HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համատեղ նոր գրո՞հ կառավարության վրա

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակիրճ հարցազրույցը, այն էլ՝  տեւական ժամանակ նրա քաղաքական վերադարձի քարոզչությանը լծված կայքում, ավելին է, քան վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսում իր հասցեին հնչեցված քննադատությանը պատասխանելը: Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն իր «գալա-ասուլիսով» սադրեց ՀՀ երկրորդ նախագահին: Իրականում, Տիգրան Սարգսյանը առաջ ընկավ Ռ.Քոչարյանից ու ասուլիսով հասկացրեց, որ չի պատրաստվում հանձնվել կառավարությանը հայտարարված նոր պատերազմում: Ավելին, ընտրեց ասուլիսի նախագահավայել ձեւաչափ՝ իր պաշտոնի վրա աչք ունեցող բոլոր սուբյեկտներին հասկացնելով, որ ոչ միայն գործելու է առաջիկա հինգ տարիներին իբրեւ վարչապետ, այլեւ գահի նոր իրավահաջորդն է:

Դժվար թե նա դա անելու համար չունենար Սերժ Սարգսյանի համաձայնությունը. Տիգրան Սարգսյանն այն գործիչն ու վարչապետը չէ, ով, չունենալով որեւէ քաղաքական հենարան, լինելով չափազանց խոցելի «օֆշորային սկանդալի», երկրի եվրաինտեգրման ձախողման արդյունքում եւ պատասխանատու՝ երկրի տնտեսական աննախադեպ վատթար վիճակի համար, ինքնուրույնաբար ունակ է առանց ապահովագրված թիկունքի ի ցույց դնել նման հավակնոտ մտադրություններ: Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը ազատ է արձակել վարչապետի «կապված ձեռքերը», ինչպես ժամանակին բնորոշեց Վազգեն Մանուկյանը, իսկ վարչապետն էլ համաձայն էլ է մարտը վերցնել իր վրա ու մահապարտի նման տանել մինչեւ վերջ: 

Թերեւս, հենց սա հունից հանեց ՀՀ երկրորդ նախագահին, ով 2008թ. նախագահությունից հեռանալուց հետո մի քանի անհաջող փորձեր կատարեց վարչապետի պաշտոնի միջոցով բարձրագույն քաղաքական իշխանությանը վերատիրանալու համար: Քոչարյանի պլանները մշտապես ենթադրել են երկու փուլ. նախ Սերժ Սարգսյանի հետ կիսել իշխանությունը, ապա արտահերթ կամ հերթական ընտրություններով վարչապետի աթոռից անցում կատարել նախագահի պաշտոնին: Ըստ որում, պլանի իրականացման առաջին փուլում վարչապետի աթոռում նա տեսել է թե’ իրեն, թե’ այլ քաղաքական ֆիգուրների (Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան եւ այլն): Այդ արդյունքին հասնելու համար Ռոբերտ Քոչարյանը չի վարանել նույնիսկ Սերժ Սարգսյանի համար փակուղիներ, ճգնաժամներ ստեղծելու քայլերից, որպեսզի նրան դրդի դեպի ցանկալի որոշման կայացումը: Բայց՝ ապարդյուն:

Նախորդ գրոհների ժամանակագրությունը

Կառավարության ուղղությամբ Ռ.Քոչարյանի ու քոչարյանամերձ ուժերի գրոհի առաջին փորձը 2009-2010թթ. էր, երբ Հայաստանում գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքների վերացած լինելու-չլինելու թեմայով սուր բանավեճ բռկվեց ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա մերձավորագույն նախարարներից Վաչե Գաբրիելյանի միջեւ: Տիգրան Սարգսյանն ինքն էլ գիտակցում էր, որ խնդիրն իր զինակցի արած սխալ հայտարարությունը չէ, այլ հենց ինքն է: Թեպետ հետագայում Տիգրան Սարգսյանը վերջինիս տեղափոխեց այլ պաշտոնի, սակայն Սերժ Սարգսյանի օգնությամբ շահեց առաջին ճակատամարտը եւ մնաց իր պաշտոնում:

Երկրորդ գրոհը նախաձեռնվեց 2012թ. հունվարին, երբ Վարդան Օսկանյանը ոչ միայն հայտարարեց քաղաքականության մեջ «ներգրավվելու» մասին, այլեւ դեռեւս ԲՀԿ-ին չանդամակցած՝ բացահայտ դարձրեց այդ կուսակցության ռազմավարարությունն առաջիկայում փոխելու իր մտադրության մասին: Դա նշանակում էր ԲՀԿ-ին հանել ՀՀԿ-ի կտսեր գործընկերոջ կարգավիճակից եւ ընտրություններով նվաճել կառավարություն ձեւավորելու իրավունքը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման միջոցով (Վարդան Օսկանյանը, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մրցակցող ստրատեգիաները):

Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելուց եւ ճակատամարտը մասամբ տանուլ տալուց հետո Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի տեւական բանակցությունների թեման հենց կառավարության փոփոխության էր. ԲՀԿ առաջնորդի տեսլականով ազգային փրկության կառավարությունում պետք է ներգրավված լինեին ոչ միայն ԲՀԿ-ականները, այլեւ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, «Ժառանգությունը»: Այս մի փորձն էլ ավարտվեց անհաջողությամբ, քանի որ Սերժ Սարգսյանը մերժեց առաջարկը, դրանով իսկ մերժելով Ռ.Քոչարյանի հետ իշխանությունը կիսելու հեռանկարը: Ավելին, Վարդան Օսկանյանը «փողերի լվացման» քրեական գործի շրջանակներում հայտնվեց ԱԱԾ ճիրաններում (Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթասի» ռեբուսը):

 Երրորդ փորձը հաջորդեց խորհրդարանական ընտրություններին, երբ ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը լուրջ ճգնաժամի ռիսկեր ստեղծեցին խորհրդարանում՝ քվորումներ ու քվեարկություններ տապալելով եւ միասնաբար դեմ քվեարկելով կառավարության գործունեության ծրագրին: Սեպտեմբերից սկսյալ Սերժ Սարգսյանի խստաշունչ սպառնալիքները «ատկատի», պաշտոնական լիազորությունների չարաշահումների ու դրանում ներգրավված պաշտոնյաների, գործարարների թեմաներով, ըստ էության, ոչ միայն ավելի կոնսոլիդացրեցին նրա թիմը (կանխելով քոչարյանականնների հնարավոր առնետավազքը), այլեւ լուրջ սպառնալիք էին հենց հակառակորդ թիմերի կազմաքանդման առումով. ոչ իշխանական կուսակցությունների բազմաթիվ գործարարներ ու պատգամավորներ ուղղակիորեն ներքաշված էին/են տարբեր նախարարությունների ու ոլորտների պետական գնումների եւ «մատկարարարումների» գործում եւ կանգնելու էին կամ բիզնեսը կորցնելու, կամ սեփական կուսակցությունը լքելու երկընտրանքի առջեւ: Ռ.Քոչարյանին չհաջողվեց վտանգել Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ նրան պարտադրել իր հետ կիսել այն: Ավելին, Սերժ Սարգսյանը սպառնաց վերացնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը, ինչից հետո վերջինիս ոչինչ չէր մնում անել, քան արդարանալ ու նահանջել: 

2013-ի տարեմուտյան նահանջը

2013թ.-ին էլ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց տարեմուտի շրջանում. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից առաջ եւ մինչեւ նախագահի թեկնածությունների գրանցումը՝ հունվարի 15-ին նա բացառիկ հարցազրույց տվեց Mediamax գործակալությանը, եւ ինչպես ինքը նշեց, «թեեւ երբեք չէր հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ, ճիշտ է համարում որոշ բացատրություններ տալ իր գործողությունների վերաբերյալ»:  Այսինքն, նա չհերքեց, որ որոշակի գործողություններ ձեռնարկել է այդ ուղղությամբ, սակայն վկայակոչեց ակտիվ քաղաքականություն չվերադառնալու, ավելի ստույգ՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու երեք` «էմոցիոնալ եւ էթիկական տեսանկյունից  ծանրակշիռ» գործոններ. 1. իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ իր համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա, 2. ինքն է ժամանակին առաջարկել Սերժ Սարգսյանին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է, 3. չի ցանկանում մասնակցել իշխանության համար պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը (Ռոբերտ Քոչարյանը արդարանում ու մեղադրում է, ծուղակ է լարում, սպառնում եւ առաջարկում է-1):

Չնայած այդ որոշմանը, նա Սերժ Սարգսյանին լսեցնել տվեց, որ քաղաքականություն իր վերադարձի «հիմնարար գործոնները» միանգամայն բավարար են, քանզի դրանց կապակցությամբ ոչ միայն իր գնահատականները, այլեւ, կանխատեսումները «լավատեսություն չեն ներշնչում» (կարող եմ վերադառնալ, բայց չեմ վերադառնում): Մասնավորապես նա քննադատել էր քաղաքական մրցակցության տիկնիկային բնույթը եւ ընդգծված շեշտել ժողովրդի քաղաքական անտարբերությունը քաղաքական գործընթացների հանդեպ, չնվազող արտագաղթը, ինչպես նաեւ՝ կասկածի տակ էր դրել արձանագրված տնտեսական աճի կայունությունը եւ շարունակականությունը, դա ապահովելու կառավարության կարողունակությունը (Ռոբերտ Քոչարյանը արդարանում ու մեղադրում է, ծուղակ է լարում, սպառնում եւ առաջարկում է-2):  

Հատկանշական է, որ նրա այս հարցազրույցին նախորդել էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը նախագահական ընտրություներում չի առաջադրվի 68 տարեկան լինելու պատճառով: Նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ որեւէ թեկնածու չպաշտպանելու մասին հայտարարեց նաեւ ՀՅԴ-ը: Այդպիսով, նախ ՀԱԿ առաջնորդը, ապաեւ նրա հետ համագործակցող ՀՅԴ-ը, եւ վերջապես՝ ԲՀԿ-ի փաստացի բաժնետերը հայտարարեցին նահանջի մասին, հաշտվելով նախկինից եկած ներքաղաքական ստատուս-քվոն չփոխելու Սերժ Սարգսյանի մտադրության հետ: Այդ ուժերի փայփայած հույսերից մեկն այն էր, որ Ռ.Քոչարյանի ասած, «տիկնիկային քաղաքական մրցակցությունը» եւ ժողովրդի քաղաքական անտարբերությունը լուրջ խնդիր կստեղծեն նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության եւ Սերժ Սարգսյանի վերընտրության համար:

Սակայն, այդ սպասումներն ի դերեւ եղան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունից հետո, ում հաջողվեց մոբիլիզացնել ընդդիմադիր տրամադրությամբ հսկայական ընտրազանգվածին: Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ իշխանության հնարավոր կիսման (ոչ թե գործադիր իշխանության մեջ մտնելու, այլեւ անգամ վերահսկողական բնույթի լիազորություններ վերցնելու առումով՝ օրինակ, Վերահսկիչ պալատի նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, Կոռուպցիայի դեմ պայքարի կառույցի, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պաշտոնները եւ այլն) հեռանկարը առաջին հերթին մահացու կարող էր լինել հենց քոչարյանական դիպաշարի համար: Ուստի պատահական չէ, որ առաջին հերթին դրա դեմ ամենակատաղին պայքարում էին հենց այդ դաշտի ուժերը՝ ոչ համարժեք զուգահեռներ տանելով 2008թ. փետրվարին Սերժ Սարգսյանի հետ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ի «փակ սակարկության» ու 2013թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանի բաց, հրապարակային քայլի միջեւ:

Արդյունքում, Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունեց Սերժ Սարգսյնաի երեք առաջարկներից եւ ոչ մեկը, բայցեւ միաժամանակ չարժանացավ մյուս բեւեռի զորակցությանը (անգամ հանդիպման գնալով Գագիկ Ծառուկյանի հետ, փորձ կատարելով հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց մերժվելով)՝ հետընտրական շրջանում էլ մնալով միայնակ, ինչպես որ մինչեւ նախագահական ընտրություններն էր:  Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո սեպտեմբերի 23-ին Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին նախաձեռնությունը՝ համախմբված հանդես գալու երկրի ինքնիշխանության վտանգման դեմ, կրկին անպատասխան մնաց այդ նույն դաշտի կողմից: Ավելին, «Բարեւի հեղափոխության» էներգետիկայի մարումը հարուցեց նրանց անթաքույց ուրախությունը:     

Նահանջի փոխարեն գրոհ

Տարեմուտին հարցազրույց տալը եւ քաղաքական գործընթացներ գեներացնելը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար առանձնահատկություն է դառնում: Այս անգամ էլ նրա հարցազրույցը հաջորդեց Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթին: Սակայն եթե 2012-13 սահմանագլխին նրանց հարցազրույցները նահանջելու մասին էին, ապա այս անգամ հարձակողական բնույթ ունեն:

Դեկտեմբերի 21-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյնաը վստահություն հայտնեց, թե «շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը»: Իսկ դեկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե «պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել»:

Առաջին եւ երկորդ նախագահները խոսք անգամ չեն ասել եւ գնահատական չեն հնչեցրել տարեվերջյան կարեւորագույն իրադարձության՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, խորհրդարանում վավերացված «գազային համաձայնագրերի» եւ երկրի ինքնիշխանության կորստի վերաբերյալ: Սակայն խոսել են իշխանությունների անխուսափելի պատասխանատվության մասին:

Ավելին, դեկտեմբերի 23-ի զարգացումների նախօրեին Տեր-Պետրոսյանը մի քայլի գնաց, որը լուրջ կրքեր բորբոքեց: Առաջին նախագահի ելույթում չափազանց տեսանելի էր փողոցում պայքարող խմբերի միջեւ սեպ խրելու, միմյանց դեմ հանելու հեռահար նպատակը: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանը ակնհայտ մարգինալ էր հռչակում հակառուսական տրամադրություններ ունեցողներին եւ եվրոպամետներին (Շանթ Հարությունյանի «ցեղակրոն-պահպանողականներ», անկախականներ եւ արեւմտամետներ, Նախախորհրդարան, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», ովքեր սեպտեմբերից սկսած մասնակցում են փողոցային ամենատարբեր բողոքի ցույցերին՝ ընդդեմ Հայաստանի եվրաինտեգրման ձախողման, Պուտինի այցի, ԱԺ-ում «գազային համաձայնագրերի» վավերացման), փորձելով նրանցից մաքրել փողոցային պայքարի հարթակը: Տեր-Պետրոսյանը նրանց անվանեց մամուլի ասուլիսներից ու հեռուստաէկաններից ճառող դատարկախոսներ ու «բարի ճանապարհ մաղթեց» եվրամայդան կամ հայկական մայդան նախաձեռնելու գործում: Իսկ իր զինակիցներին կոչ արեց սպասել առաջիկա պայքարին, երբ կբարձրացվի իշխանության պատասխանատվության հարցը եւ իր հանրահավաքները «դատարկ կրակոց» չեն լինի (Լեւոն Տեր-Պետրոսյանի ռուսահաճո շեշտադրումների մասին շատերն են խոսել ու գրել): Եւ ահա, կառավարության պատասխանատվության ենթարկելու մասին սպառնում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Թերեւս, այսպիսի իրավիճակում կարեւոր է մնում 2013-ի ֆավորիտի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը, ով չգնաց Սերժ Սարգսյանի հետ իշխանությունը կիսելու, բայցեւ չարժանացավ հակառակ բեւեռի զորակցությանը... Ավելին, Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցով նրան գալիք մարտում «մարգինալացնելու»  փորձ է արվում...  

Չնայած Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցելու թեմայով լռությանը, երկու նախկին նախագահների համար էլ հուսադրող էր դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովում «գազային համաձայնագրերի» հիմքի վրա նոր քաղաքական համախմբումը, երբ ԲՀԿ-ը ակնհայտ ստանձնեց առաջատարի դերն ու իր հետեւից դահլիճից հանեց ՀԱԿ-ին, «Ժառանգությանը»՝ իրենց բոլոր թեւերով եւ անգամ ՀՅԴ-ին, որի ակնառու դեմքերին Սերժ Սարգսյանը նույնիսկ պաշտոններ տվեց, իսկ կուսակցութան ներկայացուցիչներն էլ աշնանը հայտարարեցին, թե նախկինի նման  կառավարության հրաժարականի հարց այլեւս չեն բարձրացնելու: 

Պատահական չէ, որ դեկտեմբերի 23-ից հետո թե’ ՀԱԿ, թե’ ԲՀԿ ներկայացուցիչները ակնհայտ հայտարարում էին, թե երկրում կրկին ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ (նույնը հայտարարվում էր նաեւ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ կառավարության դեմ երրորդ գրոհից առաջ), իսկ վճռական ճակատամարտը ոչ թե դեկտեմբերի 23-ն էր՝ Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելու դեմ, այլեւ այն գալիք փետրվարին ու գարնանը կլինի՝ իշխանությունների պատասխանատվության հարցը հարուցելիս:

Եթե 2013թ. Քոչարյանը բավարարվել էր ժողովրդի չդադարող արտագաղթի, հիասթափության եւ անվստահության մասին խոսելով, ու կասկած էր հայտնել, թե այս կառավարությանը չի հաջողվի ապահովել արձանագրված տնտեսական աճի շարունակականությունը (ինչում ճիշտ է), ապա այժմ խոսում է քաղաքացիների «ապատիայի, անելանելիության զգացումի, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայության» մասին: Քոչարյանը չափազանց տեսանելիորեն խաղում է նաեւ իր պաշտոնավարման շրջանում կապիտալ շինարարությունից շահած տնտեսվարողների, գործարարների, շինարարների, անգամ դա գնահատող հանրության վրա: Նա նույնիսկ թասիբի է գցում Տարոն Մարգարյանին՝ Տիգրան Սարգսյանի հրապարակային քննադատությունը վերահասցեագրելով նրա հորը...

Երկու նախագահներին էլ ակնհայտ հունից հանել է այն փաստը, որ Սերժ Սարգսյանը չի կատարում իր խոսքը եւ պաշտոնանկ չի անում 7 տոկոս տնտեսական աճ չարձանագրած կառավարությանը: Մինչդեռ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ նրանց համակարգած պայքարը իրենց հաշվարկով պետք է համընկներ տարեվերջի հետ, երբ Սերժ Սարգսյանին այլ ելք չէր մնա, քան այդ եւ այլ գործոնների (Կրեմլի դժգոհություն, հանրային դժգոհություն) ճնշման տակ ազատել վարչապետի աթոռը: Սակայն, Սերժ Սարգսյանւ հրաժարվեց դա անել:    

Երկու նախկին նախագահների հայտարարությունների միջեւ Տիգրան Սարգսյանի մեգա-ասուլիսն է, որի ընթացքում վարչապետը առաջին անգամ շատերի համար անսպասելի ու աննախադեպ քաջություն դրսեւորեց գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունը՝ կապիտալ շինարարության նրա գերակայությունն անվանելով «տնտեսական փուչիկ», որը պայթեց գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով: Նրա շուրթերից եւ/կամ շուրթերով հնչեց մի պատասխան-գնահատական, որը Տիգրան Սարգսյանը խուսափել էր տալ իր կառավարության վրա ձեռնարկված առաջին գրոհի ժամանակ՝ 2009-2010թթ.:

Փաստ է, որ Տիգրան Սարգսյանին այլեւս ոչինչ չի կաշկանդում քննադատելու Ռոբերտ Քոչարյանին, ում մասին ժամանակին հայտարարել էր թե նրա անունը ոսկյա տառերով է գրվելու Հայաստանի պատմության մեջ: Նախկինում ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ  ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի հետ «հնարավոր է, ոչ» հարցուպատասխանով նա բացահայտ ցույց էր տվել, թե ԲՀԿ-ի հետ խոսելու թեմա չունի: Իսկ մեգա ասուլիսում էլ գրեթե սպառնաց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին, նրան մեղադրելով վերջինիս բարեկամուհու միջոցով Կիպրոսում իր անվան օգտագործումով օֆշորյան կազմակերպություն գրանցելու եւ իր պաշտոնի տակ ական տեղադրելու մեջ... Իսկ վերջին ամսվա մեջ միջնորդավորված պատերազմները ATV (ըստ տեղեկությունների՝ վարչապետին պատկանող) եւ Կենտրոն հեռուստաընկերությունների (Գագիկ Ծառուկյանին պատկանող) միջոցով, որոնցից առաջինը անխնա քննադատում է Գագիկ Ծառուկյանին, իսկ երկրորդը՝ Տիգրան Սարգսյանին, առավել ցցուն է դարձնում աճող լարվածությունը:

Դեկտեմբերի 26-ին էլ կառավարությունը մամլո հաղոդագրություն տարածեց այն մասին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, հանդես եկել «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ եւ «անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ»:  Իսկ մեգա-ասուլիսի ժամանակ էլ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Մաքսային միության հետ Հայաստանի ստորագրելիք պայմանագիրը պատրաստ կլինի մայիսի դրությամբ: Այդ կերպ նա ոչ միայն Կրեմլին, այլեւ իր ընդդիմախոսներին «իրազեկեց», որ ինքն է ավարտին հասցնելու Հայաստանի «շահերից» բխող «ճանապարհային քարտեզը» եւ Ռուսաստանի հետ կոնֆլիկտը լուծված է:  Սա մեկ բան է նշանակում. Ազգային ժողովում «գազային համաձայնագրերը» վավերացնելուց հետո դեկտեմբերի 24-ին Մոսկվա մեկնած Սերժ Սարգսյանը ոչ միայն իր, այլեւ Տիգրան Սարգսյանի համար է լուծել իշխանության գլխին մնալու խնդիրը: Ու հասկանալի է նաեւ, թե ինչու էր Սերժ Սարգսյանը պարտադրել Հովիկ Աբրահամյանին ԱԺ-ում ապահովել ողջ կոալիցիայի ներկայությունը՝ մեծից մինչեւ փոքր (առավելագույն 77-ից 72 պատգամավորի մասնակցությունը):  

Պատահական չէ, որ ի տարբերություն 2011թ. ամռան, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր տիկնոջ հետ պաշտոնական այց էր կատարել Հայաստան, իսկ նրանց պատվին նախագահականում կազմակերպված ընթրիքին հրավիրված էր Ռոբերտ Քոչարյանը, ապա այս անգամ դեկտեմբերի 2-ին նախագահական ընթրիքին նա հրավիրված չէր: Եւ անգամ հավուր պատշաճի չգնահատվեց ՀԱՕԿ-ի տարեվերջյան ընդունելության ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ միասին Սերժ Սարգսյանի կենացը ոտքի վրա խմելու ժեստը: Տիգրան Սարգսյանի շուրթերով պատերազմը հայտարարված է...

Հետգրություն: Չնայած բերված վերլուծությանը, բացառված չէ, որ հերթական անգամ աճող ընդդիմադիր տրամադրությունները կառավարելի պահելու համար Սերժ Սարգսյանը հրապարակ է բերում իր «մրցակցին»՝ Ռոբերտ Քոչարյանին, ում օգնությամբ բոլոր վճռորոշ ընտրությունների ժամանակ կարողացել է վերահսկել անվերահսկելիներին: Այդ դեպքում պետք է եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանը մարտի է գնում միայնակ եւ դա Սերժ Սարգսյանի համար նրանից ազատվելու անուղղակի միջոց է: Թեպետ, վերլուծության մեջ առկա վարակածի օգտին փաստերը նույնպես ծանրակշիռ են:

Մեկնաբանություններ (3)

Armen
Pastoren Styopiky Ira moskai titxosy ardaracrec.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրոք ճիշտ վերլուծություն է: Բոլոր 3 նախագահներն էլ ԱՊԱԶԳԱՅԻՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ համար ոչի՛նչ չարած/չանող «քաղաքական» 'գործիչներ' են: Բոլոր պատրանքները ՊԱՏՌՎԵԼ են:Ռուսաստանը հայի բարեկամը ՉԷ ,ՄՄ-ն՝ ծուղակ է,իսկ ՀԱՊԿ-ը՝ բլեֆ:Այսօր Հայաստանի ԻՍԿԱԿԱՆ ընդդիմադիր քաղաքական առաջնորդը Զարուհի Փոստանջյանն է.սա փաստ է:Եթե հայը համախմբվի վերջինիս/վերջիններիս շուրջ,միգուցե ազատագրվի ռուսի (ու հայ գողական-մաֆիայի) լծից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչպես արդեն գրել եմ՝ քանի դեռ ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ը ուժի մեջ է,Հայաստանում երբե՛ք դեմոկրատիա չի լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter