HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների ազատությունը ՀՀ-ում-2

Սկիզբ

(2013 հունվար-հոկտեմբեր)

Արա Ղազարյան, Աշոտ Վարելջյան 

Վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը լրատվամիջոցների դեմ

Վիճակագրություն 

2013 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր ամիսը դատարանների կողմից ստացվել են վիրավորանքի ու զրպարտության հիմքերով 13 հայցադիմումներ[1] ընդդեմ լրատվամիջոցների կամ լրագրողների, որոնցից 6-ը կրկնվող գործեր են՝ ներկայացված միևնույն անձի կողմից ընդդեմ 6 լրատվամիջոցների, որոնցում փաստերը և իրավունքի մասին հայցերը նույնն են։[2] Նշված 13 գործերից 3-ն ավարտվել են, իսկ մնացածն ընթացքի մեջ են առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում։ Ընդհանուր առմամբ, ապաքրեականացումից ի վեր, այսինքն՝ 2010 թվականի մայիսից մինչև սույն ուսումնասիրությունը կատարելու պահը՝ 2013 թվականի հոկտեմբերը, ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել են 73 հայցեր, որոնցից ներկայումս ընթացքի մեջ է 14 գործ[3], իսկ մնացած 59-ը ավարտվել են։[4] Ընթացքի մեջ գտնվող 14 գործից 10-ով դեռ դատական ակտ չի կայացվել, իսկ 4-ով կայացվել է առնվազն մեկ դատական ակտ։

Ապաքրեականացումից ի վեր գործերի հոսքը ամսական կտրվածքով ունի հետևյալ տեսքը.

Աղյուսակ 1. դատական գործերի շարժը ամսական կտրվածքով


Կապույտ գիծը ներառում է այն ժամանակահատվածը, որն ընկած էր մինչև Սահմանադրական դատարանի կողմից հայտնի ՍԴՈ-911 որոշման ընդունումը՝ 2011 թվականի նոյեմբերը, իսկ կարմիր գիծը՝ գործերի հոսքը այդ որոշումից հետո։ Ինչպես տեսնում ենք, այս որոշումից հետո գործերի հոսքը նկատելիորեն նվազել է և կազմում է հաստատուն 1-2 գործ ամսական կտրվածքով, որը շարունակվում է մինչայժմ։ Ինչ վերաբերում է 2013 թվականի ապրիլ ամսվա ցատկին (մինչև 6 գործ), ապա դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված վեց գործերը բերվել են նույն անձի կողմից ընդդեմ վեց լրատվամիջոցների և հիմնված են միևնույն փաստական հանգամանքների վրա։ Ուստի, եթե այդ վեց գործերը համարենք որպես մեկ գործ, ապա ամսական կտրվածքով գործերի հոսքը կրկին ծավալվում է 0-2 գործի շրջանակներում։ Դա է վկայում նաև գործերի հոսքը տարեկան կտրվածքով։ 2010 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր դատարան մուտք է եղել 16 գործ, 2011 թվականին՝ 29 գործ, 2012-ին՝ 15 գործ, իսկ 2013թ. հունվարից մինչև հոկտեմբեր՝ 13 գործ, որից 6-ը կրկնվող գործեր են միևնույն անձի կողմից։[5]

Աղյուսակ 2. դատական գործերի քանակը ըստ տարիների 

Ավարտված 59 գործերից 24-ը դատարաններն ամբողջությամբ մերժել են (41%), 12-ը բավարարել են մասնակի (20%), 10 գործով կայացվել է հաշտության համաձայնագիր (17%), 9-ի դեպքում հայցվորները դատաքննության ընթացքում հրաժարվել են հայցապահանջից, 3 գործով դատարանները վերադարձրել են հայցը՝ հնարավորություն տալով շտկել սխալները և կրկին ներկայացնել, և ընդամենը մեկ գործով դատարաններն ամբողջությամբ բավարարել են հայցապահանջը[6] (տե՛ս Աղյուսակ 3)։ Ավարտված 59 գործերով, ընդհանուր առմամբ, ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների բերվել է 150,225,300 դրամի չափով նյութական փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է 13,160,000 դրամը, որը կազմում է ընդհանուր գումարային պահանջի 8,7 տոկոսը։ Հատկանշական է, որ 2012 թվականի նույն ժամանակահատվածի՝ հոկտեմբեր ամսվա դրությամբ այս նիշը կազմում էր 8.6 տոկոս։ Այսպես՝ 2012թ. հոկտեմբերի դրությամբ ավարտվել էր 36 դատական գործ, որի շրջանակներում, ընդհանուր առմամբ, բերվել էր 130,698,350 դրամի պահանջ, որից բավարարվել էր 11,286,000 դրամ՝ 8,6%-ը (տե՛ս Աղյուսակ 4):

Աղյուսակ 3. Դատական  որոշումները

Աղյուսակ 4.  Գումարային պահանջները 2012 և 2013 թվականների հոկտեմբեր ամիսների համեմատությամբ


Առավել շատ դատական գործեր բերվել են ընդդեմ տպագիր լրատվամիջոցների՝ թերթերի և մեկ դեպքում ամսագրի (38 դատական գործ), այնուհետև՝ էլեկտրոնային կայքերի (26 դատական գործ), լրագրողների (14 դատական գործ) և հեռուստատեսության (13 դատական գործ)։ Հաճախ հայցապահանջները ներկայացվել են և՛ ընդդեմ լրատվամիջոցի և՛ ընդդեմ լրագրողի (տե՛ս Աղյուսակ 5 ներքևում)։

Առավել շատ հայցապահանջներ բերվել են սովորական քաղաքացիների ու մասնավոր ընկերությունների կողմից (32)՝ ի տարբերություն քաղաքական, պետական գործիչների ու պետական մարմինների, որոնց կողմից ներկայացված հայցերի թիվը կազմում է 25։ Փաստաբանների կողմից նույնպես ավելանում է դիմումների քանակը։ Թեև հետազոտության մեջ նշված է 9 թիվը, սակայն իրականում մինչ այժմ հայցապահանջ բերվել է երեք փաստաբանի կողմից, որոնցից երկուսի դեպքում հայցապահանջը ներկայացված է մի քանի լրատվամիջոցների դեմ (տե՛ս Աղյուսակ 6):

Աղյուսակ 5.  Լրատվամիջոցների տեսակները, որոնց դեմ բերվել են դատական գործեր

Աղյուսակ 6.  Դատական գործերի քանակն ըստ հայցվորների խմբերի

Վերը նշված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ պահպանվում են 2012 թվականի տենդենցները. նոր դատական գործերի ցածր հոսքը պահպանվում է (ամսական 1 կամ 2 գործ), իսկ հայցապահանջների մեծ մասը  կամ ամբողջությամբ կամ էապես մերժվում է։ Հաճախ դատարանները բավարարում են հայցապահանջները մասնակիորեն, իսկ ընդհանուր առմամբ աճում է դատական վեճը հաշտությամբ ավարտելու՝ կողմերի ցանկությունը։ Համեմատաբար բարձր թիվ են կազմում նաև այն գործերը, որոնցում հայցվորները հրաժարվում են իրենց հայցապահանջից դատաքննության փուլում։ Նշված միտումները կարելի է բացատրել այն հանգամանքով, որ դատարանները սահմանել են ապացույցների բավականին բարձր ու դժվար հաղթահարելի շեմ հայցվորների համար, որով լրատվամիջոցներն ու լրագրողները, և ի վերջո՝ նաև ազատ խոսքն անցնում են նկատելի պաշտպանության տակ։ 

Դատական ակտերի բովանդակային վերլուծություն 

2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում դատարանները կայացրել են լրատվամիջոցների ու լրագրողների ազատության առումով մեծամասամբ բարենպաստ դատական ակտեր։ Միևնույն ժամանակ, որոշ գործերով դատարաններն արտահայտել են դիրքորոշումներ, որոնք խնդրահարույց են։

2013 թվականի սկզբում բողոքի որոշ ալիք բարձրացրեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնելու մասին՝ կապված «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի և ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանի կողմից ընդդեմ լրատվամիջոցի բերված հայցի և դրա շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդության հետ։ Միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը լրատվամիջոցի և որոշ իրավապաշտպանների կողմից գնահատվեց որպես լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ մոտեցում այն հիմքով, որ դրանով վտանգվում էր լրատվամիջոցի գործունեությունը։ Այս իմաստով պարզաբանում հնչեց դատական իշխանության և լրատվամիջոցների ինքնակարգավորման որոշ մարմինների կողմից առ այն, որ դատական որոշումն, ընդհանուր առմամբ, համաչափ էր, քանի որ գույքային միջոցի վրա արգելանք դնելը չէր ներառում ընկերության ֆինանսական միջոցները, հետեւաբար, ընկերության գործունեությունը վտանգված չէր։ Իրավամբ, արգելանքի միջոցը տվյալ պարագայում լրատվամիջոցի գործունեության միջամտության համաչափ եղանակ էր, որն ապացուցվեց դեպքերի հետագա զարգացումով, քանի որ արգելանքի արդյունքում ընկերության գործունեությունը դատաքննության ընթացքում երբևէ չդադարեց և ոչ էլ որևէ կերպ խոչընդոտվեց։ Ներկայումս արդեն տարածված դատական պրակտիկա է, որի համաձայն՝ դատարաններն արգելանք կիրառելու մասին միջնորդություն ստանալու դեպքում նախընտրում են արգելանքը կիրառել լրատվամիջոցի գույքային, այլ ոչ թե ֆինանսական կամ որևէ այլ միջոցի վրա, որի դեպքում կխաթարվի լրատվամիջոցի բնականոն գործունեությունը։ Այսպիսով, դատարաններն ապահովում են ինֆորմացիայի ազատ հոսքը լրատվամիջոցի կողմից դատաքննության ընթացքում։

2013 թվականի ընթացքում դատարանները ստիպված էին կրկին անդրադառնալ օրենքի էական բացին՝ ոչ հրապարակային վիրավորական կամ զրպարտչական բնույթի հայտարարություններից պաշտպանվելու անհնարինությանը, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը պաշտպանում է միայն հրապարակային եղանակով տարածված խոսքը։ Առաջին անգամ այդ խնդիրը ծագեց «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանի և Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջև միջադեպի արդյունքում, երբ վերջինս հեռախոսային խոսակցության ժամանակ վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողի հասցեին։[7] Այս տարվա ընթացքում այս խնդիրը կրկին քննարկումների տեղիք տվեց «ժողովուրդ» թերթի թղթակից Սոնա Գրիգորյանի կողմից ընդդեմ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ- ի տնօրեն Խաչիկ Խաչատրյանի բերված դատական գործի շրջանակներում, որի հիմքում նույնպես ընկած էր ոչ հրապարակային եղանակով՝ հեռախոսազրույցի ընթացքում մեկ անձի կողմից մյուս անձին վիրավորելու փաստական հանգամանքը։ Դատարանը ստիպված էր կարճել քաղաքացիական գործը, քանի որ հայցվորի՝ լրագրողի կողմից վիճարկվող իրավունքը պաշտպանված չէր Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 կամ որևէ այլ հոդվածով։ Այս խնդրին անդրադարձավ նաև Տեղեկատվական վեճերի խորհուրդը իր թիվ 32 որոշումով՝ նշելով, որ առկա է համակարգային բաց, որի արդյունքում խախտվում է քաղաքացիների՝ Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված իրավունքը՝ իրավական պաշտպանության բացակայությունը։ Այս առումով անհրաժեշտ է նշել, որ Սահմանադրական դատարանը դեռ իր ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտել է այն կարծիքը, որ նշված հանգամանքը «ոչ թե օրենսգրքի տվյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, և այն հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը»:[8] Սահմանադրական դատարանի այս որոշումից անցել է արդեն մոտ երկու տարի, սակայն Ազգային ժողովը դեռ չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը:

Դատարանները շարունակում են ստանալ դատական հայցեր, որտեղ կողմը վիճարկում է անմեղության կանխավարկածի խախտումը լրատվամիջոցի կողմից՝ վերջինիս կողմից դատաքննությունը կամ նախաքննությունը լուսաբանելիս։ Նման հայցերը, որպես կանոն, բերվում են վիրավորանքի և զրպարտության իրավահարաբերությունները կարգավորող Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի ներքո, մինչդեռ այս հոդվածը չի տրամադրում այնպիսի պաշտպանական համակարգեր, որոնք արդյունավետ կլինեն անմեղության կանխավարկածի խախտումը քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում վիճարկելու համար։ Որպես կանոն, դատարանները մերժում են նման հայցերը՝ նշելով, որ անմեղության կանխավարկածը քրեադատավարական կատեգորիա է և որպես այդպիսին քաղաքացիական իրավունքի օբյեկտ չի հանդիսանում։ Իրավամբ, Քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում հնարավորություն անմեղության կանխավարկածի խախտման դեպքում քաղաքացիական հայց բերելու համար։ Այս պարագայում իրավական պաշտպանության միջոցն ուղղակիորեն բացակայում է։ Դա է պատճառը, որ քաղաքացիները նման դեպքերում ստիպված են վիճարկել նշված իրավունքի խախտումը վիրավորանքի կամ զրպարտության հիմքով, որն էլ, ինչպես նշվեց, անարդյունավետ իրավական կառուցակարգ է այս իրավահարաբերության համար։ Օրինակ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս քննվում է Հարություն Սարգսյանի հայցն ընդդեմ «Ցայգ» հեռուստաընկերության,[9] որի շրջանակներում հայցվորը պնդում է, որ հեռուստաընկերությունը վիրավորել ու զրպարտել է իրեն սպանություն կատարելու մեջ մեղադրելով, և դա այնպիսի հանգամանքներում, երբ իր մեղքը դեռ հաստատված չէ, քանի որ սպանության գործով դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Եթե դատաքննությունը ձգձգվի այնքան ժամանակ, մինչև քրեական գործով կայացվի մեղադրական դատավճիռ, ու դատաքննությունն ավարտվի Հարություն Սարգսյանի դատապարտմամբ, լրատվամիջոցը կազատվի պատասխանատությունից, քանի որ կստացվի, որ իր տարածած հայտարարությունը զրպարտություն չէր։ Մինչդեռ իրականում խախտվել է Հարություն Սարգսյանի անմեղության կանխավարկածը, որի համար էական չէ, թե նրա մեղքը հետագայում կհաստատվի՞, թե՞ ոչ։ Սակայն եթե Հարություն Սարգսյանը քաղաքացիական դատարանում վիճարկի անմեղության կանխավարկածի խախտումը, դատարանը կմերժի հայցը այն հիմքով, որ հայցվորը վիճարկում է մի իրավունք, որը սահմանված չէ օրենսդրությամբ։ Նման իրավիճակը, կարծում ենք, համակարգային խնդիր է, որի դեպքում մենք գործ ունենք օրենքի բացի հետ։ Փաստ է, որ անմեղության կանխավարկածը ներկայումս ավելի շատ խախտվում է քաղաքացիաիրավական հարաբերություններում, քան քրեական դատավարության ընթացքում։ Որպես օրինակ կարելի է բերել ԶԼՄ-ների, մասնավորապես՝ պապարացիների գործելաոճ որդեգրած որոշ «վայ» լրագրողների, ովքեր, փաստորեն, կարող են բոլորովին չմտահոգվել, որ պատասխանատվության կենթարկվեն մեղադրյալի անմեղության կանխավարկածը խախտելու համար, քանի դեռ նրանք քրեական դատավարության կողմ չեն հանդիսանում՝ մի բան, որ կարող է պատահել միայն հազվադեպ։ Այսինքն, հասարակական հարաբերություններում առկա է անմեղության կանխավարկածի խախտման երևույթը, մինչդեռ դրա դեմ իրավական պաշտպանության միջոցը բացակայում է, որը բարձրացնում է սահմանադրականության խնդիր։

Մտահոգիչ էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Համբարձում Մաթևոսյանի գործով,[10] որով դատարանը, հաստատելով երկու անձանց միջև հաշտության մասին համաձայնագիր, պարտավորեցրել էր դատավարության կողմ և հաշտության համաձայնագրի կողմ չհանդիսացող www.hetq.am առցանց լրատվամիջոցին գրավոր հերքում հրապարակել իր կայքում։ Ըստ փորձագետների՝ սա լրատվամիջոցի իրավունքի անհարկի միջամտություն էր դատարանի կողմից։ Եթե դատարանը լրատվամիջոցի վրա որոշել է դնել հերքում հրապարակելու պարտականություն, ապա պետք է լրատվամիջոցին նախ և առաջ դարձներ դատական քննության կողմ, որպեսզի լրատվամիջոցը հնարավորություն ունենար վիճարկել միջամտող դատական ակտը։ Մյուս կողմից՝ լրատվամիջոցը զրկված չէ դատարանի սույն որոշումը բողոքարկելու հնարավորությունից, որն էլ, ի դեպ, արել է, թեև նրա բողոքները մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ի հավելումն, լրատվամիջոցը կարող է հերքում հրապարակելու պահանջով իրեն դիմած անձի հետ վեճ ունենալու դեպքում դիմել դատարան և վիճարկել իր վրա դրված պարտականության հարցը։ Արդյոք դատավարական նման հնարավորությունը կասկածի տակ է դնում լրատվամիջոցի սկզբնական պահանջի (առանց իր մասնակցությամբ կայացված դատավարության ընթացքում իր համար պարտավորություն սահմանելը) իրավաչափությունը։ Կարծում ենք՝ ոչ, քանի որ բոլոր դեպքերում լրատվամիջոցը նախ պարտավոր է կատարել օրինական ուժի մեջ մտած դատական վճիռը, և այդ վճռի կատարումը չի կարող կասեցվել այն հիմքով, որ լրատվամիջոցը հերքման պահանջ ներկայացնող անձի հետ առանձին դատական վեճի մեջ է մտել։ Առայժմ մեզ հայտնի է դեռ նման մեկ դեպք, երբ առանց լրատվամիջոցի մասնակցության կայացված դատական վարույթում ընդունվում է լրատվամիջոցի համար պարտականություն սահմանող դատական ակտ։ Նման դատական ակտերը լրատվամիջոցների իրավունքներին միջամտող ակտեր են և հուսով ենք, որ նման որոշումները պրակտիկա չեն դառնա։ 

Արմեն Դարբինյանն ընդդեմ «Քաղաքացիական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի գործով[11] դատարանը կարևոր իրավական դիրքորոշումներ արտահայտեց  «գնահատական-դատողություն» հասկացության «դատողություն» եզրույթի վերաբերյալ։ Ներպետական դատական պրակտիկայում ձևավորվել էր մի մոտեցում, ըստ որի՝ դատավարության կողմերը հաճախ փորձում էին փաստի մասին սովորական հայտարարությունները  ներկայացնել որպես գնահատական-դատողություն`[12] զուտ պաշտպանական տակտիկայի նկատառումներով։ Երբեմն նույնիսկ դատարաններն էին փաստի մասին հայտարարությունը, այդ թվում նաև արտահայտված սովորական կարծիքը ներկայացնում որպես գնահատական-դատողություն։[13] Այս առումով պրակտիկայում արդեն առաջացել էր «գնահատական-դատողություն» եզրույթի դատական մեկնաբանության անհրաժեշտություն, որն էլ տրվեց սույն դատական գործի ընթացքում, որով հստակություն մտցվեց այս եզրույթի կիրառման հարցում։ Այդուհանդերձ, կարծում ենք, որ խնդիրը մասամբ նաև օրենսդրության թերության մեջ է, քանի որ հիմնական կարգավորող նորմը՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, չի տրամադրում «գնահատական-դատողություն» հասկացության ինքնուրույն սահմանում։ Դրա փոխարեն նշված հոդվածում օրենսդիրն օգտագործում է հրապարակային «արտահայտություն» եզրույթը, որը հավասարապես վերաբերում է և´ փաստի մասին հայտարարությանը, և´ գնահատական-դատողությանը։ Իրավակիրառ պրակտիկայում սա առաջացնում է շփոթմունք։ Թեև դատարաններն իրենց որոշումներում շարունակաբար և հետևողականորեն անդրադառնում են այս հասկացությանը, սակայն օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ դատավարության կողմերը փաստի մասին հայտարարությունը ընկալում են որպես գնահատական-դատողություն, իսկ գնահատական-դատողությունը՝ փաստի մասին հայտարարություն։ Սրա արդյունքում երբեմն դատարանները կողմից պահանջում են ապացուցել մի հայտարարություն, որն օբյեկտիվորեն ենթակա չէ ապացուցման։ Օրինակ՝ վերը նշված գործով պատասխանողից պահանջվել էր ապացուցել «նապոլեոնակերպ ֆենոմենը» արտահայտության ճշմարտացիությունը, որն օբյեկտիվորեն անհնար է ապացուցել ու դատավարական իմաստով ենթակա էլ չէ ապացուցման։[14] Մեկ այլ՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունն ընդդեմ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի գործով[15] դատարանը հայցվորից պահանջել է ապացուցել «տուն քանդողներ» արտահայտության ճշմարտացիությունը, իսկ այնուհետև վճռում եզրակացրել, որ հոդվածի հեղինակը «չի նշել և դատարանում էլ չկարողացավ նշել որևէ փաստ, որ հայցվորի անմիջական գործունեության հետևանքով քանդվել է գոնե մեկ ընտանիք»։ Մինչդեռ դատարանը պետք է հաշվի առներ, որ նշված արտահայտությամբ հեղինակը որակական գնահատական էր տվել ընկերության գործունեությանը,[16] այլ ոչ թե կոնկրետ փաստի՝ տուն քանդելու մասին։ Դա կարծիք էր, անձի սուբյեկտիվ տպավորության հիման վրա հնչեցված գնահատական, որը որպես այդպիսին ենթակա չէ ապացուցման, և նման դեպքերում ապացուցման բեռ սահմանելը համարվում է ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակում։ Նույն գործում, սակայն, վերաքննիչ դատարանը մի դիրքորոշում է արտահայտել, որը դրական միտում ունի։ Այս գործում Լեզվի պետական տեսչությունը պաշտոնապես կարծիք էր արտահայտել «գրանտածիծ» բառի իմաստի մասին՝ նշելով, որ բառն ունի բացասական իմաստ։ Վերաքննիչ դատարանը դատական ստուգման արդյունքում հայտարարեց, որ եթե կարելի է ընդունել ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության եզրահանգումը այս բառի կազմության մասին, ապա անընդունելի է տեսչության կարծիքը այն մասին, որ այդ բառն ունի բացասական իմաստ։ Ըստ վերաքննիչ դատարանի՝ «արտահայտության վիրավորական կամ ոչ վիրավորական լինելու գնահատականը տալը վերապահված է ոչ թե Լեզվի տեսչությանը, այլ դատարանին»։ Նման մոտեցումը ողջունելի է, քանի որ վիրավորանքի և զրպարտության գործերում շատ կարևոր է, որպեսզի բառը մեկնաբանվի հրապարակային հայտարարության կոնտեքստում, այլ ոչ թե կոնտեքստից դուրս, մինչդեռ պետական մարմինը, ի տարբերություն դատարանի, բոլոր դեպքերում միտված է բառի իմաստը մեկնաբանել վերացական կերպով։ Բացի այդ, տվյալ դեպքւմ պետական մարմինն իրեն վերագրել է դատարանի գործառույթներ, որն անընդունելի է։

Այս շրջանում հատկապես մտահոգիչ էր «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունն ընդդեմ «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի գործով[17] դատական ատյանների եզրահանգումը դատական ծախսերի մասով։ Սույն գործով առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ մերժեց հայցվոր ընկերության հայցապահանջը, սակայն միևնույն ժամանակ պարտավորեցրեց պատասխանողներին համապարտության կարգով փոխհատուցել հայցվոր ընկերության՝ իր փաստաբանի համար կատարած վարձատրությունը 100,000 դրամի չափով և պետական տուրքի վճարումը 40,000 դրամի չափով։ Առերևույթ տարօրինակ այս մոտեցումը վերաքննիչ դատարանը բացատրել է այն եզրահանգմամբ, որ թեև առաջին ատյանի դատարանը մերժել էր վիրավորանք հասցված լինելու հանգամանքը, սակայն ընդունել էր զրպարտության փաստը և հենց այդ մասով էլ բավարարել էր փոխհատուցման պահանջը փաստաբանի վարձատրության և պետական տուրքի մասով, իսկ ինչ վերաբերում էր այն հանգամանքին, թե ինչու դա չէր արտահայտել վճռի եզրափակիչ մասում, վերաքննիչ դատարանը դա բացատրել էր նրանով, որ իրականում զրպարտութան մասով դատարանը նույնպես մերժել էր հայցապահանջը, սակայն ոչ թե նյութաիրավական հիմքով, այլ զուտ պատասխանող հեռուստաընկերության և լրագրողի գույքային վիճակից ելնելով։ Դատարանների՝ սույն գործով նման եզրահանգումը տարակուսանք առաջացրեց լրագրողների և իրավաբանների շրջանում։ Ստացվում է, որ նույնիսկ դատական գործը շահելու դեպքում լրատվամիջոցը ազատված չէ փոխհատուցում վճարելու պարտականությունից։ Ի՞նչն էր կաշկանդում դատարանին՝ եզրափակիչ մասում ուղղակի նշելու, որ լրատվամիջոցը խախտել է հայցվոր ընկերության իրավունքը զրպարտության մասով և արձանագրելու խախտումը, իսկ գումարային պահանջը՝ մերժելու։ Ըստ Տեղեկատվական վեճերի խորհրդի՝ «դատարանի նշված մոտեցումը խնդրահարույց է այն առումով, որ կարող է սառեցնող ազդեցություն ունենալ լրատվամիջոցների ու լրագրողների ազատության վրաԵթե այս որոշումը դառնա տարածված պրակտիկա, նույնիսկ դատական գործը շահելու դեպքում պատասխանողի կարգավիճակում հայտնված լրատվամիջոցները կարող են պարտադրված լինել վճարել դրամական խոշոր փոխհատուցումներ, որի պայմաններում առ ոչինչ է դառնում դատական պաշտպանության իրավունքի իմաստը և լրջորեն վտանգվում ազատ խոսքը»:[18]

Դատարանը մերժեց Կարինե Ավանեսյանի կողմից բերված վեց գանգատներից առաջինը հայցային վաղեմության հիմքով։ Այս վարույթի առումով նշանակալից էր այն, որ առաջին ատյանի դատարանը ևս մեկ անգամ մեկնաբանեց վիրավորանքի և զրպարտության գործերով սահմանված հայցային վաղեմության «մեկ ամիս իմանալու պահից և վեց ամիս հրապարակման պահից» կանոնը՝ նշելով, որ երկրորդ տարրը բոլոր դեպքերում գերակայում է: Եվ անկախ այն հանգամանքից, թե երբ է անձը տեղեկացել հրապարակման մասին, վեցամսյա ժամկետը գերակայում է։ Այս գործով դատարանը մեկնաբանեց նաև նշված ժամկետի պահպանումը հիմնավորելու նպատակով ներկայացված «ապացույցներ» հասկացությունը՝ կիրառելով Վճռաբեկ դատարանի նախադեպային սահմանումները։ Մասնավորապես՝ դատարանը սահմանեց, որ 6-ամսյա ժամկետի պահպանումը կարելի է հիմնավորել նաև անուղղակի ապացույցներով, և հայցը չի կարելի մերժել զուտ այն հիմնավորմամբ, որ ներկայացված ապացույցներն ուղղակի ապացույց չեն։ Այս դատական ակտից պարզ է դառնում, որ ներկայումս վիրավորանքի ու զրպարտության գործերով հայցային վաղեմության ժամկետների կարգավորման   հարցով ձևավորվել է կայուն նախադեպային իրավունք։

Այս շրջանում կայացվել են նաև մի շարք այլ որոշումներ, որոնցում թեև իրավունքի մասին հարցով դատական պրակտիկայում որևէ նորություն չի արձանագրվել, սակայն դատարանները հետևողականորեն մերժել են լրատվամիջոցների ու լրագրողների դեմ ներկայացված ակնհայտ անհիմն գանգատները։

 


[1] Տե՛ս կից հավելվածում 61-73 կետերը։ Հավելվածում ապաքրեականացումից ի վեր ներկայացված բոլոր դատական գործերի ցուցակն է և վարույթի ներկայիս փուլը։

[2] Հայցադիմումները ներկայացվել են նախկին փաստաբան Կարինե Ավանեսյանի կողմից, ով դատապարտվել է և ներկայումս կրում է իր պատիժը ազատազրկման տեսքով իր պաշտպանյալի համար ոչ բարենպաստ դատական ակտը կեղծելու համար։ Հայցադիմումը բերել է ընդդեմ վեց լրատվամիջոցների այն հիմքով, որ լրատվամիջոցները, կատարելով մեղքի մասին հրապարակային հայտարարություններ դատաքննության ընթացքում, վիրավորել ու զրպարտել են իրեն։ Այդուհանդերձ, արդեն կայացված երկու որոշումներով դատարանները գտել են, որ հայցադիմումները բերվել են հայցային վաղեմության 6-ամսյա ժամկետի խախտմամբ։

[3] Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 51 գործից ընթացքի մեջ էր 15 գործ՝ գրեթե նույն քանակությամբ, ինչ 2013 թվականին, որը վկայում է այն մասին, որ գործերի հոսքը 2012 և 2013 թվականներին գրեթե նույնանման է։ Սա է վկայում նաև մեկ ամսվա կտրվածքով դատարան ներկայացված գործերի թիվը, որը տատանվում է 0-ի և 2-ի միջև, կամ միջին հաշվարկով 1 դատական գործ մեկ ամսվա ընթացքում։

[4] Տե՛ս Հավելվածը։ Հավելվածում ընդգրկված չեն այն դատական գործերը, որոնցում լրատվամիջոցները կամ լրագրողները ներառվել են որպես երրորդ անձ։ Մեր կարծիքով, դատավարության երրորդ անձ ներգրավված լինելու հանգամանքը էական միջամտություն չէ, և այդ պատճառով նման գործերը սույն հետազոտության առարկա չեն դարձել։

[5] Հավելվածում նշված 1-ին և 2-րդ գործերը չենք հաշվում, քանի որ դրանց դատական վարույթները սկսվել են մինչև ապաքրեականացումը՝ 2008 և 2009 թվականներին, իսկ Հավելվածում ընդգրկել ենք, քանի որ դատարանները դրանցում կիրառել են արդեն ապաքրեականացումից հետո սահմանված նոր իրավակարգավորումները։

[6] Տե՛ս Ազգային ժողովի երեք պատգամավորների՝ Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի կողմից ընդդեմ Դարեսկիզբ ՍՊԸ-ի բերված հայցը՝ թիվ ԵԿԴ/2347/02/10 քաղաքացիական գործով։

[7] Տե՛ս թիվ ԵԱՆԴ/0251/02/11 դատական գործը www.datalex.am տեղեկատվական շտեմարանում։

[8] Տե՛ս § 8:

[9] Տե՛ս Հավելվածում թիվ 63 գործը։

[10] Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1005/02/12

[11] Տե՛ս թիվ 56 գործը Հավելվածում. Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2050/02/12։

[12] Տե´ս ՏՎԽ թիվ 12 որոշումը՝ Գլենդեյլ Հիլզն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի։

[13] Տե´ս, օրինակ, ՏԴ1-0177/02 գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27/04/2012թ. և 22/03/2013 վճիռները «Իջևանի ՃՇՇ« բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Իջևան հեռուստաընկերության և լրագրող Նաիրա Խաչիկյանի գործով, որոնցում դատարանը փաստի մասին սովորական հայտարարությունը կամ արտահայտված կարծիքները ներկայացնում է որպես գնահատական-դատողություն։

[14] Նմանատիպ իրավիճակի վերլուծություն է կատարել նաև Եվրոպական դատարանը Նովայա Գազետա վ Վորոնեժե ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում (թիվ 27570/03, 21/12/2010, § 52)։

[15] Թիվ 49 գործը Հավելվածում, քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0642/02/12։

[16] «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՍՊԸ-ն զբաղվում է գենդերային խտրականության և ընտանեկան բռնության հարցերով։

[17] Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0177/02/11

[18] Տե՛ս ՏՎԽ թիվ 33 կարծիքը http://www.idcarmenia.am/hy/idc-conclusion-33 էջում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter