HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30 տարի նրանց տունը գնացքի վագոնն է

Գյումրուց դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհի ձյունը երկար, սպիտակ երիզի պես ձգվում է: Հեռվում լսվող շների հաչոցը կամաց-կամաց մոտենում է: Լիանան առանց բաճկոնի է եկել մեզ դիմավորելու: Բարևելուց հետո ժպտում է, հարցուփորձ է անում մեզնից, մենք՝ իրենցից:

1988-ից մինչ օրս 33-ամյա Լիանա Գրիգորյանն ապրում է գնացքի վագոնում: Մինչև տուն հասնելը շտապ պատմում է այդ մասին ու հաճախ խոսքի մեջ շեշտում, թե «չե՞ք հավատում, որ պոեզի վագոնում կապրինք»: Սա ասելուց հետո ժպիտը սահում-ընկնում է, Լիանան կասկածանքով է նայում ինձ: Չգիտեմ՝ ինչ ասեմ, լռում եմ: Քիչ անց նա դարձյալ սկսում է խոսակցությունը: Ասում է, որ չորրորդ երեխային է սպասում, սեռը կիմանա մի քանի շաբաթից:

Վագոնի դուռը բացում է և բոլորիս ներս հրավիրում: Սենյակը փոքր խցի է նման, որտեղ հազիվ տեղավորել են թախտն ու մի քանի աթոռ: Թախտին կիպ-կիպ նստել են երեխաները՝ 8-ամյա Սոնան, 5-ամյա Սասունը և 2 տարեկան Դավիթը:

Նրանց կողքին Լիանայի մայրն ու տատն են: Մենք հազիվ խցկվում ենք: Շարժվելու տեղ չկա: Քիչ անց ներս է մտնում Լիանայի ամուսինը՝ Կարոն: Նա կանգնում է վարագույրի մոտ, որից այն կողմ խոհանոց ծառայող փոքր տարածքն է, դրա կենտրոնում էլ վառարանն է դրված: «Խոհանոցի» հարևանությամբ էլ ննջասենյակն է, որի պատին փափուկ խաղալիքներ են կախված:

Կարոն ասում է, որ առավոտյան վագոնում շատ ցուրտ է լինում: Քանի որ վագոնը երկաթից է, ինչքան էլ տաքացնում են, միջին ջերմաստիճան չեն կարողանում ապահովել:

Բացի ցրտից՝ վագոնի անկոչ հյուրերն առնետներն են, որոնք սեզոն չեն ճանաչում: Լիանան ասում է՝ գիշերներ են լինում, որ չի քնում, վախենում է, թե առնետները երեխաներին կվնասեն: Ասում է՝ թակարդներ է դրել տանը:

Լիանան ծնվել-մեծացել է Գյումրիում: 1988-ի երկրաշարժից տունը կորցնելուց հետո հայրական ընտանիքով ապրել են այս վագոն-տնակում: Պատմում է, որ վագոնը հայրն է գտել՝ երկաթգծից այն կողմ ընկած էր: Լիանայի մայրը՝ Գայանեն, ասում է, որ մինչև 2007-2008 թթ. այստեղ ապրում էին 9 հոգով, ապա զարմանում է, թե ինչպես էին տեղավորվում այդքանով: Հիմա իրենք բնակարան են ստացել Գյումրիում ու տեղափոխվել են, իսկ Լիանան իր ընտանիքով շարունակում է ապրել քաղաքի ծայրամասում՝ դեպի Վանաձոր տանող երկաթգծի հարևանությամբ գտնվող այս վագոնում: «Իմ միակ դարդը Լիանան կէղնի: Էստեղ ապրել չի լինի»,- հոգոց է հանում մայրը:

Լիանան ամուսնու՝ Կարապետ Գրիգորյանի հետ ծանոթացել է 2010-ին: 46-ամյա Կարոն Վեդիից է: Հարցնում եմ՝ բա ո՞նց գտաք իրար, ծիծաղում են: Սիրո մասին խոսելիս տրամադրությունը փոխվում է: Ամուսիններով ուրախությամբ են հիշում պատմությունը: Լիանան ասում է, որ պատահական սխալ համարով զանգել էր Կարոյի քրոջը, որից հետո Կարոն է սկսել զանգել իրեն: Ընկերությունը կարճ է տևել: Լիանայի տատն այստեղ միջամտում է, թե «մե օրըմ էլ Լիանան փախավ, չգիտեինք, ելանք՝ չկար, կռավատների տակն էլ էինք նայում, Լիանա կճվայինք, չկար: Մեռանք-պրծանք»:

Կարճ ժամանակ ապրել են Վեդիում, բայց առաջնեկի ծնվելուց հետո տեղափոխվել են Գյումրի: Կարոն ասում է, թե երեխան այնտեղ լավ չէր զգում, «օդը չէր վերցնում»:

Մինչև Գյումրի տեղափոխվելը Կարոն պայմանագրային զինծառայող էր Արարատում, որոշ ժամանակ անց դուրս է եկել բանակից՝ աշխատանքի անցնելով Ռուսաստանում: Հիմա էլ տարին մի անգամ գնում-գալիս է Ռուսաստան: Ասում է՝ այնտեղի աշխատանքի դիմաց քիչ թե շատ վարձատրվում է, բայց այդ գումարով հիմնականում ձմեռվա փայտ են գնում:

Կարոն այն քիչ մարդկանցից է, որ չի բողոքում: Մայրը քաղցկեղից 1997-ին է մահացել, հայրը նորից է ամուսնացել: Ասում է, որ միշտ էլ հույսն իր վրա է դնում: Օրական աշխատանք է փորձում գտնել, որովհետև Գյումրիում մշտական աշխատանք գտնելը հեշտ չէ: Ամռանը հող է մշակում՝ կարտոֆիլ, գազար է աճեցնում: Բակում ցույց է տալիս հորը, որտեղ ձմեռվա կարտոֆիլն են պահում: Բերքից նույնիսկ բաժին են հանում հարևաններին: Ասում է՝ երեխաները սոված չեն մնում, հնարավոր ամեն ինչով ապահովում են:

Գարնանն ու ամռանը Լիանան էլ է օգնում ամուսնուն: Դաշտերում է աշխատում օրական 4000 դրամով: Տան միակ կայուն եկամուտը երեխաների համար տրվող նպաստն է՝ 36 հազար դրամ: Պարտքեր չեն սիրում կուտակել: Կարոն ասում է՝ պարտք անեն, ո՞վ փակի:

Երեխաներից ժիրը Դավիթն է: Հարցնում ենք՝ Ձմեռ պապին նամակներ գրե՞լ են, չեն խոսում: Մայրը շշուկով ասում է, թե նախորդ տարի գրել էին, բայց Ձմեռ պապը նվեր չբերեց, դրա համար այս տարի չեն գրել: Երկար հարցուփորձից հետո Սոնան ասում է, թե հեռախոս է ուզում, ապա եղբորը՝ Սասունին է հրում արմունկով, թե դու էլ պլանշետ ուզի:

Կարոյի միակ երազանքը տուն ունենալն է: Ասում է՝ խոպան գնալ-գալով հնարավոր չէ տուն կառուցել: Անասուն պահելու հարմարություն չունի, հակառակ դեպքում շատ կուզենար: «Եթե շինանյութով օգնեն, ինքս կկառուցեմ տունը»,- նշում է ընտանիքի հայրը, ապա ավելացնում, թե հիմա բոլորն էլ դժվար են ապրում՝ ով ում համար պիտի տուն գնի, ոչ մեկից էլ պետք չէ նեղանալ:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter