HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը պատգամավորների անհարկի բացակայությունների հարցում «փոխզիջում չի տեսնում»

Խորհրդարանը քննարկում է Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահի թեկնածության հարցը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, թեկնածությունը ներկայացրեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց խմբակցությունների դերի ստորադասման մասին, պատգամավորի խոսքով՝ հաճախ են բախվել իրավիճակների, երբ խմբակցությունը, հնարավորություն չունենալով օրենսդրական նախաձեռնություն հեղինակելուն, ստիպված է եղել ստորագրահավաք սկսել պատգամավորների շրջանում: Պատգամավորը հետաքրքրվեց, թե որն է լինելու Միրզոյանի դիրքորոշումը այս հարցի շուրջ: ԱԺ նախագահի թեկնածուն արձագանքեց՝ չի ցանկանում ընդհանրական պատասխան հնչեցնել, պատրաստ է դեպքերն առանձին-առանձին  քննարկել՝ հավելելով, որ կիսում է պատգամավորի մոտեցումը:

Մարուքյանը խոսեց նաև «Ավտորիտարիզմի հենքը հանդիսացող սուպերվարչապետության» համակարգի մասին՝ հետաքրքրվելով, թե պատրա՞ստ է այդ համակարգը փոխելուն ուղղված քայլեր անել: Միրզոյանն արձագանքեց՝ քննարկումների համար բաց է, և խոստացավ առաջիկա օրերին խոսել այս մասին:

Էդմոն Մարուքյանը խոսեց նաև պատգամավորների անհարգելի բացակայությունների մասին՝ հարցնելով, թե պատրաստ է վերջինս իրապես անհարգելի բացակայությունները համարել անհարգելի, ինչի հետևանքով պատգամավորը կարող է զրկվել մանդատից:

Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ միջազգային հարթակներում պետության նկատմամբ պատշաճ հարգանք չի կարող լինել, եթե պետության ներսից հարգանք չլինի:

«Ես չափազանց կարևորում եմ բոլոր պատգամավորների վերաբերմունքը, փոխզիջում չեմ տեսնում, պետք է հետևենք, որ պատգամավորները հարգանքով վերաբերվեն իրենց աշխատանքին»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ տարիներ շարունակ խորհրդարանի դերը ցածր է եղել, արդյոք Միրզոյանն ընտրվելու դեպքում պատրա՞ստ է անել ամեն ինչ, որպեսզի խորհրդարանը չլինի կառավարության կցորդը:

«Առաջիկայում եթե լինի դեպք, պատրա՞ստ եք հակադրվելու կառավարությանը՝ բարձրացնելու խորհրդարանի դերը»,- հարցրեց պատգամավորը:

Արարատ Միրզոյանը ցավով համաձայնեց, որ խորհրդարանի դերն այնքան էլ մեծ չի եղել տարիներ շարունակ, սակայն ընդգծեց՝ յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների ցանկն արդեն իսկ խոսում է այն մասին, որ խորհրդարանի դերը պետք է բարձրանա: 

«Իշխող ուժը կառավարության հենարանն է, և բնական է, որ կառավարության նախագծերի գերակշիռ մասը աջակցություն պետք է ստանա, բայց խորհրդարանը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, պիտի փոխվի համամասնությունը»,- ասաց Միրզոյանը:

Գևորգ Գորգիսյանն արձագանքեց՝ օրենսդրական նախաձեռնություններով կփորձեն հակակշռել, բայց խոսքը վերաբերում է քաղաքական դիրքորոշումներին:

«Եթե կառավարությունը ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերի խորհրդարանի նկատմամբ, ինչպիսին է լինելու ձեր արձագանքը»,- հարցրեց Գորգիսյանը:

Արարատ Միրզոյանը պատասխանեց, եթե խոսքն այն դեպքերի մասին է, երբ կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը պարտադիր է խորհրդարանում, և նրանք չեն գալիս, ապա ամեն ինչ պետք է արվի, որ կառավարությունը հավուր պատշաճի ներկայանա օրենսդիրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter