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,- նշված է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։ Հենց այդ շենքում անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։

Հունվարի 11-ի երեկոյան փլուզվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային պատկանող շենքի՝ հարեւանությամբ ընթացող մեծածավալ շինարարության հետեւանքով թուլացած պատը։

Հիշեցնենք, որ գործարար Վարդան Սրմաքեշի համար բազմահարկ բիզնես-կենտրոն կառուցելու շրջանակներում նախատեսված է քանդել երգչախմբին պատկանող շենքը, որը, կառավարության որոշմամբ, հանդիսանում է պատմամշակութային հուշարձան։ Շինարարության պատճառով հուշարձանը դարձել էր վթարային։

Ու թեեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վստահեցրել էր, որ Վարդան Սրմաքեշի ընկերությունը՝ որպես հուշարձանին վնաս հասցնող, կամրացնի շենքը, կփոխհատուցի վնասը, իսկ վարչապետ Փաշինյանն անձամբ էր այցելել Արամի 23, հարցն այդպես էլ չլուծվեց։

Այսօր երգչախմբի սաներն ու ասոցիացիայի աշխատակիցները շենքից դուրս էին բերում բոլոր իրերը։ Դեռ անհասկանալի է՝ ինչ է լինելու հետո։ Երգչախմբի դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Հեքեքյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի՝ մոտ երկու ամիս առաջ կատարած այցից հետո ոչինչ չի փոխվել, պաշտոնյաները միայն ձգձգել են շենքի ամրակայման հարցը, իրենց անգործությունը ստով են ծածկում։

«Սուտը կերել է մեր ղեկավար կոչվողներին։ Անորոշ գրելու էնպիսի փորձ ունեն, որ գրություններից ոչինչ չես հասկանում։ Ցավալի է, որ ժողովրդի կողմից մեծ քվե ստացած իշխանությունները ժողովրդի հետ չեն շփվում։ Գրում ես քաղաքապետին, պատասխանում է նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ, ժամանակավոր պաշտոնակատարը։ Տեսնենք մեղավորները կպատժվե՞ն, թե՞ հզորները դուրս կգան մեջտեղից, եւ ամեն ինչ կջարդվի մի աշխղեկի վրա»,- ասաց Հեքեքյանը։

Ըստ Մշակույթի նախարարության, հուշարձանը փրկելու 3 նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել է «Հին Երևան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը, մերժվել է Մշակույթի նախարարության եւ Քաղաքաշինության կոմիտեի կողմից, համարվելով կառույցի ամբողջականության համար վտանգավոր: Շենքի պահպանման 2-րդ եւ 3-րդ նախագծերը մշակվել են նախագծող ճարտարագետի եւ ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը։ Դեռ նախորդ տարվա նոյեմբերին մշակվում էր շենքի պահպանման 4-րդ նախագիծը, որի աշխատանքների համար ներդրողը պատրաստակամություն էր հայտնել վճարել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter