«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի եւ «Հետք» թերթի
(ընդունվել է 2002թ. դեկտեմբերի 6-ին)
«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության առաքելությունը ճշմարտությունը բացահայտելն է եւ հասարակությանը տեղեկացնելը:
Խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, եւ այն պետք է պաշտպանել ամեն գնով:
Խոսքի ազատությունը ենթադրում է նաեւ պատասխանատվություն, որը մեզանից պահանջում է լինել արդար, օբյեկտիվ եւ ազնիվ:
«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության եւ «Հետք» թերթի լրագրողներս, ընդունելով այս կանոնները, պարտավորվում ենք ցանկացած պարագայում հարգել հետեւյալ սկզբունքները.
- Հրապարակել միայն հավաստի եւ ստուգված տեղեկատվություն:
- Սահմանազատել տեղեկատվությունը մեկնաբանությունից: Հրապարակումներում հստակ տարբերակել փաստերի շարադրանքն ու մեկնաբանությունը:
- Չխեղաթյուրել փաստերը: Հնարավորինս արագ ուղղել հրապարակած սխալները:
- Չհավաքել տեղեկություններ անօրինական եւ անազնիվ եղանակներով:
- Որեւէ մեկին անօրինական գործողության կամ անգործության մեջ մեղադրելուց առաջ լսել նրա կարծիքը եւ պատասխանի հնարավորություն ընձեռել:
- Պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը:
- Բոլոր հնարավոր դեպքերում նշել լրատվության աղբյուրը: Նկատի ունենալով, որ հետաքննական լրագրությունը չի կարող գոյություն ունենալ առանց գաղտնի աղբյուրների, եթե պայմանավորվածություն է եղել չբացահայտել լրատվության աղբյուրը, ապա խոստումը պետք է պահել:
- Հարգել հեղինակային իրավունքը:
- Պատվերով նյութեր չգրել:
- Չընդունել նվերներ, հրաժարվել անվճար ուղեւորություններից կամ այլ ծառայություններից, որոնք կասկածի տակ կարող են դնել մեր անկախությունն ու անկողմնապահությունը եւ վտանգել հասարակության վստահությունը ՙՀետք՚ թերթի նկատմամբ: Եթե հնարավոր չէ խուսափել նվերից, ապա ընդունելով այն` ուղարկել մանկատներ, ծերանոցներ կամ նման այլ հաստատություններ:
- Հարգել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը:
- Գրագողություն չանել:
- Չենթարկվել քաղաքական ու ֆինանսական ազդեցությունների ու ճնշումների:
- Չլինել որեւէ կուսակցության անդամ, քաղաքականության մեջ չներքաշվել, պետական պաշտոններ չզբաղեցնել:
- Խուսափել երկրորդ աշխատանքից, եթե դա կասկածի տակ է դնում լրագրողի անկախությունն ու օբյեկտիվությունը:
- Խուսափել պաշտոնյաների հետ խիստ մտերիմ կապեր ունենալուց: Մեր անձնական եւ մասնագիտական վարքագիծը չպետք է անվստահություն եւ կասկած ներշնչի մասնագիտության եւ թերթի նկատմամբ:
Մասնագիտական գործունեության ընթացքում վերոնշյալ սկզբունքներին պետք է հետեւի «Հետք» թերթի յուրաքանչյուր լրագրող: