
Մանվել Գրիգորյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցի հարցը քննող դատավորին
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով նիստն ընդմիջվել է: «Հետք»-ի տեղեկություններով՝ պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նրա խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանին, և վերջինս հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները և գործով դատախազն առհասարակ որևէ տեղեկություններ չեն տրամադրում նիստում տեղի ունեցածի վերաբերյալ: Մեզ հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց իրենց կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ տեղեկությունը:
Նշենք, որ փաստաբաններն ու դատախազը դատարանի տարածքում են, ինչից կարելի է ենթադրել, որ դատավոր Նիկողոսյանը ոչ թե որևէ այլ օր, այլ այսօր է հրապարակելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին կալանավորելու, նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանների մի շարք որոշումների դեմ բողոքները քննել է Արսեն Նիկողոսյանը, և մշտապես անփոփոխ թողել այդ որոշումները: Չի բացառվում, որ նրան ներկայացված ինքնաբացարկի հիմքում դրվել է նաև այդ հանգամանքը: Պաշտպանները մինչ այս բազմիցս բարձրաձայնել են, որ գուցե գործերն այլ դատավորների մակագրելու դեպքում այլ որոշում կայացվի:
Նշենք, որ առաջին ատյանում էլ Գրիգորյանի խափանման միջոցի հետ կապված գործերը մշտապես մակագրվում էր դատավոր Մարինե Մելքոնյանին, և նրա որոշումների արդյունքում Գրիգորյանը շարունակում էր գտնվել կալանքի տակ: Միայն մեկ գործ՝ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշումն է, որ մակագրվել է առաջին ատյանի այլ դատավորի՝ Դավիթ Բալայանին, և այս դատավորի որոշմամբ Գրիգորյանը գրավով ազատ է արձակվել:
Մեկնաբանել