HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Կոստանյան. «ԵԽ որևէ երկրում չկա մեխանիզմ, որ փոխհատուցման գումարը բռնագանձվի դատարանից»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտը 10 տարեկան է, ինչի առթիվ կազմակերպվել էր միջազգային կոնֆերանս, որտեղ ամփոփվեց ՄԻԵԴ-ում Հայաստանից և այլ երկրներից ստացված գանգատների վիճակագրությունը:

Ըստ այդմ, ինչպես իր խոսքում նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, 2002թ.-ից սկսած՝ մինչև 2014 թ.-ի սեպտեմբեր ընդդեմ մեր պետության ԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ, 2014 նոյեմբերի 1-ի դրությամբ կայացվել է 49 վճիռ:

Նշենք, որ նոյեմբերի 13-ին մեր երկրի դեմ կայացրած վճիռների թիվը ավելացել է ևս 3-ով: Այսպիսով՝ այս պահին ընդդեմ ՀՀ-ի կայացվել է 52 վճիռ:

«Անգամ եթե մենք համեմատվենք մեր հարևան պետությունների կամ հին ժողովրդավարության պետությունների հետ, այսինքն՝ եվրոպական ցանկացած երկրի հետ, մենք գտնվում ենք լավագույն վիճակում»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Գևորգ Կոստանյանը: 

2014թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ մեր պետությանը ներկայացվել է շուրջ 15 մլն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից ՄԻԵԴ-ի կողմից բավարարվել է շուրջ 574.000 եվրոն: Եվրոպական դատարանի կողմից բավարարված գումարն ամբողջությամբ փոխհատուցվել է: 574.000 եվրոյից 146.000-ը վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ պետական կարիքների համար վերցված տարածքների բնակիչներին, օրինակ, փոխհատուցել են կառուցապատող ընկերությունները:

Նշենք, որ նոյեմբերի 13-ի 3 վճիռներով էլ մեր կառավարությունը պետական բյուջեից երեք ընտանիքների պիտի փոխհատուցի 160.000 եվրո գումարով, որը պիտի վճարվի 3 ընտանիքներին 3 ամսվա ընթացքում:

Ինչո՞ւ է ԵԴ-ի սահմանած փոխհատուցումը տրվում պետական պյուջեից

Քաղաքացիները, նաև մասնագետները պարբերաբար բարձրացնում են հարց, թե ինչու պետք է անարդար դատական ակտերի պատճառով ՀՀ քաղաքացին կրկնակի տուժվի: Չէ՞ որ ԵԴ-ն պարտավորեցնում է կառավարությանը պետական բյուջեից կատարել փոխհատուցման պահանջը, այսինքն՝ դարձյալ քաղաքացիների գրպանից:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի կարծիքով, երկկողմանի է խնդիրը: Մի կողմից դատավորը կզգաստանա, եթե իմանա, որ ինքը պարտավոր է վճարել իր իսկ կողմից թույլ տված խախտման դիմաց, մյուս կողմից էլ նա կաշկանդված կլինի, կվտանգվի դատավորի անկախությունը: «Կստացվի, որ գործադիր իշխանությունը տուգանք է վերցնում դատական իշխանությունից նրա կայացրած ակտերի համար: Չեմ կարծում, թե խելամիտ է: Իսկ կառավարության անդամների աշխատավարձից, եթե գոյանան փոխհատուցումների գումարները, միգուցե ավելի ճիշտ լինի»,-ասաց Արման Դանիելյանը:

«Հետքի» հարցին, թե կա որևէ պետություն, որտեղ դատական սխալ, անարդար դատական ակտ կայացրած դատավորի կամ կառավարության անդամների գրպանից է գումարը գանձվում ՄԻԵԴ վճիռների կատարման համար, Գևորգ Կոստանյանը պատասխանեց.

«Եվրոպայի խորհրդի որևէ երկրում չկա մեխանիզմ, որի դեպքում գումարը բռնագանձվի դատարանից: Սա շատ լուրջ խնդիր է: Իհարկե, ստացվում է, որ կոնկրետ սուբյեկտի կամ սուբյեկտների պատճառով պետությունը հայտնվում է այնպիսի վիճակում, որ վճարում է պետական բյուջեից: Սակայն դատական իշխանության անկախությունը ենթադրում է նաև ֆինանսական անձեռնմխելիություն: Այլ հարց է, որ դա կարող է հիմք հանդիսանալ տվյալ դատարանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցով: Ինչպես 2007 թ.-ին Միշա Հարությանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով  Արդարադատության խորհուրդը խիստ նկատողություն հայտարարեց դատավորներից մեկին՝ աշխատավարձի 25 տոկոս պահում 6 ամսվա ընթացքում»: 

Ի՞նչ անեն այն անձինք, ում դատավճիռները կայացվել են մինչև Հայաստանի՝ ԵԽ անդամ դառնալը

Այն, որ արդարադատությանը հասնելու երաշխիքները ընդլայնվել են ՄԻԵԴ դիմելու հնարավորությամբ, փաստում են մասնագետները: Սակայն կան մի խումբ մարդիկ, ովքեր շարունակում են պատիժ կրել հայաստանյան բանտերում, մինչդեռ չեն կարողացել ու չեն կարող դիմել ՄԻԵԴ, քանի որ, դատավճիռները կայացվել են մինչև ՀՀ-ի՝ ԵԽ անդամ դառնալը, այսինքն՝ 2001 թ-ից առաջ: Նրանցից ոմանք տասնյակ տարիներ պնդում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերի հետևում: Բայց այդ քրեական գործերի վերանայման նախադեպ մինչ օրս չկա:

1990- ականների մի շարք գործեր դատարանների արխիվում ուսումնասիրելով և լուսաբանելով՝ «Հետքը» ներկայացրել է, թե ինչպես են դատապարտվել մարդիկ նորանկախ Հայաստանի առաջին տարիներին, երբ դեռ սաղմնավորման փուլում էին բոլոր պետական համակարգերը, այդ թվում և դատականը, երբ դեռ չկար ՀՀ Քրեական օրենսգիրք, երբ գործում էր 1961 թ-ի սովետական ժամանակաշրջանի օրենսգիրքը, երբ մահապատժի դատավճիռները կայացվում էին, սակայն չէին իրագործվում (մորատորիում էր հայտարարված 1991 թ-ից):

«Հետքի» հարցին, թե ինչ կարելի է անել այդ գործերով, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Բնականաբար տվյալ պետության ԵԽ անդամակցությունից հետո կարող են քաղաքացիներ դիմել Եվրոպական դատարան: Ինչ վերաբերում է նրան, որ 1990-ականներին դատապարտված անձինք շարունակում են պնդել, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ազատազրկան վայրերում, ապա նախորդ հայտարարությունների ժամանակ էլ ասել եմ, որ կարող են դիմել նոր երևան եկած հանգամանքներով»: Լրացուցիչ հարցին, թե «Հետքի» հրապարակումների հիմքով 2 գործով դիմել ենք, սակայն գլխավոր դատախազությունից մերժում ստացել, գլխավոր դատախազն ասաց. «Ուրեմն՝ Ձեր պատկերացրած նոր երևան եկած հանգամանքը քրեական դատավարության տեսանկյունից նոր երևան եկած հանգամանք չէ»:

Նշենք, որ մենք դիմել էինք նոր երևան եկած հանգամանքներով վերաբացել իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 1995 թ.-ին մահապատժի դատապարտված Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի  և 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով 1997 թ,-ին մահապատժի դատապարտված նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործերը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter