HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն ու դատավորը մտերիմ հարաբերություններ ունեն, պաշտպանները նրան ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով երրորդ դատավորին՝ Արթուր Մկրտչյանին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել` հիմք ընդունելով այն, որ անձամբ իր և նախագահող դատավորի ընտանիքի միջև առկա է որոշակի ընկերական կապ: 
«Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, որոշ ժամանակ համադասարանցիներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել, «Что, где, когда?» ենք խաղացել: Բացի այդ, դատավորը ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, ում հետ ունենք ընկերական հարաբերություններ: Նախագահող դատավորի խնամիները մեր ընտանիքի հարազատներն են: Կապանը փոքր քաղաք է: Այն փաստը, որ մենք, ըստ էության, համերկրացիներ ենք, դրա հետ կապված կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ: Եթե գրավը կիրառվեր, և Քոչարյանի կալանքի ժամկետը չերկարացվեր, դա քննարկման առիթ էր դառնալու, և Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում է, դրա համար ներկայացրել ենք այս փաստերն ու խնդրել դատարանին հայտնել ինքնաբացարկ»,- ասաց Օրբելյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ Քոչարյանի գրավի հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել էր՝ թեև դրա հիմքում ավելի հեռավոր կապեր էին դրված: Հիշեցնենք, որ Նելլի Բաղդասարյանի ընտանիքը ընկերական հարաբերություններ ունի Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ, ով այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է:
Նշենք, որ Դատախազությունն առարկել է Արթուր Մկրտչյանին ներկայացված ինքնաբացարկի դեմ: 
Փաստաբան Արամ Օրբելյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter