
Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են, հայրը՝ կասկածյալի կարգավիճակում
«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արեգ ու Սերգեյ Կյուրեղյանները օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրներն են: Այսպիսով՝ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են: Ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, կասկածյալի կարգավիճակում է:
Այդ վիճակում էլ Արմենակը ուժ է գտնում իր մեջ՝ կատակում է. «Հիմա մտածում եմ՝ մի սենյակ տան, գոնե բոլորս միասին լինենք»:
Հայկ, Արեգ, Սերգեյ Կյուրեղյանների հայրը դեռ տեղյակ չէ՝ որտեղ են երկու որդիները. «Ենթադրում եմ, որ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում են»: Տղաները դեռ պաշտպան էլ չունեն:
Արմենակ Կյուրեղյանն այս պահին չի կարևորում իրավական հարցերը: «Իրավաբանական տերմիններով խոսել, ակնկալել արդար դատ, օրենքներից մեջբերումներ անել՝ անիմաստ է: Ուրիշ բան է տեղի ունեցել՝ մարդկանց սրտերում ու մտքերում է փոփոխություն եղել, որը անշրջելի է: Փոխվել է Հայաստանը, դրվել է ճիշտ ճանապարհի վրա: Դա կբերի իր արդյունքը: Մինչ այդ դժվար է լինելու, փշոտ ճանապարհ ենք անցնելու»,-«Հետքին» ասաց Արմենակը:
Ընտանիքի չորս տղամարդիկ՝ հայրը և երեք տղաները, սովորել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Արմենակի ուսանելու տարիներին՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ): Արցախյան պատերազմի տարիներին Արմենակ Կյուրեղյանն ընկերների հետ ընդգրկվել է «Մերգելյան» ջոկատում ու մասնակցել մարտական գործողություններին: Տղաներին մեծացրել են որպես հայրենիքի ապագա պաշտպաններ, որպես գաղափարի քաղաքացիներ: Երեքն էլ ծառայել են բանակում:
Արեգ Կյուրեղյանը ապրիլյան պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է դիրքեր: «Հետո երբ եկավ դիրքերից, տարբեր պաշտոնյաների բերանից լսեց, որ հողերը պիտի հանձնվեն: Դա համբերության բաժակի վերջին կաթիլն էր»,-«Հետքին» պատմեց երեք տղաների հայրը:
Կյուրեղյանը պատմեց, թե ինչպես է ինքը դարձել կասկածյալ, բայց, չէր էլ հիշում, թե ինչի մեջ է կասկածվում՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով: Հուլիսի 29-ին Ալբերտ Բաղդասարյանի հետ քայլելիս են եղել, երբ մոտեցել է մի մեքենա, որից դուրս եկած քաղաքացիական հագուստով անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժնից ու տարել են Բաղդասարյանին: Արմենակ Կյուրեղյանը, մտածելով, որ միգուցե ներկայացողները ոստիկաններ չեն, գնացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ իրեն էլ են ներս հրավիրել, ապա ներգրավել որպես կասկածյալ, առգրավել հեռախոսը: «Այսօր ներկայանալու է Քննչական կոմիտե»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել