HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ինձ հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ». ջավախքցին «Գլդանի» բանտից դիմում է Վրաստանի նախագահին

Վրաստանի «Գլդանի» բանտում գտնվող Ախալքալաքի շուկայի նախկին գլխավոր տեսուչ Մերուժան Հովհաննիսյանը նամակով դիմել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Նա նախագահի ուշադրությունն է հրավիրում իրեն ներքաշած շինծու գործի վրա: 

Հիշեցնենք` Մերուժան Հովհաննիսյանին 2017թ. մայիսին ձերբակալել էին կաշառք ստանալու կասկածանքով: Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրան մեղադրում էր մի քաղաքացու Ախալքալաքի ագրարային շուկայում, առանց օրինական պայմանագիր կնքելու, տարածք տրամադրելու համար 1000 լարի (200 հազար դրամ) կաշառք վերցնելու մեջ:

Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է՝ կոմերցիոն կաշառք: Առ այսօր Մերուժան Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, և այն գրավով փոխարինելու պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները մերժվել են:

Նախագահ Զուրաբիշվիլու նամակը մեզ փոխանցեց Մերուժան Հովհաննիսյանի եղբայրը` Սիփան Հովհաննիսյանը: 

«Ես ինձ հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ, ապացույցներով հանդերձ, սկսած իմ դեմ շինծու մեղադրանքի նախօրեից, որտեղ կեղծ փաստեր ձեռք են բերվել բազմաթիվ անօրինականությունների հիման վրա, այնուհետև իմ ձերբակալման պահից, որտեղ գործի էր դրված բազմաթիվ կեղծիքներ և ապօրինություններ, ինչպես նաև անմարդկային վերաբերմունք և վարք: Ախալցխա տեղափոխման ճանապարհին ծայրահեղ բնույթի քաղաքական տիպի խոսակցություններ և հոգեբանական ազդեցության փորձեր»,- գրել է Մերուժան Հովհաննիսյանը նախագահին և վարչապետին ուղղված նամակում:

Վերջինս համարում է, որ քաղաքական սադրանքի զոհ է` նախկին իշխանությունների ակտիվ ներգրավվածությամբ, ովքեր, նպատակ ունենալով «Վրացական երազանքին» վարկաբեկել, փորձ են արել դա իրականացնել կուսակցության նախկին և ներկա հավատարիմ ակտիվիստի ձեռքով:

Մերուժան Հովհաննիսյանը նամակում պատմել է, որ «Բանտարկությունը որպես պարտադրանք» միջոցն է իր դեմ կիրառվել, իսկ իրենից բազմիցս փորձ է արվել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզել:

Մերուժան Հովհաննիսյանի եղբայրը` Մասիս Հովհաննիսյանը, մեզ պատմեց, որ հունիսից մինչ օրս դատական քննություն է ընթանում: Հունվարի 11-ին վերջին նիստն է կայացել, որին ներկայացել է նաև գլխավոր վկան` Մամուկա Գելաշվիլին, որն էլ կաշառքի մասին հաղորդում տվողն էր: Պարզվում է, որ Մամուկա Գելաշվիլին Ֆինանսական ոստիկանության աշխատակից է, և, ըստ նրա ցուցմունքի, ցանկացել է Ախալքալաքի շուկայում տեղ վերցնել` բիզնես անելու նպատակով: Դրա համար 1000 լարի է տվել Մերուժան Հովհաննիսյանին, ով պայմանագիր չի կնքել իր հետ և ՀԴՄ կտրոն չի տրամադրել:

Մերուժան Հովհաննիսյանը դատարանում հայտարարել է, որ սա իր դեմ հատուկ կազմակերպված գործողություն է եղել, և այդ մասին իրեն Ախալցխա տեղափոխելու ճանապարհին ասել են ոստիկանության աշխատակիցները: Նրանք հստակ նշել են, որ թեև Մ. Սահակաշվիլին հեռու է, բայց նրա ձեռքերը երկար են:

Դա նկատի ունենալով` Մերուժան Հովհաննիսյանն իր նամակում պատմում է, որ համակարգում դեռևս աշխատում են այնպիսի ծպտյալ անձինք, ովքեր թեև արտաքուստ սատարում են «Վրացական երազանք»-ին, բայց շարունակում են ծառայել Սահակաշվիլուն:

«Եղբայրս ասում է, որ իր դեմ էս ամեն ինչը կազմակերպել են նախկին իշխանության կողմնակիցները»,- հավելեց Սիփան Հովհաննիսյանը:

Արդեն գործով վկաներին հարցաքննել են, դատաքննությունն անցել է փաստաթղթերի ուսումնասիրման փուլ:

Հիշեցնենք, որ այս նույն գործով ձերբակալվել էր նաև Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանը: Նրան մեկ ամիս անց 10 000 լարի գրավի դիմաց ազատ են արձակել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter