HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թռչկանը պետք չէ համեմատել Հրազդանի հետ. վերջին դեպքում գործ ունենք «հանքարդյունաբերության խոշոր մաֆիայի» հետ

Հրազդանի երկաթի հանքավայրը շահագործել պատրաստվող «Fortune Resources» ընկերությունը, որն այսօր երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում տեղանքում, օրերս ի պատասխան հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների՝ հայտարարեց, որ «ընկերությունը հանքը շահագործելու հարցում վճռական է տրամադրված, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ վստահ լինենք, որ բնությանը որևէ վտանգ չի սպառնում»: Ինչպե՞ս են այս հայտարարությունը մեկնաբանում իրենք՝ բնապահպանները: «Հետքի» «Status» խորագրի ներքո արտահայտվում են վերջիններս:

Կարինե Դանիելյան («Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, 1991-1994 թթ. ՀՀ բնապահպանության նախարար)- Եթե իրենք իսկապես գտնում են, որ հնարավոր է, որ այդ ռիսկերը չլինեն, թող լսումներ կազմակերպեն, ներկայացնեն իրենց աշխատանքը, մենք էլ մեր կարծիքներն ասենք, եւ հրազդանցիները մասնակցեն, եւ ծաղկաձորցիները, եւ երեւանցիները, որովհետեւ վտանգը նաեւ Երեւանին է սպառնում, էլ չասենք, որ մենք հրազդանցիների կողքին կանգնած ենք: Այդ հայտարարությանը լուրջ չեմ վերաբերվում, որովհետեւ, իմ կարծիքով, այդտեղ սկզբունքորեն պարզապես հնարավոր չէ ռիսկերը նազեցնել այնպես, որ շրջակա միջավայրը եւ ամբողջ մեր տարածքը չտուժեն:

Հանրային խորհրդում լսումներ եղան: Վազգեն Մանուկյանի ստորագրությամբ նամակ է գնացել կառավարություն թե բնապահպանության նախարարություն, որ իրենք գտնում են, որ պետք է նոր փորձաքննություն անցկացնել, եւ դա պետք է լինի լայն հասարակական լսումներով՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Հակոբ Սանասարյան (Հայաստանի կանաչների միության նախագահ)- Նրանք չեն կարող բնապահպանական ռիսկերը նվազեցնել կամ վերացնել: Դա անհնար է, քանի որ այնտեղ կան ջրագոյացման համակարգ, կուրորտային գոտի, 50.000 բնակչությամբ քաղաք եւ բնակավայրեր, Արարատյան դաշտավայրը ոռոգող եւ հանքի անմիջական հարեւանությամբ հոսող Հրազդան գետ, բազում խնդիրներ կան:

Այսինքն՝ հայտարարությանը լուրջ չե՞ք վերաբերվում: 

Լուրջ եմ վերաբերվում, եթե նրանք իրենց հոգու խորքում արդեն հաշտվել են պարտության հետ, քանի որ իրենք հո հիմար չեն եւ գիտեն, որ այդ ամեն ինչը կա, ու չեն կարող փոխել, չեն կարող շուռ տալ:

Հիմա Հայաստանում իշխանությունները բացի հանքերից ուրիշ բան չեն տեսնում: Հանքահանման համար տրված են հարկեր չվճարելու բացարձակ արտոնություններ, եւ այդ առումով նրանք հիմա շահագործում են այն հանքավայրերը, որոնց օգտագործումը հարկեր վճարելու դեպքում ձեռնտու չի լինի: Այսինքն՝ եթե շահագործողները շատ հարկեր վճարեն, ընդհանրապես շահույթ չեն ունենա: Քանի որ հարկերից ազատված են, շահագործում են, այսինքն՝ կողոպուտ է տեղի ունենում օրը ցերեկով:

Եթե նրանք ասեն, որ կապահովեն բնապահպանական բոլոր նորմերը, դա արդեն նշան է, որ իրենք հրաժարվում են շահագործելուց, քանի որ այնտեղ հանքահանությունն անթույլատրելի է:

Թռչկանի ջրվեժի հարցում բնապահպանները հաղթանակ տարան, ի՞նչ կլինի այս դեպքում: 

Դրանք տարբեր բաներ են: Այստեղ մենք գործ ունենք հանքարդյունաբերության խոշոր մաֆիայի հետ, որտեղ պարզ երեւում է, որ պետական խոշոր պաշտոնյաները շահագրգիռ են: Պետք չէ դրանք ընդհանրապես իրար կողքի դնել եւ համեմատել: Այստեղ մարդիկ կան, որոնք արդեն հաշվել են, թե քանի միլիարդ դոլար կունենան այս եւ հաջորդ տարիների ընթացքում, ու դուք հանկարծ ասում եք, թե չէ, մի արեք:        

Մեկնաբանություններ (1)

edward demian
Mining need not be a rape and plunder exercise. If properly regulated, mining can be very beneficial economically. Crucial is the reclamation plan. In the US, after reclamation, the land is far more valuable. What was otherwise inaccessible hilly terrain, now becomes, space for other more valuable human uses. Minerals are valuable, and Armenia needs them.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter