HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավո (Հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը)

Քսան տարի առաջ` 1993թ. հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան 

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը 

Նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանը կդառնար 50 տարեկան: Այս շաբաթվանից կներկայացնենք հատվածներ նրա եղբոր՝ Մարգար Մելքոնյանի եւ կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի «Ավո» գրքից:

Երբ 1993 թ. հունիսի 12-ի առավոտյան լսափողը վերցրի եւ լսեցի քրոջս ձայնը, հասկացա, որ նրա զանգը վերաբերում է մեր եղբորը` Մոնթեին: Նա մեզնից 8000 մղոն հեռավորության վրա էր, նախկին Խորհրդային Միության մի ռազմադաշտում, եւ մենք փորձում էինք նրան մի տուփ «ուոքի-թոքիներ» ուղարկել:

-«Ուոքի-թոքիները» հավանաբար պետք չեն գա,- ասաց Մայլեն սեղմված կոկորդով: Ապա նա հայտնեց, որ իմ միակ եղբայրն այդ օրը տեղի ունեցած մի փոխհրաձգության ժամանակ զոհվել էր հեռավոր Արցախի լեռների ստորոտին:

Նման տարօրինակ ճակատագիր` կարճ անդրավարտիքով այդ տղայի համար... կրտսեր եղբորս` տասնութ ամսով ինձնից փոքր, որի հետ ամառային երկար օրեր էինք անցկացրել` լողալով մեր ծննդավայր Սան Ուաքին Վելլիի (San Joaquin Valley) ոռոգման ջրանցքներում: Բայց առաջին անգամ չէր, որ ինձ լուր էր հասնում նրա մահվան մասին: Տասնհինգ տարվա ընթացքում լսել էի, որ նրան դիպուկահար է սպանել, որ նա հրանոթային արկի պայթյունի զոհ է դարձել, ռազմական սավառնակների թռիչքից առաջացած օդային հասանքները նրան թաղել են քարաբեկորների տակ, եւ նրան գնդակահարել են օդանավակայանի ոստիկանները: Այնուամենայնիվ, այս անգամ գիտեի, որ վատ լուրը ստույգ է: Ես Մայլեին տվեցի միտքս եկած առաջին երկու հարցը. որքա՞ն է տեւել նրա մահանալը: Եվ` նրան մեջքի՞ց են սպանել: Քույրս այդ հարցերի պատասխանը չուներ:

Երկու օր անց կանգնած էի Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցներում` Մայլեի, մորս, հորս եւ եղբորս լավ ընկերոջ հետ. նա Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքից էր, որտեղ մենք ապրում էինք: Մինչ քայլում էինք դեպի կառավարական հուղարկավորության վայրը, թաղմանը եկած մարդիկ սկսեցին ինձ մի կողմ քաշել ու հայտնել իրենց կասկածները. «Քո եղբորը սպանել են դարանակալներ,- ասաց մեկը.- նրան սպասում էին»: Մեկ ուրիշը պնդում էր, թե մարդասպանն իր արարքի համար վարձատրվել է, իսկ մեկն էլ` որ այդտեղ անպայման թուրքերի մատը խառն է: Հետո ներկաներից մեկը շշնջաց, որ իմ եղբայրը թակարդն էր ընկել, իսկ այդ թակարդը լարել էին ոչ թե թշնամու զինվորները, այլ իրեն մոտ մարդիկ:

Դավաճանության մասին նման խոսակցությունն անհիմն չթվաց: Տարիների ընթացքում Մոնթեն հակառակվել էր բազմաթիվ մարդկանց կամքին. ոչ միայն թուրքական, իսրայելյան, ամերիկյան հետախուզական գործակալությունների, այլեւ ծայրահեղ ազգայնական հայրենակիցների, ինքնակոչ «Գաղտնի բանակի» նախկին խմբավորումների, տեղական գանգստերների ու զորագլուխների, եւ էլ ո՞վ գիտե, թե ում: Նա թերեւս տասնյակ մահացու թակարդներից էր փրկվել: Մոնթեի մահվան «պաշտոնական» վարկածը սին միայն խորացրեց իմ կասկածները. եղբայրս` հարյուրավոր մարտերի փորձառու վետերանը, ինչպես ասում էին, սպանվել էր մի լքված գյուղում` գնալով թշնամու տանկի ուղղությամբ ու հակառակորդին իր մարդկանց տեղը դնելով:

Իմ կասկածների համար պարարտ հող էր նաեւ այն, որ Հայաստանում անհասկանալի հանգամանքներում սպանվել էին մի քանի ռազմական ու քաղաքական գործիչներ: Անկախ նրանից` այդ մարդիկ դարձել էին իշխանության համար պայքարի թե «ընտանեկան բիզնեսի» վարձած հրազենի զոհեր, պարզ էր մի բան. նրանց սպանողներն ականապատ դաշտերի մյուս կողմում գտնվող թշնամիները չէին: Բայց եթե Մոնթեին դավաճանել էին, ապա հարց էր ծագում. բազմաթիվ թեկնածուներից ո՞վ կարող էր դա արած լինել:

Աչքերիս առջեւ նորից սկսեցին ուրվագծվել այն պատկերները, որոնք ես տարիներ շարունակ աշխատել էի ինձնից հեռու վանել: Ահա Մոնթեն` «Սարո» մականունով, Իրանական Քրդստանում նայում է ավազապարկերի արանքից: Ապա` դարձյալ Մոնթեն` «Աբու Սինդի» մականունով, Բեյրութում, Յասիր Արաֆաթի հետ կողք-կողքի, կոտորակառումբերի տարափի տակ: Հետո` Մոնթեն որպես կալանավոր թիվ 752783, միայնակ` Փարիզից դուրս գտնվող մութ բանտախցում: Այնուհետեւ նորից հայտնվում է Մոնթեն, այս անգամ` «Տիմոթի Շոն Մաք Քորմիք» մականունով. նա գազով ըմպելիքների շշեր է հավաքում փողոցում, Սլոբոդան Միլոշեվիչին` խելահեղ ուղի բռնած Հարավսլավիայի նոր ղեկավարին զորակից հանրահավաքից հետո: Վերջապես` հրամանատար Ավոն` Արցախի հեռավոր լեռներում, զրահի ծռմռված բեկորներով ծածկված մարտադաշտում, հեռադիտակով նայելիս:

Թաղման առավոտյան, 1993 թ. հունիսի 19-ին, դիահերձարանի աստիճանների վրա մեզ հանդիպեց արկի պայթյունից ցնցակաթված ստացած մի զինվոր: Նա գիշերն այնտեղ էր անցկացրել` ինքն իրեն պահակ նշանակելով ու քարե աստիճանների վրա ջղաձգորեն ննջելով: Նա ողբում էր ու շարունակ հայհոյում: Մենք բարձրացանք աստիճաններով ու մտանք սառնություն շնչող կամարի տակ: Մոնթեի մարմինը` նոր, քողարկաներկված զինվորական համազգեստով, դրված էր անմշակ տախտակներից պատրաստված մի ոչ խոր դագաղի մեջ, մետաղյա դարակի վրա:

Դիահերձող կինը նրա գլուխը, հոնքերից վեր, փաթաթել էր վիրակապով` ծածկելու համար աջ քունքի խոր վերքը. այդտեղ էր մեկ շաբաթ առաջ թափանցել արկի բեկորը` փշրելով գանգը: Մեկն ասաց, որ գլուխն այդպես փաթաթելուց հետո որպես հարվածի միակ նշան մնացել է դիմացի վերին կոտրված ատամը: Բայց ես գիտեի, որ դա վերքի հետ կապ չուներ. քսան տարի առաջ, Կալիֆոռնիայի Սիերրա Նեվադա լեռներում, այն լճակի մոտ, ուր Մոնթեն սիրում էր լողալ, մի ժայռի վրա նա սայթաքել-ընկել էր ու ատամը կոտրել:

Նույն առավոտյան, ավելի ուշ, Մոնթեի ութ զինակից ընկերներ ինքնաձիգներն ուսերից հանեցին` դագաղը տանելու համար: Մենք նրանց հետեւեցինք դեպի «Սպայի տուն»` Երեւանի կենտրոնում: Չորս ժամ շարունակ, մինչ դահլիճում միապաղաղ հնչում էր դուդուկը, հուղարկավորությանը եկած հազարավոր մարդիկ, շատերը` ցնցոտիավոր, խմբերով անցնում էին դագաղի մոտով: Մաշված բաճկոններով գործազուրկ բանվորներ, սովահար գյուղացիներ, ռազմահագուստով զինվորականներ` բոլորը եկել էին իրենց հարգանքի վերջին տուրքը մատուցելու երեսունհինգամյա զորահրամանատարին, որին նրանք գիտեին որպես Ավո:

Եկել էին նաեւ Հայաստանի նախագահն ու նրա նախարարները, երկրի խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հյուրեր` Իրանից, Լիբանանից, Սիրիայից ու Ֆրանսիայից: Դահլիճ մտնելուց առաջ ռուս սպաներն իրենց գլուխներից զինվորական գլխարկները հանեցին: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Հարրի Գիլմորը եկավ այն ժամանակ, երբ զոհվածի հարազատներին տարել էին մի սենյակում թեյ խմելու: Նա գնացել էր` նախքան մենք նորից դահլիճ կմտնեինք:

Համաձայն Los Angeles Times-ի` այդ կեսօրին դագաղի հետեւից փողոցներով գնացող մարդկանց թիվը եղել էր մոտ 100000: Տեղացի լրագրողները չափազանցեցին` մասնակիցների թվաքանակը հասցնելով քառորդ միլիոնի. բայց ո՞վ կարող էր հաշվել, թե Հանրապետության հրապարակում որքան մարդիկ էին ամբոխվել` այդ առիթով նորոգված ու լվացված փողոցներով դագաղը տանող զրահամեքենային հետեւելու համար: Ո՞վ կարող էր հաշվել բոլոր նրանց, ովքեր շարվել էին դեպի բլրի վրա գտնվող գերեզմանոցը տանող վեց կիլոմետրանոց ճանապարհի եզրերին. այն բլրի, որն ասես կետագծված է Խորհրդային Միության փլատակների վրա պայթած ամենադաժան պատերազմի զոհերի գերեզմանաքարերով: Իսկ քանի՞ հազար հոգի էին նրանք, ովքեր ժամեր շարունակ արեւի տակ կանգնեցին գերեզմանի շուրջը, որի վրա մարդկային կրծքի բարձրությամբ մեխակներ ու կարմիր վարդեր էին դիզվել:

Լրատվական ծառայությունների լուսանկարներն ամերիկացիների աչքին հավանաբար ներկայացան սոսկ որպես կովկասյան հերթական` անարտասանելի անունը կրող աշխարհագրական վայրի բազմամարդ տեսարաններից մեկը: Բաց գերեզմանի եզրին կանգնած քահանան թրի նման ճոճում էր իր սրածայր կնգուղը, մինչ սեւազգեստ ծեր կանայք ողբում էին, իսկ հազիվ խոսել սկսած փոքր երեխաները գլուխները կախել էին: Չսափրված հայրերը, որոնք արդեն սգացել էին իրենց սպանված որդիների համար, սգացին կրկին: Ես պարպեցի Մոնթեի ինքնաձիգի մեջ մնացած քսանմեկ փամփուշտները` կրակելով օդ եւ գիտակցելով, թե եղբայրս որքան դեմ կլիներ նման վատնողական, աննպատակ ու վտանգավոր ցույցին: Խնկի ծուխը գալարաձեւ բարձրանում էր երկինք...

Մոնթեն Հայաստանում շատ քիչ էր խոսել իր կյանքի մասին: Ուստի զարմանալի չէր, որ նրա շուրջը բազմաթիվ ասեկոսեներ կային. թե նա կռվել է Թեհրանի ու Բեյրութի փողոցներում, Քրդստանի ու Աֆղանստանի լեռներում, խոսակցություններ` սրճարաններում ռումբերի, Հունաստանում ու Իտալիայում սպանության դավերի եւ Ֆրանսիայում բանտարկյալների խռովության մասին:

Կար նաեւ մութ խոսակցություն` Աթենքում ավտոմեքենայի հետեւի նստարանին սպանված մի դեռահաս աղջկա մասին: Սակայն թվում էր, թե ոչ ոք չի կարող ասեկոսեները վերածել մի կապակցված պատմության: Պատահել էր, որ երբ մի համառ լրագրող փորձել էր խորհրդավոր հրամանատարի մասին իմանալ ճշմարտությունը, Մոնթեն շուռ էր եկել ու հեռացել` ասելով. «Իմ մասին շատ բան չունիմ ըսելու, օքե՞յ: Ով որ կճանչնա` կճանչնա... Կարեւորն այն է, որ Արցախի խնդիրը հասկնանք... եւ բան մը ընենք...»:

Կյանքի վերջին տարիներին, երբ զինվորական պարտականություններն ամբողջովին կլանել էին նրան, նա իրեն նկարագրելը թողել էր ուրիշներին: Նորաթուխ Ադրբեջանի Հանրապետության խոսնակներից մեկը Վաշինգտոնում Մոնթեին ներկայացրել էր որպես «հանցավոր անցյալ ունեցող ահաբեկիչ»: Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի աշխատակիցները նրան համարել էին ազգային անվտանգության համար սպառնալիք, իսկ FBI-ի մի գործակալ, որի խոսքերը հրապարակել էր Los Angeles Times-ը, Մոնթեին նկարագրել էր իբրեւ պարզապես մարդկանց սպանել սիրող մի վարձկանի: Հարավային Կովկասի լեռնաբնակները նրան սուրբ էին հայտարարել` կոչելով «մեր սուրբ տղա», իսկ New York Times-ի լրագրողը հիշատակել էր մի հայի, որը նրան անվանել էր «մեր երբեւէ ունեցած լավագույն աստվածը»:

Հուղարկավորությանը եկած քիչ մարդկանց էր, սակայն, հայտնի, որ «Ավո» մականունով հրամանատարը ժամանակին եղել էր հնագիտության բաժնի` բազում լեզուների տիրապետող ուսանող, որը հրաժարվել էր Օքսֆորդի համալսարանում իր կրթությունը շարունակելուց` հանուն հեղափոխական Իրանում եւ պատերազմից բզկտված Լիբանանում իր հայրենակիցների պաշտպանության համար կռվելու: Է՛լ ավելի քչերը գիտեին (եւ դա նրանց հավանաբար չէր հետաքրքրի), որ իրենց հերոսը նաեւ, «փոքր քաղաքների» Կալիֆոռնիայում, եղել էր խոստումնալից բեյսբոլիստ (Little League-ի «փիթչեր»), որի նետած գնդակները թռչում էին աներեւակայելի արագությամբ:

Վերջին անգամ ես եղբորս ողջ տեսել էի 1991-ի ամռանը, երբ եկել էի Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն` հրաբխային ժայռի մեջ փորված մի հին մատուռում նրա ու նրա հարսնացուի գլխավերեւում խաչ պահելու: Հարսանիքից մի քանի օր հետո Խորհրդային Հայաստանը Խորհրդային Միության հետ անհետացավ քարտեզներից: Այդ այցելության ժամանակ 1981 թվականից հետո եղբորս առաջին անգամ էի տեսնում. տասը տարի շարունակ մեր կապի միակ ձեւը եղել էին թղթատարների ու բանտային գրաքննիչների միջոցով փոխանցվող նամակները:

Բացառություն էր 1989-ին Ջեորջիա նահանգի Աթենք քաղաքի մի հանրային հեռախոսից Հարավային Եմենում գտնվող` «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» (PLO) գրասենյակ տված զանգը: Ես հեռախոսի մեջ գցել էի հարյուր ութ հատ քառորդ դոլլարանոց եւ այնտեղ կանգնեցի քսան րոպե` մինչ ուշացումով տեղ հասնող մեր բառերը մի օվկիանոսի կամ մայրցամաքի ինչ-որ կետում բախվում էին իրար: Հակառակ աղմուկին` զվարթ ձայնն այնուամենայնիվ հնչեց սովորականի պես, ասես դա լսել էի նաեւ նախորդ օրը. «Հե՛յ, ի՞նչ կա»,- ծոր տվեց Մոնթեն` կարճ անդրավարտիքով նույն տղան:

Իրականում Մոնթեն փոխվում էր` վերածվելով տարբեր անձնավորությունների. տարբեր անձնագրերով եւ բնակության տարբեր վայրերում: Չգիտեմ, թե ինչպես` նա հրամանատար էր դարձել չորս հազար մարտիկների, որոնք մաս էին կազմում «նախկին Խորհրդային Միությունում կռվող` պատերազմից ամենից շատ դաժանացած ու ամենամոլեռանդ դրդապատճառներով առաջնորդվող ուժի», ինչպես որ Լեռնային Ղարաբաղի բանակը որակել էր անհամակիր մի լրագրող:

Եվ այդուհանդերձ, նրա մահվանից մոտ երեք ամիս առաջ, մի ճակատամարտի նախօրյակին, PBS-ի համար Մոնթեի հետ հարցազրույց վարած լրագրողը նրան նկարագրել էր իբրեւ «բարեկիրթ կալիֆոռնիացի»: Հակառակ բոլոր փոփոխություններին ու եղբորս ինձնից բաժանող օվկիանոսներին, հակառակ լռության տարիներին եւ մեր տարբեր հետաքրքրություններին ու խառնվածքներին` ես հույս ունեի, որ լրագրողը ճիշտ էր ասել:

Այն օրը, գերեզմանի մոտ կանգնած, փորձում էի հիշել, թե ի՞նչն էր խանգարել ինձ` իր միակ եղբորը, Մոնթեին այցելել նրա ամենահուսահատ տարիների ընթացքում: Կամ ի՞նչն էր խանգարել` գոնե նրան ժամանակ առ ժամանակ մի երկու հարյուր դոլլար ուղարկել, որոնք, իհարկե, նա չէր ակնկալում: Այո՛, ես զբաղված էի եղել. միշտ ստիպված եմ դրամ վաստակել: Եվ, այո՛, Մոնթեի շուրջը տարածված հակաթուրքական աղմուկը, այլեւ ազերիների ու հայերի գործած փոխադարձ գազանությունների մասին լուրերն իմ մեջ խեղդել էին վերջին հավատն այն ժողովրդի հանդեպ, որին Մոնթեն երդվել էր իր ողջ կյանքում պաշտպանել: Բայց երբ կանգնած էի նրա բաց գերեզմանի եզրին, նման արդարացումներից լավագույնն անգամ ինձ ամոթալի թվաց:

Նույն հարցն ինձ ավելի ու ավելի էր տանջում. ինչպե՞ս էի կարողացել եղբորս կյանքի վերջին տասը տարիների ընթացքում ինքս ինձ համոզել, որ, շատ զբաղված լինելով, չեմ կարող հետաքրքրվել, թե նա ով է դարձել: Հուղարկավորության օրվանից ի վեր հանդիպել եմ տղամարդկանց, նաեւ մի քանի կանանց, որոնք իրենց համարում են եղբորս հրամանատարությամբ կռված զինվորներ: Ուրիշներն իրենց փողոցները, դպրոցները կամ երեխաներին կոչել են նրա անունով, կամ այն դաջել են իրենց ձեռքերին ու թեւերին: Թվում էր, թե Երեւանի չափահաս բնակիչների մոտ կեսը Մոնթեի հետ այս կամ այն կերպ առնչություն է ունեցել:

Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ մի ռուս գեներալ ասաց, առանց որեւէ հիմքի, թե առաջին անգամ Մոնթեին հանդիպել էր, երբ նա Աֆղանստանում էր որպես Խորհրդային Միության դեմ կռվող մարդասպան: Մեկ ոտքը կորցրած մի կին պնդում էր, թե Մոնթեն փրկել է իր կյանքն ականապատ դաշտում: Մի գյուղացու զավակ հիշում էր նրա «զարմանալի պարզությունը»: Եվ այս ամենով հանդերձ` շատ բան մութ ու անորոշ էր մնում: Մոնթեին շրջապատում էին հակասական պատմություններ, եւ այն տպավորությունն էր ստեղծվել, թե ամեն մի պնդում ունի նույնքան համոզիչ թվացող հակառակ պնդում:

Որտե՞ղ էր ճշմարտությունը. արդյոք նա զո՞ւսպ մարդ էր, թե՞ օղի չարաշահող: Կոմունի՞ստ էր մինչեւ մահվան օրը, թե՞ վերածնված ազգայնամոլ: Գերիների պաշտպա՞ն էր, թե՞ կոկորդ կտրող: Պարտաճանաչ որդի եւ եղբա՞յր էր, թե՞ իր ընտանիքին օտարացած մեկը: Քանի որ տարիների ընթացքում ասեկոսեները բազմապատկվել են, առասպելները վստահելի տվյալներից զատելու անհրաժեշտությունն ինձ համար ավելի ակնհայտ է դարձել: Որոշ ժամանակ եղբորս ուղին նաեւ իմ ուղին էր: Ես միացել էի նրան Բեյրութում, ավազապարկերի հետեւում, եւ հարավային Լիբանանում զենք էի վերցրել: Երկար չմնացի. թերեւս` մեկ տարի, ընդհատումներով:

Բայց դա էլ բավական էր, որ գրավեմ FBI-ի եւ Միացյալ Նահանգների ոստիկանական բաժանմունքների ուշադրությունը: Տարիներ շարունակ լսվող հեռախոսային խոսակցություններից, բացվող նամակներից ու FBI-ի խաբեություններից հետո ես որոշ չափով գաղտնապահ եմ դարձել եւ իմ ու եղբորս կյանքի մանրամասները հրապարակելու հարցում` դժկամ: Այնուամենայնիվ, հանուն սույն պատմության, ստիպված եմ հաղթահարել գաղտնապահությունը, որ իմ երկրորդ էությունն է:

Բայց ինչպե՞ս պետք է պատմեի Մոնթեի պատմությունը, եթե նրա կյանքի վերջին տասը տարիների ընթացքում, չհաշված 1991 թ. կարճատեւ այցելությունը, բացակա էի եղել: Այս խնդրի լուծումը հնարավոր դարձավ շնորհիվ Մոնթեի այրու` Սեդայի: Իմ բացակայության տարիների մեծ մասը Մոնթեն կիսել էր Սեդայի հետ, նրան էր հաղորդակից դարձրել իր մտքերին եւ մասնակից` իր վտանգավոր ճամփորդությանը: Այսպես ես սկսեցի բացահայտել եղբորս պատմությունը:

Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով: Նա իր տարիների կեսն անցկացրել էր փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում ու բանտերում, հեռավոր խրամատներում: Նրա ճամփորդությանը մասնակցել էին բազմաթիվ մարդիկ` լավ ու վատ, բայց նա շատ վայրեր լքել էր շտապ ու անսպասելի: Ուստի միայն տարիներ անց, ուսումնասիրությունների, հարցուփորձի ու հայտնագործությունների շնորհիվ, ես եւ Սեդան կարողացանք հետեւ ել այն քայլերին, որոնք ի վերջո նրան հասցրին ժայռոտ բարձունքի գագաթը, որտեղ նա թաղվեց ամառային այդ շոգ օրը:

Սույն գիրքն, այսպիսով, արդյունքն է իմ վեց տարվա որոնումների, երբ փորձում էի գտնել եղբորս հուղարկավորության օրը ծագած հարցի պատասխանը. ինչպե՞ս էր նա մահացել, ո՞վ էր նրան սպանել, թշնամի՞, թե՞ «բարեկամ»: Իսկ իմ ուսումնասիրության մյուս` է՛լ ավելի առաջնահերթ նպատակն էր` պարզել, թե ի՛նչ մարդ էր դարձել իմ փոքր եղբայր Մոնթեն:

շարունակությունը

Մեկնաբանություններ (1)

Արսեն
Ծննուդտ շնորհավոր Մոնթե մեր ազգի եզակաի արժանի հերոսներից: Մեզ այժմ շատ են պակասում Մոնթեներ. Մոնթե հասարակ քաղաքցիներ, նախարարներ, ոստիկաններ և նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter