HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կաթնառատը 30 տարի է դպրոց չունի․ Կառավարությունը դպրոցի կառուցումը մի ծրագրից մյուսն է փոխանցում

Երկհարկանի շինությունը, որտեղ շուրջ 30 տարի տեղավորված է Կաթնառատի միջնակարգ դպրոցը, նախկինում «Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի գրասենյակն է եղել: Հարմարեցված 8 դասասենյակները բավարար չեն 118 երեխայի կրթությունը կազմակերպելու համար, այդ պատճառով դպրոցը կիսվել է երկու մասի՝ 5-12-րդ դասարանները տեղավորել են այս շենքում, իսկ նախակրթարանը եւ 1-4-րդ դասարանները՝ համայնքապետարանում:

Շինությունը ուսումնական տարածքի եւ լաբորատոր ապահովվածության առումով Կառավարության սահմանած լիցենզավորման պահանջներից ոչ մեկին չի բավարարում չունի լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, արհեստանոց, մարզադահլիճ, բացoթյա սպորտդպրոց, նիստերի դահլիճ, նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասասենյակ  եւ այլն:

«Զինվորական կաբինետում զենքը պահպանելու համար հարկադրված միջանցքից 2 քմ սենյակ եմ առանձնացրել»,- ասում է 43 տարի դպրոցում զինպատրաստություն դասավանդող Հրաչիկ Ջանոյանը: Դպրոցի անհարմարավետության աստիճանը պատկերացնելու համար նա մատնացույց է անում ուսուցիչների կավճապատ հագուստները: «Գրատախտակի եւ սեղանների միջեւ տարածությունն այնքան փոքր է, որ առանց գրատախտակին քսվելու չես կարող շրջվել»,- ասում է նա:

1971-ից մինչեւ 1988թ. Սպիտակի երկրաշարժը Կաթնառատի դպրոցը գործել է նորակառույց տիպային շենքում: Ուսուցիչները կարոտով են խոսում նախկինում ունեցած բարեկարգ դպրոցի ու հարմարավետ պայմանների մասին՝ սպորտդահլիճ, կահավորված լաբորատորիաներ եւ այլն: «Հանրապետության լավագույն դպրոցներից մեկն էր, Կալինինոյի շրջանի հենակետային դպրոցն էր: Երկրաշարժից հետո շենքը մի փոքր վնասվել էր, կարող էին ամրացնել, բայց քանդեցին, որպեսզի Տաշիրը աղետի գոտի ճանաչվեր»,- պատմում է դպրոցի տնօրեն Հայկանուշ Ռեւազյանը, որն այդ տարիներին փոխտնօրեն է աշխատել:

«Այն ժամանակ այստեղ լատվիացիներն էին շինարարություն իրականացնում, շրջանի ղեկավարությունը որոշեց դպրոցը քանդել, որպեսզի նրանք նոր դպրոց կառուցեն: Ամուր շինություն էր, մեծ դժվարությամբ քանդեցին: Նոր դպրոցի հիմքը փորեցին, բայց դա համընկավ ԽՍՀՄ փլուզման հետ, աղետի գոտում աշխատող բոլոր օտարազգիները հեռացան Հայաստանից, ու այդպես էլ դպրոցը չկառուցվեց»,- պատմում է տնօրենը:

 

1989թ. վագոն-տնակներ են տրամադրել դպրոցին, որտեղ աշխատել են մինչեւ 1994 թ.. Ապա դրանք դարձել են անօգտագործելի: 1990-ականների սկզբին ամրացրել են նաեւ «Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի շենքը ու հատկացրել դպրոցին: «Այդ տարածքը բավարար չէր, այն ժամանակ 200 աշակերտ ունեինք, երկու հերթով էինք պարապում, նաեւ տնակներում էինք դասավանդում»,- վերհիշում է տնօրենը:  

Դպրոցի զբաղեցրած հիշյալ երկու շինությունները՝ «Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի գրասենյակը եւ համայնքապետարանը, այժմ համայնքային սեփականություն են, որոնք դպրոցին տրամադրել են անհատույց օգտագործման իրավունքով: Շինություններն օգտագործելու պայմանագիրը կնքված է եղել մինչեւ 2015-ը, քանի որ մինչ այդ, ըստ Կառավարության ծրագրերի, Կաթնառատում դպրոց պետք է կառուցվեր:

Կառավարությունը շինարարությունը պլանավորել է 2003-ին, սակայն որոշ ժամանակ անց այն հանվել է ծրագրից: 2005թ. կրկին նախատեսվել է երկհարկանի, 200 տեղանոց դպրոց կառուցել, ու դարձյալ ծրագրից հանվել է, որովհետեւ կառուցապատման համար 18 000 դոլար ներդրումը համայնքը չի կարողացել ապահովել:

««Տաշիր» բարեգործական հիմնադրամը հանձն էր առել ներդրում կատարել համայնքի փոխարեն, բայց ներդրումը տրամադրեց Տաշիրի հիվանդանոցին, եւ մենք այդպես էլ դուրս մնացինք ծրագրից»,- պատմում է Կաթնառատի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Հայկանուշ Ռեւազյանը: Սոցներդրումների հիմնադրամն այդ ժամանակ դպրոցին է հանձնում 100 կոմպլեկտ սեղան-նստարանը, որը գնվել էր նոր կառուցվելիք դպրոցը կահավորելու համար, ու հարցը դրանով փակվում է:

Կաթնառատի դպրոցի համար պետական բյուջեից վերջին հատկացումը կատարվել է 2009 թվականին՝ 150 մլն դրամ է նախատեսվել դպրոցը կառուցելու համար եւ դարձյալ չի իրականացվել (Կառավարության՝ 1-ը հոկտեմբերի N 1130-Ն որոշում):

Դպրոցի տնօրենը կրկին դիմել է Տաշիրի համայնքապետին՝ զբաղեցրած շինություններն անհատույց օգտագործելու պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար, քանի որ մոտ ապագայում նոր դպրոց ունենալու հեռանկար չկար:

«Այս շենքի մաշվածությունը մեծ է, սեյսմակայունությունն արդեն ապահովված չէ, հազիվ 1-2 տարի ձգենք այստեղ»,- ասում է Հրաչիկ Ջանոյանը:

Համայնքի վարչական ղեկավար Ռոբերտ Ղազարյանը գյուղի բազում անլուծելի հարցերից առաջնային դպրոցի կառուցումն է համարում եւ ցավով է նշում, որ Կառավարությունն այն անընդհատ մի եռամյա ծրագրից մյուսն է տեղափոխում եւ այդպես էլ ոչինչ չի ձեռնարկում: «Սանհանգույց չունենք, ջեռուցում չունենք այս շինություններում, դասասենյակներն էլեկտրական վառարաններով են տաքացնում, երբ շատ է ցրտում, դասաժամերն են կրճատում»,- հայտնեց պրն Ղազարյանը:

«Անգամ այս պայմաններում, ամեն տարի եթե 12 աշակերտ ավարտում է, նրանցից 6-7-ը բուհ է ընդունվում: Դա բավականին բարձր ցուցանիշ է, բայց լավ պայմաններում ավելի մեծ ցուցանիշ կարող էինք ունենալ: Ուսումնական պրոցես կազմակերպելու համար պայմանները մեծ նշանակություն ունեն»,- ավելացնում է դպրոցի տնօրեն Հ. Ռեւազյանը:

Նա 39 տարի մաթեմատիկա է դասավանդել այդ դպրոցում, եւ շուրջ 24 տարի՝ 1994-ից, տնօրենն է: Պատմեց, որ վերջերս «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Տաշիրի տարածաշրջանի շրջանավարտների հավաք էր կազմակերպել, որին մասնակցել է գերազանց սովորող 14 ուսանող, նրանցից 8-ը Կաթնառատի դպրոցի շրջանավարտներ են եղել: «Սա մեծ ցուցանիշ է մեզ համար, ես հպարտանում եմ»,- հուզմունքից խզված ձայնով ասաց տկն Ռեւազյանը: Ապա հավելեց, որ դպրոցի շրջանավարտները սովորում են Վանաձորի եւ Երեւանի բուհերում, եւ դասախոսները հաճախ են նրանց հարցնում՝ «Ի՞նչ դպրոց ունեն, որ այսպիսի շրջանավարտ են տալիս»:

«Ցանկացած աշխատանք արդյունք է տալիս, եթե հոգի ես դնում մեջը: Ուսուցիչների մեծամասնությունն այդպես է աշխատում»,- տնօրենի միտքը լրացնում է Հրաչիկ Ջանոյանը:

Ինչ խոսք, որ հեռավոր գյուղում 118 դպրոցական ունենալն արդեն իսկ մեծ ցուցանիշ է մեր օրերում, եւ այն պահպանել է պետք: Բայց այստեղ էլ է աշակերտների թիվը նվազում, վերջին 6-7 տարինեին 150 աշակերտից մնացել է 118-ը: Տնօրենի ասելով՝ աշակերտների հոսքի պատճառն այն է, որ ընտանիքներով արտագաղթում են Ռուսաստան: Իսկ մնացածը պայքարում են դպրոց ունենալու համար. ծնողները պարբերաբար գրություններ են ուղարկում իշխանություններին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարեն Կարապետյանին, բայց այդպես էլ խոստումը գործի չի վերածվում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter