
Հաղորդում հանցագործության մասին
«Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները երեկ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի Վարուժան Մարգարյան- Անահիտ Մարգարյան -Նաիրա Ասատրյան (առաջին երկու անձինք քույր ու եղբայր են, Նաիրան Վարուժանի կինն է) ընտանեկան եռյակի նկատմամբ: Հանցագործության մասին հաղորդմանը կից 4 քաղաքացիները ներկայացրել են «Հետքի» երկու հրապարակում, որտեղ վեր ենք հանել այս գործարքների մանրամասները:
Ըստ քաղաքացիների վկայությունների` ընտանեկան եռյակը միլիոններ է տոկոսով պարտք տալիս` ամսական 5 տոկոս մայրաքաղաքում, 10 տոկոս մարզերում: Սակայն երբ քաղաքացիները չեն կարողանում վճարել տոկոսները, ամուսինները գումարի բռնագանձման հայցերով մտնում են դատարան ու շահում գործերը: Գրավադրված բնակարաններն էլ անցնում են Նաիրա Ասատրյանին կամ Վարուժան Մարգարյանին: Նրանց անունով գրավադրված 2 տասնյակից անցնող բնակարաններ կան:
«Հետքն» իր հրապարակումներում ներկայացրել է, որ եռյակը, միլիոնավոր գումարներ փոխառությամբ տալով հանդերձ, սոցիալապես անապահով է: Նաիրա Ասատրյանը Արաբկիրի ՍԾՏԲ-ում գրանցված է որպես աղքատության նպաստառու 2005թ.-ից: Իսկ 2-րդ կարգի հաշմանդամ, աշխատանք չունեցող Վարուժան Մարգարյանը դիմել է դատարան, որ կնոջը անհայտ բացակայող ճանաչեն, որ կարողանա նպաստ ստանալ ու ապահովել երեխաներին: Բացի այդ` ամուսիններ Նաիրա Ասատրյանն ու Վարուժան Մարգարյանը միլիոնավոր դրամներ բռնագանձելու հայցերով մտնելով դատարան` միաժամանակ տարբեր գործերով միջնորդել են պետական տուրքի գանձումը հետաձգելու մասին: Նրանք դատարանին հայտնել են, որ չեն աշխատում, գտնվում են նյութապես վատ վիճակում, որի պատճառով հնարավորություն չունեն վճարելու նախատեսված պետական տուրքի գումարը:
Ըստ դիմումատուի՝ քաղաքացիներն ունեն հիմնավոր կասկած, որ սոցիալապես անապահով եռյակը հովանավորվում է ինչ-որ մեկի կամ միգուցե պաշտոնատար անձի կողմից: Բնական է, որ աղքատության նպաստ ստացողն ու դատարանում պետական տուրքը վճարելու հետաձգման միջնորդություն անողը դժվար թե սեփական միլիոններ ունենա, որ դրանք փոխառությամբ գրավի պայմանագրերով տրամադրի անծանոթ մարդկանց: Դիմումատուները ունեն հիմնավոր կասկած, որ ընտանեկան եռյակը ավելի ցածր տոկոսով գումար են վերցնում այլ անձից ու տալիս քաղաքացիներին ավելի բարձր տոկոսներով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել