HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս է ոստիկանությունը տեղեկատվություն տարածում ու ինչպե՞ս է մերժում տեղեկատվության տրամադրումը

«Հետքը» հարցում է ուղարկել Ոստիկանություն` պարզելու, թե քաղաքացիների վկայություններով վաշխառությամբ` գույքի գրավադրմամբ տոկոսով միլիոնավոր գումարների տրամադրմամբ զբաղվող երկու անձանց` Վարուժան Մարգարյանի ու Նաիրա Ասատրյանի վերաբերյալ վերջին հինգ տարվա ընթացքում քանի բողոք է ներկայացվել ոստիկանություն, ինչ հիմքերով, ինչպես են լուծվել այդ բողոքները:

Ոստիկանությանը խնդրել էինք պատասխանել` արդյոք նշված երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր և եթե քրեական գործի հարուցումը մերժվել է, ապա ինչ հիմքով:

Սակայն Ոստիկանությունը մերժել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը` վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Այլ կերպ ասած, ըստ ոստիկանության իրավաբանական վարչության պահանջված տեղեկատվության տրամադրմամբ կխախտվեր մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը:

Իրավաբան Արա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նկատեց, որ ոստիկանությունը տվել է անբովանդակ պատասխան. «Տվյալ դեպքում մենք գործ ունենք կամայականության հետ: Ճիշտ է, վկայակոչել են օրենսդրական նորմը, բայց փաստացի հիմքեր չեն տրամադրել: Պատախանում պետք է գրվեր, թե ինչու են կարծում, որ դա կխախտի անձնական կյանքի պաշտպանությունը: Պետք է որոշ փաստական հիմքեր բերեին: Օրինակ` եթե հայցվող տեղեկատվությունը վերաբերում է սեռական բռնությանը և պարունակում է անչափահասի մասին տվյալներ… Մենք ամեն օր «Դատալեքսով» ունենք հարյուր հազարավոր դատական տեքստեր ամենայն մանրամասնությամբ, որոնք վերաբերում են անձի քրեական հետապնդմանը: Եվ ոչ մեկի մտքով չի անցնում ասել, որ դա անձնական կյանքի խախտում է: Իհարկե, դա միջամտություն է, բայց հանրային շահը գերակա է»,- ընդգծեց Արա Ղազարյանը: 

Ըստ իրավաբանի, ոստիկանության` տեղեկատվության տրամադրման մերժումը ռացիոնալ հիմքեր չունի: Հարցին, թե ոստիկանությունն առհասարակ ինչպես է տեղեկատվություն տրամադրում, արդյոք «Հերթապահ մաս», «02» հաղորդումների ժամանակ չի խախտում անմեղության կանխավարկածը և անձնական կայնքի պաշտպանության իրավունքը` նկարահանելով քաղաքացիներին ու հրապարակելով նրանց անձնական տվյալները, Արա Ղազարյանը նկատեց. «Եթե մենք համեմատում ենք, թե ոստիկանությունն ընդհանրապես ինչպես է տեղեկատվություն տարածում, կտեսնենք, որ մասայաբար խախտվում է անմեղության կանխավարկածը: Սա նշանակում է տեղեկատվության տրամադրման անիրավաչափ եղանակ»:

«Հետքը» պատրաստվում է Վարչական դատարանում վիճարկել Ոստիկանության մերժումը:

Հիշեցնենք, որ «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիներն օրերս հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի Վարուժան Մարգարյան- Անահիտ Մարգարյան -Նաիրա Ասատրյան (առաջին երկու անձինք քույր ու եղբայր են, Նաիրան Վարուժանի կինն է) ընտանեկան եռյակին: Հանցագործության մասին հաղորդմանը կից 4 քաղաքացիները ներկայացրել են «Հետքի» երկու հրապարակում, որտեղ վեր ենք հանել վաշխառության մասին վկայող քաղաքացիների ու վերը նշված անձանց կատարած գործարքների մանրամասները:

Ըստ քաղաքացիների վկայությունների` ընտանեկան եռյակը միլիոններ է տոկոսով պարտք տալիս` ամսական 5 տոկոս մայրաքաղաքում, 10 տոկոս մարզերում: Սակայն, երբ քաղաքացիները չեն կարողանում վճարել տոկոսները, ամուսինները գումարի բռնագանձման հայցերով մտնում են դատարան ու շահում գործերը: Գրավադրված բնակարաններն էլ անցնում են Նաիրա Ասատրյանին կամ Վարուժան Մարգարյանին: Նրանց անունով գրավադրված 2 տասնյակից ավելի բնակարան կա:

Վ. Գասպարյանի լուսանկարը` police.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter