HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ տարի «Խեղված ճակատագրերի» հետ

Ի՞նչ արձանագրեցինք մեկ տարվա ընթացքում

«Խեղված ճակատագրեր» հոդվածաշարում անդրադարձել ենք 104 ցմահ դատապարտյալներից 11-ի վերաբերյալ քրեական գործերին՝ ուսումնասիրելով դրանք դատարանների արխիվում: Մեր ընտրությունը կանգ առավ հիմնականում նախկին մահապատժի դատապարտվածների գործերին, զինվորական ծառայության ժամանակ կատարված դեպքերին, անձանց, ովքեր երիտասարդ տարիքում են դատապարտվել պատժի առավելագույն չափի, սակայն պնդում են, որ բացառապես անմեղ են կամ կրում են չափազանցված պատիժ: Ապա ստեղծվեց  «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» տեսաֆիլմը:

Այս բոլոր գործերում մի քանի ընդհանրական կետեր գտանք.

1. Դատավճիռների վերջում գրված է. «Իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը: Իսկ իրեղեն ապացույցների ոչնչացումը գործնականում գրեթե անհնար է դարձնում նոր տեխնոլոգիաների զարգացմամբ կամ ԴՆԹ թեսթով գործերի վերաբացման հավանականությունը: «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ն աշխարհի շուրջ 50 քրեագիտական կենտրոններ նամակներ է ուղարկել, սակայն պատասխանները կրկնում են իրար. «Անհրաժեշտ են իրեղեն ապացույցներ»: Թեպետ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում մեր առաջարկությամբ նոր դրույթ է սահմանվել, ըստ որի կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման, այդուհանդերձ քանի դեռ նախագիծը օրենքի ուժ չի ստացել, Հայաստանում դեռ շարունակում են ոչնչացնել իրեղեն ապացույցները: Մինչդեռ 1990-ականներից ԱՄՆ-ում և այլ երկրներում ԴՆԹ թեսթով վերաբացվում են տասնյակ տարիների քրեական գործեր, մարդիկ ճանաչվում են անմեղ ու վերադառնում ազատություն:

2. Հիմականում զինվորական ծառայության ժամանակ կատարված դեպքերով զինծառայող-վկաները երկար ժամանակ՝ մինչև 40 օր պահվել են ՌՈ-ում: Բազմաթիվ են վկայությունները նախաքննության ժամանակ տեղի ունեցած խոշտանգումների, ֆիզիկական բռնության մասին, սակայն որևէ իրավական գնահատական դրանք չեն ստացել: Բազմաթիվ են նախաքննության ժամանակ տրված ինքնախոստովանական ցուցմունքների մասին վկայություններ, որոնցից դատարանում հրաժարվել են ամբաստանյալները՝ պնդելով, որ դրանք տրվել են բռնության հետևանքով:

3. Զինվորական գործերով մի քանի դեպքերում անհետացած էին սպանված զինվորների հագուստները:

4. Քրեական գործերը ձեռագիր են, թվայնացված չեն, անընթեռնելի են: Պետք է ձեռագրաբանական հմտություններ ունենալ` դրանք վերծանելու համար: Այդ տարիներին, բնականաբար, չէին ձայնագրվում նիստերը, ամեն ինչ գրառում էին քարտուղարները:

5. Քրեական գործերում գերակշռողը վկաների, կասկածյալների, ապա ամբաստանյալների, տուժողների ցուցմունքներն են: Սակայն արդեն երկու դար վկաների ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ են դնում առաջադեմ աշխարհի գիտական շրջանակները՝ պնդելով, որ քրեագիտության մեջ ոչինչ չի կարող փոխարինել գիտական հետազոտություններին` հանցագործին նույնականացնելու հարցում: Վերջին տարիներին ԱՄՆ-ում ու Եվրոպայում գիտության զարգացմամբ, մասնավորապես՝ ԴՆԹ թեստի հիմքով վերաբացված քրեական գործերով պարզվել է, որ 318 դեպքից 229-ի պարագայում (72 տոկոս) անձը դատապարտվել է մահապատժի կամ երկարատև ազատազրկման` սխալ վկայության հետևանքով: Փոխարենը` իրական հանցագործին վկաները մատնանշել են միայն 90 դեպքով (39 տոկոս): Այն ժամանակ, երբ անմեղ մարդը պատիժ է կրել, իրական հանցագործներն ազատության մեջ կատարել են ևս 98 հանցագործություն: 

6. Փոխարենը՝ մեր կողմից ուսումնասիրված գործերում գիտական հենքը քիչ է: Կան գործեր, որտեղ միայն դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարված, չկան համալիր փորձաքննություններ: Քիչ են նաև լուսանկարները՝ դեպքի վայրի զննության և այլն: Գործեր կան, որտեղ քննիչները գրիչով են նկարել դեպքի վայրը: Սակայն այժմ անգամ լուսանկարների առկայությամբ աշխարհի տարբեր քրեագիտական կենտրոններ 3D մոդելավորմամբ կարողանում են վերականգնել հանցագործության մեխանիզմը: 

7. Քրեական գործի նյութերի ձևական կողմն անգամ հիշեցնում է խորհրդային հասարակարգը: Այսպես՝ դատավճիռները կայացվում էին ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ, օրինակ, 1995թ. դատավճռում կարդում ենք. «Հանուն Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության» ձևակերպումը՝ տեղ-տեղ ջնջված, տեղ-տեղ՝ պահպանված:

«Խեղված ճակատագրերի» լուսաբանումների արդյունքում երկու քրեական գործով մենք ունենք տեղաշարժ, ունենք արձագանքներ նաև պետական մարմիններից: Այս մասին կներկայացնենք հաջորդիվ:

Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Ռուզաննա
Առաջին նկարում բարձրություններին ուշադրություն դարձրել ե՞ք:
ՀԱՅՈՒՀԻ
Հարգելի Զարուհի Մեջյումյան, ձեր հետևողականությունը քաջալերելի է, բայց վախենում եմ, որ քանի դեռ ՀՀ-ում օրենքներ չեն գործում, դրական քայլեր չեն կարող լինել։ Տա Աստված որ ես սխալվեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter