HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցմահ դատապարտյալ Մ. Ենոքյան» գրությունը կփոխվի «Ցմահ Ազատ Մ. Ենոքյան» բառերով

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Տարօրինակ իրարանցում է «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում՝ ցմահների հարկաբաժնում: Բոլորը իրար են խառնվել: Նայում եմ «վալչոկից». լվանում են երկաթե դուռ, ճաղ, լուսամուտ, հատակ, ամեն ծակ ու ծուկ, վերանորոգում չաշխատող լուսարձակները: 19 տարի լինելով այստեղ՝ գիտեմ՝ եթե նման խառնաշփոթ է լինում, ուրեմն «վերևներից» մարդ է գալու (թեպետ բարձրաստիճան պաշտոնյաներն այստեղ հազվադեպ են գալիս):

Իմ նախորդ նամակներից մեկում գրել էի, որ Գևորգ Դանիելյանից առաջ և հետո որևէ նախարար չի այցելել ցմահ դատապարտվածների հարկաբաժին, չի լսել տասնյակ տարիներ փակ ռեժիմում, 100 կողպեքի տակ պատիժը կրողներին: Բարձրաստիճաններից նրան եմ հիշում և նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին, ով եկել էր այստեղ 1998-ի սկզբին, եթե ճիշտ եմ հիշում:

Ես արդեն երկու տարի պատիժ էի կրում մահապատժի դատապարտվածների հարկաբաժնում: Հենրիկ Խաչատրյանը մտավ խուց, խոսեցինք կարճ, ասաց, որ դեռ մինչև գլխավոր դատախազ նշանակվելն է իրեն հետաքրքրել բժշկական ինստիտուտի ուսանողների, այսինքն՝ իմ գործը: Ասաց` գիտի, որ ես սխալ եմ դատապարտվել, որ իմ գործը շուտով կվերաբացվի, ու ես կազատվեմ: Այդ հանդիպմանը հաջորդող գիշերները չքնեցի, անգամ գիրք չէի կարողանում կարդալ, իրերս հավաքել, լավ լուրի էի սպասում… Բայց մի քանի ամիս անց իմացա, որ Հենրիկ Խաչատրյանը սպանվել է…

Պարապմունքիս ժամը մոտենում է, ինձ հանում են խցից.

- Ո՞ւմ եք սպասում, եթե գաղտնիք չի,- դասասենյակ գնալիս՝ հարցնում եմ դուռ-լուսամուտ լվացողներին:

- Գիտե՞ս ով ա գալու… Արդարադատության նախարարը,- լսվում է պատասխանը:

Մտնում եմ համակարգիչների սենյակ, որտեղ, որպես ուսանողի և աշխատանք ունեցող դատապարտյալի, ՔԿՀ-ի ադմինիստրացիան 3 ժամ ինձ թույլատրել է համակարգչով պարապել: Աչքերիս չեմ հավատում: Միակ կլոր սեղանը դրված է սենյակի մեջտեղում՝ ճիշտ այն տեղի վրա, որտեղ հատակը պատառոտված է: Սենյակում հայտնվել է երեք «թագավորական» աթոռ, երևի բանտի պետի սենյակից են բերել:

Հետո ինձ են տալիս ինքնությանս ու կարգավիճակիս մասին վկայող մի նշան՝ «Ցմահ դատապարտյալ Մ. Ենոքյան» գրությամբ: Կարգավիճակ, որի հետ կռիվ եմ տալիս 19 տարի անընդմեջ՝ ինքս ինձ չհամարելով բանտարկյալ առհասարակ: Եվ սա այն պարզ պատճառով, որ չեմ գործել այն հանցանքը, որի համար ինձ դատապարտել են:

- Սպեցովկա պիտի հագնես, ուրիշ ճար չկա,- ասաց բանտի աշխատակիցը՝ լավ իմանալով, որ սովորաբար հրաժարվում եմ կրել բանտարկյալի սև հագուստը: Այդ պահին հիշեցի Սողոմոն Քոչարյանին, ում հետ փախուստից հետո երբ մեզ բռնել ու դատ էին անում «Նուբարաշեն» բանտում, նա հանեց հագից սպեցովկան, դրեց վանդակի ճաղերի միջև (երկուսիս գցել էին այդ վանդակի մեջ)՝ հայտարարելով, որ այն նվիրում է դատավորին:

Ճար չունեի, էմոցիաներս մի կողմ դրեցի, քանի որ շատ էի ուզում հանդիպել-զրուցել նախարարի հետ: Փետրվարի 19-ի առավոտյան հագնվեցի ոտքից գլուխ սև, քանի որ այստեղ գույները հակացուցված են: Այլընտրանք չունենալով՝ մարդ ծիածանի բոլոր գույները պահում է հոգու մեջ: Այդ գաղտնիքի մասին իմանալով է, որ մահվան տանը գոյատևում եմ 19 տարի: «Ցմահ դատապարտյալ Մ. Ենոքյան» գրությամբ պիտակը փակցրեցի սևի վրա: Նացիստական ճամբարի գերու էի նման: Պիտակը դաջվեց հագուստիս այնպես, ինչպես 19 տարի առաջ դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության ճակատիս դաջեց մարդասպանի խարանը: Դատավորի սխալի հետևանքով պատժվեց անմեղը: Այդ խարանը փորձում եմ մաքրել 19 երկար տարիներ, գոռում եմ, որ ես մարդ չեմ սպանել, ստեղծագործություններիս միջոցով երկխոսում մարդկանց հետ: Փորձում եմ մոտեցնել Օրը, երբ «Ցմահ դատապարտյալ Մ. Ենոքյան» գրությունը կփոխվի «Ցմահ Ազատ Մ. Ենոքյան» բառերով:

Մոտ 10 ցմահ դատապարտյալ հավաքվել էինք կոկիկ դասավորված դասասենյակի մոտ: 1990-ականներին դատապարտվածներից ոմանց ճանաչում էի, իսկ նորերին առաջին անգամ էի տեսնում: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ցմահ դատապարտյալներին գրքեր էր բերել՝ գիրք նվիրելու օրվա առթիվ, ինչի համար որպես քաղաքավարության ժեստ մենք շնորհակալություն հայտնեցինք:

Հետո անցանք զրույցի: Նախարարը լսեց մեր բարձրացրած հարցերը, որոնք չեն վերաբերում բանտային պայմաններին: Առաջին խնդիրը քրեական գործերի վերաբացման մասին էր, դատական սխալների հավանականության, մեր գործերով իրեղեն ապացույցների ոչնչացված լինելուն, նոր ու նոր երևան եկած հանգամանքներին:

Չծանրացնելով Ձեր լսելիքը՝ մի քանի տողով ասեմ, որ մենք խոսեցինք նաև օրենսդրական փոփոխությունների նախագծերից, որոնք, սակայն, 3 տարի է՝ օրենքի ուժ չեն ստանում, խոսեցինք պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության չգործելուց:

Բարձրացրեցինք նաև հարազատների հետ երկարատև տեսակցելու հարցը: Տարեկան առնվազն 1 անգամ մինչև 3 օրով ընտանիքի անդամներին տեսնելով՝ չի կարող ընտանիք գոյատևել, պահպանվել: Այս մասին մանրամասն գրել եմ «Երբ 365 օրից երեքն ես ապրում» նամակում:   

Նախարարը ուշադիր լսում էր և պատասխանում բոլոր հարցերին՝ պարզ ու անկեղծ: Վերջում Հովհաննես Մանուկյանը մեզ տվեց նաև առանձին զրուցելու հնարավորություն: Ուզում եմ հավատալ, որ հին՝ 20 տարվա կոշտուկի վերածված այս բոլոր խնդիրները չեն մնա օդում կախված խոսքեր կամ սպիտակ թղթի վրա սևով գրված մտքեր, այլ կունենան լուծումներ:  

Նախարարի այցից հետո մեկուսարանում սկսվեցին անվտանգության ուժեղացման աշխատանքներ: Սակայն բարձրացված հարցերի լուծումները բոլորովին այլ տիրույթում են, դրանք անվտանգության ուժեղացմամբ չեն լուծվի, այլ միայն մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների իրագործմամբ:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Իսկապես շատ դրական բան է, որ հարգելի նախարարը այցելել է ցմահ բանտարկյալներին։ Դե իսկ որն է լինելու՞ հաջորդ քայլը։ Թող միջնորդի ՀՀ նախագահի մոտ, որ եղեռնի 100-ամյակի առթիվ ներում շնորհվի կասկածելի գործով դատապարտված մեր տղաներին կամ նրանց ով բանտարկվել են մինչև 21 տարեկանը կատարած հանցանքի համար։ Մեր երկրում մի օր պիտի սկսվեն բարեփոխումներ այս ոլորտում, թե պիտի շարունակենք մնալ նախնադարում։ Հարգելի պարոն Մանուկյան, եթե կարդում եք գրածս, խնդրում եմ՝ մի ճար արեք, դուք նախարար եք, պաշտոնյա եք, վերջապես հայ մարդ եք, մի քիչ բարեփոխումներ արեք հանուն մեզ բոլորիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter