Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Դաստակերտի հանքը Ռիմային չի հետաքրքրում



5-ամյա Ռիման տատիկին ստիպված է «մամա» կանչել, քանի որ իր բոլոր տարիքակիցների պես «իսկական մամա» չունի: Նրա ծնվելուց հետո հայրը մեկնել է Ռուսաստան, իսկ մայրը՝ Ղարաբաղ: Երկուսն էլ ամուսնացել և մնացել են այնտեղ: Ռիմային իր խնամակալության տակ է վերցրել տատը՝ մոր մայրը:

Ռիման Սիսիանի շրջանի Դաստակերտ բնակավայրից է (որը պաշտոնապես քաղաք է անվանվում, սակայն ավելի շատ լքված գյուղի է նման), ապրում է հայտնի 4-հարկանի շենքում, որտեղ հիմնականում բնակվում են գյուղի անապահով ընտանիքները:  

Փոքրիկը տանը մնալ չի սիրում, քանի որ իր մեծահասակ քույրերն ու եղբայրները (մորաքույրներն ու քեռիները) խոսում են «ուրիշ բաներից», որն իրեն հետաքրքիր չէ: Տնից հեռու գնալ էլ չի կարող. գրեթե ողջ օրը նստում է իրենց շենքի մոտ գտնվող ավտոտնակի դիմաց ու նայում շուրջը:

Բացի այդ՝ Ռիման գրեթե համոզված է, որ մայրիկը շուտով պիտի գա, և ուզում է՝ ինքն ամենաառաջինը տեսնի նրան. «Մյուս մամաս ասել էր, որ աղբորս հարսանիքին պիտի գար, էն էլ չեկավ: Բայց կգա չէ՞... դե որ ասել ա, կգա էլի»,- ինձ և իրեն համոզելով՝ ասում էր Ռիման:

Այս տարի Ռիման դպրոց է գնալու, ուզում է աշակերտ դառնալ, բայց դեռ տետրեր ու գրիչներ չունի: Նա չի բողոքում այդ փաստից, քանի որ հասկանում է, որ տատիկն էլ՝ «փող չունի»:

Տատիկը՝ Սեդա Մաթևոսյանը, բացի Ռիմայից 8 երեխա էլ ունի, որոնցից 2-ն անչափահաս են:

«Բայց նրանց համար չեմ անհանգստանում. նրանք գոնե անցած տարիներից հին-մին շոր ունեն, բայց էս էրեխեն ոչ մի շոր չունի, որ ուղարկեմ դպրոց»,- ասում է Սեդա Մաթևոսյանը, որ Դաստակերտի ավագանու անդամ է:

Տան միակ աշխատողը նրա տղան է. «Հանքում ստանոկի վրա էր աշխատում, էն էլ արաբները հանեցին, դրեցին պահակ: Ամուսինս էլ 60-ն անց է, բայց հազար ջահելի գործ կանի. արաբներն ասում են «Բաբա մեծ մարդ, բաբա չի կարա աշխատի»: Ինչի՞ չի կարա... էհ, լավ է»,- հուսահատվում է Ռիմայի տատիկը:

Դաստակերտցիներն իրենց «կյանքից կտրված» են համարում, քանի որ շրջկենտրոն Սիսիանից իրենց գյուղ հասնելու համար մոտ մեկ ժամ է հարկավոր: Բացի այդ՝ ճանապարհները կիսաքանդ են և դժվարանցանելի: Դաստակերտում պղնձի հանքի շահագործման փորձեր են արվում, ինչը գյուղի բնակիչների միակ հույսն է՝ աշխատանք ունենալու, «կյանք մտնելու»:

Ռիմայի համար հանքի շահագործումը հեչ կարևոր չէ. նա գիտի, որ մի օր «գառաժի մոտից» կտեսնի իր «իսկական մամային»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Անահիտ12:11 - 17 օգոստոսի, 2011
Պարոն Սերժ Սարգսյան ոչ թե ամեն օր գնացեք տարբեր երկրներ հանդիպումների ու անօգուտ ստորագրություններ կատարելու այլ մնացեք Ձեր երկրում ու օգնեք գոնե էս վիճակի հասած մարդկանց ,հակառակ դեպքում գալուա մի օր ,որ մենակ Էն բարձր պաշտոնյաներն են մնալու ,ու բոլորս սոված ծարավ կոտորվելու ենք
2. Natik Qocaman 13:37 - 18 օգոստոսի, 2011
Все дети мира заслуживают материнскую любовь. Когда "родина мать" продает своих граждан, особенно детей, о чем можно говорить? Нынешняя Армения со своей агрессивной политикой не только предала соседей, но и своих граждан. Любите детей. Все чистое и человечное у них, Не губите в себе ребенка, Спасибо Het.am за объективность.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ