HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կայֆավատ ե՞ս ինում մեզ յիրա, իլածը Երեւան են տանում, հի՜նչ գյուղապետ, հի՜նչ պյան …»

Սյունիքի մարզի Քարաշեն համայնքում դեկտեմբերի 14-ին ավագանու ընտրություններ են տեղի ունենալու:

Լսելով այս մասին` Քարաշենի գյուղամիջում կանգնած մարդիկ անտարբեր տոնով արձագանքեցին, թե իրենց ի՞նչ գործն է, ընտրություն կա թե չէ, մեկ է, ոնց ուզեն` այնպես էլ կանեն: «Ի՞նչ ընտրություն, նշանակովի ա», -ասում է Սուրիկ Մարկոսյանը, ում գյուղում Խմբապետ մականունով են դիմում:

«Ա՜, խմբապետը ես չեմ է, նրանք են, վեր հունց օզում են, տհենց ալ անում են»,- բարկանում է Սուրիկը, հավելելով, թե անցած ընտրություններին հավաքեց տանը եղած յոթ անձնագիրն ու մինչեւ ընտրությունների օրը տարավ համայնքապետարան: «Բա հի՞նչ անեմ, եթե մի տեղեկանք պետք ինի` չեն տա»,- արածը փորձում է արդարացնել Սուրիկը: Նրա խոսքը հաստատում են նաեւ մյուսները, ասելով, որ «ընտրությունները ձեւական են, անիմաստ, մեկ ա,  մի գյուղապետ ա, նրա կըլխին մի ուրիշ մեծ, նրա կըլխին ալ՝ ավելի մեծը»:

Համայնքում կայանալիք առաջիկա  ընտրությունների եւ համայնքային խնդիրների մասին առավել վստահ պատմում է «Խմբապետը», միաժամանակ հանդիմանում մյուսներին, որ թաքցնում են խնդիրները: «Ժամանակին կուկլա գյուղ էր Քարաշենը, հին գյուղատեղից եկանք էս հարթ տարածքը, գլխավոր մայրուղու հարեւանությամբ տներ սարքեցինք, բայց պահող չեղավ, ինչ էլ գյուղում կա՝ սովետի վախտից է, ոչ լուսավորություն կա, ոչ ճանապարհ, ոչ կոյուղի»,- ասում է նա:

«Խմբապետը» եւ մյուս զրուցակիցներս փորձում են միմյանց հուշելով հիշել ավագանու անդամներին: Դիմելով նրանց կողքին կանգնած մի երիտասարդ տղայի, Սասունը հարցնում է. «Հերդ էլ չի՞ ավագանի»: «Վայ թե՝ չէ»,-կասկածելով պատասխանում է տղան:

Քարաշենում շուտով կայանալիք ավագանու ընտրությունների մասին որեւէ տեղեկատվություն չկա նաեւ համայնքապետարանի շենքի տարածքում (ի դեպ, ոչ միայն ընտրությունների մասին, առհասարակակ, չկա իրազեկման որեւէ ցուցանակ): ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով  նախատեսվում է, որ համայնքում ընտրական տեղամասերը պետք է կազմավորվեն մինչեւ  հոկտեմբերի  30-ը, սակայն  այդ մասին դեռեւս  որեւէ տեղեկություն չկար:

Նույն ժամանակացույցի համաձայն` ավագանու թեկնածուների գրանցման փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին պետք է ներկայացվեն նոյեմբերի 9-ից սկսած, սակայն եթե մարդիկ անտեղյակ են կայանալիք ընտրության մասին, ապա բնական է, որ ավագանու ընտրությունները հետաքրքրություն չեն ներկայացնում, չեն կարեւորվում եւ այս դեպքում որեւէ մեկի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին անիմաստ է խոսել: Ըստ էության ճշմարիտ էին այն մարդիկ, ովքեր պնդում էին, թե ավագանին «փաթեթով է ընտրվում», գնան-չգնան, կապ չունի: «Գյուղապետարանը մի տեղեկանքի ա ծառայում, էն էլ Անտիկը տալիս ա»,- ասում է Սուրիկը:

Անտիկը համայնքի ղեկավարի կինն է, աշխատում է համայնքային իշխանության աշխատակազմում, որպես գանձապահ-հարկահավաք: Նրա եղբայրը՝ Սլավիկ Մինասյանը, հաստիքացուցակում ներկայացված է որպես աշխատակազմի քարտուղար, սակայն ըստ բնակիչների, բոլոր տեսակի տեղեկանքները տալիս եւ հարկերը հավաքագրում է Անտիկը:  Թե նրան եւ թե համայնքի ղեկավարին հանդիպել չհաջողվեց.  համայնքապետը  հեռախոսով տեղեկացրեց, որ Գորիսում են, անձնագրերի խնդիր  են լուծում:

Աշխատանքային ժամին մեկ ժամից ավելի համայնքապետարանի փակ դռների առաջ սպասելուց հետո ինձ հաջողվեց հանդիպել աշխատակազմի հաշվապահին` Հերմինեին, ով սակայն, այդպես էլ հստակ չգիտեր` ինքը ֆիզիոլոգիական արձակուրդո՞ւմ է, թե ոչ: Նրա խոսքով` մեկ ուրիշ հաշվապահ ունեն, ով այժմ Երեւանում է:

Հերմինեն եւս մյուսների նման տեղյակ չէր, որ առաջիկայում ավագանու ընտրություններ են լինելու եւ հորդորեց, որ միայն թվերի մասին հարցնեմ: Իսկ երբ ինձ հետաքրքրեց, թե ինչպես են հավաքագրվում համայնքի բյուջեի եկամուտները եւ ընթացիկ տարում ի՞նչ արդյունքների են հասել, նա պատասխանեց, թե հեսա կզանգի, գյուղապետին կհարցնի: «Գոնե մեկ ցուցանիշ»,- համառեցի ես, բայց նա խոստովանեց, որ վստահ չի, ինքը գործի ա՞, թե՝ չէ:

Բացի նշվածներից, համայնքային իշխանության աշխատակազմում ընդգրկված են եւս երեքը, որոնց թվում նաեւ մշակույթի տան տնօրենը: Երբ վերջինիս մասին հարցրեցի, թե հիմա աշխատավայրում կլինի՞, բաց կլինի՞ մշակույթի տունը, Հերմինեն պատասխանեց. «Դե գա ի՞նչ անի, տանը կլինի, էլի»:

Եվ այսպես, նման կիսատ-պռատ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային գրաֆիկով աշխատող աշխատակազմի համար որպես աշխատավարձ տարեկան վճարվում է համայնքի բյուջեի մոտ 65%-ը: Այս դեպքում, հավանաբար, բնական է, որ գյուղամիջում կանգնած մարդիկ, խոսելով հարկերի հավաքագրման մասին, ոչ միայն զարմացան, որ իրենց վճարած հարկերը համայնքի բյուջե են մուտքագրվում, այլ ինձ հանդիմանեցին. «Կայֆավատ ե՞ս ինում մեզ յիրա, իլածը Երեւան են տանում, հինչ գյուղապետ, հի՜նչ պան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter