HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լեւոն Բարսեղյանի կոչը ռուսական 102-րդ բազային. «Ձեր գազաններին պահեք վանդակներում»

Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող ռուսական զորամասի հարեւանությամբ կեսօրին սկսված բողոք-հավաքը՝ ուղղված ռուս զինծառայողների շարունակական հանցագործությունների դեմ՝ սակավամարդ էր: Հավաքի նախաձեռնող, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը նախորդ օրը համացանցով տեղեկատվություն էր տարածել հավաքի նպատակների, պահանջների, պիկետի անցկացման վայրի մասին՝ նշելով, որ ցանկացած ոք, որ մտահոգ է նշված հարցով, կարող է միանալ, սակայն ինչպես պարզեցինք տեղում, միակ մտահոգները լրագրողներն էին ու մի քանի անցորդ, մեծ թիվ էին կազմում ոստիկանները:

Լեւոն Բարսեղյանը կրկին անդրադարձավ 4 տարի առաջ Գյուրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքին, այս տարվա դեկտեմբերի 2-ին դաժանաբար ծեծված եւ հիվանդանոցում մահացած Ջուլիետա Ղազարյանին, 1999 թ-ի դեպքերին՝ նշելով, որ և´ նախկինում, և´ հիմա էլ չի տրվել համարժեք գնահատական տեղի ունեցածին:

Հավաքված լրագրողներին Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց ՀՀ իշխանություններին ներկայացվելիք պահանջները, որոնք տեղ էին գտել նաեւ տարածած հաղորդագրության մեջ: Լ. Բարսեղյանի համոզմամբ` ռուս զինծառայողների կողմից հանցագործ գործողություններն ապագայում կանխելու նպատակով պետք է հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերեկային եւ գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում եւ այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման եւ վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել:

Ըստ բանախոսի, կարեւոր է, որ հատուկ մեխանիզմ գործարկվի ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու նպատակով, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն եւ զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման եւ ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական եւ խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչեւ բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը:

Լեւոն Բարսեղյանն առաջարկների փաթեթ ուներ նաեւ ՌԴ իշխանությունների համար: Մահացու ելքով հետագա դեպքերը կանխելու նպատակով, Լ. Բարսեղյանն առաջարկում է հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական եւ առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները եւ լուծել դրանք:

Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել եւ ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը՝ իսպառ բացառելով դրանցից զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը: Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչեւ զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողմից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին:

Հավաքի մասնակից լրագրողներին Լ. Բարսեղյանը հայտնեց, որ անկախ այն հանգամանքից, թե ՀՀ եւ ՌԴ իշխանությունները ինչ կձեռնարկեն վերոհիշյալ ուղղություններով, ինքը հանրությանը կոչ է անում զգոն եւ ուշադիր լինել թափառող, ակնհայտ ոչ սթափ վարքով կամ տարօրինակ վարք դրսեւորող զինծառայողների կամ նրանց նմանվող մարդկանց նկատմամբ, հատկապես այն տարածքներում, որտեղ զորամասեր են տեղակայված:

«Առաջարկում եմ դառնալ Որսորդ միության անդամներ, օրինական ճանապարհով զենք ձեռք բերել եւ զբաղվել ինքնապաշտպանությամբ,-առաջարկեց Լեւոն Բարսեղյանը,- թող մարդիկ ջանքեր ներդնեն տան կամ կացարանի պաշտպանության համար՝ ամրացնելով մուտքերը, դռները, ցանկապատները, անպայման ճաղապատեն պատուհանները, գիշերային լուսավորությամբ կահավորեն միջանցքները, շքամուտքերը»:

Լեւոն Բարսեղյանն այնուհետեւ թռուցիկներ փակցրեց ռուսական զորամասի դիմաց գտնվող երկաթե արգելապատնեշներին ու ծառերի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter