HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մեսչյանը վստահեցրեց՝ Արամի 23-ը չի քանդվի, կվերակառուցվի Սրմաքեշի հաշվին

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպությանը և երգչախմբին պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքի ճակատագրի վերաբերյալ քննարկումներում այսօր հստակեցումներ մտցրեց Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Իր առաջին ասուլիսում Մեսչյանը հստակ հայտարարեց, որ քանի ինքը Երեւանի գլխավոր ճարտարապետն է, մայրաքաղաքում որեւէ հուշարձան չի քանդվելու, անգամ եթե հուշարձանը գտնվում է «Հին Երեւան» նախագծի տարածքում, եւ ավելի վաղ հայտարարվել էր քանդման ենթակա։

Մեսչյանը պաշտոնապես հայտարարեց․ «Ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Դա վերաբերում է եւ Արամի 23-ին, եւ մյուս բոլոր հուշարձաններին։ Այս սկզբունքը փոփոխման ենթակա չէ։ Անհրաժեշտության համար պետք է փոխել «Հին Երեւան»-ի նախագծային որոշ լուծումներ, որպեսզի պահպանվեն հուշարձան շենքերը։ Ես ճարտարապետի (Լեւոն Վարդանյանի - խմբ․) հետ այդ թեմայով խոսել եմ։ Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երեւանում ոչ մի պատմամշակութային հուշարձան չի քանդվելու։ Էս թեման համարենք փակված»։

Դիտարկմանը, որ շենքի վիճակը վթարային է, ինքն իրեն արդեն քանդվում է, Արթուր Մեսչյանը պատասխանեց․ «Ես ընդամենը 11 օր է, որ գլխավոր ճարտարապետ եմ։ Շենքն ընդունել եմ այդ վիճակում։ Առաջարկել ենք ժամանակավոր ամրացման տարբերակ։ Վնասված պատը կամրացվի, որից հետո կսկսենք վերակառուցման աշխատանքները»։ Իսկ վերակառուցողը, ըստ Մեսչյանի, լինելու է շենքի հարեւանությամբ կառուցապատում իրականացնող ընկերությունը, որի շինարարության պատճառով հուշարձանը դարձել է վթարային։ Այդ ընկերությունը, հիշեցնենք, պատկանում է գործարար Վարդան Սրմաքեշին։

Արթուր Մեսչյանը խնդրեց, որ երգչախմբի երեխաներն առայժմ շենք չմտնեն։ «Երբ ես ասում եմ՝ էդ կառույցը չի քանդվելու, նշանակում է՝ չի քանդվելու։ Նաեւ չի տեղափոխվելու։ Հայեր ջան, հանգստացեք»։

Երեւանի գլխավոր ճարտարապետը նշեց պատմամշակութային հուշարձանների կամ դրանց հարակից տարածքում շինարարություն իրականացնելու նախապայմանը, որ դրվելու է բոլոր կառուցապատողների առաջ։

Կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կլինի որեւէ հուշարձան, կպարտավորվեն վերականգնել այդ հուշարձանները։ «Այ սա էն ա, ինչը չի եղել եւ լինելու է անպայման»,- ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետը։

Ինչ վերաբերում է արդեն քանդված հուշարձաններին, ապա դրանցից որոշները, այդ թվում՝ Աֆրիկյանների տունը, հարյուր տոկոսով կվերականգնվեն, որովհետեւ քարերն ամբողջությամբ մնացել են։ «Իհարկե ես ցավում եմ, որ տունը քանդվել է։ Ինձ մնար՝ փողոցը լայնացնելու համար ես կքանդեի դիմացի շենքը։ Բայց ունենք այն, ինչ ունենք»,- նշեց բանախոսը։

Ըստ Մեսչյանի՝ Երեւանի պատմական շերտի վերականգնումը մոտ երկու տարուց բավականին առաջ ընթացած կլինի։ Իսկ ամբողջ ծրագիրը կավարտվի մոտ 4,5 տարուց։

Խոսելով մայրաքաղաքի ճարտարապետական խնդիրներից ընդհանրապես՝ Արթուր Մեսչյանը նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքապետի օրոք գլխավոր ճարտարապետի գործառույթները կարվել են ըստ քաղաքապետի ճաշակի։ Ապօրինի հողազավթումներն ու շինարարությունը Երեւանի ամենամեծ խնդիրներից են։

«Քանի որ տասնյակ մարդիկ են զբաղվում նույն գործով, շատ դժվար է բռնել մեկին, որն ասի՝ ես եմ մեղավոր։ Այ էսօրվանից ես եմ մեղավոր, որովհետեւ էն գործիքակազմը, որ կա, պետք է թույլ տա, որպեսզի այդ ամեն ինչին վերջ տրվի։ Ես ուզում եմ մեր բնակիչներին ասել՝ ապօրինի շինարարությանը՝ վերջ, հողազավթմանը՝ վերջ։ Մի ստեղծեք խնդիրներ ձեզ համար, Երեւանի համար։ Ես գիտեմ, որ ահռելի թվով մարդկանց մոտ վատամարդ եմ դառնում, ես դրան մի կերպ կդիմանամ»։

Երեւանի կենտրոնին հատուկ կարգավիճակ տալու համար քայլեր կձեռնարկվեն։ Քաղաքապետարանը կդիմի կառավարություն, հարցը կքննարկվի նաեւ Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter