HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Զբոսաշրջությունը Սևան համայնքին տնտեսական շահույթ կապահովի, եթե մշակութային ռազմավարության ծրագիրն իրագործվի

Եվրոպական միությունը (ԵՄ) մարզային քաղաքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն ու բնակչության կյանքի որակի բարձրացումը պատկերացնում է մշակութային կյանքն ակտիվացնելով։ ԵՄ-ի #EU4Culture նախագծում Հայաստանից ընդգրկված են երեք մարզային քաղաքներ՝ Իջևան, Սևան և Չարենցավան։ Երեք քաղաքներին 2021թ-ին 30 000 եվրո դրամաշնորհ էր տրամադրվել հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու համար։ 

ԵՄ-ն երեք ռազմավարություններից լավագույնի իրականացման համար 300 000 եվրո էր խոստացել, և այդ գումարը բաժին հասավ Իջևան համայնքին։ Սևան և Չարենցավան քաղաքներին ևս #EU4Culture նախագծի շրջանակում մեկ ամիս առաջ 30 000-ական եվրո դրամաշնորհ հատկացվեց՝ իրենց մշակութային զարգացման ռազմավարության մեջ տեղ գտած որոշ գաղափարներ  իրականացնելու համար։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանն ասում է, որ ԵՄ-ի ծրագրում ընդգրկված էր միայն Սևան քաղաքը։ Այժմ Սևանը միավորված բազմաբնակավայր համայնք է և իրենց համար կարևոր է ոչ միայն քաղաքի, այլև Սևանի բոլոր բնակավայրերի նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների բացահայտումն ու քարտեզագրումը։ #EU4Culture նախագծի շրջանակներում ստեղծված Սևանի մշակութային զարգացման ռազմավարությունը կյանքի կոչելու հնարավորություն դեռևս չկա։ Սակայն, փաստաթղթում հավաքված նյութը քարտեզագրելով՝ տուրիզմի համար տուր փաթեթներ կունենան։ 

Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի տնտեսական զարգացումը կապվում է զբոսաշրջային երթուղում ներգրավվելու հետ։ Կարծում են, որ քաղաքը Սևանա լճի հանգստի գոտու հետ զբոսաշրջության մաս չի դառնում միջպետական մայրուղու պատճառով, որը քաղաքը բաժանում է լճից։ Դեռևս 2017թ-ին «Հետք»-ը Սևան քաղաքում զբոսաշրջային ռեսուրսի փնտրտուք էր իրականացնում։ Առանձնացրել էինք քաղաքի համար բնութագրական, միաժամանակ քաղաքի պատմությունն ու կենցաղը ներկայացնող մշակութային ժառանգությունը, որը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին։ 

Զուգահեռ, Զբոսաշրջութան կոմիտեի պատասխանատուների հետ քննարկում էինք Սևան քաղաքը զբոսաշրջային երթուղում նեգրավելու հնարավորությունները։ Կոմիտեում համոզված էին, որ մայրուղին խոչընդոտ չէ, ռեսուրսների առկայության դեպքում զբոսաշրջիկը կշրջանցի մայրուղին։ 

Սևանի համայնքապետարանի ընդունած մշակութային զարգացման ռազմավարության մեջ Սևանա լճի այցելուների ժամանցը կազմակերպելու բավականին շատ և հետաքրքիր առաջարկներ կան։ Տեղական իշխանությունները համոզված են, որ քարտեզագրումից հետո զբոսաշրջության համար ամենագրավիչ ուղղություններից համարվող Սևանա լճի այցելուների համար դիտարժան վայրերը միայն թերակղզու վրա գտնվող 9-րդ դարի ճարտարապետական նշանավոր կառույցներ Սևանավանքն ու Հայրավանքը չեն լինելու։ 

Համայնքապետարանն, այնուամենայնիվ, փորձում է քաղաքը լճին կապող լուծում գտնել։ Խորհրդային Միության շրջանում հիմնված, մայրուղու եզրով ձգվող շուրջ 17 հեկտար հանրային այգին վերակառուցելու աշխատանքներ են նախաձեռնել։ 2016թ-ին քաղաքամերձ այգին լճին միացնող վերգետնյա անցում է կառուցվել։ 

Անկախության շրջանում ավերված ու թալանված այգին, որին սևանցի երիտասարդները «Երազանքի այգի» անունն են տվել, վերջին տարիներին վերակառուցվում է դրամաշնորհային փոքր ծրագրերով։ Այգում փառատոնային բեմ են կառուցել, «Ապագա» բառի տեսքով փոքրիկ անտառ են հիմնել, կանաչապատման, բարեկարգման, ենթակառուցվածքներ ստեղծելու և այն ժամանցային դարձնելու աշխատանքներ են իրականացվում։ Այս տարի սուբվենցիոն ծրագրով ընդլայնելու են այգու տարածքն ու ցանկապատելու են։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ասում է, որ այգին բնակիչների սիրելի տարածքն է, իսկ արվեստագետների համար՝ ստեղծագործելու սիրված վայր։  

Սևանի համայնքապետարանը մշակութային զարգացման ռազմավարությունը մշակել է 2021թ-ի դեկտեմբերից՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Սևան» երիտասարդական ակումբ», մշակութային «Նոր Արվեստի Փուլ» հասարակական կազմակերպությունների հետ միասին։ 

Ռազմավարության մեջ ներառել են զբոսաշրջության համար գրավչություն ու հետաքրքրություն ներկայացնող Սևան համայնքի գրեթե ողջ ռեսուրսը՝ Նորաշենի արգելոցը (հայկական որոր թռչնատեսակի բնակատեղին), Սևանի բուսաբանական այգին, «Սևան» ազգային պարկի» այցելուների կենտրոնը՝ տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի ցուցասրահով։ Հետաքրքիր ճարտարապետական կառույց, 1949 թվականից շահագործվող Սևան ՀԷԿ-ը, որը ԽՍՀՄ առաջին ստորգետնյա հիդրոէլեկտրակայանն է և այլն։ 

Համայնքի վարչական տարածքում է գտնվում բրոնզեդարյա ժամանակաշրջանի Լճաշենի դամբարանադաշտ հնագիտական հուշարձանը՝ արժեքավոր 6 միջնաբերդ ունեցող Կիկլոպյան ամրոցով, համաշխարհային նշանակության բրոնզեդարյա դամբարանադաշտերով ու վիշապաքարերով, Ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունով, միջնադարյան քրիստոնեական բազմաթիվ հուշարձաններով։

Առաջարկում են Լճաշենը դարձնել հնագիտական թանգարան բաց երկնքի տակ։ Այդ նպատակով 2021թ-ին համագործակցության քառակողմ հուշագիր է ստորագրվել Սևանի մշակութային ռազմավարությունը մշակող «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հ/կ–ի, Սևանի համայնքապետարանի,  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի միջև։ Լճաշենում հրավիրել է «Լճաշենի ֆենոմենը» թեմայով եռօրյա գիտաժողով: 

Ծրագրել են Լճաշենի հուշարձանի մասով հայեցակարգի մշակումը հանձնարարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանին՝ որպես հուշարձանի թանգարանացման և առևտրայնացման հաջողված փորձ ունեցող և գիտական ազդեցիկ կառույցի։ 

Նախատեսել են ստեղծել ինտերակտիվ թատերական ներկայացում, որը հնարավորություն կտա այցելուներին մտնել դերի մեջ և փորձել հնագույն Էթիունյան և ուրարտական մշակույթները, կենցաղը, ռազմական գործը, խոհանոցը։ Այն նախատեսվում է իրականացնել Լճաշենի դամբարանադաշտի կողքին գտնվող, 500 հանդիսատեսի համար կառուցված ստադիոնում։ Ներկայացումն ունենալու է 60 մասնակից, որից միայն 5-10-ը կլինեն դերասաններ, մյուս դերակատարները կլինեն հյուրերն ու այցելուները։ Սցենարը կներկայացնի պատմական այն պահը, երբ Ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինը հայտնվել է նախաուրարտական Էթիունի թագավորության մայրաքաղաք Լճաշենում (Իշտիկունի), ինչի մասին բնակավայրի կենտրոնում թողել է սեպագիր արձանագրություն։ 

Այն հնարավորություն կտա միաժամանակ ցուցադրել 2 մշակույթ՝ ուրարտական և էթիունյան, համապատասխան մարտակառքերով, 3500 տարեկան լճաշենյան քառանիվ սայլով, զենք ու զրահով, հանդերձանքով, կենցաղի առարկաներով։ Ներկայացմանը զուգահեռ, այդ օրերին Լճաշենում կիրականացվեն տարբեր էքսկուրսիաներ, վարպետաց դասեր, գիտաժողովներ։

Ռազմավարական ծրագրով նախատեսվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ Լճաշեն հնավայրում թանգարանի վերածել առնվազն մեկ դամբարան, որը կցուցադրի արքայական թաղման ծեսը։ Այն նախադեպ կդառնա հետագայում մյուս դամբարանները թանգարան դարձնելու համար։ Կիկլոպյան ամրոցների 3D մոդելավորում և վերականգնում կիրականացվի AR տեխնոլոգիաների միջոցով, կմշակվի Լճաշենի երկրագիտական թանգարանի հայեցակարգը, կկազմակերպվեն ցուցադրություններ։ 

Այս նպատակով դեռևս 2021թ նոյեմբերին պայմանագիր է ստորագրվել Հայաստանի պատմության թանգարանի հետ, որտեղ պահվում են Լճաշեն հնավայրից պեղված գտածոների 70%-ից ավելին։ Պատմության թանգարանը կմշակի ցուցադրության հայեցակարգ, կկահավորվի 400 մ2 թանգարանային տարածքը և կիրականացվի ցուցադրություն։  

Սևան համայնքի բնակավայրերը կարող են վերածվել տնտեսական շահույթ ապահովող ակտիվ զբոսաշրջային գոտու, երբ ֆինանսական ներդրումներ արվեն այս ամենը իրագործելու համար։ Մինչ այդ, քարտեզագրված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները կներկայացվեն զբոսաշրջային ոլորտի կազմակեպություններին՝ տուր փաթեթներում ընդգկելու նպատակով։

 

Գլխավոր լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի

Լուսանկարը՝ ArmenianArt-ի ֆեյսբուքյան էջից, քառանիվ սայլ, մ.թ.ա. 15-14-րդ դարեր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter