HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ո՞ւմ է պատժում Թուրքիան՝ սահմանը փակ պահելով

Հայաստանի հետ սահմանի բացումը Կարսի բնակչության համար նշանակում է ոչ միայն տնտեսական աճ ու զարգացում, այլև պատուհան, որով նրանք կկարողանան հաղորդակցվել աշխարհի հետ:

«Մարդիկ ասում են, որ իրենց կյանքը սահմանում վերջանում է, և իրենք ուզում են այդ վերջակետը փոխել, ազատ զգալ,- ասում է Մակրոէկոնոմիկայի և միջազգային առևտրի մասնագետ Զյումրութ Իմամօղլուն,- մարդիկ կան, որ ասում են, թե Թուրքիան՝ սահմանը փակ պահելով, պատժում է ոչ թե Հայաստանին, այլ Կարսի բնակչությանը»:

Հրանտ Դինք հիմնադրամը հայ-թուրքական սահմանի սոցիալ տնտեսական ազդեցության մասին հետազոտություն է իրականացրել, որի արդյունքները Իմամօղլուն ներկայացրեց Անկարայի երկօրյա խորհրդաժողովի ընթացքում: Հետազոտությունը, մասնավորպես, փաստում է, որ, թեպետ Հայաստանի տնտեսությունը փոքր է, այդուհանդերձ, այն նշանակալի ներդրում կարող է ունենալ սահմանամերձ այս շրջանի զարգացման համար:  

Ըստ Թուրքիայի զարգացման գոտիների՝ Կարսն ընդգրկված է ամենաքիչ զարգացած վերջին երկրորդ գոտում՝ TRA2-ում, որն ընդգրկում է Կարս, Արդահան, Իգդիր և Աղր շրջանները: Կարսում մարդիկ արտագաղթում են. մոտ 300 հազար բնակչություն ունեցող Կարսի շրջանը 14 տարի առաջ ունեցել է 325 հազար բնակչություն: Կարսի բուն բնակչությունը մոտ 78 հազար է:

Իմամօղլուն ասում է, որ մարդիկ այնտեղ դժգոհում են, որովհետև լինելով սահմանին մոտ՝ չեն կարողանում դրանից օգտվել. «Դժգոհությունն ավելի է խորանում, որ Հայաստանի հետ առևտուրն իրականացվում է Վրաստանի միջոցով, և իրենք դրանից էլ չեն կարողանում օգտվել»:

Կարսում արդյունաբերություն չկա, և Թուրքիան այստեղ մարդկանց խրախուսելու համար այս տնտեսական գոտում մարդկանց ազատել է հարկերից:

«Սակայն մարդիկ ասում են, որ չեն ուզում գրանցված աշխատողներ ունենալ և գերադասում են ունենալ գործազուրկի կարգավիճակ ու այդ փաստաթղթով թոշակ ստանալ, քան թե սոցվճարներ մուծել»,- ասում է Իմանօղլուն:

Հետազոտության համաձայն՝ սահմանը  բացվելու պարագայում մասնավոր սեկտորում ընդգրկված աշխատողների թիվը ամեն տարի 7 տոկասով կաճեր, և 2007թ.-ից  այս կողմ զբաղվածների թիվը 31 տոկոսով ավելին կլիներ, քան հիմա է:

«Կարսում ամենադաժան բաներից մեկն այն է, որ մարդիկ կորցրել են իրենց ապրելու ուժն ու լավատեսությունը, ասում են, թե մեր վրա կարծես մահվան հող սփռված լինի և մենք դանդաղ մահանում ենք»,- ասում է Իմամօղլուն:

Կարսի նախկին քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն ասում է, որ եթե մարդիկ իմանան, որ սահմանը բացվելու է, անպայման ներդրումներ կլինեն ու գործարաններ կկառուցվեն: Ալիբեյօղլուն սահմանը բացելու և հայ-թուրքական հարաբերություններ կառուցելու ջատագովներից է, իր պաշտոնավարման տարիներին նա բազմիցս հանդես է եկել սահմանը բացելու առաջարկություններով, իսկ 2004թ. կազմակերպել է սահմանը բացելուն ուղղված ստորագրահավաք, որին միացել էին 50 հազար մարդ: Ալիբեյօղլուն 2006թ. նաև նախաձեռնել էր երկու ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանի կառուցում, որը կիսատ մնաց, որովհետև նա 2009թ. հերթական ՏԻՄ ընտրությունների ժամանակ պարտվեց, ընդ որում մոտ 600 ձայնով, իսկ հուշարձանն ապամոնտաժվեց, որովհետև ներկա նախագահ Էրդողանն այն որակել էր որպես այլանդակություն և անվանել՝ «հրեշ»:

Իտալացի հետազոտող  Ֆաբիո Սալոմոնին Կարսում իրականացված այս նախաձեռնությունները համարում է այն բանի արդյունք, որ մարդիկ այնտեղ ունեն պակաս կարծրացած ազգային ինքնություն, քան, օրինակ, Իգդիրում:

«Իգդիրը միշտ անթափանց սահման է եղել, որը նշանակում է, որ այնտեղ դժվար է թարմ կենսափորձ հայտնաբերել, մինչդեռ Կարսի կողմում սահմանը ծակոտկեն է, որը նշանակում է, որ այնտեղ, թեպետ սահմանափակ, սակայն որոշակի անդրսահմանային համագործակցություն եղել է»,- ասում է նա:

Սալոմոնին ասում է, որ սահմանամերձ շրջանները ազգային ինքնության տեսանկյունից ոչ միատարր տարածքներ են և կան տեղական տարբեր ինքնություններ, որոնք հեղհեղուկ են և ձևավորվում ու փոփոխվում են տարբեր գործոնների՝ տնտեսական, մշակութային, ազգային ինքնությունների արդյունքում, և կարող են տարբեր լինել պետական քաղաքական վեկտորից:

«Մշակութային արտեֆակտները, հուշարձաններն ու թանգարանները բյուրեղացնում են ինքնությունը, մյուս կողմից՝ բնակչության էթնիկ խայտաբղետ կազմն ու երկրի կենտրոնից հեռու տեղակայված լինելը նպաստում են սահմանամերձ շրջանի՝ երկրի տիտղոսակիր ինքնության անհավատարիմ լինելու փաստին,- ասում է նա,- անդրսահմանային համագործակցությունները մեծ դեր են խաղում ինքնությունների ձևավորման վրա և հաճախ անհավատարմություն են ցուցաբերում կենտրոնամետ ուժերին, և նրանք միջամտում են, երբ գերակա ինքնության համար սպառնալիք կա»:

Հետազոտողը նկատի ունի Ալիբեյօղլուին, որն ընտրվել էր իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից, սակայն կառավարման ընթացքում կենտրոնամետից դարձավ կենտրոնախույս ու հակադրվեց կենտրոնական ուժերին:

Ալիբեյօղլուն ասում է, որ վերջին տարիներին զարգացել է մի քաղաքականություն, որ թույլ չի տալիս երկրում աղքատությունը նվազեցնել, որովհետև աղքատներն այն դասակարգն են, որոնց ամենահեշտն է օգտագործել:                    

Կարսն ու Իգդիրը՝ գտնվելով նույն տնտեսական գոտում և լինելով նույնչափ աղքատ, ունեն էական տարբերություններ, որոնցից մեկը ազգային ինքնությունների ձևավորման ու դրսևորումերի տարբերությունն է, մյուսը՝ Իգդիրի երեք սահմանները, երբ Կարսն ունի միայն մեկը: Իգդիրն ունի սահման Նախիջևանի և Իրանի հետ, ու թեպետ Իրանի հետ սահմանը փակ է, սակայն Նախիջևանի հետ առևտուր իրականացվում է:

«Հետևաբար Հայաստանի հետ սահմանի բացումը Իգդիրի համար ավելի պակաս կարևոր է, քան Կարսի համար,- ասում է Սալոմոնին,- և ստացվում է, որ Իգդիրում ավելի ուժեղ է տնտեսությունը, իսկ Կարսն ուժեղ է մշակութային բազմազանությամբ, քանի որ ունեցել է խայտաբղետ կազմ»:

Կարսում ներկայումս ապրում են չորս էթնիկ խմբեր՝ քրդեր, թուրքեր, ադրբեջանցիներ և թարեքեմեներ: Իսկ Իգդիրում գերակշռում են ադրբեջանցիները, այստեղ կենտրոնամետ միտումները ավելի են տարածված հենց ադրբեջանական գերակա ներկայությամբ:

«Իգդիրի կենտրոնամետ ուժերը տեղում բյուրեղացնում են ազգային կենտրոնական ինքնությունն ու հակադրվում Կարսում կենտրոնախույս ուժերին, որոնք փորձում էին ավելի պակաս կարծրացած ինքնություններ կերտել և բավական հաճախ մեկնում էին Երևան»,- ասում է Սալոմոնին:

Ադրբեջանը նաև 2004թ. Կարսում բացել է հյուպատոսություն, և Սալոմոնիի կարծիքով՝ դա արվել է նրա համար, որպեսզի Ադրբեջանը կարողանա իրավական մակարդակով միջամտել տեղական ինքնության բյուրեղացման գործընթացին:

Իսկ այս տարվա մարտի վերջին Թուրքիայում անցած ՏԻՄ ընտրություններում Կարսում ընտրվեց խիստ ազգայնական կուսակցության ներկայացուցիչը, որն, օրինակ, պարտվեց Իգդիրում, որովհետև այնտեղ կենտրոնամետ ուժերի դիրքերն ավելի ամուր են:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ շրջանում ապրող էթնիկական խմբերից ամենաշատը սահմանի բացմանը կողմ են քրդերը: Ադրբեջանցի բնակչությունն ասել է, որ իրենց համար ամենաակարևոր հարցը Ղարաբաղի հարցի լուծումն է, սակայն զարգացում ունենալու համար բոլորն էլ համաձայնել են, որ սահմանը բացելը կարևոր է:

Ստամբուլահայ հետազոտող Սայաթ Թեքիրը, որ նույնպես հետազոտություն է անցկացրել հայ-թուրքական սահմանի երկու կողմերում և զրուցել մարդկանց հետ, ասում է, որ երկու կողմում էլ մարդիկ շատ ոգևորված են սահմանը բացելու հեռանկարից: «Միևնույն ժամանակ նրանք (երկու կողմում էլ, ծ.թ. հեղինակի) նաև վտանգ են զգում ասելով, թե չեն ճանաչում սահմանից այն կողմ ապրող մարդկանց ու, եթե այսօր ազատ քայլում են իրենց փողոցում, չգիտեն, թե սահմանը բացելուց հետո ինչ կլինի»,- ասում է Թեքիրը:

Պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը  նկատում է, որ նույնիսկ եթե սահմանը բացվի, և Կարս-Գյումրի երկաթուղին գործի, պետք է նկատի ունենալ, որ այն շատ մրցունակ չի լինի, որովհետև կա մյուսը՝ Բաքու-Թիֆլիս-Կարսը:

«Երբ Բաքու-Թբիլիսի-Կարս և Բաքու-Թբիլիսի-էրզրում գծերն ի հայտ էին գալիս, Հայաստանը կարող էր մտածել, որ ինքը մեկուսացվելու է, սակայն այդ ժամանակներն անցան,- ասում է  Վարհրամ Տեր-Մաթևոսյանը,- և հիմա պետք է մտածել, թե ինչպես Հայաստանը կարող է տվյալ իրավիճակն օգտագործել որպես հնարավորություն»:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2007թ.՝  Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա: Սկզբնապես հայտարարվել էր, որ այն կավարտվի 2011թ. վերջին, սակայն ամեն տարի նոր վերջնաժամկետներ են հայտարարվում: Այս տարի էլ հայտարարություն տարածվեց, որ այն վերջնականապես շահագործման կհանձնվի 2015թ. վերջին, սակայն Ալիբեյօղլուն խորհրդաժողովում հայտարարեց, որ այդ երկաթուղին չի գործելու. «Բոլոր մրցույթները չեղյալ են համարվել»:

Մեկնաբանություններ (1)

AGatian
I have no doubt regarding the factual study done by HD Foundation. It's a fact that based on the economies of the two countries, for Armenia open border is vital.For Turkey being a member of G20 the political gains outweighs the the yield of open border with Armenia. If Armenia accepts all the terms put forward by Turkey as a condition to the opening of the border, there's no guarantee that another dispute between Armenia and Turkey or Azerbaijan won't be used as an excuse to close the border again.Armenia first should put it house in order first by eliminating issues that are common with ex-Soviet countries and start a dynamic business model based on high tech industries. Transparency,almost zero corruption is a must for success of such an economy For instance surgical instrument industry is ideal sector where an entire month's production of a mid-size company can be transported with a single load of cargo plane .Turkey skillfully uses this weakness of Armenia and based on history they will use all over again. The more options are considered away from Turkey, the less leverage Turkey and Azerbaijan will have over Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter