HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերձորյան առճակատման հետևանքը. Արվեստի դպրոցի վերաբնակ տնօրենն ազատվել է աշխատանքից և վերադարձել Երևան

Այս տարվա փետրվարին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա հեռացել է Քաշաթաղից և վերադարձել Երևան:

Գոռ Մանուկյանի՝ Քաշաթաղից հեռանալու պատճառը շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ ունեցած հակասությունն էր, որը տեղափոխվել էր իրավական հարթություն: Գոռ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարն ամեն կերպ ուզում էր հեռացնել իրեն աշխատանքից, քանի որ ինքը չի ենթարկվել նրա ոչ իրավաչափ հրահանգներին: Այդ պատճառով իրեն տույժի ենթարկելու հրաման է տվել՝ հայտարարելով խիստ նկատողություն այն բանի համար, որ ինքը մեկնել է գործուղման Ս. Խաչատրյանից թույլտվություն չստանալով: Գոռ Մանուկյանը դատարանում վիճարկում էր վարչակազմի ղեկավարի այս հրամանը: Տնօրենը պնդում էր, որ իր` տնօրենի լիազորությունները և պարտականությունները կատարելու համար վարչակազմի ղեկավարից թույլտվություն ստանալու կարիք չկա, և չկա այդ պարտավորությունը սահմանող որևէ օրենսդրական ակտ: Մինչդեռ Սուրեն Խաչատրյանն էլ պնդում էր, որ որևէ հակասություն չկա իր և Գոռ Մանուկյանի միջև, և այդ ամենը աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում էր:

Բացի դատական գործից, ԼՂՀ  ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելու հատկանիշներով:  ԼՂՀ դատախազության հաղորդագրության համաձայն` Գոռ Մանուկյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, իր հանձնարարությամբ 2011-2013թթ. ընկած ժամանակահատվածում խմբակավարների միջոցով կազմակերպության արվեստի բաժնի խմբակների սաներից յուրաքանչյուր ամիս հավաքագրել էր 600-ական դրամ գումար և մուտքագրել կազմակերպության դրամարկղ` հիշյալ անձանց շահերին պատճառելով ընդհանուր 1.071.000 դրամի չափով գույքային վնաս: 

Տնօրեն Գ.Մանուկյանի նկատմամբ երկրորդ մեղադրանքը վերաբերում էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելուն: Ըստ այդմ, Գոռ Մանուկյանը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու նպատակով, 2012-2013թթ. ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպության աշխատակից, Միջնավան քաղաքի պարի խմբակների խմբակավար-պարուսույց Կարեն Մարտիրոսյանի կողմից իրականում չպարապած դասաժամերի համար վերջինիս է վճարել ընդհանուր 209.305 դրամ աշխատավարձի գումար` վատնման եղանակով պետությանը պատճառելով զգալի չափով գույքային վնաս:

Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին քրեական գործը կարճվեց: Գ. Մանուկյանը ստացել է ԼՂՀ քննչական վարչության որոշումն առ այն, որ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի և նրա տեղակալի կողմից տրված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ եթե կան օրենքի խախտումներ, ապա դրանք ոչ թե դպրոցի տնօրենի, այլ դպրոցի լիազոր մարմին հանդիսացող Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի թերացումն է:

Սակայն դատարանում դեռ ընթանում էր Գոռ Մանուկյանին խիստ նկատողություն հայտարարելու փաստով գործը: Մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն, Շուշիի առաջին ատյանի դատարանը մերժել է Գոռ Մանուկյանի հայցը, որով նախկին տնօրենը պահանջում էր անվավեր ճանաչել վարչակազմի ղեկավարի տույժի ենթարկելու հրամանը: Գոռ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ֆինանսական խնդիրների պատճառով վերջին նիստերին չի կարողացել ներկայանալ և ապացույցներ ներկայացնել դատարանին: Հավանաբար դա է եղել պատճառը, որ դատարանը չի բավարարել իրենց հայցը:

Գոռ Մանուկյանը ազատման դիմումում նշել է, որ Սուրեն Խաչատրյանի ստեղծած խոչընդոտները կաթվածահար էին արել դպրոցի աշխատանքները, և դրա իրավական կողմն ապահովելն իր վրա էր վերցրել շրջանի ոստիկանությունը, որը ջանք չի խնայել բացահայտել «դարի հանցագործությունը»: Իսկ նման պայմաններում աշխատելն անհնարին էր դարձել, և իրավիճակից դուրս գալու համար ստիպված է եղել մեկ տարի փաստաբաններ վարձել:

«Արդյունքում վերաբնակեցվող շրջանից ժամանակավորապես կմեկնի ևս մեկ բնակիչ՝ իր ընտանիքով, որն իր իրավունքները պաշտպանելու համար կուտակել է մեծ պարտքեր և մարելու համար անցնելու է ավելի բարձր վարձատրվող աշխատանքի: Ձեր «հետևողական» աշխատանքի արդյունքում շատ վերաբնակիչներ հայտնվում են նման իրավիճակում, որը ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում ուղղակի անթույլատրելի է: Շրջան, որտեղ առկա են բազմաբնույթ և շտապ լուծումներ պահանջող խնդիրներ: Իսկ դուք ինչով եք զբաղվում...»,- ազատման դիմումում գրել է Գոռ Մանուկյանը: 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Դրանց տեսակի հետ «քյալլա տալ» չկա, - գլուխդ առ ու փախիր!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter