Չորեքշաբթի, 21 փետրվարի

Մհեր Սեդրակյանի որդին պղինձ և ոսկի է որոնում «Արևիկ» ազգային պարկի տարածքում



«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն Սյունիքի մարզի հեռավոր Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում 2016-2018թթ. կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ է կազմակերպում:

Ընկերությունը նախարարությանն է ներկայացրել նախնական գնահատման հայտը: Սակայն սա ընդամենը ձևական բնույթ է կրում, քանզի  «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն արդեն իսկ 2013-2015թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա է ստացել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:  Եվ լիցենզիայի ավարտով պայմանավորված՝ այն երկարաձգելու միտումներ ունի, ինչը նշանակում է, որ ընկերությունը որոշել է հանքարդյունաբերական լուրջ գործունեությամբ զբաղվել այդ տարածքում, եթե արդարանան սպասումները: 

«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը և Նարինե Վահանի Կարապետյանը: 

Դավիթ Սեդրակյանը 50 % բաժնեմաս ուներ նաև «ԴԻ ԷՅ Մայնինգ» ըկերությունում, սակայն 2013թ.-ին ընկերությունը վաճառել է  «ԱՏ Մետալս»-ին: Հիշեցնենք, վերջին ընկերության հետ անմիջականորեն կապ ունի վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանը, ով ռուս գործընկերների հետ պատրաստվում է շահագործել  Մեղրասարի ոսկու և արծաթի հանքավայրը և կառուցել գործարան:

Դավիթ Սեդրակյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվեց 2014-ին: Վերջինս իր գույքի և եկամուտների հայտարարագրում միլիոններ է հայտարարագրել և բազմաթիվ հողամասեր ու արտադրական շինություններ: Դրան «Հետքը» կանդրադառնա առաջիկայում: 

Իսկ մինչ այդ, մարտի 4-ին Նռնաձորում նախատեսված են հանրային լսումներ: Նռնաձորի համայնքապետ Մկրտիչ Մկրտչյանի խոսքով, նախնական տվյալներով բնակչությունը առարկություն չի արտահայտել: Սակայն գյուղապետն ասում է, որ «եթե լինի այլումինի, ցինկի կամ ոսկու հանքավայր, դրանք միանշանակ համայնքի համար թունավոր են», և ժողովուրդը կընդդիմանա:

«Ժողովուրդը ոնց ասելու է, տենց անելու ենք,- ասում է  գյուղապետը և շարունակում,- եթե լինեն, գյուղի այլ նշանակության հողեր են լինելու»:

Մինչդեռ, համաձայն նախագծի, ուսումնասիրությունների տեղամասն ընդգրկում է Նռնաձոր համայնքի արոտավայրերը: Ավելին, ներքևի հատվածը համընկնում է «Արևիկ» ազգային պարկի տարածքի հետ:

Նռնաձորի համայնքապետ Մկրտիչ Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ խոսվում է 30 % «Արևիկ» ազգային պարկի համընկնման մասին, սակայն մինչ օրս իրենց համայնքում սահմանները չեն ճշտվել. թե որտեղ են վերջանում համայնքի սեփականության հողերը և որտեղից է սկսվում «Արևիկ» ազգային պարկի տարածքը, հայտնի չէ:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ