HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ղարաբաղյան խնդիրը «հայտնվեց» եվրասիական եռյակի սեղանին-2

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբ 

Դեկտեմբերի 24-ին «ճանապարհային քարտեզը» ղարաբաղյան վերապահման սպառնալիքի ներքո հաստատելուց հետո Հայաստանի «միջազգայնորեն ճանաչված սահմանների» հարցը մի տեւական շրջան այլեւս չքննարկվեց: Նիստից օրեր անց Կրեմլի խոսափողները Երեւանին հանգստացնում էին, թե «ՌԴ-ի մասնակցությամբ ստեղծագործ քննարկումների արդյունքում» Ղազախստանի «կասկածները հանվեցին» եւ նա «գաղափարը ետ վերցրեց». «Նազարբաեւը, որպես ինքնիշխան երկրի ղեկավար, ցանկացած թեմա կարող է քննարկել, բայց այս պահին ես խոսում եմ ելնելով այդ նիստի արդյունքներից: ԼՂ-ի վերաբերյալ այնտեղ ոչինչ չի ասվել: Այդ «հատուկ կարծիքն» էլ ոչ մի փաստաթղթով ամրագրված չէ»,- Երեւանի առջեւ այսպես խորամանկեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Մաքսային միության տարածքում ԼՂՀ-ի անորոշ կարգավիճակից մտահոգ հայկական կողմին նա ե’ւ կշտամբեց, ե’ւ խորհուրդ տվեց. «ՄՄ-ն, որպես միություն, որը զբաղվում է տնտեսական տարածքի զարգացմամբ, չի հրապուրվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով: Որեւէ պարտավորություն ՄՄ-ն իր վրա չի վերցրել, չի արտահայտվել այս մասին: Ներկայումս էլ, դիտարկելով Հայաստանի հայտը, ԼՂ-ի հայտ գոյություն չունի: Ես կցանկանայի հարցնել՝ տարօրինակ չէ՞ արդյոք քննարկել Ղարաբաղի անդամակցությունը ՄՄ-ին, եթե Հայաստանն ինքը, հայտնի պատճառներով, Ղարաբաղը չի ճանաչել, որպես պետություն: Դուք ՄՄ-ից, որին դեռեւս չեք անդամակցել, պահանջում եք ավելին ԼՂ-ի վերաբերյալ, քան ինքնին Հայաստանի՞ց: Իմ կարծիքն այն է, որ չի կարելի ՄՄ-ն ծանրացնել նման հարցերով եւ չպետք է բարդություններ հարուցել»:

Հայաստանը միամտաբար ընդունեց առաջարկված խաղի կանոնը՝ չխոսել ԼՂՀ-ի մասին, հետեւողականորեն իրականացնել «ճանապարհային քարտեզը»՝ վստահ լինելով, որ Մոսկվայի միջամտությամբ խնդիրը մեկընդմիշտ հարթվել է:

Արժե հիշատակել Կ.Զատուլինի տարեվերջյան եւս մեկ դիտարկում, որը կարեւոր է այս տարվա ապրիլ-մայիսյան զարգացումների հետ կապված. «Հնարավոր է, որ որեւէ մեկը շատ հետաքրքրված է, հնարավոր է նաեւ Հայաստանում, որպեսզի արգելափակի Հայաստանի՝ ՄՄ անդամակցության գործընթացը՝ անընդհատ ԼՂ-ի կարգավիճակի հարցը բարձրացնելով: Ես տեսնում եմ, որ նման գիծ ակնհայտորեն առկա է: Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին, բարձրացնում են այս հարցը: Իսկ որեւէ մեկը բարձրացնո՞ւմ էր այդ հարցը, երբ խոսքը ԵՄ-ի հետ ասոցացման մասին էր: Փորձագետները կարող են քննարկել ամեն ինչ, այդ թվում այն, ինչը կարող է բանակցությունների օրակարգում չլինել, բայց ոչինչ չի մնում ասել, քան այն, որ այս հարցը որեւէ մեկը չի բարձրացնում, չի քննարկվում ՄՄ-ում: Դա փաստ է»:

Մերթ Ադրբեջանին ու Ղազախստանին, մերթ Հայաստանի «որոշակի ուժերին» մեղադրելով ղարաբաղյան խնդիրը բարձրացնելու մեջ, Կ. Զատուլինը, որպես «Կովկասի գյուլիստանյան եվրասիականացման» քաղաքականության ու «գծեր տեսնող» ակտիվ դերակատար, թերեւս չէր բարձրաձայնելու, որ ինչ-որ պահի հենց Ռուսաստանը կարող է դառնալ ՄՄ-ին Հայաստանի միանալու գործընթացի տորպեդահարման ամենաշահագրգիռ կողմը: Պատճառները շատ պարզ են. Վ.Պուտինը չէր կատարելու Երեւանին տված իր խոստումները թե’ ֆինանսական աջակցության ու արտոնությունների, թե’ Եվրասիական միության համահիմնադիր դառնալու, թե նաեւ ԼՂ-ի գյուլիստանյան նոր «հեռանկարի» կապակցությամբ: Դրան էլ հավելած՝ Ադրբեջանը վերցնելու հեռահար պլաններն ու դժվարին, տեւական գործընթացը, որոնք հաստատ չեն ենթադրում Հայաստանի խնդիրների շուտափույթ լուծում:

Եւ, ահա, ապրիլի վերջին Կրեմլը դիմեց բավական խորամանկ հնարքի. Երեւանում հայտարարվեց, թե Սերժ Սարգսյանը կմասնակցի Մինսկում տրոյկայի ապրիլի 29-ի նիստին եւ անգամ փաստաթուղթ կստորագրի: Սակայն բառացիորեն նիստի օրը պարզ դարձավ, որ Հայաստանի նախագահը չի մասնակցելու: ՀՀ ԱԳՆ խոսնակը հասկացրեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել իր «ճանապարհային քարտեզը», այսինքն՝ տեղի ունեցածի պատճառները Երեւանում չեն: Իսկ ռուսական Regnum գործակալությունը, հղում կատարելով իր «մերձիշխանական աղբյուրների» վրա, հայտնեց, թե «իրադարձությունների այդպիսի ընթացքը կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրով Մաքսային միության երկրների, մասնավորապես Ղազախստանի դիրքորոշման հետ», եւ այդ առումով տարաձայնություններ կան: Թվում է, թե նման հարց չպետք է այլեւս լիներ: Սակայն, Կ. Զատուլինի ասած  «ինքնիշխան» Նազարբաեւը, վերստին հիշել էր «փակված» հարցը:

Գործակալության «զրուցակիցները» նաեւ հայտնել էին, թե «Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ չհամաձայնեցված են մնում նաեւ ինտեգրացիոն միավորների հետագա գործառնությանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Հենց բուն ՄՄ անդամ երկրների միջեւ հարցերի չլուծվածության պատճառով էլ երկուստեք որոշում է ընդունվել ապրիլի 29-ին եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում հայկական կողմի չմասնակցելու մասին»:  

Մենք արդեն անդրադարձել ենք նրան, որ այդ նիստում Բելառուսի նախագահը բացակայող Երեւանին միայն հիշեցրեց «ճանապարհային քարտեզն ամբողջությամբ» կատարելու նախապայմանը, եւ ղարաբաղյան խնդրով ոչ մի այլ ակնարկ ո’չ Մինսկի, ո’չ էլ Աստանայի կողմից չարվեց:

Սակայն, դրանից հետո այս հարցը բուռն քննարկման առարկա դարձավ ռուս-հայկական առանցքով՝ մինչ Նազարբաեւը դա կհնչեցներ Ալիեւի անունից: Դա արդեն խոսում է այն մասին, որ Բաքու-Աստանա զույգից առաջ Կրեմլին է պետք եղել հարցը եւ խնդիրը միայն թյուրքախոս դաշինքը չէ:

 Ո՞վ բարձրացրեց ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետի խնդիրը

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 14-ին «Եվրասիական ինտեգրացիա. Մաքսային միությունից մինչեւ տնտեսական միություն» թեմայով Երեւանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջեւ տեսակամրջի ժամանակ նույն Regnum գործակալության լրագրողը հարց ուղղեց, «թե Հայաստանի անդամակցությունից հետո որտեղո՞վ է անցնելու Մաքսային միության ու Եվրասիական միության սահմանը, այսինքն սահմանային անցակետ ստեղծվելո՞ւ է Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ, թե՞ վերջինս դե-ֆակտո մտնում է ինտեգրացիոն միավորման կազմ»: Թե՞ ով էր կանգնած այդ հարցի թիկունքում՝ Երեւանը, թե՞ Մոսկվան, դժվար է ասել: Սակայն, ակնհայտորեն ինչ-որ մեկին պետք էր խնդիրը վերստին բերել օրակարգ՝ որպես ՄՄ-ին Հայաստանի միանալու ճանապարհին քաղաքական խոչընդոտ: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման ու ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հչեցված հարցին այսպես պատասխանեց. «Միանշանակ պատասխանեմ. Մաքսային միությանը կամ էլ մեր որեւէ այլ միությանը ԼՂՀ-ի անդամակցության հարցն անգամ չի էլ դիտարկվում: (Եվրասիական միության-Ս.Ս.) սահմանները կանցնեն Հայաստանի Հանրապետության ներկայիս ընդունված  սահմանով»:

Նույն տեսակամրջին մասնակցող Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Քամալ Բուրխանովը արձագանքեց. «Եվրասիական տնտեսական տարածքը առեւտրային միություն է, եւ բնականաբար, այն կանցնի միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Այնտեղ չեն կարող ավելանալ որեւէ այլ պահեր, այլապես մենք դե ֆակտո կճանաչենք սահմաններ, որոնք աշխարհում ոչ ոք չի ճանաչել՝ ոչ Ռուսաստանը, որ Ղազախստանը: Բնականաբար, ես համաձայն եմ մեր մոսկվացի գործընկերոջ պատասխանին»:

Նույն պահին ասվածին չափազանց մեղմ անհամաձայնություն հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ նշելով թե գնահատականներ տալիս «պետք է հաշվի առնել, որ ճանաչված թե դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքը աշխարհագրորեն գտնվում է եվրասիական տնտեսական տարածքի մեջ», եւ ԵԱՀԿ շրջանակներում «այդ հարցը իր քաղաքական լուծումն ստանալուց հետո նոր խթան կհաղորդի եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին»: Տեսակամրջից հետո Արտակ Զաքարյանը հավելել էր. «Ցանկացած դեպքում, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ որեւէ պարագայում չի կարող մաքսային սահման գոյություն ունենալ»: Ուշադրություն դարձնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը չի խոսել Եվրասիական միության անդամների կողմից ԼՂՀ-ը ճանաչելու մասին, թեպետ հետագայում անընդմեջ ներկայացվեց, թե ԼՂՀ-ը չճանաչած Հայաստանը նրանցից է պահանջում այն ճանաչել:

Պաշտոնական Երեւանը չբավարարվեց Ազարովի հայտարարությանը ԱԺ հանձնաժողովի նախագահի մակարդակով հակադարձելով: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հաջորդ օրը հայտարարեց. «Մենք երբեք չենք ասել, որ Ղարաբաղը մտնելու է Մաքսային միություն, մենք հստակ ասել ենք, որ Հայաստան-Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք է: Ես վերահաստատում եմ, որ իշխանությունները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացման մեջ, իսկ Ձեր նշած պաշտոնյան չեմ կարծում, որ այն մակարդակի պաշտոնյա է, որ պետք է նման հայտարություններ անի»: Նաեւ հավելեց. «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ մաքսակետ չի կարող տեղադրվել, չկա՛ նման բան»: Դժվար թե ՀՀԿ խոսնակը մաքսակետի մասով այդպիսի կտրուկ հայտարարություններ աներ, եթե դա բացահայտ հակասեր Սերժ Սարգսյանի պայմանավորվածություններին:

Ազարովի հայտարարությանը մայիսի 16-ին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Մեկ տարածք ենք մենք լինելու, եւ իմ կարծիքով՝ որեւէ այլ ձեւակերպում այդ հարցում չի կարող լինել»: Ոչ մի երկիմաստություն, ԼՂՀ-ը ճանաչելու ոչ մի պահանջ, ընդամենը՝ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ ներկայիս ռազմա-քաղաքական, տնտեսական փաստացի կարգավորումները պահպանելու մասին հայտարարություններ:

Ինչպես կնկատենք ստորեւ, պաշտոնական Երեւանը ոչ մի նոր բան չի ասել եւ արված հայտարարությունները միանգամայն տեղավորվում էին Մաքսային միության եռյակի հետ նախնական պայմանավորվածությունների մեջ: Ավելին, եթե Երեւանը հենվեր գյուլիստանյան տարվա ընթացքում ղարաբաղյան թեմատիկայով Կրեմլի ուղերձների վրա, իր երեւակայությանը կարող էր ավելին թույլ տալ: Բայց նա անգամ դա չարեց, սակայն արժանացավ Մոսկվայի հանդիմանությանը շատ ավելի վաղ, քան Նազարբաեւը հայտարարություն կաներ Աստանայում:  

Մոսկվան Երեւանին «մեղադրում» է Ղարաբաղի խնդիրը բարձրացնելու մեջ Աստանայից առա՞ջ

Պաշտոնական Մոսկվան, Մինսկը եւ Աստանան այս հայտարարություններին չարձագանքեցին: Սակայն Կրեմլի քաղաքագիտական մտքի երկու ներկայացուցիչների անդրադաձերը, որոնք քննարկման առարկա դարձան ե’ւ Հայաստանում, ե’ւ Ադրբեջանում, խոսում են նրա մասին, որ Մոսկվան փորձում է մեղքը բարդել Երեւանի վրա: 

Մայիսի 18-ին Մոդեստ Կոլերովն իր «Հայաստանը հրաժարվեց եվրասիական ինտեգրացիայից եւ Լեռնային Ղարաբաղի տրոհումից» մեղադրող հոդվածում Երեւանին հանդիմանեց գործընկերներին փաստի առաջ կանգնեցնելու մեջ, համարելով, որ ՀՀԿ մամուլի խոսնակի ու ՀՀ վարչապետի հայտարարություններով առաջադրված «այդ պայմանը ցուցադրաբար անտեսում է երկու հիմնարար հանգամանք. 1. այն, որ Հայաստանի՝ ՄՄ/ԵՏՄ ապագա գործընկերները լռելայն համաձայնել են, որ Ղարաբաղի մաքսային ապրանքները կդիտարկվեն որպես ապրանքներ Հայաստանից, եթե վերջիննս նշվի որպես դրանց ծագման երկիր, 2. այն, որ Հայաստանն ինքը չի ճանաչում ԼՂՀ տնտեսական տարածքը որպես միջազգային իրականություն` հրաժարվելով ե’ւ ԼՂՀ անկախությունը ճանաչել, ե’ւ իրավաբանորեն այն իր տարածք հռչակել»: Եթե 1-ին կետի ներքո Մ.Կոլերովի ասածը ճիշտ է, ապա անհասկանալի են դառնում անցած տարվա հոկտեմբերի Լուկաշենկոյի, իսկ դեկտեմբերին՝ Նազարբաեւի հայտարարությունները ղարաբաղյան խնդրով, հատկապես երբ Երեւանը որեւէ ակնարկ այդ մասին չի էլ արել:

Ապա Կոլերովը հռետորական հարցադրում կատարեց. «Բացարձակ անհասկանալի է դառնում, թե 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը ի՞նչ բանակցություններ էր վարում ՄՄ անդամների հետ, երբ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը: Քանի որ Ղազախստանը միանգամից հայտարարել էր, որ ԼՂ-ի անդամակցությունը ՄՄ-ին չի քննարկվում, իսկ Հայաստանի կողմից «ղարաբաղյան պայմանը» վերջնագրային տեսքով չներկայացվեց»: Ուշագրավ է Ղազախստանի նախագահի հայտարարությանը կրեմլյան խոսափողի տված մեկնաբանությունը. Նազարբաեւը պարզապես հստակեցրել է, որ ԼՂՀ-ը չի անդամակցում ՄՄ-ին: Սակայն, անհնար է չնկատել, որ ՀՀԿ խոսնակն ու վարչապետը նույն բանն են ասել՝ ԼՂՀ-ը չի դիմել ՄՄ-ին: Մ.Կոլերովն ինքն էլ հաստատում է, որ Հայաստանը ի սկզբանե ղարաբաղյան պայման չի ներկայացրել:

Այդ դեպքում ո՞րն է Երեւանին ներկայացվող մեղադրանքի հիմքը պայմանավորվածություններ խախտելու մասով: Ե՞րբ եւ ի՞նչ խողովակով է Երեւանը սկսել «վերջնագրային» տեսքով ղարաբաղյան պայմանն առաջադրել, երբ դա ապացուցող ոչ մի հայտարարություն չկա: Իսկ նրանք, որոնց վրա հղում է կատարում Կոլերովը, ընդամենը Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չդնելու մասին են, այլ ոչ թե ԼՂՀ սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու: Դա այն դեպքում, երբ Կոլերովի ասած՝ Երեւանի ՄՄ/ԵՏՄ ապագա գործընկերները լռելայն համաձայնել են, որ Ղարաբաղի մաքսային ապրանքները կդիտարկվեն Հայաստանի ապրանքներ, ասել է թե՝ մաքսակետի կարիք չկա, իսկ դա նույնն է թե Երեւանը իրավացի է:

Հայաստանին մեղադրելով ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված տարածքային ամբողջականությանը հակասող «Մադրիդյան առաջարկների» հիմքի վրա բանակցությունների վարելու մեջ, Կոլերովը նախ հասկացնում է, թե Երեւանը պետք է ինքն իրեն մեղադրի, որ Արցախը ճանաչված միջազգային իրականություն չէ: Ապա Երեւանին դրդում է ճանաչել ԼՂՀ-ը ու մերժել «մադրիդյան առաջարկները», հատկապես, երբ ինչպես նշում է, նրան այլեւս դուր չի գալիս «անվտանգության գոտի ստատուսի դիմաց» բանաձեւը. «այժմ ՄՄ-ին Հայաստանի միանալու տորպեդահարումը նախաձեռնածներին մնում է ընդունել, որ «Մադրիդյան սկզբունքները», որոնք խախտում են ԼՂՀ-ի սահմանադրությունը, նույնպես պետք է դեն նետվեն: Դա ԼՂՀ-ի առանձին սահմանադիր իրականության ճանաչումն է, որ պետք է Հայաստանը հաշվի առնի կարգավորման գործընթացքում, եւ Հայաստանին դնում է ԼՂՀ-ին որպես գործընթացի երրորդ կողմ ներգրավելու պահանջի կեսճանապարհին, ինչից Երեւանում այդքան երկար հրաժարվում էին, եւ ինչը չէին ցանկանում արժանվույնս գնահատել ԱՄՆ համանախագահի հայտարարության մեջ»:

Թե ինչո՞ւ Հայաստանը կհրաժարվի ՄՄ/ԵՏՄ-ին միանալուց, դա «կանխավ հնարավոր համարած» Կոլերովը մեկնաբանում է.  «Հայաստանին ձեռնտու չի թվում եվրասիական ինտեգրման ուղիով գնալը Ռուսաստանի հետ, որը Ղրիմի վերադարձից հետո գտնվում է Արեւմուտքի աճող տնտեսական պատժամիջոցների ներքո», «ԼՂ հարցը արտաքուստ անցնում է ԱՄՆ նախաձեռնության ոլորտ», իսկ «ՄՄ-ի հեռանկարն ու պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը խանգարում են Արեւմուտք (ԱՄՆ, Եվրոպա)-Հայաստան անհատական երկխոսությանը»: Սակայն Կոլերովը նախազգուշացնում է, թե փոփոխությունների գնացող Երեւանը բաց է թողնում մի կարեւոր բան. «Ղարաբաղի ճակատագրի հարցում, որը հավասարապես առանձնացած է ոչ ժողովրդավարական Ադրբեջանից եւ Հայաստանի «տնտեսական տարածքից», Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մոտ կարող են զգալի տարաձայնություններ չլինել, որքան էլ որ նրանց միջեւ նոր «սառը պատերազմը սառը լինի»»: Ասել է թե՝ այսպես թե այնպես Հայաստանը խուսանավելու ու փախչելու տեղ չունի, քան Արցախը առանձին ճանաչելը կամ առանց նրա ՄՄ գնալը:

Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ՌԴ Պետական դումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նույնպես Հայաստանին մեղադրեց «առանց քաշվելու ղարաբաղյանը հարցը բարձրացնելու» մեջ: Թվացյալ արդարացնելով ՀՀ վարչապետի արտահայտած միտքը, թե այն չի վերաբերել ՄՄ-ին Հայաստանի միանալուն, այլեւ շատ ավելի ընդհանուր համատեքստում է, նա նշեց. «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ԼՂՀ հարցը նորից ու նորից բարձացվում: Ինչ-որ մեկին պետք է փորփրել հարցն ու ՄՄ մտնելու հարցը բարձրացնել այդ մակարդակի վրա: Եկեք ազնվորեն խոստովանենք, որ Հայաստանում առկա են ուժեր, ովքեր չեն ցանկանում Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին եւ առիթներ են փնտրում, այդ թվում չենք քաշվում ԼՂՀ հարցը բարձրացնել, որպեսզի ձախողեն ՄՄ-ին մտնելու բանակցությունները: Եթե դա այդպես է, ապա դա տխուր է»: Զատուլինւ հրաշալի գիտեր, որ կարծիք հայտնողները իշխանության ներկայացուցիչներն են, հետեւաբար, ըստ նրա խոսքերի ստացվում է, որ հարցի բարձրացնողն ու գործընթացի ձախողողը հենց պաշտոնական Երեւանն է:

Հիշելով անցած տարի Բելառուսի ու Ղազախստանի հայտարարությունները, Զատուլինը նշեց, թե դրանից հետո նրանց կողմից այլ հայտարարություններ այն մասին, թե Հայաստանը չի կարող դառնալ ՄՄ անդամ, չի լսել. «Մեր գործընկերների մոտ կարող էին լինել բազում տարբեր տեսակետներ մինչեւ այդ հարցի միասնական քննարկումները, սակայն քննարկումներից հետո որոշում է ընդունվել: Ես որեւէ հիմք չունեմ Ղազախստանին եւ Բելառուսին առարկություններ ներկայացնելու այն մասին, թե նրանք հրաժարվում են անցյալում ընդունված իրենց որոշումներից»:

Եթե ընդունենք այս հարցում Զատուլինի ճշմարտացիությունը, որ դեկտեմբերից հետո ոչ մեկ ղարաբաղյան հարցը չի բարձրացրել, եւ այժմ այն բարձրացնում են Հայաստանի որոշակի ուժեր, ապա ստացվում է, որ նրանք պետք է Նազարբաեւին խնդրած լինեին օրեր անց Աստանայում բարձրացնել այդ հարցը: Իսկ սա արդեն անհեթեթություն է: Հետեւաբար, Զատուլինը եւս թաքցնում է, որ Աստանայի նիստի նախաշեմին խնդիրը «փոփրփրելու» սադրանքը գալիս է հենց Մոսկվայից:

Նշելով, թե ՄՄ-ին Հայաստանի միանալու ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու անհրաժեշտություն եւ քաղաքական խնդիրներ չի տեսնում, Զատուլինը հայտարարեց. «ՄՄ-ին միանալու ճանապարհին խոչընդոտ կարող է լինել Հայաստանի կողմից հետեւյալ պայմանը. «ճանաչեք ԼՂՀ-ը, որը ես՝ Հայաստանս, մինչեւ հիմա չեմ ճանաչել, ինձանից ավելի վաղ ճանաչե’ք ԼՂՀ պետականությունը. եթե չճանաչեք, ապա ես չեմ մտնի Մաքսային միություն»: Ա’յ դա խոչընդոտ է: Մնացած տեխնիկական հարցերը խնդիրներ են, այլ ոչ թե խոչընդոտներ»:  

Շեշտենք, որ այս հարցազրույցը տրվել է Աստանայի նիստից մի քանի օր առաջ, երբ Հայաստանի նախագահը գաղափար էլ չուներ, որ նման հարց բարձրացվելու է եւ նրա այլայլված դեմքն ու անպատրաստ վիճակը դրա վկայությունն էին: Ուստի կրեմլյան փորձագետները ուղղակի նախապատրաստում էին, որ Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի ճանապարհին «ի հայտ գալիք» խոչընդոտը մնա հենց Սերժ Սարգսյանի վարչախմբի ուսերին եւ ստացվի, թե Ալիեւի խնդրանքով Նազարբաեւն ընդամենը արձագանքել է նախնական «պայմանավորվածությունները» խախտած ու հանկարծ «վերջնագրային» տեսքով ՄՄ եռյակի առաջ ղարաբաղյան պայման առաջադրած Սերժ Սարգսյանին:

ԼՂՀ ճանաչելու կամ անջատելու  «սպառնալիքը»  Ադրբեջանին հրավիրելու հնարք

Այդպիսով, թե’ Կոլերովը, թե’ Զատուլինը Երեւանին մեղադրեցին իբր Ղարաբաղի հարցով նախապայման առաջ քաշելու, եռյակի հետ պայմանավորվածությունները խախտելու մեջ, չնայած Հայաստանի իշխանությունները ընդամենը հայտարարել էին, որ Հայաստանն ու ԼՂՀ-ը մեկ տնտեսական տարածք են նրանց միջեւ մաքսակետ չի լինի, ինչպես որ դրանք երբեք չեն եղել. փաստացի իրավիճակ, որին քաջատեղյակ էին Մաքսային եռյակի բոլոր պետությունների ղեկավարները եւ կանխավ համաձանել դրա հետ:

Եթե հավատանք Կրեմլի խոսափողներին, ապա կստացվի, որ ղարաբաղյան հարցը բարձրացնելու համար Նազարբաեւին խնդրել է ոչ թե կամ ոչ այնքան Բաքուն, որքան Երեւանը: Այդ դեպքում հարց է ծագում, թե ապրիլի 29-ին Regnum-ի «իշխանամերձ աղբյուրները» Մաքսային եռյակի ու Հայաստանի միջեւ ի՞նչ երկուստեք համաձայնության մասին էին խոսում, որ քանի դեռ կան չհամաձայնեցված հարցեր, որոնց թվում նաեւ՝ ղարաբաղյան խնդրով, ճիշտ կլինի, որպեսզի Հայաստանի նախագահը չմասնակցի տրոյկայի նիստին:

Փաստացի, պաշտոնական Երեւանը չի էլ բարձրացրել ԼՂՀ-ը ճանաչելու հարցը, ինչի մեջ նրան մեղադրում են: Մինչդեռ կրեմլյան փորձագետները, «ազատ զգալով քննարկել ամենատարբեր հարցերը» (ինչպես Կ.Զատուլինն էր ասել), բարձրացնելով այդ խնդիրն ու ողջ մեղքը բարդելով Երեւանի վրա, թերեւս Բաքվին 1.) սարսափեցնում էր, թե իբր Սերժ Սարգսյանը եռյակի առջեւ նման պայման է դրել կամ պատրաստվում է դնել, 2.) hընթացս հասկացվում էր, որ ԼՂՀ-ը առայժմ մաքսակետով կառանձնացվի Հայաստանից եւ կգտնվի տնտեսական այլ ռեժիմում, 3.) հասկացվում էր, որ եթե Ալիեւը չշտապի եռյակին դիմել, ապա Երեւանը կարող է անգամ հարկադրված ու անխուսափելիորեն ճանաչել ԼՂՀ-ը: 

Այս մութ պատմության վրա մասամբ լույս կսփռվի, եթե պարզ դառնա՝ Մոսկվայի թե՞ Երեւանի հրահրմամբ է Regnum-ը խոսեցրել Անտոն Ազարովին, որպեսզի պաշտոնական Երեւանը արձագանքի, Regnum-ի մերձիշխանական աղբյուրները մոսկովյա՞ն, թե՞ երեւանյան էին: Նաեւ էական է, թե ե՞րբ է Իլհամ Ալիեւը նամակ գրել տրոյկայի նախագահներին՝ ապրիլի 29-ի, թե՞ մայիսի 28-ի նիստից առաջ, ինչի մասին անգամ Ռուսաստանի նախագահը տեղյակ չի պահել Երեւանին, մինչդեռ հարցը ապրիլի կեսերից «հասունացվում» էր:

Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Մոսկվան շարունակեց Բաքվի հետ 4 միլիարդ դոլարանոց ռազմատեխնիկական պայմանավորվածության հերթական «բիզնես գործարքը»: Մայիսի 23-ին Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարեց, թե ավարտվել է 2011-ին կնքված պայմանագրով Ադրբեջանին հարյուր միավոր Т-90С տանկերի մատակարարումը: Օրեր անց Բաքուն հայտարարեց, թե հետաքրություններ ունի Մոսկվայից այլ նոր սպառազինություններ գնելու կապակցությամբ: Վերջերս ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակված տեղեկությունները անցնող տարվա կտրվածքով թերեւս լավագույնս արտացոլում են Երեւանի ու Բաքվի հանդեպ Մոսկվայի անհամաչափ ուշադրությունը: 

Այդպիսով, «ղարաբաղյան նախապայման» անմաքուր խաղի թիկունքում գերազանցապես Մոսկվան է կանգնած, ում ձեռնտու էր վերստին բարձրացնել Հայաստան-ԼՂՀ «դե ֆակտո» սահմանի խնդիրը՝ այս անգամ Ադրբեջանին իր մոտ կանչելու համար: Ինչպես արդեն գրել ենք, անցած տարվա երկրորդ կեսին գրեթե նույնատիպ հնարք նա գործադրել էր Երեւանի եվրասիական քայլերն արագացնելու նպատակով:

Աստանայի նիստից երկու օր անց Սերժ Սարգսյանը արձագանքեց Աստանայում կատարվածին. «Նախ պետք է ասեմ, որ որեւէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են եւ վերաբերում են մեր առեւտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաեւի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»:

 Սերժ Սարգսյանը իր պատասխանում փաստացի հայտարարեց.

1) պետք է որ Հայաստանի ու ԼՂՀ սահմանների մասին ոչ մեկը չխոսեր, այսինքն՝ այդպիսին է եղել նախնական պայմանավորվածությունը, որը խախտվել է «այն գլխից» ու նաեւ այժմ. իսկ գլխավոր պայմանավորվողը Ռուսաստանի նախագահն է եղել,

2) Հայաստանը Մաքսային եռյակին ԼՂՀ-ը ճանաչելու պահանջ չի ներկայացրել, թեպետ հիշում է, որ իրեն ասվել է, թե ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի դրա լուծմանը. իսկ ակնարկողը կրկին Կրեմլն է եղել,

3) ԼՂՀ-ը չի մտնում ՄՄ տարածք, հետեւաբար Հայաստան-ԼՂՀ սահմանին մաքսակետի խնդիրը նրա իրավասություններից ու քննարկումներից դուրս է,

4) ԼՂ համակարտության ու ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցը չի տեղափոխվելու Մաքսային միություն, իսկ Երեւանի համար այն դե ֆակտո անկախ միավոր է,

5) Ուշագրավ է, որ Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնարկեքից հետո էլ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը....

Սերժ Սարգսյսանի պատասխանի տողատակերը դժվար թե հասկացած չլինեն Կրեմլում: Ու դրա հետեւանքն է Աստանայից հետո Երեւան-Մոսկվա հարաբերություններում լարվածության աճը, նոր խնդիրների ի հայտ գալն ու նոր մեղադրանքները: Թեպետ, Մոսկվան էլ մեծ ընտրություն չունի՝ Երեւանի ընկերակցությանն այլընտրանք չկա, իսկ Բաքուն առայժմ դիմադրում է հանձնվելուն:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Վերլուծությունը բավականին խորաթափանց է: Ստացվում է շատ հասկանալի այն պատկերը, որ Մոսկվայի իրական խնդիրն է մի ձեռքով 2 ձմերուկ բռնել՝ թե մեզ, թե ազերին ընտանիքի խոնարհ (կախյալ) անդամները դարձնելով: Բաքվին զենք տրամադրելը այդ կախվածության ու կապող օղակներից մեկն է (հաշվի առնելով հետագա սպասարկումն ու զինամթերքի մատակարարումը:) Սակայն նրանք նավթ ու փող ունեն, որը, ինչպես երեւում է, չեն ցանկանում կիսել ուրիշի հետ, նույնիսկ տերիտորիալ որոշ զիջումների դիմաց: Իսկ մեզ արդեն այնքան են կապել-կապկպել, որ խաղալու տեղ գրեթե չեն թողել: Եթե ներսից գոնե բավականին ուժեղ լինեինք, ապա կարելի էր ուղղակի հարց դնել խռովկանության փոխարեն՝ - դուք մեզնից ինչ եք պահանջում պարոնայք? Արցախը վաճառենք ապահովության դիմաց? Եթե վաճառելու լինեինք, ապա ինքներս այն կանեինք՝ մեզ համար, այդ դեպքում դուք ինչի համար էք մեզ հարկավոր? Կարծում եմ այս դեպքում նրանք կմտահոգվեին եւ թերեւս փորձեին այլ մոտեցում գտնել ազերների համար՝ մեր օգնությամբ: Սակայն պետք է շատ լուրջ ու նպատակասլաց պետություն լինել այդ անելու համար, որից հեռու ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter