HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ոստիկանության նախկին գնդապետը կհարցաքննվի. արդյոք Ղալումյանին մեղադրանք կառաջադրվի՞

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 28-ին շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքի խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը: Լուսինե Գյուլխասյանը այդ շենքի գնորդներից մեկն է, ով վճարելով 37 մլն 200 հազար դրամ (122 հազար ԱՄՆ դոլար)՝ բնակարան չի ստացել:

Դատարանում այդ օրը հարցաքննվում էր այս գործում կարեւոր դերակատարում ունեցողներից մեկը` Վլադիսլավ Մանգասարյանը: Հենց նա էր հրահանգել Լ. Գյուլխասյանի բնակարանը ձևակերպել իր եղբոր անունով, այնուհետև վաճառել այլ անձի:

Հիշեցնենք, որ Վլ. Մանգասարյանին սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը մեղադրում էր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ:

Վլ. Մանգասարյանին 2013 թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն (178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացում (190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և կանխամտածված սնանկություն (193-րդ հոդված)։ Դատարանի` 2013 թ. մարտի 17-ի որոշմամբ Վլ. Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մարտի 28-ի դատական նիստի ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանը մի քանի անգամ ստիպված էր տալ իր գործընկերոջ` Ղեւոնդ Ղալումյանի անունը: Վերջինիս անունը նշելուց Վլ. Մանգասրայանը ընդգծված զգուշավորություն էր ցույցաբերում: Ակնհայտ էր, որ նա չի ցանկանում, որ Ղալումյանը հենց իր ցուցմունքների հիման վրա ներգրավվի այս գործում: Բայց այդ մարտավարությունը կարծես չաշխատեց, քանի որ թե մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի, թե տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի մոտ Ղեւոնդ Ղալումյանին հարցեր ուղղելու անհրաժեշտություն առաջացան:

Դատարանը որոշեց ապրիլի 11-ի նիստին Ղալումյանին հրավիրել հարցաքննության: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ սփյուքահայ Էդմոնդ Խուդյանն իրեն, գնորդներին ու ընկերությունը թալանողների մեջ նշում է նաև «Արին կապտալ» ՍՊԸ-ի 17.6% բաժնտեր Ղեւոնդ Ղալումյանի անունը: Հիմա ներկայացնենք, թե, ի վերջո, ով է Ղեւոնդ Ղալումյանը, ում քննչական մարմինը, կարծես թե, վախենում է մեղադրանք առաջադրել:

Ղեւոնդ Ղալումյանը ոստիկանության նախկին աշխատակից է, պաշտոնաթող գնդապետ: Նա աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում(առավել հատնի է իբրեւ 6-րդ վարչություն): Ղեւոնդ Ղալումյանը Երեւանի կաբելի գործարանի հիմնական բաժնետերն է, բաժնետոմսերի 80%-ը պատկանում է նրան, ունի նաեւ շինարարական կազմակերպություններ, քաղաքի կենտրոնում կառուցում է էլիտար շենքեր: Նա ժամանակին նաեւ բենզինի բիզնեսում էր ներգրավված. «Ագրո-Պետրոլ Սերվիս» ՍՊԸ- բաժնետերերից մեկն էր: Ղալումյանն այսօր էլ Երեւանի կենտրոնում` Թումանյան փողոցում, ունի տարածք եւ նախատեսում է շինարարություն սկսել: Քանի որ տարածքի հարեւանությամբ տարբեր պաշտոնյաններ ունեն բնակարաններ, նա դեռես չի կարողացել վերջիններիս հետ համաձայնության գալ:

2004 թ. Վլ. Մանգասարյանը Տերյան 4ա հասցեում կառուցել է բազմաբնակարան շենք, որի տարածքի հետ կապված ուշագրավ պատմություն կա: Տարածքը դեռեւս 90-ականներին ձեռք է բերել Ղեւոնդ Ղալումյանը: Շենքը որոշել են կառուցել երեք մասնակիցներով` Արսեն Ղազարյան, Ղեւոնդ Ղալումյան եւ Վլադիսլավ Մանգասարյան: Սակայն Ղ. Ղալումյանը, որ այդ ընթացքում աշխատում էր ոստիկանության 6-րդ վարչությունում, խնդիրներ ուներ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ: Արդյունքում Ղալումյանը Հայաստանից հեռացավ:

Վլ. Մանգասարյանը, ապագա բնակիչներից գումարները հավաքելով, Արսեն Ղազարյանի հետ շենքը կառուցեց, իսկ խաբված գնորդների ոդիսականն արդեն 10-ամյա պատմություն ունի:

Երբ Վանո Սիրադեղյանը Հայաստանը լքեց, երեք տարի անց Հայաստան վերադարձավ Ղեւոնդ Ղալումյանը եւ Վլ. Մանգասարյանից պահանջեց իր մասնաբաժինը, որը, ըստ նախնական պայմանավորվածության, կազմում էր 1 միլիոն դոլար: Եւ Վլ. Մանգասարյանը ստիպված նրան իր գործերում փայատեր դարձրեց:

Իսկ ինչպես է Ղեւոնդ Ղալումյանը դարձել «Արին կապիտալ» ՍՊԸ-ի բաժնետեր: Սփյուռքահայ Էդմոնդ Խուդյանը պատմում է, թե ինչպես է ծանոթացել Ղեւոնդ Ղալումյանի հետ. «2006-ին Վլադիսլավ Մանգասարյանին արդեն հեռացնում էի ինձ նորից խաբելու համար: Նա, վտանգը զգալով, առաջ է բերում Ղևոնդին` ինձ վախեցնելու համար: Ղևոնդը ներկայանում է որպես Վլադի վաղեմի գործընկեր, որ ինքը միշտ Վլադի կողքին կանգնած է եղել, ու ամեն տեղ հարցերը լուծվել են, նրանք ոչ մի դատ չունեն տարված և որ ամբողջ իրավական համակարգը իրենց ձեռքում է: Նա սկսեց ինձնից հաշիվներ պահանջել, պատճառաբանելով, որ Վլադն իրեն 1 միլիոն պարտք է, ու ես նույնպես պատասխանատու եմ այդ գումարի համար:

Մենք մտնում ենք շատ կոշտ լեզվակռվի մեջ, որտեղ Ղևոնդը հայտարարում է, որ ոչինչ չեմ ստանա իմ շենքից: Ես էլ նրանց ասում եմ՝ ինչ կարող եք, արեք, ու Վլադի դեմ հայցը ներկայացնում եմ դատարան: Վլադը խախտել էր մեր պայմանագրերի բոլոր կետերը և դատարանի դռան առաջ մեղա է գալիս, խնդրում համաձայնության գալ, որը, ի վերջո, տեղի է ունենում: Վլադն ինձ հայտնում է, որ Ղևոնդի ի հայտ գալը ստիպողական է եղել, Ղևոնդն է ցանկացել այդ հանդիպումը և Ղևոնդին ներկայացնում է որպես անազնիվ մարդ:

Ղևոնդը նորից է հայտնվում 2006-ի վերջերին եւ 2007-ի սկզբներին, բայց այս անգամ շատ նորմալ, հարգալից: Նա անգամ ինձ ԱՄՆ էր զանգում օգնելու առաջարկություններով, խնդիրները քննարկելով և ավելի հավատ ներշնչելով որպես նորմալ գործարար: Նրա առաջարկությունները տրամաբանական էին և լիովին հնարավոր: Մենք համամիտ էինք, որ Վլադը շենքը չի ավարտի, և նա ինքը դա կանի, այսինքն` ընկերություն հիմնել, բանկից վարկ վերցնել, իմ մայր գումարը վերադարձնել, գնորդների հաշվապահական գրանցումները կատարել, շինարարությունն ու քաղաքապետարանի հարցերը լուծել, հարկային հարցերը կարգավորել:

Վլադը համաձայնվում է իր օգուտից 1 միլիոնը տալ Ղևոնդին, երբ շենքը ավարտված կլինի, այսինքն` գնորդները ստացած կլինեն իրենց բնակարանները, շինարարությունն ավարտված կլինի, քաղաքապետարանում հարցերը լուծված կլինեն, և նախատեսված 1 միլիոն 250 հազարի հարկեր մուծված կլինեն, և ես իմ գումարները ստացած կլինեմ: Ղևոնդը հանձն է առնում ընկերության բնականոն գործընթացը, և ես համաձայնվում եմ Վլադի գումարից Ղևոնդին հանձնել բաժնեմաս՝ ավարտից հետո նրան 1 միլիոն (դոլար) տալու պայմանով»:

«Արին կապիտալ» ՍՊԸ-ում ունեցած 100% բաժնեմասի 21.3%-ը Վլադիսլավ Մանգասարյանի ցուցումով Էդմոնդ Խուդյանը փոխանցում է Հայկազ Սարգսյանին, իսկ 17.6%-ը` Ղեւոնդ Ղալումյանին: Վերջինս հանձն է առնում առկա 10,5 հարկանի շենքի շինարարությունը հասցնել ավարտին, պատշաճ կատարել հարկային եւ պետական այլ մարմինների հանդեպ ունեցած պարտավորությունները եւ ապահովել ընկերության բնականոն գործունեությունը: 2007թ. հոկտեմբերի 1-ին կնքվում է եռակողմ պայմանագիր, որտեղ կետ առ կետ ամրագրվում են եռակողմ համագործակցության նախապայմանները:

«Մինչ 2008 թ. հոկտեմբեր Ղալումյանը վստահություն էր ներշնչում: Հետագայում պարզվեց, որ դեռևս 2007-ի հոկտեմբեր-նոյեմբերից ընկերության տնօրեն Էդուարդ Եսայան-Ղևոնդ Ղալումյան-Վլադիսլավ Մանգասարյան եռյակն իմ դեմ գաղտնի գործողություններ են սկսել, նախնական պայմանագրերով տարածքների վաճառքի գումարներն են գրպանել եւ ընկերությանը կանխամտածված սնանկության տանելու ծրագիր են սկսել»,- պատմում է Է.Խուդյանը:

2009-2010 թթ. Վլ. Մանգասարյանը եւ Ղ. Ղալումյանը ընկերության տնօրեն Է. Եսայանի միջոցով վաճառել են Մաշտոցի 33ա եւ 33/1 տարածքները, այդ թվում` Է. Խուդյանի բնակարանը եւ հասարակական տարածքը: Ոչ Խուդյանի հետ պայմանագիր կնքած անձանց տարածքներն են տվել, ոչ էլ Խուդյանի ներդրումների գումարները:

2010 թ. հոկտեմբերին, երբ աուդիտ էր կատարվում, Ղեւնդ Ղալումյանը ներկայացրել է թվեր, ըստ որոնց՝ պատկերն այսպիսին է.

Ղեւոնդ Ղալումյանը տարբեր առիթներով 2007 հոկտեմբեր-2009 օգոստոս ժամանակահատվածում իր անձնական միջոցներից «Արին կապիտալ» ՍՊԸ-ի կարիքների համար ծախսել է 248 հազար 955 դոլար: Միևնույն ժամանակ Ղալումյանն իր կողմից իրականացված բնակարանների վաճառքից ստացել է 1 մլն 124 հազար 540 դոլար, որից ընկերության հաշվին մուտքագրվել է միայն 430 հազարը: Եթե բնակարանների վաճառքից ստացած գումարներից հանենք 248 հազար 955 դոլարի ծախսը եւ ընկերության հաշվին մուտքագրված 430 հազար դոլարը, ապա Ղեւոնդ Ղալումյանն այս գործարքների արդյունքում «շահել է» 445 հազար 585 դոլար:

Սակայն սա Ղալումյանի «շահույթի» մի մասն է: Նրա՝ ընկերությունից փող աշխատելու մյուս եղանակը կեղծ փոխառությունների դիմաց ընկերությունից գումար ստանալն է, ինչը ճակատագրական է եղել բնակարան ձեռք բերելու համար վճարած, նույնիսկ բնակարանը վերանորոգած ու փաստացի տիրապետող, սակայն այսօր բնակարան չստացած գնորդների համար:

2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը` 1 մլն դոլարին համարժեք 333 մլն 275 հազար 870 ՀՀ դրամը ընկերության հաշվին մուտքագրվել է՝ որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրեւ փոխառության մարում: Փաստորեն, Ղեւոնդ Ղալումյանը, ըստ աուդիտի տվյալների, ընկերությունից ստացել 1 մլն 445 հազար 585 դոլար:

Այս գործելաոճով է նաև Լուսինե Գուլխասյանի վճարած գումարների մի մասը մուտքագրվել ընկերություն հաշվեհամարին՝ որպես Ղալումյանի կողմից ընկերությանը տրված փոխառություն, ինչը հաստատված է փորձաքննությամբ:

«Այս բոլոր տվյալներն առկա են ՊԵԿ-ում քննվող քրեական գործում, որով մեղադրանք է առաջադրվել Վլադիսլավ Մանգասարյանին: Սակայն առայսօր գործի մեջ որպես մեղադրյալ Ղեւոնդ Ղալումյանը չի ներգրավվել: Նրա հովանավորողները ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյաներ են: Բայց որքան էլ շարունակեն հովանավորել Ղեւոնդ Ղալումյանին, միեւնույնն է՝ նա պետք է պատասխան տա իր քայլերի համար»,- նշում է Խուդյանը:   

Լուսանկարում` ձախից Ղեւոնդ Ղալումյանը եւ Վլադիսլավ Մանգասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter