HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի սահմանապահը

«Զվարթնոց» օդանավակայանում եմ, սահմանային անցակետում, հանրապետությունից դուրս եմ գալիս: Հերթս է: Մոտենում եմ սահմանապահ ծառայողի պատուհանին։ Հանձնում եմ անձնագիրս։ Ծառայողը ռուսերեն է խոսում իմ հետ, ռուս է։ Ես հայերենով պատասխանում եմ՝ «խնդրում եմ հայերեն խոսեք»: Ծառայողը շարունակում է խոսել ռուսերեն։ Պատասխանում եմ. «Մենք Ռուսաստանում չենք , մենք Հայաստանում ենք, ու Հայաստանում մայրենի լեզուն հայերենն է»։ Կրկնում եմ իմ խոսքը, սահմանապահը ձերքով նշան է անում ու ցույց է տալիս կողքի պատուհանն ու առաջարկում, որ մոտենամ այդ պատուհանին, որտեղ ծառայողը հայերեն է խոսում։

Մոտենում եմ կողքի պատուհանին։ Ծառայողը հայ է ու հայերեն է խոսում ինձ հետ։ Հանձնում եմ փաստաթղթերս ու ասում, որ «ես անընդունելի եմ համարում, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայողը հայերեն չխոսի»։ Ինքը պատասխանում է, որ դրա մէջ խնդիր չի տեսնում՝ նկատի ունենալով, որ այդ ծառայողը ռուս սահմանապահ է, ոչ ՀՀ սահմանապահ։ Ասում եմ, որ անկախ ծառայողի ազգությունից, նա պարտավոր է հայերեն խոսել, քանի որ իրականացնում է ՀՀ սահմանապահի ծառայություն։

Մեր զրույցին միանում է մեկ այլ սահմանապահ։ Հայ ծառայողները շարունակում են առարկել ու իբր օրինակ ասում են, որ օդանավակայանում կա նաև արգենտինացի աշխատակից, որ հայերեն չի խոսում․ պատասխանում եմ, որ այդ արգենտինացի աշխատակիցը ՀՀ սահմանապահի ծառայություն չի իրականացնում, եթե իրականացներ, ապա պարտավոր կլիներ հայերեն իմանալ ու հայերենով հաղորդակցվել քաղաքացիների հետ։ Իբր, օրինակ, ասում եմ, որ կատարվածը նույնն է, ինչ ՀՀ ոստիկանը Երևանում կանգնեցնի քաղաքացուն, ու չիմանալով հայերեն, հաղորդակցվի բացառապես այլ լեզվով։ Հարց եմ տալիս, թե ինչքանով ընդունելի կլինի, եթէ Մոսկվայի օդանավակայանում սահմանապահ ծառայողը խոսի հայերեն ու միայն հայերեն։

Մի քանի անգամ խնդրում եմ ու պնդում, որ կանչեն իրենց վերադասը, պատասխանատուն․ ծառայողը պատասխանում է. «Իմ ղեկավարը ՀՀ վարչապետն է»։ Ես հարց եմ տալիս, եթե Վ․ Սարգսյանը դեռ սահմանապահ զորքերի հրամանատարն է, և ասում եմ, որ ճանաչում եմ զինքը և հայտնում եմ, որ բողոքելու եմ։ Իրենք հաստատում են։ Նոր մոտեցող սահմանապահը ցույց է տալիս ապակու վրայի թեժ գծի հեռախոսահամարը, որին զանգելով՝ կարող եմ ներկայացնել իմ բողոքը։

Հեռանում եմ անցակետից՝ հայտնելով ափսոսանքս, որ լինելով անկախ ՀՀ քաղաքացիներ, ավելին, ՀՀ պետական ծառայողներ՝ վիրավորված չեն զգում, որ օտարազգի քաղաքացին ՀՀ սահմանում ռուսերեն է խոսում։ Սահմանապահներից Արմենը պատասխանում է. «Ցավդ տանեմ, մենք քեզ հասկանում ենք, բայց մեր երկիրն այդ կարգավիճակում չի»:

Զանգում եմ ՀՀ սահմանապահ զորքերի թեժ գիծ։ Պատասխանում է Ա․ Հարությունյանը։ Հայտնում եմ իմ բողոքը և խնդրում եմ, որ գրանցի։ Նա ասում է, որ իմ բողոքը չի կարող բողոք համարվել։ Ասում եմ, որ իբր քաղաքացի զանգում եմ ու հայտարարում, որ խախտված են իմ իրավունքները՝ հիմնավորելով, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Զանգին պատասխանողն ինձ ասում է ու կրկնում երկու անգամ, որ նկատի ունենալով, որ տվյալ ծառայողը հայ սահմանապահ չէ, այլ ռուս, և ծառայում է պայմանագրով՝ չունի որևէ պարտավորություն ՀՀ սահմանին հայերեն խոսելու։

Այսքանը միջադեպի մասին։

Հարգանք ունեմ մարդու նկատմամբ, անկախ անձի ազգությունից ու քաղաքացիությունից և չունեմ որևէ բացասական նախապաշարում այլ երկրների քաղաքացիների կամ ընդանրապես այլ ազգերի նկատմամբ, և հասկանալով հանդերձ, որ ռուս սահմանապահը ծառայում է մեր սահմանում միջպետական պայմանագրի հիմունքով, անընդունելի եմ համարում և վիրավորական իմ ազգային արժանապատվության, որ մի այլ երկրի քաղաքացի Հայաստանում մատուցի սահմանապահ ծառայություն և չխոսի հայերեն։

Սույն գրությունը որևէ այլ ազգի կամ երկրի դեմ չէ, այլ հայի ու Հայաստանի համար է։

Արդյոք եթե հակառակը լիներ Մոսկվայում կամ Բեռլինում, որտեղ հայ սահմանապահը ծառայեր և խոսեր բացառապես հայերեն, ի՞նչ կմտածեր այդ երկրի քաղաքացին։

Վիքեն Սերոբի Արաբյան

10.01.2019

«Զվարթնոց» օդանավակայան

Քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն

Տես նաև՝  Ըստ ԱԱԾ-ի՝ ՌԴ սահմանապահների ներկայությունը «Զվարթնոց» օդանավակայանում օրինական է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter