Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ո՞վ է հովանավորում կոլեկցիոներ Ծաղիկյանին



Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանի կողմից ապացույցները կեղծելու և խաբեությամբ Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Դա նշանակում է, որ Կամո Բադալյանի ընտանիքին` երկու անչափահաս երեխաների հետ, փողոցում հայտնվելու վտանգ է սպառնում:

Հիշեցնենք՝ Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի միջնորդությամբ Ստեփան Ծաղիկյանը 2004-ին 4 նկար էր գնել: Այդ նկարները Ծաղիկյանն արտահանել էր ՌԴ: Թե հետո ինչ ճակատագիր են ունեցել նկարները, հայտնի չէ: Սակայն տարիներ անց Ս. Ծաղիկյանը հայտնվել և հայտարարել է, որ դրանք կեղծ են և 2010-ին դատարան է դիմել` իրեն վաճառված իբրեւ թե կեղծ նկարների դիմաց փոխհատուցում պահանջելու հայցով: Սակայն Ստեփան Ծաղիկյանը ոչ թե նկարները վաճառող անձին է դատի տվել, այլ միջնորդին՝ Կամո Բադալյանին: Ծաղիկյանի հայցը բավարարվել է, իսկ վերադաս ատյանները  նույնն են թողել վճիռը: Բադալյանների տունը կալանքի տակ է՝ 9600 դոլարի բռնագանձման ենթակա գումարի պատճառով:  

Ստեփան Ծաղիկյանին վաճառած 4 նկարները 2005թ. հունվարի 11-ին ՌԴ արտահանելու կապակցությամբ փորձաքննության են ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, և հաստատվել է դրանց բնօրինակներ լինելու և անվանի հեղինակներ Պ.Կոնչալովսկու և Ա. Դեյնեկայի  վրձնին պատկանելու փաստը: Այս կարևոր հանգամանքը, սակայն, Ս. Ծաղիկյանը թաքցրել է առաջին ատյանի դատարանից: Այն հայտնի է դարձել միայն Կամո Բադալյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի՝ 2011-ին Մշակույթի նախարարություն ուղարկած գրության պատասխանից հետո: «Հետքի» հետ զրույցում Ստեփան Ծաղիկյանը չէր թաքցրել, որ նկարների բավականին մեծ հավաքածու ունի և շարունակում է հավաքագրել:

Զուգահեռաբար Կամո Բադալյանը դիմել էր իրավապահ մարմիններին, և ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Գործը, սակայն, 2011թ.-ից կասեցված էր: Վարույթն իրականացնող մարմինը դիմել էր ՌԴ իրավապահներին` նկարների փորձաքննությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու միջնորդությամբ: Զուգահեռաբար Կամո Բադալյանի փաստաբանը դիմել են տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝  ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Բրուտյանի որոշմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և ապացույցները կեղծելու հատկանիշներով:

Դատախազ Բրուտյանը նշել էր, որ Ստեփան Ծաղիկյանը փորձաքննությունների եզրակացությունները Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չի ներկայացրել, քանի որ դրանով կպարզվեր հայցային վաղեմության ժամկետներն անցնելու փաստը և հայցը չէր քննարկվի: Մինչդեռ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն վերոհիշյալ նկարները Ծաղիկյանի նախաձեռնությամբ առաջին անգամ փորձաքննության են ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում և համարվել են բնօրինակներ:

Այնուհետև դրանք ՌԴ արտահանելուց և ՀՀ վերադարձնելուց հետո փորձաքննության են ենթարկվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում և տրված եզրակացության համաձայն նկարները կատարվել են անհայտ նկարիչների կողմից, մշակութային արժեք չեն ներկայացնում: Այս երկու փորձաքննությունների եզրակացությունների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նկարների անհատականացնող տվայլները տարբեր են, այսինքն՝ տարբեր նկարներ են փորձաքննության ենթարկվել:

«Ստեփան Ծաղիկյանը, գնելով ռուս նկարիչներ Ա.Դեյնեկայի և Պ.Կոնչալովսկու վրձիններին պատկանող չորս գեղանկարները, խաբեությամբ Կամբո Բադալյանի անռանձնապես խոշոր չափով գումարները հափշտակելու նպատակով, նկարների կեղծ լինելու վերաբերյալ ապացույցներ է կեղծել և քաղաքացիական գործով ներկայացրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Կեղծված ապացույցների հիման վրա դատարանի 09.06.2010թ կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռով Կամոբ Բադալյանի առանձնապես խոշոր չափով՝ 9600 դոլարին համարժեք 3.618. 336 ՀՀ դրամի նկատմամբ Ստեփան Ծաղիկյանը ձեռք է բերել իրավունք, ուստի դեպքի առթիվ անհրաժեշտ է հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածօ 3-րդ մասի 1-ին կետի և 349-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- գրել է դատախազ Բրուտյանը:

Կամո Բադալյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը միջնորդել էր իր պաշտպանյալին տուժող ճանաչել, իսկ Ստեփան Ծաղիկյանին՝ մեղադրյալ: Նախաքննական մարմինն այս միջնորդությունը մերժել էր, սակայն Ս. Սաֆարյանն այն բողոքարկել էր դատարանում: Դատարանը մասնակի բավարարել էր նրա բողոքը՝ Կամո Բադալյանին ճանաչելով տուժող, սակայն Ստեփան Ծաղիկյանին մեղադրյալ չէր ճանաչել: Դատարանի այս վճռից հետո նախաքննական մարմինը որոշել է գործը կարճել:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը պատմեց, որ երբ գործի վարույթն իրականացնող քննիչի հետ է խոսել ու հարցրել Ռուսաստանից ստացված փաստաթղթերի մասին, վերջինս ասել է, որ չնայած պետք է դրանց ծանոթացնեին, բայց գործը կարճվել է: «Ասացի՝ ո՞նց թե կարճել եք, ո՞նց եք կարճել: Ասում է՝ հոմ ես չեմ որոշողը, ասի՝ ով է որոշողը, քո վարույթի գործն է, ասաց՝ կստանաք որոշումը, կտեսնեք ինչ է»,-պատմեց Սեդա Սաֆարյանը:

Փաստաբանը վստահ է, որ Ծաղիկյանին հովանավորող ուժեր կան, քանի որ այս գործը խախտումներով է կարճվել, բազմաթիվ փաստեր անտեսվել են: «Ես վստահ եմ, որ Ծաղիկյանին ուժեր են հովանավորում, որովհետև եթե մեկ ուրիշը լիներ, նրա վրա շատ լուրջ քրեական գործ հարուցված կլիներ, և նա կալանավորված կլիներ»,-ասում է փաստաբանը: Նրա կարծիքով՝ նախկինում դատախազ Ծաղիկյանն իր կապերն է աշխատեցնում այս գործն իր օգտին լուծելու համար:

Փաստաբանի մեկնաբանմամբ՝ վերադաս դատախազի՝ քրեական գործ հարուցելու որոշման գնահատականները չեն համապատասխանում այս քննիչի կայացրած կարճման որոշման հետ: «Սա նորմալ երևույթ չէ: Ոնց կարող է դատախազությունն ուրիշ տեսակետ արտահայտի, երկու ամիս հետո՝ բացարձակ ուրիշ»,- ասում է Սեդա Սաֆարյանը:

Զուգահեռաբար գույքի վրա բռնագանձումը տարածելու հայցով Ծաղիկյանը դիմել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նախագահող դատավոր Ալվարդ Հունանյանը կասեցրել է դատաքննությունը և փորձաքննություն նշանակել: Փորձաքննությունից հետո պետք է որոշվի Բադալյանների տան ճակատագիրը:

Սակայն Սեդա Սաֆարյանը սպասում է կարճման որոշմանը, որ ուսումնասիրի և բողոքարկի այն: 

Լուսանկարը՝ Ս.Ծաղիկյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ