HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Նորայրի գրած սիմֆոնիան դեռ չի կատարվել

Նորայրը դհոլ նվագում էր փոքրուց՝ դեռ մինչեւ դպրոց գնալը: Հետո երաժշտական դպրոցում ակորդեոն նվագել սովորեց: Այժմ նա նվագում է հիմնականում ստեղնաշարային գործիքներ՝ սինթեզատոր, դաշնամուր: Առաջ լավ էր ստացվում նաեւ շվի ու կիթառ նվագելը, բայց երկար ժամանակ այդ երկու գործիքը չի նվագել ու պետք է պարապի, որ նորից կարողանա նվագել:

Կույր լինելը չի խանգարում, որ Նորայր Աղասյանը պրոֆեսիոնալ երաժիշտ լինի ու ստեղծագործի: «Ինչ-որ խանգարող լուրջ բան չկա, փառք Աստծու, որ չկա»,- ասում է նա: Նորայրն ավարտել է Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: Նա 32 տարեկան է, Գորիսում է ծնվել, 14 տարի է՝ Երեւանում է ապրում, ամուսնացած է, 2 երեխա ունի:

Նորայրը ամենատարբեր գործիքների համար ստեղծագործություններ է գրում 13-14 տարեկանից: Կոնսերվատորիայում նա կվարտետ է գրել լարային գործիքների համար, կվինտետ՝ փողային գործիքների համար: «Ես այդ ժամանակ չեմ էլ մտածում, որ պիտի ստեղծագործեմ, ուղղակի նստում եմ, ինչ-որ մի բան եմ նվագում ինձ համար: Եթե թեման լավ է ստացվում, ձայնագրում եմ սինթեզատորի մեջ: Մեկ-երկու օր հետո լսում եմ արդեն ավելի թարմ, ու եթե զգում եմ՝ նորմալ բան է, շարունակում եմ»,- ասում է երաժիշտը: Հաճախ նա քննադատաբար է վերաբերվում իր սկսած ստեղծագործությանը ու չի շարունակում այն:

Պետական քննությանը Նորայրը ներկայացրել է 2 մասից կազմված իր սիմֆոնիան՝ 63 հոգանոց մեծ նվագախմբի համար, որը գրել է 2 տարի: Սիմֆոնիան գերազանց գնահատականի է արժանացել: «Սիմֆոնիան սինթեզատորով հավաքել եմ, քննությանը այդպես եմ ներկայացրել: Դեռ մինչեւ հիմա չի կատարվել»,- ասում է Նորայրը: Այս ստեղծագործությունը կատարելը մեծ ծախսերի հետ է կապված. 63 երաժիշտ գոնե մեկ ամիս պետք է պարապի այն:

Սիմֆոնիան դրականի ու բացասականի, պատերազմի ու խաղաղության կոնֆլիկտի մասին է: Հակադիր երեւույթները կարծես փոխներթափանցում են, կռիվ է լինում: «Հիմնական միտքը դա է, բայց շատ ժամանակ Ղարաբաղի կռիվն ես պատկերացնում: Ընդհանրապես, միջին մասերում շատ են խառնվում, ասենք, բարին ու չարը, նույնիսկ այդ բարուց համարյա հետք չի մնում: Բայց ինչպես խրոխտ սկսվում է, այնպես էլ հաղթական ավարտվում է: Խիտ հնչողությունը կամաց-կամաց վերանում է ստեղծագործության մեջ: Ավելի պարզ հարմոնիաները, ավելի վառ երանգները վերջում շատանում են, ու այդպես է ավարտվում»,- ասում է Նորայրը:

Նրա ստեղծագործությունները հիմնականում դասական, սիմֆոնիկ հնչողությամբ են ստացվում: Վերջին ժամանակներս սկսել է նաեւ էստրադային երգեր գրել ու գործիքավորել: «Լինում է՝ ուրիշի երգեր էլ եմ գործիքավորում: Ով ինչ ոճ ուզում է, ես գործիքավորումը անում եմ, ու ստացվում էր, որ ես ամեն ոճի մեջ աշխատում եմ»,- ասում է Նորայր Աղասյանը: Ի տարբերություն երաժշտության՝ երգերի բառեր գրել նրան չի հաջողվում:

Նորայրը դժգոհ է այսօր հեռուստատեսությամբ քարոզվող երաժշտությունից: Նրա խոսքերով՝ այժմ հայկական էստրադայում հնչում են շատ երգեր, որոնց կեսը գրել է ոչ թե մարդը, այլ համակարգիչը. կարող ես մի քանի նոտա մուտքագրել համակարգիչ, ոճ ընտրել, ենթադրենք՝ հիփ-հոփ, ու համակարգիչը կտա այդ մեղեդու մոտավոր գործիքավորումը: «Կոմպոզիտորին» մնում է միայն մի քիչ «գեղեցկացնել, էֆեկտներ ավելացնել» պատրաստի մեղեդուն:

«Ինչքան հեշտանում է կոմպյուտերային ծրագրերով երաժշտություն ստեղծելը, այնքան որակը վատանում է, ու ստացվում է, որ ամեն մարդ օրը մի հատ երգ է գրում: Չիմացողը լսում է, ասում է՝ երգ եմ լսում, բայց ինքը չգիտի, որ դրանք պատրաստի կտորներ են: Նույնն է, որ նկարիչը, փոխանակ վերցնի վրձինը ու նկարի, կոմպյուտերից մի հատ աստղ վերցնի դնի, մի հատ արջուկ, մի հատ բնության նկար ու ասի՝ ես եմ նկարել: Հիմա երաժշտությունը այդ վիճակում է»,- ասում է Նորայրը:

Նա նաեւ «Ֆորտե» գիտամշակութային հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահն է: ՀԿ-ն ստեղծվել է 2009 թ. սեպտեմբերին: Նորայրը ՀԿ-ն անվանել է «Ֆորտե», քանի որ այդ բառը նշանակում է «ուժեղ», «ուժեղագույն»: ՀԿ-ն 20 անդամ ունի, բոլորն էլ երիտասարդներ են: Կազմակերպությունը ստեղծվել է ընդհանրապես խնդիր ունեցող մարդկանց համար, բայց ստացվել է այնպես, որ անդամների մոտ 90%-ը տեսողության խնդիր ունի:

«Ֆորտեն» 2 սենյակ է զբաղեցնում, մեկը ստուդիան է, մյուսը՝ գրասենյակային տարածք՝ անգլերենի ու համակարգչի դասեր անցկացնելու համար, քանի որ այդ գիտելիքները կարեւոր են աշխատանքի ընդունվելիս: Նորայրն ինքն է կամավոր ՀԿ-ի անդամներին համակարգիչ սովորեցրել:

Ապրիլից սկսվել է ստուդիայի ծրագիրը՝ 3 տարի ժամկետով: Ստուդիայի նպատակն է խնդիր ունեցող մարդկանց հնարավորություն տալ ձայնագրվել, ի վերջո «Ֆորտե» ՀԿ-ի CD ունենալ, որը կհնչի ռադիոկայաններով ու ճանաչում կբերի ՀԿ-ի անդամներին: «Առաջնայինը երաժշտությունն է մեր կազմակերպության մեջ: Ես երաժիշտ եմ ու շեշտը դնում եմ ստուդիայի ու երաժշտության վրա»,- ասում է Նորայրը:

Ստուդիայի ծրագրի իրականացմանն օգնել է «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի տնօրեն Ալեք Ենիգոմշույանը: Նա է դիմել «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամին, որն էլ ֆինանսավորում է ստուդիայի ծրագիրը: «Եթե պրն Ալեքը մեզ հետ առնչություն չունենար, դժվար թե այս ամեն ինչը լիներ»,- ասում է Նորայրը:

«Ֆորտեի» անդամների մոտ կեսը պրոֆեսիոնալ երաժիշտ է՝ բարձրագույն երաժշտական կրթություն ունի կամ առնվազն երգում է ինչ-որ խմբում: Նրանցից ոմանք ստեղծագործում են, ինչպես Աստղիկն ու Մարատը:

Դեկտեմբերի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ֆորտեի» առաջին համարգը: Նորայրը համերգին նվագեց իր գրած ստեղծագործություններից չորսը: Թեեւ սա ՀԿ-ի առաջին համերգն էր, բայց կազմակերպության անդամներից շատերը նախկինում համերգներ ունեցել են:

Օրինակ՝ Սաշան, ով «Նարեկացիում» դասական երգ կատարեց, հաճախ է համերգներ ունենում: Նորայրը համերգներ ունենում է 16 տարեկանից: Նա համերգներ է տվել Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Երեւանում, Գորիսում, Կապանում, Ստեփանակերտում, ինչպես նաեւ Բեյրութում:

«Ֆորտեի» նախագահը գոհ է ՀԿ-ի առաջին համերգին հանդիսատեսի ընդունելությունից: «Բոլորի համար կարեւոր էր, որ այդ ոգեւորությունը լիներ: Հանդիսատեսն էլ, ինձ թվում է, դժգոհ չէր»,- ասում է նա: Նորայրը ծրագրում է, որ «Ֆորտեն» այս տարի շատ համերգներ ունենա, ու կարեւորում, որ ՀԿ-ի անդամները հանդես գան իրենց իսկ գրած գործերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter