HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի թանկացումը եւ Եվրասիական միությանը Հայաստանի միանալու երկընտրանքը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Ինչպես Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ի նիստում հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանի իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ առաջարկված պայմաններով պատրա՞ստ են  միանալ Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ ոչ: Իսկ պայմանը հետեւյալն է. Ադրբեջանի պահանջի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամները վերապահում են կատարում, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմաններով: Այսինքն, կանխավ ամրագրվում է, որ ԼՂՀ-ը ԵՏՄ ու ՄՄ, նաեւ՝ Հայաստանի հետ նույն տնտեսական տարածքի մաս չէ:  

Մոսկվան, որ արդեն ապրիլ-մայիս ամիսներին ետքայլի նշաններ էր տեսնում Երեւանի մոտ ու նրան մեղադրում ղարաբաղյան հարցը հրապարակ բերելու մեջ, հենց այդ ժամանակ ձեռանամուխ եղավ Հայաստանի վախերը մեծացնող ու այդ նահանջը «կանխարգելող» մի քանի այլ քայլերի:

Անշուշտ, գլխավոր քայլերից մեկը մայիսին ադրբեջանա-ռուսական 4 միլիարդ դոլարանոց ռազմատեխնիկական պայմանավորվածության հերթական փուլի իրականացումն էր 100 միավոր Т-90С տանկերի մատակարարման տեքսով: Սակայն, ամեն ինչ դրանով չավարտվեց.  մինչեւ տրոյկայի մայիսի 29-ի նիստը Կրեմլը իր փորձագետների շուրթերով Երեւանին նախազգուշացրեց եվրասիական նախագծին չմիանալու նաեւ այլ՝ տնտեսական հետեւանքների մասին:

Ռուսաստանը զգուշացնում է՝ արտոնությունները կհանվեն, եթե Երեւանը չսատարի եվրասիական նախագծին

Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, տնտեսական եւ քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մայիսի 28-ի իր հարցազրույցում հաստատեց, թե Հայաստանին տրամադրված գազի ցածր գների արտոնությունների մեխանիզմը հեռանկարում կգործի Հայաստանի քաղաքականությունից կախված. «Եթե աջակցի Հայաստանն այդ պրոյեկտների հարցում, ապա արտոնությունները կպահպանվեն, իսկ եթե ոչ, ապա արտոնությունները կփոխարինվեն շուկայական գներով, հարաբերություններով եւ հաշվարկներով: Ես դրանում որեւէ խայտառակ, անարդար եւ ոչ օբյեկտիվ բան չեմ տեսնում, այսինքն՝ դա բնականոն գործընթաց ու հարաբերություններ են»:

Իհարկե, Սիմոնովը, կանխավ հասկացրեց, որ «այդ պրոյեկտներին Հայաստանի չաջակցելու դեպքում ռուսական արտոնությունները միանգամից չեն հանվի», սակայն նաեւ հիշեցրեց. «գազի հարաբերականորեն ցածր գները մենք տալիս ենք այն գործընկերներին, որոնք աջակցում են մեր ինտեգրացիոն գործընթացներին եւ մեր քաղաքականությանը»:

Միաժամանակ ռուս փորձագետը տարակուսանք էր հայտնել. «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ կասկածներ կան Հայաստանի՝ այդ պրոյեկտներին աջակցության հարցում, քանի որ Հայաստանի համար դա ամենասակավ միջոցներից մեկն է պահպանել տնտեսությունը։ Այդ պրոյեկտները Հայաստանի համար միայն ձեռնտու են, ուստի ես չեմ կարծում, թե Հայաստանում պետք է կասկած լինի այս հարցում, քանի որ Ռուսաստանը ոչ միայն պարզապես քաղաքական պատմություն է առաջարկում, այլեւ տնտեսական ձեռնտու լուծումներ, իսկ այս պարագայում Ռուսաստանն ինքը պետք է մտածի՝ ձեռնտո՞ւ է արդյոք դա իր համար, քանի որ դա որոշակի գումար է արժենալու Ռուսաստանին»:

Սիմոնովը պարզ դարձրեց, որ Հայասանին ցուցաբերված օգնությունը հենց «գազային» գործարքի արդյունքում Ռուսաստանի կրած վնասներն են: Սա այն դեպքում, երբ Հայաստանը ամիսներ շարունակ Կրեմլից ավելին՝ «լրացուցիչ աջակցություն» է սպասում, մինչդեռ ռուս փորձագետն ասում է, թե անգամ «արվածը»  Ռուսաստանի համար մտածելու խնդիր է:

Կոնստանտին Սիմոնովը նորություն չէր ասել, այլ կրկնել էր դեկտեմբերի 2-ն Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե երկու ապրաքատեսակների՝ գազի ու էլեկտրաէներգիայի հարցում Հայաստանին տրված արտոնությունները «բարի կամք չեն», այլ «ընդհանուր պայմանավորվածություն», որի շարժառիթը «դեպի համատեղ տնտեսական տարածք շարժվելու» Երեւանի որոշումն  է, եւ դրանք «նվիրված են Հայաստանի համար «անվտանգության բարձիկ» ստեղծելուն»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման դիմաց Պուտին-Սարգսյան պայմանավորվածությունների արդյունքում 2004թ. հունվարի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառում է Ռուսաստանի ներքին գներով՝ 1000 խորանարդ մետր գազը 189 դոլարով: Մինչ այդ, 2013թ. հունիսին հայտարարվել էր, թե գազի ձեռքբերման գինը 270 դոլար է, իսկ կառավարությունն էլ քննարկում էր այդ գնի 30 տոկոսը սուբսիդավորելու հարցը: 

Սակայն դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում կնքված գազային պայմանագրերով այնպիսի մեխանիզմ դրվեց, որ նախ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը շուրջ 300 մլն առեղծվածային պարտքի դիմաց հանձնվեց «Գազպրոմին»՝ վերանվանվելով «Գազպրոմ Արմենիա»-ի, իսկ վերջինս էլ գազը սպառողին է հասցնում թանկ՝ գրեթե 400 դոլարով: Այսինքն, թեպետ անունով Ռուսաստանը Հայաստանի սահմանին գազը վաճառում է էժան, սակայն սահմանից մինչեւ սպառող ճանապարհին հենց ռուսական ընկերությունն է «փայ մտնում»:

«Գազային պայմանագրերի» փաթեթին կցվեց մի հավելված, որով սահմանվում է Հայաստանում գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի հաստատման ընթացակարգերը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կատարելապես դարձնելով նրանց գնային քաղաքականության թելադրանքը հաստատող գործիքի, իսկ Հայաստանի կառավարությանն էլ՝ միանձնյա ու բացառիկ իրավունքով գազային քաղաքականության անվստահելի դիտորդի:

Եւ քանի որ 2013-2014 թվականները գերհագեցած էին գազի հարցով քննարկումներով, բազմիցս էլ հայտարարարվել էր, թե գնի թանկացում այլեւս չի սպասվում եւ խնդիրը երկարաժամկետ կտրվածքով լուծված է, Մոսկվան դիմեց էլեկտրաէներգիայի գնի թանկացման շանտաժին: Այս անգամ էլ պարզվեց, գերազացապես Ռուսաստանին պատկանող ՋԷԿ-երը ռուսական ընկերությունից գնված ռուսական գազը հոսանքի վերածելուց հետո դա այնպիսի գնով են վերավաճառում կրկին Ռուսաստանին պատկանող ՀԷՑ-երին, որ միլիոնավոր դոլարների պարտքեր է գոյացել վերջինիս մոտ:    

Մայիսի 7-ին «Հայկական ժամանակ» թերթի աղբյուրները հայտնեցին, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով»՝ այն գործող 38 դրամ/կվտ.ժ-ից 45 դրամ դարձնելու պահանջով: Դրա պատճառ էր բերվել այն, որ ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլեկտրաէներգիան, քան նախատեսված է եղել գործող սակագնով, որի արդյունքում սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, իսկ ՀԷՑ-ը կուտակել է մի քանի տասնյակ միլիոն դոլար խոշոր պարտքեր:

Ապրիլի 4-ին (Աստանայում տրոյկայի նիստից օրեր անց) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  (ՀԾԿՀ) հաղորդագրությունը հաստատեց լուրը, նշելով, թե էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունները «լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի եւ պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումներ են» ներկայացրել իրեն: ՀԾԿՀ-ն էլ «շուրջ երկու ամիս ուսումնասիրել է» կանխատեսումները (ինչը նշանակում է, որ դրանք ներկայացվել են ենթադրաբար ապրիլի սկզբին կամ կեսերին, սակայն պարզ չէ, թե հայտը ե՞րբ են ներկայացրել) ու «պարզել է, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ»: 

ՀԾԿՀ-ը «ավետեց», որ «էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար»: Իսկ «ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»:  

Հունիսի 6-ին ՀԾԿՀ-ը հրապարակեց Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման համար հիմք հանդիսացող գործոնները, իսկ հունիսի 10-ին՝ Էլեկտրաէներգետիկական համակարգի վերանայվող սակագների նախնական հաշվարկները՝ հայտարարելով, թե դրանք հնարավոր է գործեն օգոստոսի 1-ից:

Որքան էլ ՀԾԿՀ նախագահը փորձի թանկացման հեռանկարը հիմնավորել ՀԱԷԿ-ի՝ 80 օրից ավել չաշխատելով,  ԲԷՑ-երի վատ մենեջմենթով, ակնհայտ է, որ ռուսական պատկանելության ընկերությունները միասնաբար գործել են Կրեմլի թելադրանքով եւ Հայաստանին սարսափեցնելու համար:

Ինչպես Ռոբերտ Նազարյանն է նախնական գնահատել՝ օգոստոսի 1-ից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց հավելյալ «4 դրամը ընտանիքների վրա տարեկան մոտավորապես 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու»: Նման հեռնակարը չի կարող չհագեցնել Հայաստանի տնտեսության վրա հերթական գնաճային ճնշումների ու չազդել պլանավորված տնտեսական աճի ցուցանիշի վրա:

Ինչպես որ գազի գնի թանկացման արդյունքում Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2013թ. տարեվերջին հայտնվեց տխուր փաստի առաջ՝ չապահովելով 7 տոկոս տնտեսական աճ, Հովիկ Աբրահամյանի կառավարության համար էլ ականապատված կլինի 2014թ. տնտեսական տարին, եթե անբարենպաստ այլ գործոնների համատեքստում թույլ տրվի այս մի թանկացումը եւս:

Կրեմլը թերեւս տեղ է թողել, որպեսզի Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մինչեւ հուլիսի 1-ը իր հետ սակարկեն էլեկտրաէներգիայի գինը չթանկացնելու հարցը եւ ձեռքբերված պայմանավորվածությունը որպես «հաղթանակ» ներկայացնեն Երեւանում, ինչպես դա արվեց գազի գնի դեպքում: Սակայն, դրա գինը կդառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնությունը՝ Երեւանին առաջարկված նախապայմանով: Մի բան, որը վեր է Հովիկ Աբրահմյանի ուժերից, եթե Սերժ Սարգսյանը չցանկանա դա անել ի վնաս ղարաբաղյան հարցի:

Խորհրդարանական քառյակը, ՀՀ-ԼՂՀ միասնական տնտեսական ռեժիմը եւ Սերժ Սարգսյանի թիկունքը

Պատահական չէ, որ վարչապետի աթոռին բազմելու Հովիկ Աբրահամյանի վաղեմի երազանքի իրականացմանը նպաստած խորհրդարանական քառյակը իշխանութանն առաջադրած իր 12 կետերից վերջինով պահանջվում է «չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:

Քաղաքագետների ուշադրությունից չի վրիպել առաջադրված պայմանի «մեղմությունը», ինչը բնորոշ չէ ընդդիմադիր պահանջին: Օրինակ, քառյակը, որը կազմող ուժերի զգալի մասը կողմ է կամ դեմ չէ եվրասիական նախագծին Հայաստանի միանալուն, Եվրասիական տնտեսական միությունից չի պահանջում ճանաչել ԼՂՀ-ը, կամ չի պահանջում, որ Սերժ Սարգսյանն այդպիսի պահանջ ներկայացնի: Նրանք գիտեն, որ Մոսկվան դա չի ցանկանում:

Կամ էլ՝ Սերժ Սարգսյանի առջեւ պահանջ չի դրվում հաղթահարելու ուղղակիորեն Նազարբաեւի ձեւակերպած վետոն՝ մերժել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների կապակցությամբ առաջարկվող վերապահումը: Քառյակի պահանջը խիստ համահունչ է Հովիկ Աբրահամյանի ձեւակերպմանը՝ «չխախտել Հայաստան-ԼՂՀ միասնական տնտեսական տարածքը», եւ ոչ ավելին:

Նկատելի է, որ սա այնպիսի պահանջ է, որը հնարավոր է հաղթահարել, հատկապես երբ ԼՂՀ-ում արտադրված ապրանքների արտահանման խնդրի լուծման շուրջ պայմանավորվածություններ ձեռք են բերվել անցած սեպտեմբերին. այն է՝ դրանց ծագման երկիր պետք է նշվի Հայաստանը: Շատ ավելի բարդ է սահմանի վերապահման խնդիրը, որը հետագայում եւս մեկ խոչընդոտ կլինի ԼՂՀ-ը Հայաստանին միացնելու որեւէ տարբերակ կյանքի կոչելու առումով, քանի որ եռյակը իրավաբանորեն ընդգծում է Հայաստանի տարածքային ամբողջականության սահմանները:

Եւ ահա, ԲՀԿ-ակենտրոն խորհրդարանական քառյակը, որի 12 կետերում նկատելի է ռուսական շունչը՝ (արեւմտյան ընկերությանը տրված «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը առանց Ազգային ժողովի հավանության թույլ չտալու պահանջը,  այն դեպքում երբ «Հայռուսագազարդի» 20 տոկոս բաժնետոմսերն էլ Գազպրոմին փոխանցվեցին առանց ԱԺ հավանության, նաեւ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հրաժարվելու, էլեկտրաէներգիայի գինը չթանկացնելու պահանջների բացակայությունը բավարար են դա հասկանալու համար), առաջարկում է այնպիսի ցածր նշաձող, որը հաղթահարելը հեշտ է, տեխնիկապես լուծելի:

Իր կետերում «նրբանկատորեն» ծանրանալով պարտադիր կուտակային բաղադրիչի,  գյուղատնտեսական վարկավորման ու գյուղմթերքների արտադրության, տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի, հասարակական տրանսպորտի ուղեվարձի եւ աjլ նմանատիպ ներիքն/հանրային թեմաների վրա, ու շրջանցելով գազային պայմանագրերի (որ բարեհաջող թաղվեց տարեսկզբին), էլեկտրաէներգիայի հարցերը, խորհրդարանական քառյակը ՀՀ-ԼՂՀ մաքսակետի խնդրով իր դիրքորոշումով Կրեմլին հասկացնում է, թե իր համար ընդունելի կլինի այդ նվազագույն շեմի բավարարումը:

Փաստացի, եթե այդպես հաղթահարվի ԵՏՄ-ին միանալու ղազախական վետոն, դա թույլ կտա Մոսկվայի հետ պայմանավորվածությամբ կանխել նաեւ տնտեսական աճի ապահովումը ականապատող էլեկտրաէներգիայի գնի թանկացումը: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այն կներկայացնի իր «մեծ հաղթանակը», վերջապես՝ իրեն էլ թույլ կտա խուսափել մի ժամանակ անց քավության հերթական նոխազը դառնալու հեռանկարից: Թերեւս քառյակի անվստահությունը առ այն, որ դա Հովիկ Աբրահամյանի տիրույթում գտնվող հարց չէ, հենց պատճառն է, որ նրա կառավարությանն այդպիսի պահանջ չի ներկայացվել: Սակայն, եթե այն տեղի ունենա, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը PR-ից անմասն չի մնա:

Այս համատեքստում անհնար է չնկատել, որ 12 կետերից վերջինով խորհրդարանական քառյակը բացում է Սերժ Սարգսյանի թիկունքը, ով նույն ղարաբաղյան խնդրով առավելագույն սպասումներ ու ակնկալիքներ է ունեցել Մաքսային միությանը միանալուց եւ վերջին շրջանում իր շրջապատի հետ միասին կրեմլյան փորձագետների կողմից մեղադրվեց մաքսիմալիստական պահանջներ առաջ քաշելու, նախկին հիմնարար պայմանավորվածություններ խախտելու ու Հայաստանի եվրասիականացման գործընթացը տորպեդահարելու մեջ:

ՀՀԿ-ը արդեն մերժել է քառյակի պահանջները կատարելը (հետաքրքիր կլինի հատկապես ՀՀԿ-ի դիրքորոշումը քառյակի 12-րդ կետի վերաբերյալ): ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ «ցավով» հայտարարել է, թե ստիպված է լինելու ընդունել իր համար ամենաանընդունելի որոշումներից մեկը: Սա նշանակում է, որ պաշտոնական Երեւանը տեղի չի տալիս Մոսկվայի նոր ճնշումներին ու ցույց է տալիս, թե չի վախենում հետեւանքներից: Ավելի ստույգ, Սերժ Սարգսյանը գիտի, որ դրա արդյունքում կարող է այս անգամ էլ զոհաբերել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը որպես խնդիրը չլուծած վարչապետ:

Անշուշտ, Սերժ Սարգսյանը չի կարող հրապարակավ ասել, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ճանապարհին առկա է այնպիսի քաղաքական խոչընդոտ, ինչպիսին ղարաբաղյան խնդիրն է: Այդ մասին նա արդեն հայտարարել է: Նկատելի է, որ նրան չի կարող գոհացնել նաեւ խորհրդարանական քառյակի «նվազագույն» պահանջը, որը ոչ թե նրա թիկունքն է ապահովագրում, այլ ճիշտ հակառակը՝ այն բացում է: Պարադոքսալ է, բայց Հայաստանի ընդդիմությունը ոչ թե իր վրա է վերցնում Հայաստանի եվրասիականացման տորպեդահարման խիստ պահանջված պատասխանատվությունը, որի հարցում նա ավելի ազատ է, այլ ճիշտ հակառակը՝ Կրեմլի հետ ձեռք-ձեռքի տված գործում է իշխանության վրա այն բարդելու ուղղությամբ եւ խթանում է հատել կարմիր գիծը, այդ ընթացքում պահելով իր ռուսամետ համբավը:

Սակայն Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրում առեւտրային բլոկի 1-2 հարցերը, որոնք լուրջ հարցեր են, եւ դժվար թե բավարարվեն եվրասիական եռյակի կողմից, ՀՀ իշխանությունների համար լավագույն առիթն են ասելու, թե տեխնիկական խնդիրները չեն լուծվել: Ավելին՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատմությունը հիմք են Մոսկվային մեղադրելու իր պարտավորություններն ու տված խոստումները չհարգելու մեջ. Վ.Պուտինը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, թե հարգում է Հայաստանի «տնտեսության զգայունությունները»՝ գազի ու էլեկտրաէներգիայի համար Երեւանին տրամադրում է «անվտանգության բարձիկ»: Փաստ է, որ Ռուսաստանը խախտել է բոլոր պայմանները՝ թե' ղարաբաղյան, թե' Հայաստանի տնտեսության համար «զգայուն ապրանքատեսակների» խնդրով:

Երեւանը պետք է գիտակցի, որ որքան էլ նորանոր ճնշումներին, այդուհանդերձ Մոսկվան Կովկասում այլընտրանք չունի, քան Հայաստանի վրա հենվելը: Հետեւաբար, Ադրբեջանի հարցում ավելի մեծ դիմադրության հանդիպելով, Կրեմլը վաղ թե ուշ ստիպված է լինելու հենվել Երեւանի վրա ու հաշվի նստել նրա շահերի հետ: Հայաստանն իր գինը եւ Մոսկվայի համար նշանակությունը պետք է գիտակցի:

Սակայն, Մոսկվայի ճնշումները նաեւ այս մեկով չավարտվեցին. Դմիտրի Կիսիլյովը Կրեմլի նոր մեղադրանքները բերեց Երեւան, այս անգամ՝ ռուսաց լեզվի խնդրով Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter