HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը

Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ Սողոմոն Քոչարյանը 1995թ. մահապատժի է դատապարտվել: Նա մեղադրվել էր պարսկահպատակ ադրբեջանցու՝ Իրաջ Փուր Միրզա-Բեկի սպանության մեջ:

«Հետքը» փորձում էր գտնել այս քրեական գործին ծանոթ պաշտոնյաների, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել նախաքննական ու դատավարական պրոցեսում, ովքեր կխոսեն Սողոմոն Քոչարյանի դատավարության մասին՝ ինչպես է եղել, որ Արցախյան պատերազմի մասնակիցը հայտնվել է «Նուբարաշենի» մահապատժի դատապարտվածների հարկում: Քրեական գործի նյութերում գտա դատախազ Ժիրայր Խառատյանի անունը, ով մեղադրանքը պաշտպանողն էր:

«Ես վավերապատում եմ հեղինակել ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ժիրայր Խառատյանի մասին: Այնտեղ նա, ինձ հետ հարցազրույցում, անդադարձել էր Սողոմոն Քոչարյանի դեպքին: Դեպքն արտառոց էր, և ինձ էլ էր շատ հետաքրքրել, թե ինչպես է եղել, որ մեր ազատամարտիկին մահապատժի են դատապարտել: Սկսեցի փնտրել համացանցում: Սողոմոն Քոչարյանի մասին «Հետքի» հրապարակումների ու ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի՝ Սողոմոնի մասին պատմող հոդվածների միջոցով ես ծանոթացա դեպքի մանրամասներին: Դուք էլ ինձ գտաք «Ֆեյսբուք» սոցիալական կայքով»,-«Հետքի» հետ զրույցում ասաց արձակագիր Սամվել Խալաթյանը, ով հեղինակել է «Դատախազը» վավերապատումը: Այն պատմում է 1990-ականներին դատավճիռների ու վճիռների օրինականության հսկողության բաժնի ավագ դատախազ, այնուհետև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, այժմ թոշակի անցած ՀՀ դատախազության պատվավոր աշխատող Ժիրայր Խառատյանի կյանքի ու դատախազական գործունեության մասին, այն նույն Ժիրայր Խառատյանի, ում փնտրում էի:

Սամվել Խալաթյան

Հենց 75-ամյա նախկին դատախազն էլ՝ իր մասին վավերապատման մեջ բացահայտում է, որ հետախույզ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճռը քաղաքական ճնշման հետևանք է եղել: Այն էլ քաղաքական պատվերն ու ճնշումը եղել են մեկ այլ պետության՝ Իրանի իսլամական հանրապետության կողմից:

Հանդիպեցի նախկին դատախազ Ժիրայր Խառատյանին՝ հարցազրույց վարելու ակնկալիքով: Ցավոք, ստացա մերժում. նա ասաց, որ չի սիրում հարցազրույցներ տալ, բայց լավ հիշում է ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի դեպքը: Պատմեցի, որ գործին ծանոթացել եմ դատարանների արխիվում, որ Սողոմոնի ընտանեկան վիճակը լավ չէ, որ 19-ամյա դուստրը ինքնասպան է եղել 2 ամիս առաջ, կինը մահացել է 2 տարի առաջ, որ հետախույզին ներում շնորհելու խնդրանքով տասնյակ հայտնի մարդիկ դիմել են ՀՀ նախագահին, բայց պատասխան անգամ չեն ստացել: Դատախազն այս մանրամասների մասին չգիտեր: Նա հորդորեց Քոչարյանի մահապատժի դատավճռի մանրամասների մասին իր տեսակետը գտնել Սամվել Խալաթյանի «Դատախազը» գրքում: 

Իմ ձեռքում է արձակագիր Սամվել Խալաթյանի  «Դատախազը» վավերապատումը (լույս է տեսել այս տարի), որտեղ 141-143 էջերում  «Լոռու մարզ» թերթում 2014 թ-ի մարտի 14-ին հրապարակված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե եղել են դեպքեր, երբ օրենքի շրջանակներում ցանկացել եք օգնել մեկին, բայց չի հաջողվել և դա ծանրացել է Ձեր խղճին, կարդում ենք հետևյալը. «Ցավոք, եղել են այդպիսի դեպքեր: Աշխատում էի դատավճիռների ու վճիռների օրինականության հսկողության բաժնում՝ ավագ դատախազ: Մեր գործը Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանելն էր: Հերթական մի գործի վարույթի ծանոթացումից պարզվեց հետևյալը. Գորիս-Կապան ճանապարհի ոլորանում դիպուկ կրակոցով սպանվել էր Իրանից եկող ավտոմեքենայի վարորդը…պարզվել էր, որ սպանությունը կատարել է Ք.-ն (գրքում Սողոմոն Քոչարյանի ազգանվան առաջին տառն է գրված-հեղ.): Վարույթից բացի, պահանջեցի նաև քրեական գործը և պարզվեց, որ սպանություն կատարողը Արցախյան պատերազմի ժամանակ հակահետախուզությունում է ծառայել, մասնակցել է մարտական գործողությունների, վիրավորվել է ու այդ պատճառով անցել է թոշակի: Դրանից հետո բազմանդամ ընտանիք ունեցող Ք.-ն մոռացության է մատնվել, որևէ մեկը նրանով չի հետաքրքրվել…ըստ իր ցուցմունքի, ընտանիքը սովից փրկելու համար է գնացել այդ քայլին՝ հույսով, որ վարորդի մոտ մեծ գումար կլինի: Մինչդեռ պարզվել է, որ սպանվողի մոտ ընդամենը 100 դոլար է եղել»: 

Հետո դատախազ Ժիրայր Խառատյանը բաժնի պետի հետ ներկայացել է ծառայությունը համակարգող դատախազի տեղակալին՝ դատաքննության մասին զեկուցելու: Վերջինն էլ հայտնել է, որ գործը քաղաքական աստառ ունի, որ Իրանը մեզ հետ բարեկամական հարաբերությունների մեջ է, դեպքն աններելի արտառոց է, որ Իրանի դեսպանը մի քանի անգամ եղել է Գլխավոր դատախազի մոտ և պահանջել խիստ պատժի ենթարկել մեղավորին. «Ճիշտ է, հանցանքը կա, բայց նա այն մարդը չէ, որ գնդակահարություն պահանջենք, ծառայություններ ունի հայրենիքին, պետք է դատապարտել 15 տարվա ազատազրկման»,-կարծիք է հայտնել դատախազ Խառատյանը: Տեղակալն անմիջապես առարկել է՝ ասելով «Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ աղմուկ կլինի»:

«Մարդը ծառայել է ամենավտանգավոր տեղամասում, մասնակցել մարտերի, վիրավորվել է ու հանիրավի անտարբերության մատնվել: Թշնամուց երկիր է պաշտպանել, որ իր երեխաներն այդ երկրում սովի՞ մատնվեն: Ի վերջո, 15 տարվա ազատազրկումն էլ խիստ պատժաչափ է»,-գլխավոր դատախազի տեղակալին ասել է Ժիրայր Խառատյանը, բայց չեն համաձայնել: Դատախազ Խառատյանը որոշել է զեկուցագիր գրել, հայտնել իր կարծիքը ու հեռանալ պաշտոնից: Գրել է ու վարույթի գործերի հետ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին: Նա կանչել է երեքին:

«Ընդունարանում պարզվեց, որ պետք է սպասենք, քանի որ գլխավոր դատախազի մոտ Իրանի դեսպանն էր: Գլխավոր դատախազն (Արտավազդ Գևորգյան՝ 1990-97թթ. ՀՀ գլխավոր դատախազ-հեղ.), ով իմ դասախոսն էր եղել և ինքն էր ինձ նշանակել այդ պաշտոնում, չափազանց մտերմությամբ բացատրեց, որ այլընտրանք չկա, դեսպանը պատժի առավելագույն չափն է պահանջում, հակառակ դեպքում մեծ սկանդալ կբարձրացնի»,-պատմում է դատախազ Խառատյանը:

Մահապատժի դատավճիռն արդեն իրողություն էր, սակայն այն ի կատար չէր ածվում. մորատորիում էր հայտարարված: Դատախազի սրտից այդժամ մի մեծ քար է ընկել, սակայն «խիղճս դարձյալ ծանրացած է, որ չկարողացա պատիժը մեղմացնել, որովհետև եթե նա դատապարտվեր 15 տարվա ազատազրկման, պատիժը լրանալուց հետո կազատվեր…»,-գրում է դատախազը, ով ասում է, որ Սողոմոն Քոչարյանի փախուստների մասին իմանալով, մտավախություն է ունեցել, թե նա իր ու դատավորի հետ հաշվեհարդար կտեսնի: Նշենք, որ երկու անգամ խցակից Մհեր Ենոքյանի հետ փախչելով բանտերից՝ նրանք ազատության մեջ չեն կատարել որևէ հանցանք: Նշել են, որ դրանք ակցիաներ են, որպեսզի իրենց դատավճիռները վերանայվեն:

Հ.Գ. «Հետքը» դեռևս դեկտեմբերին դիմել է ԱՆ ՔԿՎ, որպեսզի թույլտվություն ստանա մահապատժի դատապարտված (2003 թ-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի հետ հարցազրույց անցկացնելու համար, սակայն մեր դիմումը դեռ չի բավարարվել: Համաձայնության դեպքում կներկայացնենք նաև 19 տարի բանտում գտնվող ու գրեթե ողջ ընտանիքը կորցրած նախկին հետախույզի հետ մեր զրույցը:

Առաջին լուսանկարում՝ ձախից՝ Ժիրայր Խառատյանը և Սողոմոն Քոչարյանը

Մեկնաբանություններ (6)

արամ
Սաֆարովին հէրոսացրին իսկ Սողոմոնին ցնդակահարություն
ՄԱՐՏԻ 1
Հաաա, փաստորեն Հայաստանում շարիաթի օրենքն էր գործում ՀՀՇ-ի օրոք, բա հիմա՞ որ օրենքն ա գործում։ Լավ, ի՞նչ անենք էս մարդը դուրս գա բանտից, ասեք, հուշեք, գնամ վրես բենզին լցնեմ ինձ վառեմ դատախազության առաջ, որ իմանաամ կօգնի՝ կանեմ, մենակ թե էլ էսպիսի բաներ չլինեն մերոնց հետ
Զարուհի
Ցանկացած իրավական երկրում միայն այս հրապարակումները շարքը բավարար կլիներ, որ ուսումնասիրվեր գործը: Ես ծրագրել եմ զրուցել նաև Սողոմոնին դատող դատավորի, արդեն թոշակի անցած դատավոր Մհեր Խաչատրյանի հետ: Հույս ունեմ, որ կարդալով այս հոդվածն ու տեսնելով, որ դատախազ Խառատյաը խոսել է ԻԻՀ դեսպանի կողմից դատախազության ճնշման մասին, միգուցե ինքն էլ կխոսի այդ քաղաքական ճնշման մասին, կասի, որ նույն ճնշումը նաև դատարանի վրա է եղել: Պարզապես չգիտեմ, թե էլ ինչ փաստ է պետք ջրի երես բերել, որ այս ու էլի մի քանի ցմահ դատապարտյալների գործերը վերանայվեն:
ՀԱՅՈՒՀԻ
Այ հայ արդարադատություն, Ադրբեջանը հայի գլուխ կտրած մի անասունի ազգային հերոսի կոչում է տալիս իսկ դուք ադրբեջանցու ոչ դիտավորյալ սպանության համար մարդուն բանտում փդցնում եք, բա դուք խիղճ ունե՞ք, բա դուք հայ ե՞ք, լավ, բա դուք ԹԱՍԻԲ ունե՞ք
hasmik
հայ հետախույզին թուրք սպանելու համար ցմահ եք դատապարտում, որովհետև ինչ որ մեկի կամքն եք կատարում, ինչպես պետությունն է դարձել վասալ, նույնն էլ արդարադատությունն է վասալ, ստրուկ, արժանապատվությունից զուրկ, ափսոս որ այս բոլորը Սողոմոնի և նրա պեսների վրա եք կարողանում կոտրել, սրիկաներ
ՄԱՐՏԻ 1
ասեք, ի՞նչ անենք, ես չեմ դիմանում ուզում եմ մի բանով օգնել, ո՞նց մեր հայրենակից արդարադատների ԽԻՂՃԸ (եթե ունեն) մի քիչ շարժենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter