ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վայոցձորցի գործարարները եկեղեցիներ ու մատուռներ են կառուցում


սկիզբը

«Հետքը» շարունակում է Հայ Առաքելական եկեղեցու հայաստանյան եւ արցախյան թեմերում անկախությունից հետո կառուցված եկեղեցիների մասին հոդվածաշարը: Արդեն անդրադարձել ենք Արցախի, Սյունիքի, Լոռու թեմերի նորակառույցներին: Հերթականը Վայոց ձորի թեմն է: 

Վերջինս ձեւավորվել է 2010-ի դեկտեմբերի 10-ին, երբ կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով նույնանուն մարզը դուրս է բերվել Սյունյաց թեմից եւ կազմավորել առանձին միավոր: Սյունյաց թեմի առաջնորդ տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը նշանակվել է նորաստեղծ թեմի առաջնորդ, իսկ Սյունիքում նրան փոխարինել է նախկին միասնական թեմի փոխառաջնորդը: Առաջնորդանիստը մարզկենտրոն Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցին է:

Հէկերի ոլորտում Աբրահամ եպիսկոպոսի բիզնես գործունեությանը «Հետքը» բազմիցս անդրադարձել է: Նշենք, որ մի շարք այլ թեմերի պես սա էլ անհաղորդ մնաց մեր հարցմանը նորակառույց եկեղեցիների մասին, ինչի պատճառով դիմեցինք մարզպետարան, որը տրամադրեց ցանկը՝ հավելյալ տեղեկություններով:  

Վայոց ձորի բնակչությունն ամենաքիչն է ՀՀ 10 մարզերի մեջ՝ պաշտոնապես 51.100 հոգի: 1991-ից հետո այստեղ կառուցվել է 6 եկեղեցի, Ռինդ գյուղում էլ շինարարությունը դեռ ընթացքում է: Նորակառույցներն են՝

Ս. Տրդատ (Վայք, օծվել է 2000 թ.),
Ս. Աննա (Մալիշկա, 2000),
Ս. Մարիամ (Աղավնաձոր, 2001),
Ս. Մարիամ Աստվածածին (Մարտիրոս, 2004),
Ս. Սարգիս (Ելփին, 2006),
Ս. Գայանե (Ջերմուկ, 2007):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Մարզի առաջին նորակառույցը Վայքի Ս. Տրդատ եկեղեցին է, որը կառուցվել է 2000 թ. եւ օծվել օգոստոսի 6-ին Գարեգին Բ-ի կողմից: Եկեղեցին կառուցվել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Ճարտարապետը Մայր Աթոռի երկարամյա գլխավոր ճարտարապետ (1957-1999 թթ.) Արծրունի Գալիկյանն է: Ս. Տրդատի շինարարության բարերարներն են ԱՄՆ Դետրոյթ քաղաքից Գալուստ եւ Էմմա Սողոյանները: Նրանք են ֆինանսավորել նաեւ եկեղեցու տարածքում գտնվող թեմի փոխառաջնորդարանի կառուցումը:

Վայքի քաղաքապետարանից ու Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմից նշեցին, թե տեղեկություններ չունեն ներդրումների մասին: Ընդհանրապես, մարզպետարանից հայտնել են, որ մարզում կառուցված եկեղեցիների ծախսերի մասին տվյալների չեն տիրապետում:   

2000 թ. նոյեմբերի 4-ին Մալիշկա գյուղում օծվել է եւս մեկ նորակառույց՝ Ս. Աննան: Աննան Մարիամ Աստվածածնի մոր անունն է, սակայն նրա անունով եկեղեցիներ ու հոգեւոր կառույցներ Հայաստանում երբեւէ չեն եղել, այնինչ Մալիշկայի նորակառույցն իրականում կրում է հովանավորի՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ, մալիշկեցի Արա Աբրահամյանի մոր եւ աղջկա անունը: Ինչպես գրել ենք նախորդ հոդվածներում, հոգեւոր օջախների ֆինանսավորողների շրջանում մոդայիկ է դարձել դրանք իրենց հարազատի անունով կոչելը, ինչը երբեմն բերում է այսպիսի ցցուն հակասությունների եկեղեցու պատմության եւ ավանդույթների հետ: Սակայն մալիշկեցի միլիոնատերը որոշել է ավելի հեռուն գնալ. նա եկեղեցու բակում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության հուշաղբյուր է կանգնեցրել եւ նույնիսկ նմանատիպ թանգարան կառուցել, ինչի ներկայությունը հայ եկեղեցու հարեւանությամբ անհեթեթ է թվում:  

Մալշիկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանն ու նրա տեղակալ Հովիկ Մնացականյանը նշեցին, որ չեն տիրապետում եկեղեցու կառուցման ծախսերի մասին ինֆորմացիային՝ հավելելով, որ դա կարող է ասել միայն Արա Աբրահամյանը:

2001-ին Աղավնաձորում կառուցվել է Ս. Մարիամ եկեղեցին (լուսանկարում): Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանի փոխանցմամբ՝ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը եւ հովանավորումը եղել է Ռուսաստանում բնակվող գործարար, համագյուղացի Մուրադ Սարգսյանի կողմից: Բացի եկեղեցուց՝ նա վերականգնել է նաեւ գյուղի մատուռը: Ա. Գալստյանը դժվարանում է ասել, թե Ս. Մարիամի համար որքան գումար է ներդրվել: «Ինքը որ իր գրպանից է դրել, հո չե՞նք հարցնելու, թե ինչքան ծախս ես անում»,- նկատում է համայնքի ղեկավարը ու կարծիք հայտնում, որ մոտ 200.000 դոլար է ներդրվել շինարարության համար:

Նույն տարում է կառուցվել նաեւ Մարտիրոս գյուղի Ս. Մարիամ Աստվածածինը: Այն գտնվում է 1866-ին կառուցված Ս. Աստվածածին (հայտնի է նաեւ որպես Ս. Երրորդություն Երկրորդ Երուսաղեմ կամ Ս. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ) բազիլիկ եկեղեցու բակում: Նոր շինության պատին նշված է, որ կառուցվել է ՍԱ (2001) թվին «մեկենասությամբ Թագուհի Չիլյանի, գործակցությամբ լոսանջելեսաբնակ հավատացյալ հայորդոց եւ աշխատասիրությամբ Լեւոն Պողոսյանի»:

Մարտիրոսի գյուղապետ Կամո Մկրտչյանն ասում է, որ ամերիկաբնակ Թագուհի Չիլյանը նաեւ բազիլիկ եկեղեցու վերակառուցման հովանավորն է: Բազիլիկ Ս. Աստվածածինը վերանորոգվել է 1980-1990-ական թվականներին: Նոր եկեղեցին՝ Ս. Մարիամ Աստվածածինը, Կ. Մկրտչյանի փոխանցմամբ, կառուցվել է 1999 թ.-ից սկսած, օծվել է 2004-ին: Եկեղեցու կառուցման համար, ըստ գյուղապետի, մոտ 500.000 դոլար է ծախսվել, գուցեեւ ավելին, չնայած մեր կողմից հավելենք, որ կառույցը բավականին փոքր է նման ներդրման համեմատ. սա ասում ենք մյուս մարզերում կառուցված եկեղեցիների արժեքների համադրությամբ:

2006 թ. մարզի Ելփին գյուղում հիմնվել է Ս. Սարգիս եկեղեցին: Գյուղապետի տեղակալ Արծրուն Ալավերդյանի ասելով՝  այն կառուցվել  է 2005-ին, իսկ օծումը կատարվել է 2006-ին: Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու բարերարը Սամվել Ավետիսյանն է, ով Ելփին գյուղից է, գործարար է, բնակվում է Ռուսաստանի Նախոդկա քաղաքում: Ս. Ավետիսյանը գյուղում կառուցել է նաեւ Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձան: Եկեղեցու կառուցման համար, ըստ Ա. Ալավերդյանի, մոտավորապես ներդրվել է 130.000 դոլար, մոտ 60.000 դոլար էլ ծախսվել է զոհերի հուշարձանի համար: Ելփինի եկեղեցու ճարտարապետը Սամվել Աղաջանյանն է, ով աշխատել է եղբորորդու՝ Արմեն Աղաջանյանի հետ:

2007-ի նոյեմբերի 17-ին կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծվել է Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցին, որը կառուցվել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, ծնունդով Ջերմուկի Գնդեվազ գյուղից Աշոտ Արսենյանի միջոցներով:

Ճարտարապետը նույն Սամվել Աղաջանյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տեղեկություններ չունի ծախսերի մասին: Ջերմուկի քաղաքապետարանից տվյալներ ստանալ նույնպես չհաջողվեց, խորհրդարանում էլ երկար սպասելուց հետո չստացվեց հանդիպել պատգամավոր Արսենյանին:

Ջերմուկ քաղաքի կազմի մեջ մտնող Կեչուտ գյուղում՝ ջրամբարի ափին (վերեւի լուսանկարում), 2007-ին կառուցվել է նույնանուն մատուռ՝ Ս. Գայանե, որը օծվել է Գարեգին Բ-ի կողմից նույն օրը՝ նոյեմբերի 17-ին: Հովանավորը Ալիկ Հովհաննիսյանն է, ճարտարապետը՝ Լեւոն Օհանյանը, վարպետը՝ Յուրի Առաքելյանը:

Ավելի ուշ Ա. Արսենյանի հայրենի Գնդեվազում Սամվել Աղաջանյանի նախագծով կառուցվել է Ս. Եղիշե մատուռը (2013 թ., լուսանկարը՝ ստորեւ): Եղիշեն գործարար պատգամավոր հոր անունն է:

Վայոց ձորի մարզպետարանի տվյալներով՝ ներկայում ընթացքի մեջ է Ռինդի եկեղեցու շինարարությունը: Այն լինելու է գյուղի միակ կանգուն հոգեւոր կառույցը: Գյուղապետ Հուսիկ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին աշխատանքներն ընդհատվել են, քանի որ սպասում են պատվիրած քարերին: Այս եկեղեցու ճարտարապետը նույնպես Ս. Աղաջանյանն է:

Եկեղեցու կառուցման համար նախաձեռնող խումբ է ստեղծվել: Համայնքի ղեկավարն ասում է, որ ֆինանսական առաջին ներդրումը՝ 1000 դոլար, ինքն է կատարել, իրեն միացել են նաեւ համագյուղացիները՝ 5000 դրամից սկսած, ով ինչքան հնարավորություն ուներ: «Մեր նպատակն է, որ եկեղեցին լինի բոլորինը, ամեն մեկը թեկուզ 100 դրամ ներդրում անի»,- նկատում է նա:

Եկեղեցու կառուցման ծախսերի առյուծի բաժինը կատարել է համագյուղացի գործարար Վարդան Սարգսյանը, ով բնակվում է Մոսկվայում: Նախահաշվարկը մոտ 50 միլիոն դրամ է (100.000 դոլարից մի փոքր ավել): Գյուղապետի խոսքով՝ 20-25 միլիոն դրամն արդեն ներդրվել է:

Գլխավոր լուսանկարում՝ Վայքի Ս. Տրդատ եկեղեցին

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (2)
1. Mari13:42 - 28 ապրիլի, 2016
Craziness. People why you so stupid
2. Րաֆֆի, 150 տարի առաջ 20:04 - 30 ապրիլի, 2016
«Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…,»: Րաֆֆի, 150 տարի առաջ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։