HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրյուսելը սպասում է, իսկ Երեւանը ակնկալում է Փարիզի միջնորդությունը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Մայիսի 12-ին եւ 13-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները Հայաստան-ԵՄ ասոցացման «ողջամիտ, եզակի, բացառիկ» մոդել գտնելու մասին թերեւս ամբողջ խորությամբ մեկնաբանության կարոտ են:

Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացման ժամանակ ֆրանսիայի նախագահը, նշելով, որ «Հայաստանը նույնպես եվրոպական հեռանկար ունի», որի մասին ՀՀ նախագահը «վերահաստատել է 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում», մասնավորապես հայտարարեց. «Մենք պետք է ստեղծենք Եվրոպա-Հայաստան համագործակցության (ֆրանսերեն բնագրում “համագործակցություն” բառը բացակայում է-Ս.Ս.) ասոցիացիա, բայց այնպես, որպեսզի այն չհակասի Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի հետ Հայաստանի հեռանկարներին:Կարծում եմ՝ կարող ենք գտնել ողջամիտ, եզակի, բացառիկ մոդել՝ ընդունելով Հայաստանին որպես մի երկրի, որը միաժամանակ կապված է իր աշխարհաքաղաքական միջավայրին, տարածաշրջանին եւ որը ցանկանում է Եվրոպայի հետ մասնակցել ընդհանուր ծրագրի, մասնավորապես մարդու իրավունքների, քաղաքական երկխոսության եւ ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցության դաշտում» (ֆրանսերեն բնագիր տեսանյութը՝ Նախագահ Օլանդի պաշտոնական կայքում:

Նույն օրը երեկոյան՝ լրագրողների հետ հարցազրույցում նախագահ Օլանդը վերահաստատեց այդ միտքը, այդպես էլ չսահմանելով, թե ի՞նչն է «ասոցացման» մոդելի առանձնահատկությունը. «Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»: Ապա երկրորդեց՝ «Հայաստանը կարող է համատեղել ԵՄ-ի հետ հարաբերություններն ու Ռուսաստանի հետ առեւտրային միությունը։ Ինձ համար դա խնդիր չէ։ Հարկավոր է աշխատել այդ սցենարի վրա»:

Իր հերթին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ ֆրանսիական «Ֆիգարո» թերթի լրագրողի հարցին, հայտարարեց. «...անդամակցելով Մաքսային միությանը՝ չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք կամ իսպառ վերացնում ենք Եվրամիության հետ մեր հարաբերությունները, ընդհակառակը, պարոն Օլանդի հետ հենց այդ մասին էինք խոսում, որ շատ ցանկալի կլիներ, որպեսզի ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի Հանրապետության համար: Այնպես որ, մենք շարունակելու ենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը, որովհետեւ այդ հարաբերությունները ոչ միայն հնարավորություն են մեզ համար՝ վերադառնալու մեր արմատներին, այլ նաեւ արագ բարեփոխումներ իրականացնելու մեր երկրում»:

Հաշտեցնել երկու ինտեգրացիոն սխեմաները, բայց՝ որոշակիություններ մտցնելով

Հնչեցված հայտարարություններում անակնկալն ամենեւին եվրասիական եւ եվրոպական ինտեգրումները հաշտեցնելու միտքը չէ, ինչի խնդիր դրված է անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին: Դրա անմիջապես հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովը մամլո հաղորդագրություն տարածեց, որում «ի գիտություն էր ընդունել Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը» եւ «ակնկալիք հայտնել Երեւանից ավելի լավ հասկանալու, թե որո՞նք են նրա ցանկությունները, եւ ինչպե՞ս են նրանք ցանկանում ապահովել դրա համատեղելիությունը Ասոցացման համաձայնագրով ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրով ստանձված հանձնառությունների  հետ»: Եվրոպական հանձնաժողովը երկկողմ հարաբերություններում առաջ շարժվելու մասին իր եզրահանգումները պայմանավորեց այդ խնդրով Երեւանի հետ խորհրդատվություններն ավարտելու հետ:

Այսինքն, առաջին անգամ չէ, որ Եվրամիության կամ հայ պաշտոնյաները խոսում են երկու ինտեգրացիոն սխեմաները հաշտեցնելու մասին: Ավելի ստույգ՝ Բրյուսելը սպասում է այդ կապակցությամբ Երեւանի պատկերացումներին, քանի որ հենց վերջինս է պնդել, որ դրանք կարող են համատեղվել: Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ թերեւս նորություն է այդ համատեքստում «ասոցացում» եզրույթի օգտագործումը, այն էլ՝ վերջին ամիսների զարգացումներից հետո:  

«Ե’ւ,..Ե’ւ», «Կա’մ,... Կա’մ», թե՞ «Ո’չ,... Ո’չ» շարքի առաջին մասում հանգամանորեն անդարադարձել էինք փետրվարի 6-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովում միասնական փաստաթուղթ ընդունելու պատմության նրբերանգներին: Այդ ժամանակ Բրյուսելը խորհրդարանական ձեւաչափով առաջարկել էր

1.) աուտենտիկ փաստաթղթի կարգավիճակ տալ ԵՄ-ի հետ երեքուկես տարի բանակցված Ասոցացման/ԽՀԱԱՀ համաձայնագրերին` նշելով, թե դրանք նամակների ծանուցման տեսքով արդեն իսկ տեխնիկապես ավարտուն են եւ կարող են ապագայում օգտագործվել, երբ քաղաքական զարգացումները թույլ տան,

2) ներկա պահին դրա անգործածելիության պատճառով բանակցել «Մեղմ ասոցացման համաձայնագրի» կամ «Գործընկերութան եւ Համագործակցության պայմանագիր գումարածի» շուրջ, քանի որ նախկինում իրագործված երկկողմ պայմանագիրը հնացած է,

3) դրա շուրջ բանակցելու համար բոլոր շահառուները արագ եւ հստակ որոշակիացնեն այն բոլոր բնագավառները, որտեղ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը համատեղելի կլինի Մաքսային միությանը անդամակցելու հետ, եւ Երեւանը հստակ ասի, թե որ ոլորտներ ինքը «չի մտնի» Մաքսային/Եվրասիական միություններին անդամակցելիս:

Այս ամենին ի պատասխան պաշտոնական Երեւանը առաջարկել էր

1) տեքստից դուրս հանել «ասոցացում» բառը պարունակող բոլոր ձեւակերպումները,

2) փակուղում հայտնված Ասոցացման համաձայնագիրն ընդամենը օգտագործել նոր պայմանագրային բազա ստեղծելու համար, որը կբխի միեւնույն արժեքային համայնքին պատկանող Հայաստանի ու ԵՄ-ի դավանած ընդհանուր արժեքներից,

3) տեքստում թողնել ՄՄ-ի ու ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների համատեղելիության ընդհանրական դրույթը:

«Ասոցացում» եզրույթը  եւս մեկ անգամ հայտնվեց փետրվարի 10-ին ԵՄ խորհրդի նիստում քննարկված ու ԵՄ արտգործնախարարների հաստատած «Արեւելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» փաստաթղթում, որը պայմանականորեն ստացավ «Եվրոպական փաթեթ» անվանումը: Դրանով առաջարկվեց «մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր) ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար»:

Թերեւս, Բրյուսելը կարող էր հույսեր փայփայել, որ մոտ ապագայում կամ երբեւէ քաղաքական հանգամանքները թույլ կտան հասնել առավելագույնին՝ Ասոցացման համաձայնագրի ու դրա մասը կազմող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրմանը, սակայն, չբացառելով նվազագույն նպատակը, Հայաստանի հետ պայմանագրային բազայի թարմացումը «Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի» հիմքի վրա:  Սակայն, կոնսենսուսը չկայացավ, քանի որ հայկական կողմը դրա դիմաց առաջարկեց լուծում տալ Հայաստանի շրջափակմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի եւ ԼՂՀ-ի անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրների, ինչին առարկեց եվրոպական կողմը: Մարտի 6-ին նույնաբովանդակ «գործարքի» առաջարկ արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում, սակայն մնաց անարձագանք

Մարտի 20-ին «ասոցացման» թեման կարծես թե իսպառ փակվեց, երբ Բրյուսելում ստորագրվեց Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը (տնտեսական մասը՝ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը տեղափոխվեց ամիսներ հետո): Այդ օրը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ անունից առաջարկ կատարեց. «Այս փուլում մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը եւ բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ»: 

Առաջարկը ոչ միայն մերժվեց տեղում՝ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթերին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչի, այլեւ մի քանի օր անց՝ ԵՄ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատար Կառլ Բիլդտըի կողմից, ով հայտարարեց. «Հայաստանը չի կարող ակնկալել, թե ԵՄ-ի իրեն կդիտարկի Ուկրաինայի հետ նույն շարքում, քանի որ նա խաղում է այլ լիգայում»:  

Մի տեւական շրջան Հայաստանի «ասոցացման» կամ դրա քաղքական մասը ստորագրելու թեման փակված էր վերը հիշատակված մերժումների արդյունքում: Դա անգամ նկատելի էր ապրիլի 25-ին Չեխիայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներից:

Գնահատելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը անցած հինգ տարիների ընթացքում ու Հայաստանի համար ինտեգրացիոն հնարավորությունները, նաեւ դեմ արտահայտվելով դրա դիմաց թանկ գին վճարելուն, Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձեւավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձեւաչափերի հետ: <...> Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արեւելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «եւ՛, եւ՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն եւ ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները եւ ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով»:

Թերեւս, հենց այստեղ Սերժ Սարգսյանը ինքն ակնարկեց, որ Հայաստանի համար միեւնույնն է, թե ապագա համագործակցության համար ինչ գործիք կընտրվի՝ ասոցացո՞ւմ, թե՞ գործընկերության եւ համագործակցության պայմանագիր: Այս առումով նա հորդորեց դասեր քաղել ԱլԳ ձեւավորման փուլում պատշաճ ուշադրության չարժանացած այն խնդրից, երբ «հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով եւ հնարավորություններով», ինչի պատճառով էլ «տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը այդպես էլ չաշխատեց»: Նրա թիրախում իհարկե առաջին հերթին Ադրբեջանն էր, որի նախագահի հետ թեժ լեզվակռիվ տեղի ունեցավ Պրագայում՝ վերջինիս մեղադրելով Թուրքիայի փաստաբանը լինելու մեջ: Սերժ Սարգսյանը նաեւ վերստին հորդորեց չկասկածել «Հայաստանի շահագրռությանը Արեւելյան գործընկերության ձեւաչափի հետագա զարգացման հարցում», որը պետք է «շարունակի ծառայել իր հիմնական նպատակին՝ բաժանարար գծերից զերծ, կայուն ու բարեկեցիկ միասնական Եվրոպային». «Գործընկեր երկրներից որեւէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»:

Իսկ ելույթի ամենասկզբում Սերժ Սարգսյանը հերթական անգամ (Դուբլինի ելույթի հանգույն) չվարանեց եվրոպական ինտեգրացիայից Հայաստանի լիակատար օգուտները եւ Արեւելյան գործընկերության կայացման դժվարությունները կապել «բոլոր մասնակից պետությունների կենսական շահերին» ԱլԳ-ի արձագանքի եւ «գործընկեր պետությունների միջեւ լիարժեք փոխգործակցության» բացակայության հետ: Նա Հայաստանի համար այդպիսի առաջին կենսական խնդիր համարեց Թուրքիայի հետ փակ սահմանների ապաշրջափակումը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը՝ եվրոպական արժեքների վրա հիմնված, «ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանող կառավարման համակարգ ունեցող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստացի իրագործումը «դե յուրե» ամրագրելու անհրաժեշտությունը»:

Դրանից օրեր անց՝ ապրիլի 27-ին (հատկանշական է, ապրիլի 29-ին Մաքսային միությանը Հայաստանի ենթադրյալ միանալու հայտարարությունների խորապատկերին) ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռանել Մորելը լրատվամիջոցերից մեկին տրված հարցազրույցում վերաթարմացրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման թեման: Ըստ լրատվամիջոցի վկայակոչման՝ նա ասել էր, թե «Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կնքել նույնիսկ ապրիլի 29-ին Մաքսային միություն մուտք գործելուց հետո»: 

Իհարկե, դեսպանը շտապել էր ասել, թե Հայաստանի եւ ԵՄ միջեւ փաստաթուղթն ամենայն հավանականությամբ այլ անուն կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրն» համագործակցության այլ շրջանակների է վերաբերում, եւ կարեւորը ոչ թե անունն է, այլ բովանդակությունը. «Ինչո՞ւ ոչ: Սա մեր ցանկությունն է գերմանական կողմից եւ կարծում եմ, նաեւ եվրոպական կողմից: Մենք կստորագրենք որոշակի փաստաթուղթ, սակայն պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը»: Խոսելով Ուկրաինայի եւ Հայաստանի դեպքերի տարբերություններից, դեսպան Մորելը նշեց. «Սակայն ի վերջո համաձայն եմ. երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են: Ուստի շատ կցանկանայի վերականգնել Հայաստանի հետ բանակցություները»:

Ապրիլի 29-ին Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու պայմանագրի դուրս մնալը Տրոյկայի գագաթաժողովի օրակարգից ավելի մեծ չափով բացեցին Բրյուսել-Երեւան բանակցությունների դուռը: Եւ ահա, Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Օլանդը խոսում է ԵՄ-ին Հայաստանի ասոցացման «հատուկ մոդելի» մասին, Սերժ Սարգսյանն էլ ցանկություն է հայտնում Բրյուսելից ստանալ այդ առաջարկը:

Ակնհայտ է, Երեւանը խնդրել է Փարիզի միջնորդությունը: Սերժ Սարգսյանը հստակ ակնարկեց այդ մասին Ֆրանսուա Օլանդի պատվին տրված ճաշի ժամանակ իր բաժակաճառում.  «Հայաստանը գիտի, որ Ֆրանսիան իր կողքին է մեզ համար զգայուն ու կարեւոր բոլոր հարցերում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցություններում: Հայաստանը բարձր է գնահատում նաեւ բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը մեր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության զարգացմանը: Եվրամիության օժանդակությամբ մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ իրավական պետության ամրապնդմանը: Գիտակցելով, որ դեռ անելիքներ ունենք այս ճանապարհին՝ Հայաստանը հանձնառու է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ եւ այդ առումով կարեւորում է, իհարկե, Ֆրանսիայի հետեւողական աջակցությունը»: Մինչ այդ էլ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Օլանդի հետ քննարկել են «Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցը»:

Պատասխան բաժակաճառում Ֆրանսիայի նախագահը դեմ հանդիպման եկավ Սերժ Սարգսյանի ուղերձին.. «Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկիր, չի անտեսում այդ հակամարտության խաղաղ կարգավորման դյուրացման եւ ոչ մի ջանք: <...> Մինսկի Խումբը եւ Ֆրանսիան պետք է շարունակեն աշխատել, ամրապնդելու համար համաձայնության այն սկզբունքներն, որոնց մենք ծանոթ ենք բոլորս, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Այս երեք սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք հանրաքվեից հետո, որն այս առումով ոչ մի խնդիր չի հարուցում: <...> Գոհունակությամբ ենք արձանագրում Հայաստանի ցանկությունը` շարունակել համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Ես այդ համագործակցության հնարավոր մոդելի հավանական ուղղությունների մասին արդեն խոսել եմ: Հայաստանը կարող է Ասոցացման համաձայնագրով միանալ Եվրամիությանը, այն է` եվրոպական ոգուն, մտքին, եվրոպական ծրագրին, բայց այնպես, որ դա չխոչընդոտի Մաքսային, Եվրասիական միությանը Ձեր երկրի անդամակցությանը: Դա Ձեր ինքնուրույն ընտրությունն է, եւ դա ես կհարգեմ»:

Սակայն ասվածը ամենեւին չի նշանակում, թե ամիսներով անորոշության մեջ խարխափող Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղից շարժվել են: Այն, ինչ Օլանդը արեց Հայաստանում եւ Հարավային Կովկասի մյուս երկրներում, ընդամենը իր միջնորդական ծառայությունների առաջարկն էր, նաեւ՝ Մոսկվային ուղղված հանգստացնող ուղերձ, որ ԵՄ-ը հակասություն չի տեսնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ, եւ այդ երկրների առջեւ պայման չի առաջադրում կողմնորոշվելու Մոսկվայի ու իր միջեւ:

Նոր պայմանագրի անվանումը, իհարկե, հարցերից մեկն է: Եւ ակնհայտորեն, մինչեւ այժմ այդ հարցը չի որոշակիացվել՝ «մեղմ ասոցացո՞ւմ», թե՞ «խորացող գործընկերություն»: Իհարկե, Օլանդի կողմից «ասոցացման» եզրույթի օգտագործումը առիթ տվեց գործող իշխանությանը հայտարարելու, թե Եվրոպան արդեն սկսում է ըմբռնել Հայաստանի նախագահի դիրքորոշումները: Սակայն, ավաղ, հիմնական խնդիրը մնում է չլուծված, որին Բրուսելը արդեն ինը ամիս է, ինչ սպասում է. այն է՝ ե՞րբ է Երեւանը որոշակիացնելու այն ոլորտները եւ խնդիրները, որոնք պահովագրված կլինեն Մաքսային միության ներխուժումից:

 Հենց այդ մասին մայիսի 14-ին խոսեց ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ներկայացուցիչ Փիթեր Ստանոն: Նա անուղղակի կերպով արտառոց ոչինչ չնկատեց նախագահ Օլանդի խոսքերում, եւ հասկացրեց, որ դա այն է, ինչ Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ն եւ Հայաստանը պարտավորվել են՝ «հետագայում եւս զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում «Արեւելյան գործընկերության» շրջանակներում»:

Սակայն, Ստանոն խոսեց բանակցային առումով պահպանվող հիմնական դժվարության մասին. «Իրավական հիմքի վերանայումը ենթադրում է բարդ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն հայ գործընկերների հետ միասին, ԵՄ բոլոր անդամ երկրների եւ ԵՄ համապատասխան կառույցների մասնակցությամբ: <...> Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը պետք է հաշվի առնվի ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերանայման ժամանակ: Մենք սպասում ենք, որ հայկական կողմը ավելի հստակ նշի այն սահմանափակումները, որոնք բխում եմ ՄՄ-ի հետ հարաբերություններում իր պարտավորություններից, նաեւ այն, թե ինչ ձեւով են իրենց մտադիր կառուցել կապերը ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով իրենց նոր պարտավորությունները»:

Կկարողանա՞ իր միջոնրդական ծառայությունները արդյունավետ իրականացնել Ֆրանսիայի նախագահը նաեւ Բրյուսել-Երեւան առանցքով: Դա մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո, երբ հստակ կդառնա եվրոպայի քաղաքական ներկապնակը ու նաեւ այն, թե ո՞վ է թելադրելու ԵՄ քաղաքականությունը՝ ԵԺԿ-ը՞, թե՞ սոցիալիստները: Դժվար թե Օլանդը անգամ կարողանա լուծել Հայաստանի եվրաասոցացման հետ կապված մյուս խնդիրները՝ թուրքական շրջափակման վերացումը, որքան էլ նա պատրաստվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին լինել Ծիծեռնակաբերդում, կամ հայ-ադրբեջանական թնջուկը, քանի որ Բաքվում հայտարարել է, թե Ֆրանսիան չի կորցնի թե Հայաստանին, թե Ադրբեջանին:

Այս առումով, Օլանդի այցից միակ արդյունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ակտիվացմանը նպաստելն է ու Հայաստանին, Ադրբեջանին դրան միացնելը, ինչպես նաեւ՝ եվրոպայում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Բրյուսել-Երեւան բանակցությունները վերսկսելու հանդեպ Երեւանի մոտ շահագրգռություններ ստեղծելը:

Սակայն, Հայաստանը դժվար թե կարողանա անգամ այդ ժամանակ Բրյուսելին տալ իննամսյա վաղեմության հարցերի պատասխանները, որոնք չեն հստակեցվում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության առկախման ու հետաձգման պատճառով: Եւ դա այն պատճառով, որ որքան էլ մի կողմից հարթվում են Մաքսային միության եռյակի ներսում տարաձայնությունները Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցում, դրա հետ մեկտեղ նորանոր խոչընդոտներ են ի հայտ գալիս, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակումով:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter