HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության այլ սկզբունք առաջարկեց

Խորհրդարանում շարունակվում է ղեկավար կազմի ընտրության հարցը: Իշխող «Իմ քայլը» դաշինքը ԱԺ փոխխոսնակների պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածու առաջադրել է և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն: ԲՀԿ-ի թեկնածուին` Վահե Էնֆիաջյանին, ներկայացրեց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԼՀԿ-ի թեկնածու Մանե Թանդիլյանին՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի դերին, ըստ իրենց տեսլականի, համապատասխանում է ԼՀԿ ներկայացուցիչը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ Մարուքյանի այն դիտարկմանը, թե Սահմանադրությամբ ամրագրված չէ, որ երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը պետք է ընտրվի ԱԺ փոխխոսնակ, ինչպես պնդում են իշխանությունները, ապա նկատեց, որ քաղաքական ուժn ընտրության սկզբունք պետք է ունենա:

«Եթե դուք ասում եք` սկզբունքը սխալ է, կուզեի լսել՝ ի՞նչ այլ սկզբունքով պետք է առաջնորդվենք, բացի անձնական սիմպատիայից»,- հարցրեց նա՝ դիմելով Էդմոն Մարուքյանին:

Մարուքյանն արձագանքեց՝ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը որևէ մեկի կողմից տրված լավություն չէ, այն պարզապես լինելու է լծակ:

«Իսկ թե ինչ կանեի ես, այդ մասին Արարատ Միրզոյանին էլ եմ ասել, կանեի հետևյալը. կասեի` քանի որ երկու ընդդիմադիր խմբակցություններով իրար մեջ չեք որոշել, թե ով է փոխխոսնակ և մեկ մարդ չեք առաջադրել, քաղաքական մեծամասնությունն ազատ է թողնում իր պատգամավորներին»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը խորհրդարանի նորեկներին նաև հուշեց՝ «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի վերաբերյալ հարցերին գործադիր իշխանությունը չպետք է միջամտի:

«Նրանք չպիտի միջամտեն մեր ներքին պայմանավորվածություններին»,- ասաց Մարուքյանը, ապա հիշեցրեց, որ 2012 թվականին «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի վերաբերյալ կառավարությունը ձեռնպահ է մնացել կարծիք հայտնել այն դեպքում, երբ Պետական-իրավական մշտական հարցերի հանձնաժողովի նախագահը Դավիթ Հարությունյանն էր:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ԱԺ նիստերի դահլիճում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր իշխող ուժի պատգամավորներին և, թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաև ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցը: ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ այդ հարցում վերջնական որոշման չեն հանգել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ անդրադարձավ Էդմոն Մարուքյանի ելույթի այն մասին, որտեղ վերջինս համեմատել էր Մանե Թանդիլյանի և Վահե Էնֆիաջյանի՝ ընտրություններում ստացած քվեները: Պատգամավորը նաև նկատեց, որ, հիմնվելով արդարության սկզբունքի վրա, տեսանելի է, թե որ քաղաքական ուժն է ավելի ընդդիմադիր ընկալվում քաղաքացիների կողմից:

Մարուքյանն ասաց, որ այդ փաստարկն իրենը չէ. «Ես պատասխանել եմ այն փաստով, թե ով ինչքան ձայն է հավաքել, և բախտի բերմամբ, թե պատահմամբ, թեկնածուներն էլ նույն տարածքում են առաջադրվել: Արդարության վերաբերյալ ամեն մեկն իր չափանիշներն ունի, մենք չենք վիճարկում, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, դա փաստ է, մենք վիճարկում ենք այն հանգամանքը, թե ընդդիմադիր փոխխոսնակը ԼՀԿ-ից պետք է լինի, թե ԲՀԿ-ից, մենք պատկերացնում ենք, որ մեր փոխխոսնակն ավելի լավը կլինի»,- ասաց Մարուքյանը:

Դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին` նա հավելեց. «Մենք ձեզ հետ կռիվ չունենք, իրենք (նկատի ունի իշխանությունները- հեղ.) են որոշելու, կռիվը և պատասխանատվության բեռը իրենց վրա է»: Մարուքյանի արտահայտությունից նեղսրտել էր Սասուն Միքայելյանը: Նա տեղից արձագանքեց, Մարուքյանն էլ կոչ արեց գրանցվել ու ելույթ ունենալ, ոչ թե իրեն ընդհատել:

«Խնդրում եմ տեղից չմիջամտեք մյուս անգամ»,- ասաց նա:

Հավանաբար, Միքայելյանն արձագանքեց, թե դա Մարուքյանը չի որոշելու, քանի որ նրա խոսափողը միացված չէր, սակայն Մարուքյանն արձագանքեց՝ ես պիտի ասեմ, ապա նկատեց, որ անհարգալից որևէ արտահայտություն թույլ չի տվել, սակայն եթե որևէ կերպ վիրավորել է, ներողություն է խնդրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter