HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նպատակը մեկն է՝ անմեղ մարդը չդատապարտվի

Քրեական արդարադատությունը չի կարելի պատկերացնել` առանց վկաների ինստիտուտի:

Սակայն արդեն երկու դար վկաների ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ են դնում առաջադեմ աշխարհի գիտական շրջանակները՝ պնդելով, որ քրեագիտության մեջ ոչինչ չի կարող փոխարինել գիտական հետազոտություններին` հանցագործին նույնականացնելու հարցում:

Այսպես՝ վերջին տարիներին ԱՄՆ-ում ու Եվրոպայում գիտության զարգացմամբ, մասնավորապես՝ ԴՆԹ թեստի հիմքով վերաբացված քրեական գործերով պարզվել է, որ 318 դեպքից 229-ի պարագայում (72 տոկոս) անձը դատապարտվել է մահապատժի կամ երկարատև ազատազրկման` սխալ վկայության հետևանքով: Փոխարենը` իրական հանցագործին վկաները մատնանշել են միայն 90 դեպքով (39 տոկոս):

Այն ժամանակ, երբ անմեղ մարդը պատիժ է կրել, իրական հանցագործներն ազատության մեջ կատարել են ևս 98 հանցագործություն (63 բռնաբարություն, 17 սպանություն և 18 այլ բնույթի հանցագործություն):

Այս վիճակագրությունը ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիային ներկայացրել է Innocence Project կազմակերպությունը, որը 1992 թ-ից օգնում է անմեղ մարդկանց վերադառնալ ազատություն` ԴՆԹ թեսթի կիրառմամբ ու իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ:

Վիճակագրական տվյալները դարձել են ազդակ, որ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականներն ուսումնասիրեն վերջին 30 տարիներին քննված գործերը: Այն, ինչ պարզվել է ուսումնասիրության արդյունքում, տեղ է գտել 160 էջանոց զեկույցի մեջ, որը հրապարակվել է օրերս: Այս մասին կարդում ենք ԱՄՆ ԳԱԱ կայքում:

Զեկույցի հիմնական մեխն այն է, որ վկաների ցուցմունքները անվստահելի են. պատճառն այն է, որ մարդկային ուղեղը տեսաձայնագրիչի նման չէ, մարդիկ ուղիղ չեն ձայնագրում խոսքն իրենց ականջներով ու չեն տեսագրում կատարվածն իրենց աչքերով:

«Մարդկային ուղեղը, ականջներն ու աչքերը ժապավեն չեն, որ հետ պտտենք ու լսենք կամ տեսնենք կատարվածը: Մարդկային հիշողության մեջ պահպանվածը պիտի ուսումնասիրվի ճշգրիտ մեթոդաբանությամբ. ոստիկանությունում ճնշումներ չգործադրվեն վկաների նկատմամբ, սուտ ցուցմունքներ չկորզվեն: Բայց որ ամենակարևորն է, վկայությունները պիտի ամրապնդվեն գիտական փորձաքննություններով: Դատարաններն ուսումնասիրված գործերի մեծամասնության մեջ անթույլատրելի չեն ճանաչել վկաների այն ցուցմունքները, որոնք հաստատված չեն եղել գիտական հետազոտությամբ»,- նշված է զեկույցի մեջ:

«Մեր հաղթանակած գործերով տեսնում էինք, թե ինչքան սուբյեկտիվ, սխալական կարող են լինել վկաների ցուցմունքները, ինչը բերել է սխալ դատավճռի: Բայց հիմա մենք ունենք գիտական զեկույց այդ մասին, որը քրեական արդարադատության ոլորտում կարող է դառնալ բարեփոխումների հիմք: Իսկ նպատակը մեկն է, որ անմեղ մարդը բանտում չհայտնվի»,- ասել է Innocence Project կազմակերպության համահիմնադիր Բարրի Շեկը:

Հանցագործին ճիշտ որոշելու համար դեռ 1800-ականներին գիտնականները կասկածի տակ էին դնում ականատես վկաների ցուցմունքները, առաջարկում դատարաններին դատավճիռ արձակելիս հիմնվել ոչ թե վկաների, այլ գիտական փորձաքննությունների վրա:

Հայաստանում պետությունը շարունակում է ոչնչացնել իրեղեն ապացույցները` կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում: Նախկինում քննված որևէ գործ անհնար է այսօր ԴՆԹ թեսթի հիմքով վերաբացել այն պարզ պատճառով, որ ապացույցներ չկան: Այնինչ, մեր բանտերում կան տասնյակ մարդիկ, ովքեր «Հետքին» գրած նամակներում բարձրաձայնում են դատական սխալի, իրենց՝ անմեղ լինելու մասին, տարիներով պայքարում գործերի վերաբացման համար:

ՀՀ ԳԱԱ  փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արտաշես Ջավադյանը նշեց, որ, ցավոք, Հայաստանում դեռ չկա ԴՆԹ թեսթի լաբորատորիա և որ այդ գործիքները շատ թանկ արժեն: 2004 թ-ից այս կողմ ազգային բյուրոյում պահվել են քրեական գործերի փորձանմուշների միայն էլեկտրոնային նկարագրությունները: Իսկ 1990-ականների գործերով ոչինչ պահպանված չէ: Այդ ժամանակ անգամ բյուրոն գոյություն չի ունեցել:

Դատարանների արխիվում «Հետքը» ծանոթացել է նախորդ դարի վերջին քննված մոտ 11 քրեական գործի (մահապատժի դատապարտված անձանց): Դրանք ձեռագիր են, չունեն ձայնային կրիչներ (դատարաններում չկար ձայնագրման համակարգ), էլեկտրոնային տարբերակներ չկան: Չկան նաև իրեղեն ապացույցները: Ուսումնասիրված գործերում շատ են վկաների ցուցմունքները, փոխարենը` մեկ-երկու փորձաքննություն է արված:

Եթե մեկ լրատվամիջոց կարողացել է ուսումնասիրել 1990-ականների որոշ գործեր, ապա ինչո՞ւ պետական համակարգերը չեն նախաձեռնում նման աշխատանք: Պետությունը կարող է պատվիրել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային ուսումնասիրել այդ գործերը ու ներկայացնել համապատասխան զեկույց՝ առաջարկներով: 

Մեկնաբանություններ (2)

Gevorg
Հետաքրքիր է, իսկ որ մի ապուշն է ժամանակին այդպիսի օրենք գրել որ ապացույցները ոչնչացնեն:
Վեհարի
Պետություն կոչվածը մենք չենք, այլ այն իշխանությունը զավթած մի բուռ հանցագործները, որոնք ստեղծել են հանցագործների իշխանության համակարգ: Սրանց պատվերով զեկույց-առաջարկները միայն սեփական իշխանությունը երկարաձգելու բովանդակություն կունենան: Արդարադատության ոլորտում բարեփոխությունների կարելի է սպասել միայն այն դեպքում, երբ որևէ կերպ նախագահ ընտրվի ժողովրդի կողմից, որը կտրուկ կդիմի կյանքը բարեփոխող ռեֆորմների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter