HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր հանքերևակման տարածքում ոսկի որոնողները կրկին ակտիվացել են

«Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն  կրկին փորձաքննության հայտ է ներկայացրել Մարցիգետի հանքային դաշտի «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի» ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական աշխատանքները շարունակելու, պաշարները գնահատելու և դրական արդյունքի դեպքում հետագա շահագործման համար:   

Հիշեցնենք, որ ընկերությունը նշված հանքերևակման համար երկրաբանական աշխատանքների փորձաքննության հայտ է ներկայացրել նաև 2014-ին: 

«Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի տերերին նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք: Ընկերության սեփականատերերը հավասարապես երեք անձինք էին՝ Արմեն Գևորգյանը, Երվանդ Հովհաննիսյանը և Ռուզաննա Բեգլարյանը: Այս եռյակից Երվանդ Հովհաննիսյանի կապերը տանում էին դեպի ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք՝ Այվազյանի բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Երվանդ Հովհաննիսյանը ղեկավարում էր ԲՆ աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժինը և ներգրավված էր Վարդան Այվազյանի ոսկու հանքավայրերի նախագծերում: Ավելի ճիշտ է ասել՝ ներկայացնում էր Այվազյանի շահերը: Հիշեցնենք՝ Երվանդ Հովհաննիսյանի կնոջ անվամբ էր ձևակերպած Լոռու մարզի Ֆիալետովոյի հանքավայրի նախագիծը ներկայացնող ընկերության բաժնետոմսերի մի մասը: Մյուս բաժնետեր Ռուզաննա Բեգլարյանը ՀՀ նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինն է: 

Այժմ, սակայն, բաժնետերերի փոփոխություն է եղել: Մեր հրապարակումից հետո Ռուզաննա Բելգարյանը դուրս է եկել բաժնետերերի ցանկից, ավելի ուշ` նաեւ Երվանդ Հովհաննիսյանը: Ընկերության ամբողջ բաժնեմասի տերն այժմ Արմեն Գևորգյանն է: Նրա անունը հայտնի դարձավ նաև որպես մարզահամերգային համալիրը գնած «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊ ընկերության բաժնետեր:  

Նույն անձը, համաձայն պետռեգիստրի տվյալների, առնչություն ունի նաև «Մետպրոգրես» ՍՊԸ-ին, որը, ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների, զբաղվում է հանքանյութի արդյունահանմամբ: Այս ընկերությանը դեռևս 2014 թվականին Եղեգնաձոր համայնքի ղեկավարը 200 հազար դրամ տուգանքի չափով վարչական պատասխանատվության է ենթարկել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար: Նա բաժենտեր է նաև այս տարվա հոկտեմբերին գրանցված «Գոլդ պրոգրես» ՍՊԸ-ում:

Արմեն Զավենի Գևորգյանն առնչություն ունի նաև «Բիզնես պրոգրես» ՍՊԸ-ի հետ, որը սեփական կամ վարձակալված անշարժ գույք է հանձնում վարձակալության և զբաղվում այլ գործառնություններով:   

Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակումը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի ենթաշրջանում: Երևակման կենտրոնը գտնվում է Մարց գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա, իսկ Լորուտ գյուղից` մոտ 2,5 կմ: Երկրաբանակառուցվածքային առումով երևակումը ներառված է Մարցիգետի հանքային դաշտի սահմաններում:

Ընկերությունը նախկինում նախատեսում էր 830 հա տարածքի վրա ուսումնասիրություն կատարել: Այժմ «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ն հրաժարվում է տրամադրած տարածքի կեսից՝ հավակնություններ ներկայացնելով միայն 411 հա-ի նկատմամբ:

Մարց համայքի վարչական տարածքում ընդգրկված է հայցվող տարածքի մոտ 42 տոկոսը կամ 170 հա, իսկ Լորուտ համայքի վարչական տարածքում ընդգրկված է հայցվող տարածքի մոտ 58 տոկոսը կամ 241 հա:

Հղում կատարելով նախկինում արված ուսումնասիրություններին՝ հայտ ներկայացնողները նշել են, թե տեղամասում կան մետաղների հետևայալ պարունակությունները՝ ոսկի՝ 3,8 գրամ/տոննա, արծաթ՝ 11,79 գ/տ, պղինձ՝ 0,66 գ/տ, կապար՝ 1,2 գ/տ, ցինկ՝ 1,35 գ/տ:

Ընկերության հայտի քննարկումը Լորուտ գյուղում տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 12-ին՝ Լորուտի վարչական պատասխանատուի նստավայրում: Սակայն, նախագծում նշվում է, որ երևակման տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը ներկայացվել է մոտակա համայնքների բնակիչներին, քննարկվել է հնարավոր աշխատատեղերի ստեղծման հարցը: Մեր այցելությունը նշված համայնքներ այլ իրականություն բացահայտեց:

«Հետքը» դեկտեմբերի 16-ին այցելել է Լորուտ և Մարց գյուղեր՝ պարզելու «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի կողմից «Մարց- Պռվաշեն-Բուդաղիձորի» հանքերևակման երկրաբանական աշխատանքների նոր փորձաքննության հայտի քննարկմանը բնակչության տեղեկացվածությունն ու կարծիքը: Լորուտի վարչական պատասխանատու Գնել Սարգսյանը մեզ բացատրեց, որ «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչները Լորուտ չեն եկել:

«Ես իրենց ներկայացուցիչներին հանդիպել եմ համայնքապետարանում: Դեկտեմբերի 20-ին պետք է գան: Ես իրենց ասացի` ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, ես գյուղի ժողովրդի կողքին եմ, կհավաքվենք, ժողովուրդը Ձեր հարցի պատասխանը կտա: Դուք էլ ժողովրդի հարցերի պատասխանները կտաք: Հիմա սպասում ենք ամսի 20-ին: Ես ասել եմ` ժողովուրդ, դուք որոշեք, ինչպես կուզեք, այդպես էլ պետք է լինի»,-հայտնեց վարչական պատասխանատուն:

«Ինձ Լորուտում Պալոյանց Կամո են ասում: Ես հանքերևակման հայտի քննարկմանը տեղյակ չեմ»,- ասաց Լորուտի «Ճալեր» հանդամասում մեզ հանդիպած Կամո Կարապետյանը:  Կամոն 30 կով, ոչխարներ, խոզ և մեղուներ է պահում: Նա կարծում է, որ  հանքի հարցը պետք է ժողովրդի հետ լուծվի, եթե հանքը պետք է իր ընտանիքին, իր գյուղին վնաս տա,  էդ հանքը Լորուտին պետք չի:

«Եթե մեզ թունավորելու են, էդ ո՞վ կուզենա: Մեր Լորուտ գյուղը հիմնականում ապրում ա անասնապահությամբ: Մենք  ծիրանի, խաղողի այգիներ ու ցորենի դաշտեր չունենք: Էն ո՞ր անխելքը կհամաձայնի, որ դու գաս իմ անասունը կտրես, քեզ համար հանք բացես՝ միլիարդներ աշխատես: Բա իմ երեխեն ի՞նչ ուտի»,- ասաց Կամոն:  

Հանքի անվտանգությունը երաշխավորելու դեպքում Կամո Կարապետյանը դեմ չի լինի շահագործմանը: Նա բացատրում է, որ հանքի տարածքը նաև Լորուտ գեղատեղ ա կոչվում: Իր Սրաբիլ մորական պապն էլ Պռվաշեն սարում անասուն է պահել, սարատեղ է ունեցել:

«Հմի Պռվաշենի սարում մենակ քեռոնքս են մնացել»,- ասաց Կամոն:

Գնել Սարգսյանին հայտնեցինք, որ ֆերմեր Կամո Կարապետյանը տեղյակ չէ դեկտեմբերի 20-ին կայանալիք քննարկման մասին: «Պալոյանց Կամոն «Ճալումն» է լինում, էս պարագայում ես ժողովրդին ասել եմ գեղամիջումը: Ինձ թվում է` պարտական չեմ հատուկ Պալոյանց Կամոյին տեղեկացնել»,-պատասխանեց Գ. Սարգսյանը:

«Պալոյանց Կամոն հանքարդյունաբերության վտանգներին էլ չէր տեղյակ»,-հուշեցի:

«Դե բնական է: Ուրեմն իրենք պետք է գան,  ժողովուրդը պտի գա, նստենք հարց ու պատասխանի: Ժողովուրդը նոր ամսի 20-ին պտի տեղեկանա, որը որից հետո ա: Ամսի 20-ին իրենք պետք է հա-ն ասեն»,- բացատրեց Գնելը:

Վերջինս, այնուամենայնիվ, գիտեր, թե ինչ են ուզում լորուտցիներից «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ի տերերը:

«Ես իրենց հետ խոսեցի: Իրենց ասածն էն է, որ էստեղ ոչ գործարան են դնում, ոչ բան, բնությանն էլ չեն կպչում ընդհանրապես: Հումքը ընդերքից պետք է հանեն, մեքենայով տեղափոխեն»,- ասաց նա: Եթե դա իրականությանը համապատասխանի, եթե իրենք ընդամենը ընդերքից հումքը հանեն, բնությանն էլ չկպչեն, Գ. Սարգսյանի խոսքով, մնացածը ժողովրդի որոշելու գործն է:

Այսուհանդերձ, վարչական պատասխանատուն կարծում է, որ եթե «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ն որոշ աշխատատեղեր բացի, «ժողովրդի մեջ արդեն շարժ կլինի»: Մեր հարցերից պարզվեց, որ Գ. Սարգսյանը եւս «Մարց-Պռվաշեն- Բուդաղիձոր» հանքերևակման երկրաբանական հետախուզման փորձաքննության հայտից տեղյակ չէ:

«Բնությանը չեն վնասում»,- մի քանի անգամ կրկնեց նա:

«Ընդերքը չեն բացելո՞ւ, նախնական որքա՞ն տարածք են հետախուզելու»,-հարցրինք նրան:

«Այ, ես դրա համար եմ ասում, էլի, ամսի 20-ին իրենք որ գան, էդ լրիվ հարցերի պատասխանները կստանանք»,- պատասխանեց Գ. Սարգսյանը:

«Եթե լորուտցիք ասեն` հանքը մեզ ձեռք չի տալիս, հանքը բացելո՞ւ են, թե՞ չէ: Հմի, որ մեր հանքը բացեն, ի՞նչ տի լինի, տեղում չի մշակվելու: Էստեղ ինչ կհանեն, խելոք կտանեն Ալավերդի»,- ասաց բնակիչ Արթուր Ասատրյանը:

Ազգային Ակադեմիայի Էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձոր» հանքի հանքաքարը տեղում չմշակելու և ավտոմեքենաներով հանքից տեղափոխելու մասին Լորուտում շրջանառվող լուրերի առնչությամբ պարզաբանեց. «Այդ հանքաքարը ոսկի ստանալու համար չեն կարող տեղափոխել Ալավերդու պղնձաձուլական գործարան, քանի որ այնտեղ կատարվում է միայն պղնձի հալոցք: Ալավերդու գործարանում մի ժամանակ պղնձից ստանում էին ոսկի՝ էլեկտրոլիզի արտադրամասի միջոցով: Հիմա էլեկտրոլիզի արտադրամասը չկա: Բազմամետաղային մշակում Ալավերդու պղնձաձուլական գործարանը չունի: Արմանիսի ֆաբրիկան էլ չի աշխատում, բացի այդ` Արմանիսի գործարանը արդեն պատկանում է ռուս հանքարդյունաբերողի: Հանքարդյունաբերողները սիրում են խաբել ժողովրդին»,-բացատրեց Ա. Սաղաթելյանը:

Լորուտը անասնապահական գյուղ է, 2500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: Գյուղն անտառի փեշին է: «Իսկ եթե պահանջեք Լորուտում նոր պանրագործարան կամ փայտամշակման կոմբինատ կառուցեն, ո՞նց կլինի»,- հարցրինք:

«Էդ ո՞վ տի կառուցի: Հանքը ուզում ա բացեն, ուզում ա չբացեն, ինձ համար մեկ ա: Ես քննարկմանն էլ չեմ գնալու: Ես՝ իմ տնտեսությունը: Հանքից ոչ օգուտ ունեմ, ոչ վնաս: Երկու տարի հետո կգաք, կտեսնենք էս գյուղում էլ երիտասարդություն չկա, ու մնալ տեն 90 տարեկանները»,-պատասխանեց Արթուր Ասատրյանը:

Լորուտի անբարեկարգ փողոցներից մեկում, իր գոմի կողքի նստարանին նստած էր նիհար ու մտահոգ  տարեց մի տղամարդ` Ալավերդի Նասիբյանը (Ալոն):  

«Ես երկար տարիներ  պանրագործ եմ եղել մեր Աթանի, Շամուտի, Ահնիձորի սարերումը: Կյանքումս էդ գործն եմ արել,- պատմեց Ալոն:- Հանքի մասին դե ես բան չգիտեմ: Էն գիտեմ` էնդի ռազվեդկա է եղել: Էնդով ասեին ոսկի են գտնում, եսիմ: Էդ մեր Իքատակի վերի կռանը, Պռվաշենի հանդերումը, գետնի կտրած տեղեր կա: Հորեր են փորել: Է՜, գետնի տակերն են փորել: Դե էլի եմ ասում, էնդով ես երեխա եմ եղել: Ես չգիտեմ` հանքի օգուտն ու վնասը: Ինձանից խելացի, ինձանից իմաստուն մարդիկ էլ կլինեն»,- ասաց Ալոն: Ալոյի կինը՝ 68-ամյա Լեյլին, քաղցկեղ ունի: Նա դեմ է հանքի բացմանը. «Ասա պանրագործարան բացեն: Հանքն ի՞նչ ա: Իհարկե, մեր գյուղին ավելի ձեռք կտա պանրագործարան բացելը: Աշխատատեղ ենք ուզում, էն էլ ոնց ենք ուզում»,-ասաց Լեյլին: «Հումքը վեր տեն ունիլ տանին»,- ավելացրեց Ալոն:  

«Ես անձամբ չեմ լսել «Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի» հանքերևակման հետախուզական աշխատանքները վերսկսելու մասին, բայց դե որ ասում եք, ուրեմն Դուք տեղեկություն կունենաք: Մեր գեղացիք ճշտի կողմն են: Համաձայն չեն հանքի երկրաբանական աշխատանքներին և բացմանը»,- հայտնեց մարցեցի Արամայիս Արզումանյանը:

Մարցի վարչական ներկայացուցիչ Ռոբերտ Գալստյանը հակառակը պնդեց. «Մարցում ոչ մի անգամ «Մարց-Պռվաշեն- Բուդաղիձորի» հանքերևակման փորձաքննության հայտի քննարկում չի եղել և այժմ էլ նախատեսված չէ: Բայց ասեմ, դեռ երկու տարի առաջ մեր գյուղում մարդ չի եղել, որ դեմ լինի հանքի բացմանը: Մի անգան 2014թ. Լոռու մարզպետարանում է հանքերևակման երկրաբանական աշխատանքների քննարկումը եղել, ես այդ ժամանակ եմ քննարկմանը մասնակցել: Հիմա ես դրանից հեչ գաղափար չունեմ»:

Մարց-Պռվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանի բուսականությունը բացառապես անտառային է:

Պապաքարի լեռնաշղթայի լեռնալանջերը ծածկված են լայնատերև հաճարենու և կաղնու-բոխու անտառներով, ազատ տարածքները զբաղեցրած են մարգագետիններով, որտեղ տիրապետում է տարախոտային և հացազգային բուսականությունը: Կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ:

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Վա՜յ անաստված ստախոսներ, վա՜յ միամիտ լոռեցիներ: Էկոլուրում մասնագետները գրել են, որ մոտ 3 միլիոն տոննա հանք է հանվելու: Դա մոտ 50 հազար վագոն է անում, էտ քանակը ոնց էլ տեղափոխվելու, ուր է լցվելու? Էտ ախալքալաքցի տականքը իր հարազատ ծննդավայրն է սովի մատնել ու զրկել, լիճը խլելով գյուղացիներից (Տաբածղուր գյուղը): Հիմա եկել է խաբելով Լոռին ավերի: Մալականները դրանց խռիկ տվին, իրենց գյուղից դուս քշեցին: Բա լոռեցիք արդեն մեռել են, կամ առաջվա մութ «համբոն» են, որ գան երեխու նման խաբեն? Էտ գյուղերը թուրք ու պարսիկը չեն կարացել մտնեն, հիմա էտ կեղտերը պիտի քանդեն? Կանգնեք մեր ու մանուկ, քշեք երկիր քանդողներին, դրանք թուրքից հազար անգամ բեթար են: Դուք որ չկանգնեք, ուրիշները ձեզ չեն կարա օգնի:
Բնապահպան
Այ մարդ ինչ ստեր են, ինչ հիմարություններ են, ես երկիրը վարի ա գնում, ինչ տեղափոխելու մասին է խոսքը, ինչ վնաս չտալու, դուք պատկերացնում էք թե ինչի՞ մասին է խոսքը, վեր կացեք Ձեր գյուղերին տեր եղեք, էսպես չի լինի, ես երկիրը կործանման էք տանում, էս երկիրը քանդում էք, այ ագահ տականքներ վերջը մեկը ձեր սանձերը քաշելու՞ է թե չէ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter