HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարան. զանգվածային վարակ՝ առանց կասկածյալների

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան 

Կապանցի թոշակառու տիկին Սիլվան դեկտեմբերին Քաջարանի հիվանդանոցում քթի վիրահատության պիտի ենթարկվեր, սակայն գործողությունից առաջ բժշկական կենտրոնից զանգել են նրան եւ ասել, որ վիրահատարանը չի գործում, քանի որ այնտեղ սանմաքրում են անում (առաջ անցնելով նշենք, որ այն մինչ օրս կապարակնքված է): Տիկին Սիլվան հետագայում է իմացել, թե ինչ է եղել իրականում. նա փրկվել է հեպատիտ C-ով վարակվելուց:

Մարդիկ, որոնք տուժել են ուրիշների անփութության արդյունքում    

Անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի հիվանդանոցում տեղի է ունեցել վիրահատված անձանց՝ հեպատիտ C-ով վարակվելու մասսայական դեպք, ինչը խուճապ առաջացրեց քաղաքում եւ ընդհանրապես Կապանի տարածաշրջանում:

26-ամյա Մերին Քաջարանից է: Մեկ երեխա ունի՝ 4-ամյա Մարիամը: Ամուսինն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ): Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին Քաջարանի հիվանդանոցում Մերին ենթարկվել է կույր աղիքի վիրահատության, որից 1 շաբաթ անց դուրս է գրվել հիվանդանոցից: Պատմում է, որ վիրահատությունից հետո 40 օր իրեն վատ էր զգում՝ անընդհատ սրտխառնոց էր ունենում, գլխապտույտ: Կապանի բժշական կենտրոնում արյան անալիզ է հանձնել, եւ պարզվել է, որ առկա է հեպատիտ C-ի պատկեր: Այնուհետեւ Երեւանում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, դա հաստատվել է: «Լյարդիս պրոբաները նորմայից շատ բարձր էին: Նորքի ինֆեկցիոնում պառկեցի, մի որոշ ժամանակ հետո դուրս գրեցին, դեղորայք նշանակեցին: Հիմա Քաջարանում եմ, տանն եմ»,- նշում է Մերին ու հավելում, որ Նորքից հետո որոշ ժամանակ պառկել է նաեւ Կապանի հիվանդանոցում: Նրա խոսքով՝ միայն հիվանդանոցում գտնվելու ժամանակ էին բուժօգնությունն ու դեղերն անվճար: «Դուրս գրվելուց հետո ինչ դեղորայք գրում են, մենք ենք առնում: Ես էլի հսկողության տակ եմ, անընդհատ պետք է անալիզներ հանձնեմ: Մարտին հեպատիտ C-ի վիրուսի համար նորից պետք է հանձնեմ անալիզ, հնարավոր է՝ վիրուսն ինքնուրույն նահանջի»,- ասում է երիտասարդ կինը:

Հեպատիտ C-ն վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է լյարդը: Այն հաճախ երկար ժամանակ ընթանում է առանց ախտանիշների, իսկ դրանք հիմնականում մեղմ ու անորոշ են՝ ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, մկանների կամ հոդերի ցավ, քաշի կորուստ: Եվ միայն վարակվածների 15 տոկոսի մոտ են ի հայտ գալիս սուր ախտանշաններ: Եթե վարակն օրգանիզմում առկա է 6 ամիս անց, նշանակում է սկսվել է քրոնիկական հեպատիտ C, ինչն ամենավտանգավորն է: Քրոնիկական ընթացքը նկատվում է վարակվածների 80-85 տոկոսի մոտ, կարող է սպիեր առաջացնել լյարդում եւ տարիներ անց դառնալ լյարդի ցիռոզի պատճառ, սա էլ կարող է լյարդի քաղցկեղի հանգեցնել: Լյարդի ցիռոզի դեպքերի 27 տոկոսը եւ լյարդի քաղցկեղի 25 տոկոսը հեպատիտ C-ի հետեւանք է:

Մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ Մերիի մայրը հիվանդանոցի բուժքույրերից է: Նա հրաժարվեց խոսել մեզ հետ: Մերիի ասելով՝ հեպատիտ C-ի դեպքի մասին հայտնի դառնալուց հետո բուժանձնակազմից եւս արյան անալիզ էին վերցրել, օրինակ, իր մայրիկի մոտ հեպատիտ C չի հայտնաբերվել: Ասում է, որ ինչքան էլ մտածում է, թե ինչը կարող էր լինել վարակի աղբյուր, չի կարողանում գտնել պատասխանը: Հարցին, թե կշարունակի արդյոք օգտվել Քաջարանի հիվանդանոցի բուժօգնությունից, տարակուսում է՝ ասելով, որ ամեն բան կարգավորվելուց հետո գուցե օգտվի: Հեպատիտ C-ով վարակվածություն է գրանցվել նաեւ Մերիի տալոջ ամուսնու մոտ, ում քիթն էին վիրահատել նախորդ տարվա հոկտեմբերին Քաջարանի նույն հիվանդանոցում: «Էս պահին մենակ մտածում եմ բուժվելու մասին, ուրիշ ոչ մի բանի մասին չենք մտածում, դիմել ենք ոստիկանություն, ամեն մարդ իր գործը կանի»,- ասում է Մերին:
 

Վիրահատարանը, որտեղից, ըստ էության, տարածվել է վարակը

Այս կարծիքն ունի նաեւ հեպատիտ C-ով վարակված 38-ամյա Պարույրը, ով Կապանից է, աշխատում է ԶՊՄԿ-ում: Նախորդ տարի՝ նոյեմբերի 21-ին, Քաջարանի հիվանդանոցում վիրահատել են նրա աճուկային ճողվածքը, եւ միայն հունվարի 19-ին է Պարույրը իմացել վարակի մասին: Ասում է, որ աչքերն ու մարմինը դեղնել էին: Մեզ հետ խոսելու ժամանակ նա գտնվում էր Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Երեւանում վերջնական անալիզ պետք է հանձնի: Պարույրը պատմեց, որ իր հիվանդասենյակում է նաեւ Քաջարանի հիվանդանոցում վիրահատվածներից մի տղա, ում քիթն են վիրահատել: Պարույրը երկու երեխա ունի. տղան 11 տարեկան է, աղջիկը՝ 3 ամսական:

Երբ հետաքրքրվեցինք բուժօգնության ծախսերի մասին, ասաց, որ որեւէ գումար չի վճարել: «Ես չեմ վճարում բուժման համար՝ պետությունն է, թե ապահովագրությունը, չգիտեմ, բայց նաղդի ես չեմ հոգում ծախսերը»,- նշեց նա:

Կապանի բժշական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Քաջարանում վիրահատվածները դեռեւս նոյեմբերին էին Կապանի հիվանդանոց դիմում: Այս ամբողջ ժամանակահատվածում հեպատիտ C-ի վարակով իրենց մոտ պառկել է 8 հոգի, որոնցից մեկը նախ Երեւանում է հոսպիտալացվել, այնուհետեւ իրենց մոտ է տեղափոխվել: Ա. Բադալյանի խոսքով՝ իրենց դիմած անձանց մոտ սուր հեպատիտ C է գրանցվել, առաջիկա ամիսներին նրանք պետք է լինեն ակտիվ հսկողության տակ, եւ միայն վարակից 6 ամիս անց պարզ կլինի՝ հիվանդության քրոնիկ ընթացք կա՞, թե՞ ոչ:

Վարակակիր կա նաեւ բուժանձնակազմում

Քաջարանի հիվանդանոցում կատարվածի մասին հայտնի է դարձել տնօրենի պաշտոնակատար Վիրաբ Մանասյանի ահազանգից հետո: Առողջապահության նախարարի հրամանով ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ուսումնասիրություններ են սկսել Քաջարանի հիվանդանոցում: Հայտնաբերվել են որակական շեղումներ: Դրանց մասին տեղեկացվել է հիվանդանոցի հիմնադիրը՝ Սյունիքի մարզպետարանը: Մարզպետի կարգադրությամբ դեկտեմբերի 25-ին ձեւավորվել է հանձնաժողով, որի աշխատանքներին ներգրավվել են նաեւ ԱՆ մասնագետները: Հանձնաժողովը սկսել է լաբորատոր հետազոտության ենթարկել վիրահատվածների եւ նրանց հետ առնչություն ունեցած բուժանձնակազմի արյան նմուշները: Որոշվել է ժամանակավորապես դադարեցնել պլանային վիրահատությունները, իսկ անհետաձգելի դեպքերում հիվանդներին ուղղորդել Կապանի բժշկական կենտրոն:  

Իր հերթին ԱՆ առողջապահական պետական տեսչությունը հունվարի 14-ին հարուցել է վարչական վարույթ՝ հիվանդանոցում սանիտարական օրենսդրության պահանջների կատարման ապահովումը պարզելու համար: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Պարզվել է, որ 2014-ին Քաջարանի հիվանդանոցում վիրահատվել է 192 մարդ: Առողջապահության նախարարությունը «Հետքին» հայտնել է, որ փետրվարի 5-ի դրությամբ (այսինքն՝ ոչ վերջնական տվյալներով, քանի որ հետազոտությունները շարունակվում են) արյան լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել 95 հոգու նմուշներ, որոնցից 68-ը Քաջարանում վիրահատված անձինք են, իսկ 27-ը՝ բուժաշխատողներ:

Արդյունքում 14-ի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C (ամսի 5-ից հետո մամուլը հայտնեց, որ այս թիվը հասել է 15-ի): Ընդ որում՝ 14-ից 9-ի մոտ առկա է սուր հեպատիտ C: 9-ից 8-ը բուժում է ստացել Կապանի հիվանդանոցում, 1-ը՝ Նորքի: Բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից (ամսի 5-ի դրությամբ), սակայն գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի բժիշկների հսկողության տակ: Նույն հիվանդանոցի հսկողության տակ են նաեւ 14-ից 5 վարակակիրները, որոնց մոտ սուր ընթացք չի գրանցվել:

 

Հանձնաժողովի համաճարակաբանը կազմել է լաբորատոր հետազոտության ենթակա 27 բուժաշխատողների ցանկ՝ հաշվի առնելով տարբեր օղակներում նրանց շփումը վիրահատվածների հետ: Եվ ահա 27-ից 1-ի մոտ նույնպես հայտնաբերվել է վարակակրություն:

ԱՆ-ն հայտնել է նաեւ, որ միջադեպից հետո Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին հանձնարարվել է ուսումնասիրություններ սկսել հանրապետության բուժհիմնարկներում՝ գնահատելու համար ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումները:

Քաջարանի հիվանդանոցը նախկինում էլ խախտել է սանիտարական նորմերը

Քաջարանի բժշկական կենտրոնում առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը (ներկայում՝ ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչություն) ստուգումներ է իրականացրել 2009, 2010 եւ 2012 թթ.: ԱՆ-ից խնդրել էինք հայտնել, թե ինչ խախտումներ են արձանագրվել, մասնավորապես, 2012-ին:

 

Ահա դրանք.

ա) ԲԿ-ի կողմից խախտվել են թափոնների իրավական ակտի ընդունման, հանձնաժողովի ստեղծման, բուժանձնակազմի հրահանգավորման, բժշկական թափոնների հավաքման, պահպանման, տեղափոխման, ոչնչացման գործընթացները: ԲԿ-ն չուներ պայմանագիր բժշկական թափոնները վարակազերծող եւ ոչնչացնող կազմակերպության հետ: Բժշկական թափոնները լցվում էին հիվանդանոցի տարածքում գտնվող հորը (ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների եւ նորմերի 12, 15, 18, 19, 20, 22, 25, 33, 34, 38 կետերը):

բ) Բժշկական սարքավորումները չունեին տեխնիկական անձնագրեր (ՀՀ առողջապահության նախարարի2009 թ. մարտի 27-ի 03-Ն հրամանով հաստատված «Մանկաբարձագինեկոլոգիական ստոցիոնարումներում (բաժանամունքներում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելում եւ հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» N 3.1.6-011-09 սանիտարահամաճարակային կանոնների եւ նորմերի 15 գլուխ, 149 կետ):

գ) Չէր իրականացվել նախամանրէազերծումային որակի ստուգում (ՀՀ առողջապահության նախարարի 2009 թ. մարտի 27-ի 03-Ն հրամանով հաստատված «Մանկաբարձագինեկոլոգիական ստոցիոնարումներում (բաժանամունքներում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելում եւ հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» N 3.1.6-011-09 սանիտարահամաճարակային կանոնների եւ նորմերի 15 գլուխ, 181 կետ):

դ) Չէր իրականացվել մանրէասպան լամպերի աշխատանքի հսկողություն (ՀՀ առողջապահության նախարարի 2009 թ. մարտի 27-ի 03-Ն հրամանով հաստատված «Մանկաբարձագինեկոլոգիական ստոցիոնարումներում (բաժանամունքներում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելում եւ հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» N 3.1.6-011-09 սանիտարահամաճարակային կանոնների եւ նորմերի 15 գլուխ, 151 կետ):

 

Վիրահատարանի ընդհանուր տեսքը

ե) Ախտաբանաանատոմիական բաժանմունքն ապահովված չէր տաք հոսող ջրով, էներգիայի սնուցման լրացուցիչ աղբյուրով, ջրահեռացման համակարգի վերակազերծման կառույցով, սառնարանային համակարգով (ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ. հուլիսի 31-ի 11-Ն հրամանով հաստատված «Ախտաբանաանատոմիկան բաժանմունքների, հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի եւ սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը եւ ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 2-III-3.3.1-026-12 սանիտարահամաճարակաբանական կանոնների եւ նորմերի 5, 6, 14, 18 կետերը):

Բուժման ծախսերը կհոգա ԶՊՄԿ-ն

Սյունիքի մարզպետարանից «Հետքին» հայտնել են, որ հեպատիտ C-ով վարակվածների հիվանդանոցային բուժօգնությունը կատարվել է պետպատվերի շրջանակներում: Ինչպես նշեցինք, բոլոր վարակվածներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: Եվ որքան էլ տարօրինակ է, ուրիշների մեղքով հեպատիտ C-ով վարակված անձանցից այսուհետ պետպատվերով բուժում կստանան միայն նրանք, ում մոտ սուր ընթացք է արձանագրվել (ըստ ԱՆ-ի՝ 9 հոգի): Սա ՀՀ օրենսդրության պահանջ է: Այսինքն՝ եթե անձը պարզապես վարակակիր է, կամ 6 ամիս անց նրա մոտ գրանցվում է քրոնիկ հեպատիտ C, ապա պիտի ինքը միջոցներ գտնի՝ բուժվելու համար: Այնինչ դա բավականին թանկ հաճույք է, առավել եւս, եթե քրոնիկ ընթացք է, որը երկարատեւ է:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի աշխատակիցներից մի քանիսը նույնպես տուժել են այս ամենից, ԱՆ-ի հետ եկել է համաձայնության, որ տուժածների (վարակակիրներ ու հիվանդներ) բուժօգնության եւ սպասարկման բոլոր ծախսերը հոգալու է գործարանը: Այդուհանդերձ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ԶՊՄԿ-ն մինչեւ վերջ կֆինանսավորի բուժումը, հատկապես այն անձանց պարագայում, ում մոտ, հնարավոր է, հայտնաբերվի քրոնիկ հեպատիտ C:

Կասկածյալ կամ մեղադրյալ չկա. քննչական կոմիտեն Վարդան Ավագյանի մասին հարցերին չի պատասխանում

Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրություն  տարածեց, ըստ որի՝ նույն օրը կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից նյութեր են ստացվել: Ըստ այդմ՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժօգնության դիմած մի քանի քաղաքացի բացատրություն է տվել, որ նախքան կենտրոն դիմելը հեպատիտ C հիվանդության վարակակիր չի եղել, սակայն նշված հիվանդանոցում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իրենց մոտ հեպատիտ C է ախտորոշվել:

Նույն օրն էլ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով եւ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

277-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 200-ապատիկի չափով (200.000 դր), կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»:

279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված է. «Սպառողների կյանքի կամ առողջության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել 2 կամ ավելի անձանց առողջությանը, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատակի չափով (300.000-500.000 դր), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա»:

Քննչական կոմիտեին հարցրել էինք, թե արդյոք ԲԿ-ի տնօրեն Վարդան Ավագյանը գործում ներգրավված է իբրեւ վկա, կասկածյալ կամ մեղադրյալ, եւ արդյոք ձեռնարկվել են միջոցներ նրա գտնվելու վայրը ճշտելու եւ բերման ենթարկելու համար: Կոմիտեն էլ ի պատասխան նշել է, որ այս պահի դրությամբ քրգործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք չկան: Սակայն պատասխանում չի հստակեցվել՝ Ավագյանը վկայի կարգավիճակ ունի՞, թե՞ ոչ: Շեշտենք, որ եթե Ավագյանը վկա է, ապա պիտի հարցաքննվեր, ինքնակամ չներկայանալու դեպքում պիտի բերման ենթարկվեր:

Մեջբերել էինք նաեւ մամուլի ասուլիսում առողջապահության փոխնախարար Վարդան Պողոսյանի ասածն այն մասին, որ Վարդան Ավագյանը երկրում չէ, նախարարությունն էլ նրա մասին տեղեկություններ չունի: Փոխնախարարը հայտնել էր, որ Ավագյանը 2014-ի սեպտեմբերին մեկնել է վերապատրաստման, սակայն վերադարձից որոշ ժամանակ անց կրկին հեռացել է երկրից: Քննչական կոմիտեն չի պատասխանել մեր հարցին՝ արդյոք տեղեկություններ ունի, թե որտեղ է նա այժմ: «Ինչ վերաբերում է առողջապահության փոխնախարարի հայտարարությունների վերաբերյալ հարցադրումներին, ապա դրանք մեկնաբանելու անհրաժեշտություն նախաքննական մարմինը չի տեսնում: Վարույթն իրականացնող մարմինը նախաքննություն է իրականացնում, որի արդյունքների մասին, նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ այս փուլում հարապակել չենք կարող»,- գրված է պատասխանում:

Ըստ կոմիտեի՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ձեռնակվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ վարակի սկզբնաղբյուրը եւ տարածման եղանակը պարզելու ուղղությամբ:

Կոմիտեն «Հետքին» նաեւ հայտնել է, որ, հաշվի առնելով քրեական գործի բարդությունը եւ հասարակական մեծ հնչեղությունը, կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քննությունը շարունակվում է կոմիտեի հատկապես կարեւոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում:

Ովքե՞ր են Քաջարանի հիվանդանոցի նախկին ու ներկա ղեկավարները

Չնայած մամուլը գրեց, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ավագյանը տեղի ունեցածից հետո հեռացել է երկրից, մեր աղբյուրները հայտնել են, որ տեսել են նրան Կապանում: Սյունիքի մարզպետարանից էլ «Հետքին» տեղեկացրել են, որ 2014-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ավագյանն իսկապես վերապատրաստման էր մեկնել, այդ ընթացքում նրան պարտականությունները կատարել է տեղակալը՝ Վիրաբ Մանասյանը: Նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը Ավագյանը գտնվել է չվճարվող արձակուրդում: Դեկտեմբերի 10-ին Ավագյանը զանգել է Մանասյանին ու ասել, որ հիվանդ է, ունի անաշխատունակության թերթիկ, ուստի Մանասյանը շարունակել է կատարել տնօրենի պարտականությունները: Մարզպետարանի փոխանցմամբ՝ հունվարի 29-ին Ավագյանի դիմումի համաձայն լուծվել է նրա աշխատանքային պայմանագիրը: Թե որտեղ է նախկին տնօրենն այժմ, մարզպետարանում չգիտեն:

Բանից պարզվում է՝ արդեն նախկին տնօրեն, վիրաբույժ, 38-ամյա Վարդան Ժորայի Ավագյանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Վախթանգ Ժորայի Ավագյանի հարազատ եղբայրն է: Երկուսն էլ գրանցված են Կապանում: 44-ամյա Վախթանգն ավագ եղբայրն է, կնոջ հետ գրանցված է նույն հասցեում, իսկ Վարդանը մեկ տան մեջ հաշվառված է կնոջ, ծնողների ու կրտսեր եղբոր՝ 37-ամյա Վաչեի հետ:

 

Նկարը՝ police.am-ից

Այժմ Քաջարանի հիվանդանոցի տնօրենի պարտականությունները կատարում է 51-ամյա Հովիկ Դավթյանը: Նա գրականագետ Շչորս Դավթյանի որդին է, մասնագիտացմամբ՝ քիթկոկորդականջաբան: Աշխատել է ՀՀ ԱՆ եւ ՊՆ ռազմաբժշկական համակարգում, եղել Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ, մասնակցել ՀՀ սահմանային եւ ԼՂ ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

Հ.Գ. Վարակակիրների ու հիվանդների անունները փոխված են:

Հիվանդանոցի լուսանկարները՝ kajaranmed.am-ից

Շարունակելի

Մեկնաբանություններ (1)

Gar
Մտածում եմ, որ առանց քննության արդյունքների ընթացքին քաջածանոթ լինելուն, որի հետ մարզի Ոստիկանապետը կապ չունի, (ինչքան տեղյակ եմ, գոյություն ունի քննչական կոմիտե, որը անկախ մարմին է) անհիմն մարդուն մեղադրելը սադրանք է: Հարգարժան հոդվածագիր կարծում եմ դուք ո՜չ Սյունիքի Մարզի վարչության պետին գիտեք, ո՜չ էլ նրա եղբորը: Հա, մի բան էլ, նրանք Հայ Աառաքելական Եկեղեցու անդամներ են, նրանց 1%-ի չափով Պատարագների մասնակցեք, 0.1% - չափավ աղոթք արեք հետո համարձակվեք մի բան գրել: Ի դեպ, եթե տեղյակ չեք՝ տեղեկացնեմ, որ Քաջարանի գլխավոր բժիշկը վերապատրաստման է եղել այդ ընթացքում եւ չէր կարող վերահսկել այդ ամենը: Ցավալի է, որ մեր ժամանակներում ավելի շատ են լրաստությունները, քան արդարացի լրատվությունները: Ամեն դեպքում ես այստեղ ոչ թե մտահոգություն կամ արդարացի պահանջ եմ տեսնում, այլ չարությամբ վնեսելու անհագ ցանկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter