HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով

18 տարին չլրացած Կարենը (անունը փոխված է) կանգնել է դատարանի առաջ: Ոստիկաններն անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են «Շոկո» անվամբ հայտնի 1.2 գրամ «MDMB-2201» տեսակի թմրամիջոց: Կարենին սպառնում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում, քանի որ հայտնաբերված թմրամիջոցը եղել է ապօրինի՝ առանց բժշկի նշանակման:

Կարենը սովորում է 11-րդ դասարանում: Ծնողները չեն իմացել, որ երեխան թմրանյութ է օգտագործում, սակայն կասկածներ ունեցել են, երբ նկատել են, որ աչքերը կարմրում են, ոչ սովորական վարքագիծ է դրսևորում:

«Չեմ պատկերացնում, թե մեր ընտանիքի հետ ինչ կկատարվի, եթե տղայիս ազատազրկման ձևով պատիժ նշանակեն: Դա կկործանի նոր-նոր կյանք մտնող երեխայիս, սակայն չեմ էլ ուզում անպատիժ մնա, որ իրեն դաս լինի, հետ կանգնի այդ ճանապարհից»,- ասում է Կարենի մայրը:

2023թ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության մեղադրանքներով 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան:

Նշենք, որ «MDMB-2201»-ն համարվում է սինթետիկ թմրանյութ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը պարբերաբար սոցիալական ցանցերում իրազեկում է, որ այս խմբի թմրամիջոցներն արագորեն կախվածության համախտանիշ են ձևավորում: Այս թմրանյութի մեկանգամյա գործածման հետևանքով առաջանում են զարգացող սուր հոգեմարմնական խնդիրներ՝ գիտակցության, մտածողության, ընկալման ֆունկցիաների, ծանր սոմատովեգետատիվ խանգարումներ, և հաճախ սուր թունավորումը («գերդոզավորում») ունենում է գիտակցության կորուստ՝ մահվան ելքով:

Սինթետիկ կաննաբինոիդների կանոնավոր կամ պարբերական գործածման արդյունքում կախվածության համախտանիշի արագ ձևավորմանը զուգահեռ, զարգանում են նաև քրոնիկական ընթացքով հոգեախտաբանական խանգարումներ՝ մտածողության, ընկալման, հիշողության, ինտելեկտի կայուն և հաճախ անդառնալի խնդիրներով:

Տարեցտարի ավելանում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդման ենթարկված անչափահասների թիվը: 2018-2023թթ. 36 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դատարանի առջև կանգնած անչափահասներն ավելի շատ եղել են Երևանից, Արարատի և Արմավիրի մարզերից:

2018-2023թթ. 15 անչափահաս ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝  թմրանյութ օգտագործելու համար: Նշված ժամանակահատվածում միայն 2020թ. վարչական պատասխանատվության ենթարկված անձ չկա, իսկ ամենաշատ պատասխանատվության ենթարկվել են 2023թ.-ին՝ 5 անչափահաս:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով (100-200 հազ. դրամ): Իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք (200-400 հազ. դրամ):

Ներքին գործերի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ անչափահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կանխարգելման թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու նպատակով պարբերաբար ոստիկանության աշխատակիցները լինում են դպրոցներում, քոլեջներում: Թմրանյութի վնասակար ազդեցության մասին խոսում են ոչ միայն աշակերտների, այլև ուսումնական հաստատության տնօրենի, մանկավարժների, ծնողների հետ:

Գլխավոր դատախազության գործունեության 2023թ․ տարեկան հաղորդման համաձայն՝ 2023թ․ ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 202 կիլոգրամ 60 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ նախորդ տարվա 119 կիլոգրամ 832 գրամի համեմատ։ Առգրավվել են նաև 376 գրամ հոգեմետ նյութեր՝ նախորդ տարվա 403 գրամի համեմատ:

Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 1771-ով կամ 171.8%-ով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի համեմատ։

Իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Բացահայտման առումով խիստ մտահոգիչ արդյունքներ են գրանցվել հատկապես Գեղարքունիքի մարզում։ 2022թ․ գրանցվել է բացահայտման 88.2%, 2023թ․-ին՝ 20.5%, իսկ 2021թ․ գրանցվել է բացահայտման 100% արդյունք։ Վայոց Ձորի մարզում 2022թ․-ին գրանցվել է բացահայտման 75% արդյունք, 2023թ․-ին՝ 22,2%, իսկ 2021թ․ գրանցվել է բացահայտման 100% արդյունք։ Տավուշի մարզում 2022թ․ գրանցվել է բացահայտման 100% արդյունք, իսկ 2023թ․-ին՝ 50%։

Ըստ Դատախազության՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, նշված հանցատեսակի տարածվածության, դեպքերի հայտնաբերելիության, բացահայտման վիճակագրության արձանագրված ցուցանիշները՝ կայուն աճի տեսանկյունից, պայմանավորված են ինչպես օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքերում դրանք իրացնելու փաստով քրեական վարույթներ նախաձեռնելու ձևավորված պրակտիկայի առկայությամբ, այնպես էլ սոցիալական կայքերի, համացանցային հեռահաղորդակցության համակարգերի օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտմանը խոչընդոտող մի շարք գործոններով:

«Սակայն հարկ է նշել նաև, որ նույնիսկ արձանագրված դեպքերի, նախաձեռնված վարույթների նման աճի պայմաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության գրանցված դեպքերի քանակը չի արտացոլում իրական պատկերը»,- նշված է Դատախազության հաղորդման մեջ:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter